Առանց փամփուշտների ու ԱԹՍ-ների Ադրբեջանն այսօր շռնդալից հաղթանակներ է տանում Հայաստանի դեմ

Առանց փամփուշտների ու ԱԹՍ-ների Ադրբեջանն այսօր շռնդալից հաղթանակներ է տանում Հայաստանի դեմ
21.01.2021 | 19:03

Խորհրդարանում Շուշիի առնչությամբ Նիկոլ Փաշինյանի հերթական անհեթեթությունը կրկին բուռն քննարկման թեմա է դարձել։ Զարմանալի ժողովուրդ ենք, որ Փաշինյանը Շուշին հանձնել է, ու դա մենք հեշտությամբ մարսել ենք, չենք ըմբոստացել, նրան նույն օրն իսկ իշխանությունից չենք վռնդել, կարծես նորմալ է, իսկ որ հիմա դավաճանության համար «արդարացումներ» է մոգոնում վարչապետի աթոռ զբաղեցրած անձը, խիստ նեղվել ենք։ Բառեր, բառեր, պաթոս, պոպուլիզմ․ բառախաղի «տակը» մնացած ազգ ենք դարձել։ Բառերն ավելի կարևոր են դարձել, քան մեր աչքերի առջև կատարվողը։


Գիտե՞ք ինչն է պատճառը, որ Փաշինյանն այսօր երկրի թիվ մեկ ամբիոնից նման բան է ասում, մեր, անտարբերությունը, թուլությունը և նրա՝ ինքնամաքրվելու, եղածը միակ ճիշտ ճանապարհ համարելու մոլուցքը։ Նա այսօր օրինականացնում է իր դավաճանական գործողությունները, ու մենք հաճույքով այդ հաբն էլ ենք կուլ տալիս։ Հայրենիքը հանձնեց, հիմա էլ բոլոր հնարավոր ձևերով(տգիտությամբ, լաչառությամբ, մանիպուլացիաներով) լեգիտիմացնում է այդ արարքը։ Արցախի 75 տոկոսը հանձնելուց, Հայաստանի գլխին դամոլկլյան սուր կախելուց հետո էլի՞ Փաշինյանի բառերի հետևից եք ընկել։ Իսկ ի՞նչ էիք սպասում, որ նա պիտի ասեր, թե ինչպես հայկական հողերը զիջեցի թշնամու՞ն։ Հակառակը՝ նա պետք է ամեն քայլափոխի հայտարարի, որ ողջ Արցախն է ադրբեջանական, որպեսզի իր քայլերն արդարացում ունենան։


Իսկ այսօրվա հանրային տրամադրություններն ապացուցում են, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ ճանապարհի վրա է։ Նա հասարակության մեջ հստակ արմատավորում է՝ Արցախը Հայաստան չէ և վերջ։ Սա տիրաժավորվում է ադրբեջանական լրատվական, դիվանագիտական դաշտում։ Հաջորդ բոլոր իշխանավորները՝ իրենց դիվանագիտությամբ չեն կարողանալու այս բեռի տակից դուրս գալ, որովհետև Հայաստանը ներկայացնող թուրք ղեկավարն արդեն դրոշմակնիքը դրել է, որ Արցախը հայկական հող չէ։ Առանց փամփուշտների ու ԱԹՍ-ների Ադրբեջանն այսօր շռնդալից հաղթանակներ է տանում Հայաստանի դեմ՝ սեփական տրոյական ձին ունենալով Երևանի սրտում՝ կառավարության շենքում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 21282

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ