Ջեյմի Դեվիս
 

Սոչիում Պուտինը հորդորում էր Էրդողանին

Սոչիում Պուտինը հորդորում էր Էրդողանին
17.02.2019 | 14:47

Սիրիայից ԱՄՆ զորքերի հայտարարված դուրսբերումը խառնշտեց Վլադիմիր Պուտինի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Հասան Ռուհանիի հանդիպումը` արդեն չորրորդը 2017-ից, այս անգամ Սոչիում` գրում է Իզաբել Մանդրոն Le Monde-ում: Կրեմլի տերը դրական քայլ անվանեց Դոնալդ Թրամփի հայտարարած` ԱՄՆ 20000 զինծառայողների դուրս բերումը Սիրիայից` առայժմ առանց ժամանակացույցի, որ կարող է փոխել տեղում ուժերի հավասարակշռությունը: «Մենք գիտենք` ինչ կկատարվի»` հայտարարեց Թուրքիայի նախագահը: Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռյակը դաշնակիցներ են Սիրիայի մարտադաշտում: Հիմա նրանք առաջին անգամ են հանդիպում` Վաշինգտոնի որոշումից հետո և չնայած ձեռքսեղմումներին ու ժպիտներին` նրանց համար դժվար է հաղթահարել տարաձայնությունները 8-ամյա պատերազմով բզկտված Սիրիայի առանցքային շրջաններում վերահսկողության վերաբերալ:

Կրեմլը մի կողմից անհամբեր է ու ճնշում է գործադրում Անկարայի վրա, որ սկսի հարձակումը Իդլիբի նահանգի վրա, մյուս կողմից Անկարան, որ տեղակայել է զորքերը Մանբիջի մերձակայքում, ուզում է բուֆերային գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում և քրդերին վտարել իր սահմաններից, մինչդեռ Մոսկվան, Թեհրանի պես, ուզում է, որ սիրիական զորքերը երաշխավորեն այդ գոտու անվտանգությունը: «Մենք պիտի պայմանավորվենք ինչպես ապահովենք վերջնական ապառազմականացումը Իդլիբում: Նահանգում հաջողվում է պահպանել մարտական գործողությունների հրադադարը, բայց դա չի նշանակում, որ պետք է հաշտվենք Իդլիբում ահաբեկչական խմբավորումների ներկայության հետ: Այդ պատճառով առաջարկում եմ քննարկել կոնկրետ պրակտիկ քայլեր, որ Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը կարող են նախաձեռնել ահաբեկչության օջախի լիակատար ոչնչացման համար»` ասաց Պուտինը: Թուրքիայի նախագահը խոսում էր «ընդհանուր պարեկախմբերի» ձևավորման մասին` Իդլիբի նահանգում «արմատական խմբավորումներին» զսպելու համար: Բայց այդ գաղափարը, որ առաջադրվել է դեռ սեպտեմբերին, չորոշակիացվեց: Ի պատասխան Վլադիմիր Պուտինը հաստատեց իր գաղափարը` վերականգնել 1998-ի պայմանագիրը Թուրքիայի ու Սիրիայի միջև, որ կնքվել է Թուրքիայի անվտանգության երաշխավորման նպատակով` կոչ անելով Էրդողանին վերականգնել կապերը Բաշար Ասադի վարչակարգի հետ, որին Անկարան դիմադրում է: Սոչիում Պուտինը փորձեց նորից աշխատեցնել Սիրիայի հարցով սահմանադրական հանձնաժողովը` հայտարարելով. «Կարևոր է, որ հանձնաժողովը սկսի գործել հնարավորինս շուտ»: Այդ կետը մեկն է հանդիպումից հետո ընդունված համատեղ հայտարարության 16 կետերից, որ մեծ առաջխաղացում չունեցավ: Մոսկվայի գերակայությունն է, որ ԱՄՆ զորքերի դուրս գալուց հետո ստեղծված վակուումն օգտագործելով, «ամբողջովին ոչնչացվեն» զինված խմբավոումներն Իդլիբում և մեծացվի ճնշումն Անկարայի վրա` Դամասկոսի հետ մերձեցումը արագացնելու համար:
Իզաբել Մանդրո, Le Monde


Հ.Գ. RFI –ին գրում է, որ Սոչիում Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի` սիրիական կարգավորման Աստանայի գործընթացի երաշխավոր պետությունների, նախագահների հանդիպումից հետո կողմերը միջազգային հանրությանը կոչ արեցին ակտիվացնել աջակցությունը Սիրիային: Վլադիմիր Պուտինը, Հասան Ռուհանին, Ռեջեփ Թայիփ Էրդողանը արեցին հայտարարություններ, որոնցից հետևում է, որ սիրիական կարգավորման հարցում առաջընթացի են հասել: Վլադիմիր Պուտինն ասել է, որ «բանակցություններն անցել են կառուցողական ու գործնական»: «Մեր հանդիպումները եռակողմ ձևաչափով դարձել են պարբերական: Այսօր հանդիպեցինք չորրորե անգամ: Այսքան սերտ համակարգումը թույլ է տալիս արդյունավետ կառուցել Սիրիայի Արաբական Հանրապետությունում իրավիճակի երկարաժամկետ կարգավորման աշխատանքը»` վստահեցրել է Պուտինը: Համատեղ փաստաթղթում երեք նախագահները կոչ են արել միջազգային հանրությանն ու ՄԱԿ-ին ակտիվացնել Սիրիային մարդասիրական օգնության տրամադրման ջանքերը: 2018-ի ապրիլին ՄԱԿ-ը Սիրիայում ինֆրակառույցների վերականգնման նվազագույն գինը գնահատել էր 200–300 միլիարդ դոլար: Սիրիայի նախագահ Բաշար Ասադի գնահատականով պետք է 400 միլիարդ:


Եվ, այնուամենայնիվ, Սիրիայում դեռ կան ԻՊ-ի զինյալներ, ԱՄՆ-ը իր զորքերը դուրս չի բերել: Ավելին` The Washington Post-ը գրում է, որ ԱՄՆ օրենսդիրները և զինվորական պաշտոնյաները ճնշում են գործադրում Եվրոպայում ԱՄՆ-ի դաշնակիցների վրա՝ պահանջելով զինծառայողներ ուղարկել Սիրիա ու Թուրքիային սահմանակից հատվածում բուֆերային գոտի ստեղծել: Եթե եվրոպացիները համաձայնեն առաջարկին, Դոնալդ Թրամփը պատրաստ է ամերիկյան զորքի մի մասն այնտեղ թողնել ու օգնել եվրոպացիներին:


Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը ասել է, որ դա «հետխալիֆայական ռազմավարություն» է, որը քննարկվել է և դեռ պետք է քննարկվի Մյունխենում անվտանգության հարցերով համաժողովում: Նա մանրամասնել է, որ իսլամիստների հռչակած խալիֆայությունն այլևս չկա, մնացել են մանր հատվածներ, որոնք արդեն չեզոքացվում են: Սենատորը հույս ունի, որ եվրոպացի գործընկերները չեն մերժի Թրամփի առաջարկը: «Բոլորս էլ տառապել ենք այդ խալիֆայության ստեղծումից, հիմա այն ոչնչացված է: Հաջորդիվ ի՞նչ է լինելու: Հետխալիֆայական ռազմավարությունը պետք է տարբերվի խալիֆայության ավերմանն ուղղված պայքարից: Եթե մենք խաղի պլան չունենանք, Թուրքիան կմտնի Սիրիա և կբախվի քրդական Ազգային ինքնապաշտպանական ջոկատներին: Մենք անվտանգ գոտու կարիք ունենք»,-ասել է սենատորը՝ ընդգծելով, որ Արևմուտքը քրդական ուժերին պաշտպանելու պատասխանատվություն ունի: Պենտագոնն արդեն աշխատում է Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման ծրագրի շուրջ: Ըստ ծրագրի՝ եվրոպական երկրներն ընդհանուր 1 500 զինծառայող պետք է ուղարկեն Սիրիա: Եթե դա տեղի ունենա, Թրամփը 200 ամերիկացի զինծառայող կպահի երկրի հյուսիս-արևելյան հատվածում:
Այս ամենն արդեն ուղղակիորեն վերաբերում է մեզ` հայկական մարդասիրական օգնության զորախումբ Հալեպ ուղարկելուց հետո:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 702

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan