ReAnimania 2019
 

Սիրիր Սորոսին քո մեջ

Սիրիր Սորոսին քո մեջ
25.06.2019 | 00:06

Երեկոն սպասվածից թեժ է ստացվում: Ընդ որում, ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանային կտրվածքով: Մեր երեք հարևանների մոտ ֆորս-մաժոր է, ամենքի մոտ` յուրովի: ՈՒ այդ ֆոնին հայաստանյան երկու իշխանությունները` գործադիր, օրենսդիր, դատական իշխանության մասով էլ անում են ամեն ինչ, որպեսզի շատ արագ այդ իշխանությունը ևս «զավթվի»:


Ասել է` այս թեժ զարգացումների օրերին, երբ որոշվում է աշխարհի ճակատագիրը, Հայաստանը «նստել ծառի տակ, նկարում է նապաստակ»` Վահե Գրիգորյանի տեսքով, որն ինքնահռչակվել է նախագահ, առայժմ` Սահմանադրական դատարանի: Սակայն ամեն բան հերթով:
Վրաստան: Նախ նկատենք. որքան էլ սորոսյան մեքենան բավականին թրթուրավոր է, այն սկսել է պրիմիտիվ քայլերով թրթուրել տարածաշրջանը: Չնայած վերջինիս հաշվարկները մշտապես իռացիոնալ ու քվանտային են և հասնում են իրենց նպատակին, եթե ռուս պատգամավորը նստած չլիներ վրացի սպիկերի աթոռին, այլ ծառի տակ նստեր ու նկարեր նապաստակ, միևնույն է` Վրաստանում պետք էր ֆորս-մաժոր` Իվանիշվիլու իշխանությունը թուլացնելու, ևս մեկ պտույտով, ինչպես ՈՒկրաինայի դեպքում էր, Վրաստանն ամբողջապես սորոսացնելու, ՆԱՏՕ-ին մոտեցնելու համար, որպեսզի այնտեղ բանական` ռացիոնալ միտքը բացառվի իսպառ: Մյուս կողմից էլ` Ռուսաստանի հետ ճանապարհները «հարկավոր պահին» փակվեն, և եթե, Աստված մի արասցե, հասնի ժամը` Իրանին հարվածելու: Այդ պահին «պետք» է Վրաստանում լինեն այնպիսի իշխանություններ, որոնք բացառապես կենթարկվեն ամերիկյան դիկտատին, որպեսզի Ռուսաստանը մեկընդմիշտ խաղից դուրս մնա, չկարողանա Վրաստանով հասնել Հայաստան, նաև` Թուրքիա…


Չմոռանանք, որ Վրաստանում այսօր դեֆակտո իշխող Իվանիշվիլին առավել կառուցողական (համեմատական առումով) քաղաքականության կողմնակից է, և նրա գալով Վրաստանն առավել «հավասարակշիռ» քաղաքականություն էր վարում Ռուսաստանի հետ:
Բոլոր դեպքերում, Վրաստանում ֆորս-մաժորը թափ է հավաքում, հատկապես Թուրքիայում տեղի ունեցած մեծ բումի` Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների ֆոնին, ուր անվերապահ-միանշանակ հաղթանակ տարավ ընդդիմադիր թեկնածուն: Ասել է` ամերիկյան մեքենան արեց ամեն ինչ, որպեսզի թուլացնի Ռուսաստանի հետ «սիլի-բիլի» անող, Ս-400 գնող էրդողանի դիրքերը (պատկերացնում եք, չէ՞, էրդողանը շնորհավորել է նորընտրյալին): Խնդիրը, այո, Էրդողանին սանձելը, նրա պահանջները թուլացնելը, Իրանի նկատմամբ ագրեսիայի ժամանակ համեմատական «անկյուն» քշելն է:


Հատկանշենք. տարածաշրջանում (աշխարհում) տեղի է ունենում երկրորդ` գլոբալ հեղափոխական պտույտը` 1988-ի ղարաբաղյան շարժումից ի վեր` Ռուսաստանի, Իրանի շուրջ: Ասել` արագացված տեմպերով, փոքր-ինչ չափազանցված կլինի, որովհետև առայժմ «նախապատրաստական» բուռն աշխատանքների փուլն է, չնայած Հայաստանի սորոսացմամբ-հեղափոխությամբ ամենալուրջ տրանսֆորմացիան արդեն իսկ գրանցվել է:
Սակայն ամեն բան այդքան էլ միանշանակ չէ։


ա) Հայաստանում լուրջ` անտիսորոսական պայքար է սկսվել, ինչով կավարտվի, ժամանակը ցույց կտա, սակայն հայաստանյան պետական մտածողություն ունեցող ուժերը, դրան գումարած ռուսական շահերը թույլ չեն տալու, որ խաղը միանշանակորեն գրանցվի հօգուտ արևմտյան թրթուրավոր մեքենայի:

բ) Ղարաբաղյան խնդիրը բաց է. Իրանի սահմանում որևէ գերտերություն գերակայություն չունի, և, ինչպես երևում է վաշինգտոնյան հանդիպումից ու հայտարարություններից (գոնե առերևույթ), հարցը տեղից չի շարժվել:
գ) Վրաստանի մասով Ռուսաստանը բավականին արագ ու կոշտ արձագանքեց. նկատի ունենք ավիաթռիչքներին և ռուս զբոսաշրջիկներին առնչվող Վլադիմիր Պուտինի քայլերը:
դ) ՈՒ թե այս ամենին էլ գումարում ենք վարկածը, որ նախկին ակտիվացման ժամանակ Վրաստանը տարածքային լուրջ կորուստներ ունեցավ` Օսիա, Աբխազիա, նման դեպքերում ակտիվացող Ջավախքը կարող է հայտնվել բավականին «լուրջ» օրակարգում` Աջարիայի հետ միաժամանակ:
Ցավալի հեռանկար է, բայց ցավը քաղաքական կատեգորիա չէ:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1916

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao