USD483.80
EUR554.58
RUB7.37
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Դեբորա Վոլդման և ՀՊԿՆ / Debora Waldman & NCOA
 

«Գերքաղաքականացված ընտրությունները թանկ են նստում ժողովրդի վրա»

«Գերքաղաքականացված ընտրությունները թանկ են նստում ժողովրդի վրա»
25.09.2018 | 00:28

Քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ճիշտ կլիներ՝ Երևանի, Վանաձորի ու Գյումրու քաղաքացիներն ուղղակի ընտրությամբ քաղաքապետ ընտրեին:
Ըստ նրա՝ քաղաքային տնտեսության կառավարման, աղբահանության, ջրամատակարարման, դպրոցների կամ այլ հաստատությունների տնօրինման համար ընտրվող քաղաքապետն ընտրվում է կուսակցական սկզբունքով՝ կուսակցական քարոզարշավով՝ խիստ քաղաքականացված մթնոլորտում, ինչն ուղղակի հոգնեցնում է մարդկանց:


«Կարծում եմ` քաղաքային տնտեսության կառավարումը քաղաքական ենթատեքստ չպետք է ունենա, ու քաղաքապետն ընդամենը լավ կառավարիչ պետք է լինի: Ուղղակի զարմանում եմ, որ ժամանակին ընդունել են երեք խոշոր քաղաքների ընտրական ներկա մոդելն ու ստեղծել քաղաքական ավելորդ շոու, ինչն այժմ թանկ է նստում մեր հարկատուների վրա: Երևանի ավագանու կուսակցական ցուցակներով ընտրությունը վտանգավոր է նաև քաղաքական կայունության և անվտանգության իմաստով: Պատկերացրեք, որ քաղաքական նույն ուժից են թե՛ վարչապետը, թե՛ քաղաքապետը, բայց եթե վարչապետը հրաժարական տա ու նոր խորհրդարանը նոր վարչապետ ընտրի, կստացվի, որ Հայաստանի մեծ մասը կազմող Երևան քաղաքի ղեկավարն այլ ուժի ներկայացուցիչ է, վարչապետը՝ այլ: Այստեղ առաջանում է երկիշխանության նման մի երևույթ, ինչը վտանգավոր է, և ինչի ականատեսը եղանք մենք, երբ քաղաքապետը լքեց քաղաքական դաշտը: Փաստորեն, մեկ տարի առաջ քաղաքապետ ընտրած մեր խեղճ հարկատուների վզին փաթաթվեց երկրորդ ընտրությունը: Պատկերացնու՞մ եք, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններում լրիվ այլ ուժ հաղթանակ տանի, ու այդ ուժն էլ իր հերթին քաղաքապետի արտահերթ ընտրություններ անցկացնի»,- մանրամասնեց Գարիկ Քեռյանը:


Նրա կարծիքով՝ հարցը կարելի է լուծել այլ ձևով, այն է՝ իշխող քաղաքական ուժը, վարչապետի գլխավորությամբ, Ազգային ժողովին է ներկայացնում քաղաքապետի մեկ-երկու թեկնածու, ու խորհրդարանի համաձայնությամբ քաղաքապետ է ընտրվում:
«Իսկ եթե իմ առաջարկած տարբերակը հակադեմոկրատական կարող է թվալ, ապա գոնե քաղաքապետի ուղղակի ընտրության մոդելին կարելի է անցնել՝ խուսափելով ցանկացած տեսակի շոուներից: Դուք երևի հիշում եք, թե Վանաձորն ինչքան ժամանակ էր առանց քաղաքապետի մնացել, իսկ վերջինիս լեգիտիմության հարցը մինչ այսօր էլ կախված է օդից: Բայց ի՞նչ տվեց դա Վանաձորին, կամ ի՞նչ փոխեց այդ նախադեպը հանրապետության կյանքում, կարծում եմ՝ ոչինչ»,- ընդգծեց Քեռյանը:


Քաղաքագետը մտահոգություն հայտնեց նաև, որ իրար հետևից այսքան շատ ընտրությունների անցկացումը քաղաքացիներին կարող է խճճված հանգույցի մեջ գցել: Հիշեց, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ դրան կողմ արտահայտվողներն ասում էին, թե երկիրը բեռնաթափում են նախագահի ընտրությունից ու մեկ՝ համապետական (խորհրդարանական) ընտրությամբ ընտրողներին փրկում անիմաստ գզվռտոցից:


«Ստացվեց, սակայն, որ նախագահի ընտրությունից ազատվեցինք, բայց Երևանի ավագանու արտահերթ ընտրություն ունեցանք, ապագայում էլ խորհրդարանի արտահերթ ընտրություն կլինի: Ավելին՝ խոսվում է խոշորացված համայնքներում նույնպես կուսակցական ցուցակներով ընտրություններ կազմակերպելու մասին, ու գզվռտոցն այժմ էլ գյուղական համայնքներ է տեղափոխվելու, ինչը մեծ խժդժությունների կարող է հանգեցնել: Ես համոզված եմ, որ մեզ նման թվով քիչ բնակչությամբ երկրներում այսքան քաղաքականացված ընտրությունների կարիք չկա: Տպավորություն է, թե այս երկրում աշխատելու, պետական կառավարմամբ զբաղվելու և ստեղծագործելու ժամանակ ընդհանրապես չկա»,- ամփոփեց մեր զրուցակիցը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1456

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ