Նիկոլ Փաշինյան. Հայոց բանակը պետք է լինի ամենաինտելեկտուալներից մեկը

Նիկոլ Փաշինյան. Հայոց բանակը պետք է լինի ամենաինտելեկտուալներից մեկը
21.12.2019 | 13:58

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր խնդիր դրեց Զինված ուժերի առջև՝ հայոց բանակը պետք է լինի աշխարհում ամենաինտելեկտուալներից մեկը: Դեկտեմբերի 21-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ նա ասաց. «Մեզ հայտնի են ռազմական գործի մի քանի ասպեկտներ, հայտնի է ուժային ասպեկտը, հոգեբանական ասպեկտը, բայց ես ուզում են ընդգծել, որ մարդկության պատմության ողջ ընթացքում ռազմական գործը եղել է, և շարունակում է մնալ ամենաինտելեկտուալ գործերից մեկը, եթե ոչ՝ ամենաինտելեկտուալը: Մարդկության պատմության առաջին օրերից մինչև այսօր հենց անվտանգության կարիքներն են, հենց ռազմական գործն է քաղաքակրթության զարգացման ամենամեծ խթանը: Այս փուլում, երբ ՀՀ Զինված ուժերը սպառազինության և տեխնիկայի զարգացման, մարտունակության զարգացման բոլորովին նոր փուլ են թևակոխել, ինտելեկտուալ աշխատանքը պետք է դառնա մեր ԶՈՒ զարգացման կարևորագույն առանձնահատկություններից մեկը: Երբ ասում ենք, որ ՀՀ Զինված ուժերը, հայոց բանակը պետք է լինեն մարտունակ միջազգային ամենաբարձր ստանդարտներով, առաջին հերթին նկատի ունենք, որ ՀՀ բանակը պետք է մարտունակ լինի ինտելեկտուալ առումով: Հայոց բանակը պետք է լինի աշխարհի ամենաինտելեկտուալներից մեկը»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ Վազգեն Սարգսյանի անվան համալսարանի բազմաթիվ շրջանավարտներ փառապանծ ծառայություն են իրականացրել ՀՀ Զինված ուժերում: «Վազգեն Սարգսյանի համալսարանը ձևավորվել է, երբ հայոց բանակը, գտնվելով կազմավորման փուլում, Հայաստանի Հանրապետության բանակը, Արցախի պաշտպանության բանակը լինելով կազմավորման փուլում, միևնույն ժամանակ տրիումֆ էր ապրում՝ վայելելով իր փառքն Արցախյան ազատամարտում տարած հաղթանակի առիթով: Այս համալսարանը, այս կրթօջախը հիմնված է հայ ժողովրդի ազատագրական պայքարի փառահեղ հաղթանակի վրա, և այս շինությունը պետք է որպես հայոց պետականության, հայ ժողովրդի անվտանգության ողնաշար, ամրանա, կառուցվի, և ամուր կանգնի հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության պաշտպանության դիրքերում: Ռազմական համալսարանի հազարավոր շրջանավարտներ փառապանծ ծառայություն են իրականացրել Զինված ուժերում: Այդ ծառայության վրա է հիմնված այսօրվա հզոր, մարտունակ, վստահ Հայաստանի Հանրապետության բանակը, Արցախի Պաշտպանության բանակը»,- նշեց վարչապետը:

Դիտվել է՝ 998

Մեկնաբանություններ