Եվրամիությունը քննարկում է Ռուսաստանի քաղաքացիներին շենգենյան վիզա չտալու հարցը: Մեծ յոթնյակի երկրները Ռուսաստանից պահանջել են անմիջապես ՈՒկրաինային վերադարձնել Զապորոժյեի ԱԷԿ-ը: Իրանի ռազմածովային նավը Կարմիր ծովում ծովահենների հարձակումից փրկել է առևտրային նավը:               
 

Չկայացած օրհնանք

Չկայացած օրհնանք
04.06.2022 | 11:13

1985 թվականի գարնանը սրտաբան Զավեն Դոլաբջյանն իր ընտանիքով անվերադարձ պիտի մեկներ Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ես տեսնում էի Զավենի մտատանջ և սրտաբեկ վիճակը ու չէի շտապում խոսել նրա հետ, մինչ իր խոսք բացելը:


Մի առավոտ ասաց.
-Սիրելի իմ ընկեր և եղբայր, դու միշտ հասկա­ցել ես ինձ, ներիր, որ պիտի ձգեմ Հայրենիքս, որին անչափ սիրում եմ, պիտի ձգեմ իմ ըն­կերներին, որոնց նվիրված եմ, պիտի թողնեմ ծնողներիս ու բարեկամներիս գերեզման­ները: Դու, որ գիտես, թե ինչու եմ մեկնում, կարո՞ղ ես ներել ինձ...
-Ես քեզ կներեմ,-ասացի ես,-բայց քեզ չեն ների քո հիվանդները, քո Կաթողիկոսը, քո Հայրենիքը, դու սիրված մարդ ես Հայաստանում, բժիշկ, գրող, Գերագույն խորհրդի անդամ...
Զավենը մռայլված էր խոհերի մեջ, աներևակայելիորեն տառապած դեմք ուներ:
-Եթե ստանամ Վեհափառի օրհնությունը, էլ ինձ բան պետք չէ: Դու կգա՞ս ինձ հետ Վեհափառի մոտ,- հարցրեց Զավենը:
-Դժվար է, բայց կգամ, պիտի գամ,-ասացի:


Երե­կոյան Վեհարանում էինք:
Կաթողիկոսն ինչ-որ բան զգում էր և վատ տրամադրության մեջ էր: Մի երկու անհասկանալի մտքեր փոխանակելուց հետո, Զավենը լաց լինելով ասաց.
-Վեհափառ Տեր, ստիպված պիտի մեկնեմ Հայրենիքից, եկել եմ Ձեր օրհնությունը ստանալու:
Նորին Սրբությունը վեր կացավ գրասեղանի առջևից, և ինձ մի պահ թվաց, որ նա հիմա դուրս կհրավիրի Զավենին իր ընդունարանից, բայց նա սկսեց առաջ ու հետ քայլել սենյակում:
Մենք երկուսով պապանձվել էինք:
Կաթողիկոսը ոչ մի բառ չէր արտասանում, երևում էր, որ ահավոր զայրացած էր:
Զավենը զուր էր հայրենասիրական խոս­քեր ասում, թե գնալուց հետո ինքը հայրենիքի համար կարող է շատ գործեր անել, մեծ օգուտ բերել: Մթնոլորտն ահավոր էր: Ես ինքս, զգալով, որ Վեհափառը չի լսում նրան, դժվար կացության մեջ գլուխս վար խոնարհած երեխայի պես, արցունքոտ աչքերով ցանկանում էի գետինը մտնել:


Հայաստանում շատերը կարծում են՝ պրոֆեսոր Զավեն Դոլաբջյանն իր կնոջ պատճառով է, որ մեկնեց Հայրենիքից, բայց դա ճիշտ չէ, քանի որ ես միակ ընկեր եմ, որ գիտեմ պատճառը: Համենայն դեպս, Զավենի գնալու գաղտնիքն այդպես էլ չբացվեց:
Սկզբում Կենտկոմի քարտուղար Ռոբերտ Խաչատրյանը, հետո էլ Կարեն Դեմիրճյանը շատ են համոզել նրան, ասել, որ երբ ցանկանա, ընտանիքով կարող է գնալ արտասահման` պարտադիր վերադարձի պայմանով: Զավենը նրանց էլ էր մերժել:
Զավենի հույսը Կաթողիկոսն էր, որը, չնայած Զավենի հետ ունեցած մտերմությանը, ոչ մի կերպ չէր ցանկանում օրհնել նրա` Հայրենիքն անվերադարձ լքելու մտադրությունը:
Ես սթափվեցի, հասկացա, որ Հայոց Հայրապետն ուղղակի չի կարող դա անել, քանի որ նա Հայոց Հայրապետն է:


Ես Զավենի ականջին ասացի.
-Վեր կաց, գնանք, նա իրավունք չունի քո քայլը օրհնելու: Տես, Վեհափառը քար լռության մեջ է: Եթե գեթ մի փոքր հարգանք ունես, դուրս գանք Վեհարանից:
Զավենը աղաչեց, որ իրեն ների Վեհափառը, և մոտենալով նրան ծնկաչոք` գլուխը հպեց Վեհափառի ձեռքին: Բոլորս լուռ էինք: Ես մի կողմից ցավում էի Զավենին, մյուս կողմից հպարտ էի, որ Հայոց Վեհափաոը մնաց անհողդողդ և դեմ կեցավ Հայրենիքը լքելու անխոհեմ արարքին:
Չնայած հետո շատ անգամ եմ հանդիպել Վեհափառին, նա երբեք ինձ չի հարցրել պրոֆեսոր Զավեն Դոլաբջյանի մասին: Որոշ ժամանակ անց սրտաբանը, ցավոք, իր մահկանացուն կնքեց Լոս Անջելեսում և հողին հանձնվեց հեռու իր Հայրենիքից:


Ծովակ Ավագյան
(Սասուն Անանյանի ֆեյսբուքյան էջից)

Դիտվել է՝ 3287

Մեկնաբանություններ