Վիգեն Հակոբյան. Դատարանների մուտքերը փակելու ակցիայի մասնակիցների թիվը վկայում է, որ էյֆորիան անցյալում է

Վիգեն Հակոբյան. Դատարանների մուտքերը փակելու ակցիայի մասնակիցների թիվը վկայում է, որ էյֆորիան անցյալում է
22.05.2019 | 12:43

Ես չհասկացա դատարանների մուտքերը փակելու ակցիայի իմաստը՝ արդյունավետության տեսակետից: Ակնհայտ է, որ առանց այդ ակցիայի էլ կառավարությունում կայացած խորհրդակցության որոշումները կարող էին լինել, ոչ մի բան չէր խանգարում դրան՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանը:

«Այդ ակցիան, ընդհանուր առմամբ ֆոնն է, որն օգտագործվեց արդեն այդ ժամը 12-ի հայտարարությունն անելու համար, որպեսզի հիմնավորեր՝ ինքը որպես ժողովրդի կողմից նշանակված վարչապետ անում է, ինչ ուզում է ժողովուրդը: Բայց վարչապետն այդ լիազորություններն ունի և նրան այլևս պետք չէ, անպայման, ժողովրդական ֆոն ունենալ, որպեսզի ինչ-որ քայլերի դիմի: Ընդամենն այդ ակցիայի իմաստը սա էր, այլ հարց է, որ դա բավականին ռիսկային էր»,- նշեց նա:


Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ ակցիայի իրականացման երկու ռիսկ կար: Առաջինը՝ վարչապետը որևէ երաշխիք չուներ, որ մեծ քանակով ժողովուրդ կհավաքվեր, երկրորդը՝ օրինականության տեսակետից էր խոցելի՝ ոչ միայն ներքին, այլև արտաքին լսարանի համար: Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀԿ-ի վարչապետի՝ դատարանների մուտքերը փակելու կոչին արձագանքել է մոտ 1100 մարդ: «Այս թիվն ուղղակիորեն վկայում է, որ երկրում էյֆորիան այլևս անցյալում է: Ոչ միայն էյֆորիան է նվազել, բնականաբար, վարչապետի վարկանիշն էլ է զգալիորեն նվազել: Չեմ ասում, որ վարչապետի համար վարկանիշը կրիտիկական աստիճանի է, անձնական իր վարկանիշը բավականին բարձր է մնում, այլ հարց է, որ որպես թիմ այդ վարկանիշը բավականին ցածր է: Հիմա արդեն մեկ լայվով հնարավոր չէ ապահովել մեծ զանգվածներ»,- ասաց Վիգեն Հակոբյանը:
Վերլուծաբանի կարծիքով՝ իշխանությունները չունեն համակարգային պատկերացումներ: Իշխանությունն ընդամենը արձագանքում է օրվա խնդիրներին:
Նախօրեին տեղի ունեցած ակցիային և վարչապետի հայտարարությանը հետևեց դատարանի որոշումը, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուս՝ 3 նախկին պաշտոնյաների մասով գործի վարույթը կասեցվել և ուղարկվել է Սահմանադրական դատարան. «Իհարկե, սա դատական համակարգի ակնհայտ պատասխանն է, դեմարշն է, բայց բավականին գործուն պատասխան էր»,- նկատեց նա:


Վարչապետը, բացի դատական համակարգի խնդիրներին անդրադառնալուց, հայտարարությունում խոսեց Արցախի մասին, մասնավորապես, որ Հայաստանում կոնկրետ ուժեր կան, որոնք փորձում են պառակտում մտցնել Հայաստանի և Արցախի բնակչության միջև։ Վարչապետը չէր բացառել «նոր պատերազմ հրահրելու և, հավանաբար, նույնիսկ որոշակի տարածքներ հանձնելու նպատակով իրականացվող դավադրությունը` պատասխանատվությունը երկրի կառավարության վրա տեղափոխելու» համար է: «Արցախի հարցում կտրուկ, նման երանգի հայտարարությունը անսպասելի էր: Իսկապես սա նոր իրավիճակ է ստեղծում Հայաստան-Արցախ հարաբերություններում, Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բավականին բարդ, վտանգավոր իրավիճակ է ստեղծում: Սա բավականին նուրբ, զգայուն թեմա է և շատ վտանգավոր: Հասկանալի է, որ սրան պատասխան է լինելու»,- նշեց Վիգեն Հակոբյանը:

Դիտվել է՝ 191

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao