Թրամփը պատերազմ հայտարարեց

Թրամփը պատերազմ հայտարարեց
04.01.2020 | 14:10

Գեներալ Կասեմ Սուլեյմանին կազմակերպել է հարձակումներ և ապստամբություններ՝ նպատակ ունենալով ապահովել Իրանին գերակա դիրքեր տարածաշրջանում: Նրա սպանությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանին դնում է բարդ վիճակում և ռիսկի է դիմում մեծ պատերազմ հարուցել Պարսից ծոցում՝ գրում է Անդրեաս Ռոսը Frankfurter Allgemeine Zeitung-ում: Գեներալ Կասեմ Սուլեյմանիի սպանությունը ստվերում է այն ամենը, ինչ անցած տարիներին եղել է ամերիկա-իրանյան հարաբերությունների լարման մեջ: Իրանի տեսակետից՝ Իրանի իսլամական հեղափոխության պահնորդների կորպուսի հրամանատարի սպանության հրամանը, որ տվել է Դոնալդ Թրամփը, պատերազմի հայտարարություն էր: Կոշտ քաղաքականության կողմնակից Սուլեյանին համարվում էր Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Համենեիի մերձավոր, գուցե ամենամերձավոր վստահված անձը: Շատերը նրան առավել հզոր էին համարում, քան նախագահ Հասան Ռուհանիին: Բոլոր կանխատեսումներում, թե ով կդառնա 80-ամյա, հիվանդ այաթոլա Համենիի իրավահաջորդը, Սուլեյմանիի անունը կարևոր դեր ուներ: Վաշինգտոնի տեսակետից՝ հենց Իրանն է երկար տարիներ յուրատեսակ թաքնված պատերազմ վարում ԱՄՆ-ի, ամերիկյան շահերի ու արաբական աշխարհում դաշնակիցների դեմ և այդ ամենի հրամանատարը նույն այն գեներալն էր, ում սպանեց Թրամփը Իրաքի մայրաքաղաք Բաղդադում՝ բարձրաստիճան այլ զինվորականների հետ: Այդ պատերազմի թատերաբեմը Սիրիան է, Եմենը, Լիբանանը, Իրաքը և Պարսից ծոցը: Նաև գերագույն գլխավոր հրամանատար Թրամփի համար Սուլեյամնիին սպանելու հրամանաը ստվերում է բոլոր մյուս ռազմական գործողությունները, որոնց հրամանը նա տվել է իր նախագահության 3 տարիներին: Ի տարբերություն ահաբեկիչների առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի, ում ամերիկացիները սպանեցին մի քանի ամիս առաջ Սիրիայում, այս անգամ խոսքը ամերիկացիներից վրեժխնդիր լինելու երդում տվող ջիհադականների մասին չէ խոսքը: Խոսքը մեծ բանակ ունեցող, ռազմական հզոր կառույցներով ու դաշնակիցներով հպարտ պետության ղեկավարության մասին է: Թրամփի նախորդները՝ Ջորջ Բուշն ու Բարաք Օբաման, ևս հնարավորություն ունեին սպանել Սուլեյանիին, բայց չեն արել, որովհետև ընդունել են միջնորդի դիմակը, որ հագնում էր իրանցի գեներալը Իրաքի պատերազմում: Չեն արել նաև Պարսից ծոցում ևս մեկ մեծ պատերազմի վախից:


Հրաման տալով 2020-ի՝ ընտրության տարվա, առաջին օրերին, Թրամփը, հավանաբար, նպատակ ուներ պաշտպանվել մեղադրանքներից, որ ամրացրել է Իրանի դիրքերը իր քաոսային մերձավորարևելյան քաղաքականությամբ: Թեպետ Թեհրանը տուժում է պատժամիջոցներից, որ միակողմանի սահմանել է Թրամփը միջուկային համաձայնագրից դուրս գալուց հետո, Սիրիայից մասշատաբային հեռանալը նվեր էր Իրանին, որ շարունակում է այնտեղ հիմնավորվել: Առայժմ պարզ չէ՝ ինչպես կարձագանքի Իրանը: Հազիվ թե իր երկրի հեղինակությունը բարձր գնահատող՝ Իրանի ղեկավարությունը սահմանափակվի սուր խոսքերով, ինչպես անցած ամռանը, երբ իրանցիները հարձակվել էին Օմանի նեղուցում նավերի վրա:
Անդրեաս Ռոս, Frankfurter Allgemeine


Հ.Գ. Անկանխատեսելի Թրամփը 2020-ի առաջին օրերից սկսեց ճոճել նավակը Մերձավոր Արևելքում, որտեղից ինքնակամ հեռանում էր: Պետության ոչ պաշտոնական, բայց դե ֆակտո երկրորդ դեմքի սպանությունը երրորդ երկրի տարածքում, հարվածի տակ է դնում նաև Իրաքը: Պենտագոնը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ գործողությունն իրականացվել է նախագահ Դոնալդ Թրամփի ցուցումով:


Սուլեյմանիին սպանել են Բաղդադի միջազգային օդանավակայանում: Հարվածի հետևանքով զոհվել է 11 մարդ: Նրանց թվում՝ Իրաքում շիա աշխարհազորհայինների հրամանատար Աբու Մահդի ալ-Մուհանդիսը: Սուլեյմանիի սպանությունից հետո Թրամփը Թվիթերի իր էջում գրել է, որ Սուլեյմանիին պետք էր չեզոքացնել տարիներ առաջ: «Սուլեյմանիին ատում էին և վախենում նրանից հենց իր երկրում»,- գրել է Թրամփը: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն CNN-ին հարցազրույցում հայտարարել է, որ գեներալ Սուլեյմանիին չեզոքացնելու որոշումը հարյուրավոր ամերիկացիների կյանք է փրկել:
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Սուլեյմանին այլ զինվորականների հետ ավտոմեքենաներով հեռանում էր Բաղդադի օդանավակայանից, երբ ամերիկյան դրոնը հարվածեց նրանց: Գեներալ Սուլեյմանին Իրաք էր եկել Լիբանանից կամ Սիրիայից: Պենտագոնի հայտարարել է, որ ԱՄՆ զինվորականները վճռորոշ գործողություններ են արել՝ նպատակ ունենալով կանխել Իրանի հետագա հարձակումները. «ԱՄՆ-ն շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները մեր ժողովրդին և մեր շահերը պաշտպանելու համար, աշխարհի որ կետում էլ լինի»:


Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հարձակումը որակել է միջազգային ահաբեկչություն: «ԱՄՆ-ը կրում է սեփական արկածախնդրության ողջ պատասխանատվությունը», – Թվիթերում նշել է նա: Նախարարի խոսքով, գեներալ Սուլեյմանիի թիրախավորումը և սպանությունը ծայրահեղ վտանգավոր ու անմիտ էսկալացիա է: Տասնյակ հազարավոր մարդիկ Թեհրանում բողոքի ցույցի են դուրս եկել: «Ալ Ջազիրա»-ն հաղորդում է՝ ցուցարարները վանկարկում են «Մահ Ամերիկային» և զոհված գեներալի լուսանկարով պաստառներ են ցուցադրում: Ցույցեր են նաև Արաք, Բոջնուրդ, Համադան, Հորմոզգան, Սանանդաջ, Սեմնան, Շիրազ և Յազդ քաղաքներում: Ցուցարարներն աջակցում են Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հայտարարությանը, որ խոստացել է վրեժ լուծել Սուլեյմանիի մահվան համար: ԱՄՆ-ի 36 բազաները գտնվում է Իրանի հասանելիության գոտում, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Մոջթեբա Զուլնուրը Կասեմ Սուլեյմանի սպանությունից հետո: Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին խոստացել է վրեժխնդիր լինել նրա մահվան համար: Նա հավելել է, որ «կրակոցի հեռավորության վրա» են գտնվում 36 ամերիկյան բազա, որոնցից ամենամոտը Բահրեյնում է: Նա եռօրյա սուգ է հայտարարել Իրանում:


ԱՄՆ-ը նախ հարվածել է Բաղդադի օդանավակայանին և հետո միայն դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Իրաքում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման գնահատական տալու համար: Սա ցինիզմի գագաթնակետն է, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Նա նշել է, որ իրանցի գեներալ Կասեմ Սուլեյմանիի սպանության գործողությունը լարվածությունից բացի ոչինչ չի տալու տարածաշրջանին: Զախարովայի խոսքով, Սուլեյմանիի սպանությունը նոր իրողությունների դրսևորում է, երբ հնարավոր է սպանել պաշտոնական անձի առանց իրավական հիմնավորումների:
Մերձավորարևելյան տարածաշրջանում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են տարածաշրջանում հավատարմագրված ՀՀ դեսպանները՝ հայտնել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:


ՙՀայաստանի Հանրապետությունում կան ինստիտուտներ, որ ի վիճակի են հետեւել իրավիճակին, վերլուծել զարգացումները, անհրաժեշտության դեպքում իրականացնել իրավիճակից բխող քայլեր եւ անհրաժեշտ բոլոր հանձնարարականները տրված են՚՝ Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով Բաղդադում Կասեմ Սուլեյմանիի սպանությանը հաջորդող իրադարձությունները: «Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ քաղաքացին եւ մեր երկրում գտնվող մեծաթիվ զբոսաշրջիկներն ապրում են բնականոն կյանքով: Իսկ տնայնագործ գեոպոլիտիկներին, ովքեր ուզում են խուճապ տարածել, մի խորհուրդ կտամ՝ հանգիստ նստեք տեղներդ», – նշել է Նիկոլ Փաշինյանը:


Ինչու՞ 2020-ը Թրամփը սկսեց իրավիճակի նման լարումով: Կամ ուժի բացահայտ ցուցադրությամբ, որին առանձնապես ոչ ոք չէր էլ կասկածում: Մեղադրանքները, որ նա հեռանալով Սիրիայից՝ նվեր արեց Թեհրանին, ու հիմա ուզում է արդարանալ ու արդարացնել իր մերձավորարևելյան քաղաքականությունը, նա կարող էր հերքել և այլ ճանապարհով: Կասեմ Սուլեյմանիի սպանությունը շատ ավելի լուրջ քայլ է, որին իսկապես Իրանը չի կարող չպատասխանել: Ինչպե՞ս՝ հարցի պատասխանը կստանանք մի քանի օրում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1973

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ