Արևելյան Երուսաղեմում սինագոգի մոտ անհայտ անձը ատրճանակից կրակ է բացել հավաքվածների ուղղությամբ և ավտոմեքենայով դիմել փախուստի. սինագոգից 1 կմ հեռավորության վրա ոստիկանությանը հաջողվել է ոչնչացնել ահաբեկչին. զոհվել է 7 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ։               
 

Վտանգավոր հետհաշվարկ

Վտանգավոր հետհաշվարկ
05.12.2022 | 07:43

Մինչ Երևանի սրտում ժամանակավոր էսթետիկ տեսքի համար այլանդակվում է պատմական ճարտարապետական ժառանգությունը, իսկ կառավարությունն էլ միլիոնների ճոխություն է իրեն թույլ տալիս առաջնագիծը պատշաճ կահավորելու փոխարեն՝ զարդարելով մայրաքաղաքի հրապարակը:


Տոնական նախապատրաստություններով տարված՝ մենք դեռ մեզ ապահով կզգանք, քանի որ թշնամին Երևանի մատույցներում չէ, դե իսկ կյանքն էլ՝ շարունակվում է...
Վերստին համոզվում եմ, որ շատերի համար հայրենիքը՝ պետություն-մայրաքաղաք Երևանն է՝ Չարբախից Քանաքեռ, իսկ ավելի ստույգ՝ Կասկադ-Հրապարակ կահավորված բնագծով...
Այլևս չեմ զարմանում, երբ «խաղաղության դարաշրջան» ֆանատիկ միֆի ներքո, ամենաթողություն է ու կատարյալ քաոս:


Չեմ զարմանում՝ լսելով Թբիլիսիի մատույցներից մինչև Լարս հայկական բեռնատարների ամիսներով ձգվող հերթի, վարորդների տառապանքների, միլիարդների կորստի հասնող փչացած ապրանքների մասին լուրերը:
Չեմ զարմանում Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին Կառավարության որոշումը լսելիս:


Չեմ զարմանում Ֆրանսիայի Ազգային ժողովում միաձայն Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու և Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու պահանջով բանաձևի, ինչպես ընդունման և այդ կապակցությամբ Հայաստանում կատարսիսի հասնող ցնծության ու ոգևորության, այնպես էլ օրեր անց Ֆրանսիայի պարլամենտականների կողմից ընդունված այդ բանաձևը Ֆրանսիայի Կառավարության կողմից տարբեր պատճառաբանություններով առոչինչ համարելու, այն ոչ պաշտոնական դիրքորոշում դիտարկելու, առավել ևս Ադրբեջանի հանդեպ
պատժամիջոցներ չկիրառելու, և այս ամենի արդյունքում՝ Հայաստանում տոտալ հիասթափության համար:


Չեմ զարմանում Եվրախորհրդարանում՝ «Ադրբեջանի գազը, թե՞ հայերի արյունը. Ի՞նչն է ԵՄ-ի համար ավելի կարևոր» ֆրանսիացի պառլամենտականի ու Ժոզեֆ Բորելի երկակի ստանդարտներով հիմար դիսկուրսը լսելիս:
Չեմ զարմանում Արցախի հարցը շահարկելու ու դիվիդենտներ ապահովելու լավրովյան ունիկալ «բլեֆից»:
Վերջինիս երբեմն անկեղծ ու հստակ մտքերից, երբեմն էլ կիրառվող դիվանագիտական հնարքներից:
Չեմ զարմանում մի քանի ազերի թափթփուկների կողմից «ալիքները ստուգելու համար» օրը ցերեկով Լաչինի ճանապարհը տխմար պատրվակով փակելու մասին լուրից:
Այն պարզ ճշմարտությունից, որ վերջիններս իրենց գործողություններով շատ ուղիղ հասկացնում են, որ այլևս չեն հանդուրժելու, և որ հող են նախապատրաստում մինչ տարեվերջ Լաչինի միջանցքը փակելու համար։

Որ կամ կփակվի Լաչինի միջանցքը, կամ կանցնի իրենց տոտալ կամ ռուսների հետ համատեղ վերահսկողության տակ, և որ սրա ալտերնատիվը՝ հայերի կողմից Սյունիքով առանց մաքսակետերի միջանցքի տրամադրումն է:
Իսկ դրա համար կա նաև ռազմական ճամապարհով հասնելու նախադրյալները:
Իսկ բանակցելու միակ թեման՝ արցախահայության Արցախում ապրել-չապրելու հարցն է, մնալով ապրելու պարագայում էլ՝ վերջիններիս Ադրբեջանի քաղաքացիներ դառնալու իմպերատիվը:
Այնպես որ, հիմա քննարկվում են բացառապես այս հարցերը:
Իսկ ողջ Սյունիքը, Վայոց ձորի զգալի հատվածն ու Գեղարքունիքի մարզի արևելյան հատվածները, միաժամանակ վտանգված են:


Ունենք վերջիններս պահելու խնդիր...
Պատերազմի հավանականությունը մեծ է:
Սրա մասին անգամ խոսում են իշխանական ներկայացուցիչներ, մասնավորապես՝ պաշտպանության նախարարը:
Ու չեմ զարմանա, որ թշնամին ինչ էլ անի՝ կմարսի:
Կմարսի այնպես, ինչպես օկուպացրել է մի շարք հայկական տարածքներ, ռմբակոծել բնակավայրեր ու մնացել անպատիժ:
Կմարսի, անցած տարվա նման, երբ այս ձմռան օրերին Արցախ մտնող գազն ու լույս էին անջատում, ջրմուղի աշխատող էին գնդակահարում, այդկերպ ջրազրկում ողջ հայ բնակչությանը՝ կագնեցնելով վերջիններիս հումանիտար աղետի առաջ:
Ու մեկը չլինի հանկարծ ասի, թե հիմա արցախահայությունը թող ինքնուրույն մի ձև լեզու գտնի թշնամու հետ ու յոլա գնա, կամ թե դա էլ մեր խնդիրը չէ, իրենք իրենց գլխին տեր...
Փաստ է՝ Ադրբեջանը կանգ չի առնելու:


Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղություն հաստատել Հայաստանի կամ Արցախի հետ։
Այս ամենի ֆոնին ՀՀ կառավարությունն է, որ բացառառապես միակողմանի խոսում է «խաղաղության դարաշրջանի» մասին:
Իսկ դարերով պատերազմ ու արհավիրք տեսած հայ ժողովրդի զգալի մասն էլ հավատում է, որ այսուհետ ապրելու է խաղաղ ու անվտանգ:
Վա՜յ մեզ, որ հասել ենք այս օրին՝ վտանգելով ողջ հայրենիքը, այս օրհասական պահին կարևորելով անկարևորը՝ երկրորդականը:
Վա՜յ արցախցուն, որը մնացել է 20 մետր լայնությամբ ընդամենը մեկ ճանապարհի հույսին, ռուսի ու եվրոպացու գթությանն ու ողորմությանը:
Ե՞րբ էինք այսքան նվաստացած ու կոտրված եղել, ինչպես հիմա ենք:
Ե՞րբվանից ենք դարձել այսքան հանդուրժող ու ամենը տանող, աչք փակող, անհեռատես ու անհետևողական:


Ե՞րբ ենք ձերբազատվելու ինքնախաբեությունից ու սեփական անկարողության ու թուլամորթության ինքնարդարացումներից:
Գուցե, այս ամենն էլ է ժամանակավոր, ու լինելու է վերածնու՞նդ:
Գուցե:


Դավիթ Կարապետյան

Դիտվել է՝ 5267

Մեկնաբանություններ