ReAnimania 2019
 

ՏՏ ոլորտում կայացել է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը

ՏՏ ոլորտում կայացել է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը
20.07.2012 | 03:18

Տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտը հայաստանյան տնտեսության ամենակայացած ճյուղերից է, որը շարունակաբար կայուն աճ է արձանագրում։ Հայաստանում նորարարությունների զարգացմանը, տեխնոլոգիաների կատարելագործմանը և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ընդլայնմանը նպաստելու նպատակով 2002 թ. ստեղծվեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը։ Այն այսօր պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևավորման և ՏՏ ոլորտի զարգացմանը խթանելու հարցում դարձել է օրինակելի մոդել ոչ միայն Հայաստանի, այլև շատ այլ երկրների համար։

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) հիմնական ուղղությունը աջակցությունն է տեղական և արտասահմանյան կազմակերպություններին, որպեսզի վերջիններս իրենց գործունեությունը ծավալեն Հայաստանում և զարգացնեն ունեցած հնարավորությունները։ ՁԻՀ-ի մյուս հիմնական ուղղությունը կադրերի պատրաստումն է. ՏՏ ոլորտի կադրերի մոտ 75 տոկոսն անցնում է հիմնադրամի տարբեր դասընթացներ, ինչը լուրջ խթան է ՏՏ աշխատուժի ձևավորման հարցում։ ՁԻՀ-ն աշխատանք է տանում նաև համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպությունների հետ, մշակում ճանապարհներ՝ օտարերկրյա ուղղակի ներդրումները դեպի Հայաստան ուղղելու նպատակով։ Հիմնադրամը նպաստում է երկրում գաղափարների, նոր ընկերությունների, տեխնոպարկերի ձևավորմանը։
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացրել է մի շարք խոշոր ծրագրեր՝ նպաստելով Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների և էլեկտրոնային ծառայությունների զարգացմանն ու տեղեկատվական հասարակության ձևավորմանը։ Մասնավորապես, այդ ծրագրերից է «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը, որը 2011 թ. հիմնադրվել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID), «Մայքրոսոֆթ» կորպորացիայի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի համատեղ ջանքերով։ ՁԻՀ-ը համագործակցում է նաև National Instruments-ի, «Նոկիա» ընկերության հետ՝ իրականացնելով համատեղ ծրագրեր, հիմնելով տարածաշրջանային լաբորատորիաներ։ Տարեկան ավելի քան 1000 մասնագետ վերապատրաստվում է ՁԻՀ-ի տարբեր դասընթացների շրջանակներում։ Հայտարարվում են տասնյակից ավելի մրցույթներ, որոնք աջակցում են գաղափարների ձևավորմանը, նոր կազմակերպությունների ստեղծմանը։ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը տարբեր ծրագրերի շրջանակներում ակտիվորեն աշխատում է նաև ՀՀ կառավարության հետ։ Մասնավորապես, «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի մոդելը մշակվել է ՁԻՀ-ի կողմից և ստանալով կառավարության աջակցությունը՝ այսօր կյանքի է կոչվում։ Ստեղծվում են ինովացիոն կենտրոններ, տեխնոպարկեր, այդ թվում՝ Գյումրիի տեխնոպարկը և մի շարք այլ նախաձեռնություններ։ 2007 թ. հիմնադրվել է ԱրմԹեք կոնգրեսը, որը կառավարության կողմից պաշտոնապես ճանաչվել է որպես Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործարար համաժողով։
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն աշխատանքներ է տանում նաև ՏՏ ոլորտի ապակենտրոնացման, մարզերում տեխնոպարկեր հիմնելու ուղղությամբ։ Գյումրիում արդեն իսկ գործում է տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն, որը տալիս է տարեկան ավելի քան 40 մասնագետ։ Ներկայումս կառավարությունը Համաշխարհային բանկի հետ աջակցում է, որ այս մոդելը ներդրվի նաև այլ մարզերում։ ԼՂՀ-ում նույնպես ստեղծվում է տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն։ Արդեն մի քանի կազմակերպություն իրենց մասնաճյուղերն են բացել Արցախում։ Կառավարության հետ քննարկվում է կադրերի վերապատրաստման հարցը։
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն ԲԱԳՐԱՏ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում նկատում է, որ հայաստանյան ՏՏ ոլորտում աճը բավականին տպավորիչ է՝ տարեկան մինչև 25 տոկոս։ Ընդ որում, եթե հաշվի առնենք, որ նման աճ գրանցվում է վերջին 8 տարիներին, ապա դա բավականին լուրջ ցուցանիշ է։ «Չմոռանանք, որ նույնիսկ ճգնաժամի ընթացքում, երբ ՀՆԱ-ն նվազեց, մենք ոլորտում ունեինք 17 տոկոս աճ։ Բայց խնդիրն այլ է։ Տասը տարի աշխատելով ՏՏ ոլորտում՝ տեսնում ենք, որ շատ լուրջ հնարավորություններ ունենք դիրքավորվելու ոչ միայն որպես տեղեկատվական տեխնոլոգիաներ ունեցող երկիր։ ՏՏ ոլորտում ունենք 350 կազմակերպություն, 200 միլիոն դոլարից ավելի շրջանառություն. սրանք բավականին մեծ ցուցանիշներ են։ Համեմատության համար ասեմ, որ մեր հարևաններն ունեն ընդամենը 5-10 կազմակերպություն։ Սակայն Հայաստանը պետք է դիրքավորվի որպես ՏՏ ոլորտի տարածաշրջանային և համաշխարհային կենտրոններից մեկը»,- ասում է Բագրատ Ենգիբարյանը։ Ըստ նրա՝ Հայաստանն արդեն իսկ ընկալվում է նման երկիր։ Մասնավորապես, դրա վառ օրինակն այն է, որ «Մայքրոսոֆթը», National Instruments-ը, D-Link-ն իրենց տարածաշրջանային կենտրոնները բացեցին հենց մեր երկրում։ «Մենք տեսնում ենք միտումներ, երբ աշխարհը Հայաստանը սկսում է դիտարկել ոչ թե ընդամենը մի երկիր, որտեղ կարելի է պատվերներ իրականացնել, այլ երկիր, որտեղից կարելի է տարածաշրջանային զարգացումներ կառավարել։ Այդ իսկ պատճառով առկա մարտահրավերները մեզ համար կարևոր են ոչ թե տեղեկատվական տեխնոլոգիաների, այլ երկրի ընդհանուր մրցունակության զարգացման տեսակետից»,- նշում է Բագրատ Ենգիբարյանը։
ՁԻՀ տնօրենը նկատում է նաև, որ ՏՏ ոլորտի կայուն աճը պայմանավորված է առաջին հերթին պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ. «Ինձ թվում է՝ այս առումով համագործակցության բացառիկ մոդել է մշակվել։ Պետությունը և մասնավոր հատվածը կարողանում են նպատակադրված ծրագրեր իրականացնել, հստակ խնդիրներ դնել և լուծել դրանք։ Բոլոր ծրագրերն էլ այդ համագործակցության շնորհիվ են կյանքի կոչվել։ Իսկ պետության հետ բանակցությունները դժվար կլինեին, եթե չլիներ համախմբվածությունը ՏՏ ոլորտի ներսում` ՏՏ համայնքը կարողանում է պետության հետ ճիշտ թիրախներ դնել և վստահորեն բարձունքներ գրավել»։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4643

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao