USD485.23
EUR551.80
RUB7.32
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Քոբայր. աշխարհի հյութեղ պատառը

Քոբայր. աշխարհի հյութեղ պատառը
16.11.2018 | 03:00

Քոբեր կայարանի գյուղ կամ Կոբայր կոչվող բնակավայրը գտնվում է Լոռու մարզում, Թումանյան քաղաքի երկաթուղային կայարանին կից, Դեբեդ գետի կիրճում: Հիմնական բնակիչները կայարանում աշխատող բանվոր-ծառայողներն են: 1995-ին «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով Լոռու մարզի կազմում Թումանյան քաղաքատիպ ավանին տրվել է համայնքի և քաղաքի կարգավիճակ, որի կազմում ընդգրկվել է Քոբեր գյուղը:
Քոբեր կայարանի գյուղի տարածքը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով: Բնական հուշարձաններ են Դեբեդի խոր ձորը, գետի երկու ափերին խիստ թեք և աստիճանաձև բարձրացող լանջերի վրա տարբեր չափի քարախորշերը` շրջապատված անտառապատ լանջերով:
Ըստ կառուցման ժամանակահատվածի պատմամշակութային հուշարձաններն այստեղ տարբեր են՝ (Ք.ա. 2-1 հազարամյակից մինչև Ք.հ. 13-15-րդ դարեր), ավելի բազմազան են 13-14-րդ դարերի հուշարձանները (եկեղեցիներ, ամրոցներ, գյուղատեղիներ): Տարբեր են նաև հուշարձանների պահպանվածության աստիճանները` ավերակներից մինչև լավ պահպանվածներ:
Համայնքի տարածքում է Քոբայրի վանական համալիրը (Քոբայրավանք, 12-13-րդ դարեր), որի կազմում են Մարիամաշեն և գլխավոր միանավերը (12-13-րդ դարեր, երկուսն էլ՝ թաղածածկ) և 13-րդ դարի թաղածածկ եկեղեցիները։
2002-ին ՀՀ կառավարության կողմից հաստատված պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում Թումանյան քաղաքից ներառված է 11 հուշարձան, Քոբեր կայարանի գյուղից՝ 71 հուշարձան։

«ԱՇԽԱՐՀԻ ՎՐԱ ՄԵՐ ԲԱԺԻՆՆ ԷՍ Ա»


Քոբայր բնակավայրը Լոռու մարզի ամենափոքր գյուղն է, որտեղ ապրում է ընդամենը վեց ընտանիք, շուրջ 30 մարդ: Գյուղի աղքատիկ տներն իրենց նույնքան աղքատիկ բակերով, կարճ, քարքարոտ ու թեք ճամփաներով զարմացնում են առաջին անգամ այդտեղ հայտնված մարդուն. «Ինչպե՞ս կարելի է ապրել այստեղ, ինչպե՞ս են համակերպվում այս պայմաններին»: Զրուցում եմ ճամփեզրին հատապտուղ, ընդեղեն, թթու վաճառող կանանց հետ, պարզվում է` գյուղի բնակիչները եղել են մոտակա Թումանյան երկաթգծի կայարանի աշխատողները, որոնք տներ են կառուցել ու ապրել այստեղ՝ Թումանյան քաղաքից 1 կմ հեռավորության վրա:
«Ջահելներ չկան, երեք ջահել ենք ունեցել գեղումը, ամուսնացել գնացել են: Էստեղ կան հիմնական ու ժամանակավոր ապրողներ, ես հիմնականներից եմ, մի կտոր հողամաս ունեմ, մշակում-ապրում ենք: Խմելու ջուր ունենք, դրանով բոստանը ջրում եմ: Մեր գեղի ճամփաները վատ են ու թեք, մենակ պիտի ոտքով բարձրանաս կամ իջնես, ավտոն չի բարձրանում: Մի քանի երեխա կա, էն էլ Թումանյանի քաղաքապետարանի վարձած ավտոբուսով գնում են քաղաքի դպրոցն ու գալիս: Երկաթգիծը մեզ մոտ վերջանում ա, առաջ կայարանամերձ տարածք էր, կայարանը փակվեց, սեկցիա չկա: Պատահում ա, որ Դեբեդը վարարում ա, բայց գյուղին չի վնասում: Բնակիչներից մի քանիսը տարբեր տեղեր են գնացել, բայց էլի վերադարձել են, հիմնական եկամուտը էստեղից ա: Էհ, աշխարհի վրա մեր բաժինն էլ էս ա»,- պատմեց է միրգ վաճառող կանանցից մեկը:

ՔՈԲԱՅՐԻ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՈՒԺԸ


Բնության հրաշագեղ ու զարմանահրաշ աշխատանքը մշտապես հիացմունքի է արժանացել: Այս զգացումն ես ապրում, երբ Լոռվա մարզի բարձունքների միջով ձգվող նեղ արահետով փորձում ես հասնել ժայռերին ձուլված Քոբայրի վանական համալիր: Ճանապարհին սաղարթախիտ ծառերի արանքից մեկ երևացող, մեկ էլ թաքնվող վանքը մագնիսի նման ձգում է քեզ: ՈՒ որքան մոտենում ես վանքին, այնքան զարմանում ես, թե մարդիկ ինչու՞ և ինչպե՞ս են ընտրել քարայրներին կպած ու վեր խոյացող, աշխարհից կտրված այդ վայրը, միաժամանակ հիանում ես մարդկային մտքի և ուժի համառությամբ: Կիրճից 40-50 մետր բարձրության վրա գտվող համալիր հասնելու համար պետք է բարձրանալ համալիրը վերանորոգող բանվորի ձեռքով շարված քարե աստիճաններով, որոնց վրայով ժայռերի ծերպերից հոսող ջուրը թրջում է ոտքերդ: Եթե ուզում ես հասնել բարձունքին, հարկավոր է համակերպվել անհարմարությունը: Եվ իրոք, դժվարությունները մոռացվում են, երբ հասնում ես բարձունք ու ոտք դնում ավերակված եկեղեցու շեմին:


Թեք և անսովոր տեղանքի շնորհիվ վանական համալիրը ձեռք է բերել անառիկ դիրք: Սրբավայրի կառույցներն ունեն իրենց ճարտարապետական ուրույն ոճը` հարմարեցված բնական բարդ տեղանքին: Դեռ վաղ ժամանակներից բարձրադիր և անառիկ վայրերն ընտրվել են որպես սրբատեղիներ, ինչպես նաև կառուցվել են պաշտպանական դիտակետ-ամրոցատեղիներ:
Քոբայրի վանքը զարգացած միջնադարի հայ ճարտարապետության աչքի ընկնող հուշարձանախմբերից է, որի պատմությունը սերտորեն կապվում է հայկական միջնադարյան նշանավոր տոհմերի` Բագրատունիների և Զաքարյանների հետ: Քոբայրի մենաստանը հիմնադրել է Բագրատունյաց տան Կյուրիկյան ճյուղի Կյուրիկե Բ թագավորի դուստր Մարիամը` 1171 թվականին: Քոբայրը պատկանել է Կյուրիկյան Բագրատունիներին, ապա անցել Զաքարյան իշխանական տոհմին և 13-րդ դարում ընդունել քաղկեդոնականություն: Քոբայր անվանումը առաջացել է վրացերեն քոբ՝ «քար» և «այր» բառերից: Վրացիներն այն համարել են իրենցը, սակայն 15-16-րդ դարից Քոբայրը վերադարձել է հայ առաքելական դավանանքին: Այստեղի քարանձավները քրիստոնեության շրջանում օգտագործվել են որպես ճգնավայրեր: Վանքի հին եկեղեցու արևմտյան ճակատին կա արձանագրություն, որը խոսում է վանքի հիմնադրման մասին. վերևում գրված է. «Քրիստոս աստված, հիշիր Մարիամին և Ռուսուգանային քո գալստյան ժամանակ»: Արձանագրության մեջ պատմվում է, որ իրենք ազգությամբ հայ են՝ Բագրատունի տոհմից, Կյուրիկե թագավորի դուստրերն են և Աբաս թագավորի քույրերը, և որ վանքը հիմնել են իրենց հոր հիշատակի և իրենց եղբոր արևշատության համար: Քոբայրի վանական համալիրի կառույցների ընդարձակումն ընթացել է 12-րդ դարի վերջից մինչև 13-րդ դարի սկիզբ, երբ վանքը Կյուրիկյաններից անցնում է Զաքարյաններին: Այդ ժամանակ են կառուցվում գլխավոր եկեղեցին, մատուռ-ավանդատունը, դրան արևմուտքից կից բաց սրահը, սեղանատունը, զանգակատուն-տապանատունը, մատուռները և ամրաշինական կառույցները, որոնք այսօր իրենց ավերակված տեսքով անգամ հիացնում են այցելուներին` մոռացնելով ճանապարհի դժվարությունները:
Համալիրն աչքի է ընկնում ճարտարապետական արժեքավոր հուշարձաններով, քարի մշակման և հարդարման բարձր մակարդակով, միջնադարյան հայ մոնումենտալ գեղանկարչության պսակը կազմող որմնանկարներով: Այն միջնադարի կարևոր գրչօջախներից և մշակութային կենտրոններից մեկն էր, որի հետ է կապվում 12-րդ դարի նշանավոր մատենագիր Դավիթ Քոբայրեցու գործունեությունը:


Ժամանակի ընթացքում Քոբայր վանական համալիրի եկեղեցու համար նյութական կամ ֆինանսական աջակցություն ցուցաբերած ընտանիքների և անհատների կողմից եկեղեցու պատերին խաչեր են փորագրվել, որոնք կոչվել են նվիրատվության խաչեր, և, կախված աջակցության ծավալներից, այդ խաչերը եղել են մեծ կամ փոքր: Դաջվածքների մեջ նկատելի են նաև շատ փոքր խաչեր, որոնք կոչվել են ընտանեկան խաչեր, երբ հոր բարեգործությունը շարունակել է որդին, հետո թոռը…
Ներկայումս եկեղեցու բակում իրար վրա կուտակված և համարակալված քարերը սպասում են վերանորոգումից հետո նախնական դիրքում գտնվելու իրենց հերթին: Դեռ 2006 թվականից մշակույթի նախարարության` պատմամշակութային կոթողների վերանորոգման ծրագրում ներառված Քոբայրի վանական համալիրում իրականացվել են մի շարք աշխատանքներ: Վերականգնվել է Մայրամաշեն եկեղեցու մի հատվածը, իտալացի մասնագետների մասնակցությամբ ամրակայվել է եկեղեցուն կից կառույցի արժեքավոր որմնանկարը, գրեթե ամբողջությամբ վերականգնվել է տապանատան զանգակատունը, սեղանատան վերականգնումն ընթացքի մեջ է:


Ճարտարապետ ԳՈՌ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ վերանորոգումը ձգձգվում է ֆինանսական խնդիրների պատճառով, բացի այդ, տեղանքը դժվարամատչելի է, ձեռնաշեն վերելակով 40-50 մետր բարձրության վրա քիչ քանակությամբ շինանյութ է տեղափոխվում համալիրի տարածք, համալիրի պատերից բազմաթիվ քարեր պոկվել-գլորվել են ձորը, որտեղից էլ բանվորները փնտրում ու բարձրացնում են վերև:
Վերանորոգված սեղանատան հարակից պատերի միջով հոսում էր ժայռերից իջնող ջուրը, որը, Գոռ Միքայելյանի համոզմամբ, վտանգավոր չէ, թեև ժամանակի ընթացքում անգամ քարը ծակող ջրի ուժը կարող է դարձյալ վնասել շինության հիմքը:
Լոռու մարզի խոնավ պայմաններում Քոբայրի հուշարձանի վրա առատորեն աճող անցանկալի բուսածածկույթը նույնպես թուլացնում է շինությունը, բուսածածկույթը աճում է անգամ վերանորոգվող պատմամշակութային կոթողների վրա: Եթե ժամանակ առ ժամանակ հեռացվի բուսածածկույթը, այն չի վերածվի խոր արմատներ ունեցող հսկայական թփերի և չի վնասի շինությունը: Թերևս, դրանով պետք է զբաղվեն մարզպետարանը կամ համայնքապետարանը: Խորհրդային տարիներին բուսածածկույթի մաքրման համար նախարարության կազմում հատուկ բաժին է գործել, եղել է նաև լաբորատորիա, որի մասնագետները հատուկ քիմիական նյութերով մշակել են հուշարձանների քարերը: Այսօր լաբորատորիան չի գործում: Ի դեպ, համալիրի յուրահատուկ գանձերից մեկը գլխավոր եկեղեցու խորանի բարձրարժեք որմնանկարներն են, որոնք այժմ պահպանվում են ժամանակավոր ծածկի տակ:
Քոբայր վանական համալիրն իր ավերակներով հանդերձ խորհրդավոր ուժ ունի, որը քեզ գամում է տեղում և նույնիսկ իջնելիս ստիպում անընդհատ հետ նայել: Պատմամշակութային այս հրաշագեղ կոթողը հարկ է, որ ընդունի ոչ թե հատուկենտ արշավախմբեր, այլ զբոսաշրջիկների անվերջանալի «քարավաններ»:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1654

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao