Yerevan Perspectives International Music Festival
 

«Արցախն ավելի պաշտպանված է Ադրբեջանից, քան ՀՀ-ից եկող քաղաքական քամիներից»

«Արցախն ավելի պաշտպանված է Ադրբեջանից, քան ՀՀ-ից եկող քաղաքական քամիներից»
14.05.2019 | 01:09

Արցախում ՀՅԴ-ի նախաձեռնած «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» համաժողովը, որին մասնակցում էին Հայաստանի ու Արցախի խորհրդարանական, արտախորհրդարանական ուժեր և քաղաքական անհատ գործիչներ, մեկ նպատակ ունի՝ հնարավորինս սեղմ ժամկետներում կյանքի կոչել հայկական երկու պետությունների իրավապայմանագրային հարաբերությունները կարգավորող պայմանագիրը: Այս մասին ասվում է համաժողովից հետո կնքված հռչակագրում, ինչից տեղեկանում ենք նաև, որ արդեն իսկ ստեղծված կազմկոմիտեն պատրաստվում է համահայկական աջակցություն ապահովելու գործընթաց սկսելու, ինչպես նաև կոչ է անում Հայաստանի ու Արցախի հանրապետությունների օրենսդիր և գործադիր իշխանության մարմիններին համապատասխան քայլեր ձեռնարկելու համապարփակ համագործակցության պայմանագիր կնքելու ուղղությամբ։

ՀՅԴ-ական գործիչ ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ վստահ է՝ համաժողովի կազմակերպումը հետևանքն էր այն վախերի, որ բոլորս ունենք Արցախի առնչությամբ. «Վտանգն այն է, որ մեր ժողովրդի մի մասը ենթադրում է` քանի դեռ պատերազմի վտանգ կա, քանի դեռ մեծաթիվ բանակ պահելու անհրաժեշտություն կա, ուրեմն Արցախը բեռ է, և, որքան հնարավոր է շուտ պետք է ազատվել այդ հարցից: Մեկ այլ մոտեցում էլ կա՝ Արցախը հնարավորություն է, ազդակ, որ հայ ժողովուրդը գոտին պինդ ձգի: Վերջին 10-11 տարիների ընթացքում մենք միայն ճիգեր ենք թափել գոյություն պահելու համար, այժմ կարող ենք զարգացման ուղի դուրս գալ: Սակայն այդ զարգացման ուղի դուրս գալը չենք կարող անել զիջելով: Եթե մտածում ենք` կզիջենք, հետո կզարգանանք, կզիջենք, հետո կամրապնդվենք, հարցը կվերջանա, դա մեծ սխալմունք է: Նվազագույն զիջումն անգամ մեզ կտանի կործանման: Սա չի նշանակում, թե մենք չպետք է բանակցենք, բայց և պետք է հասկանանք` որտեղ է, որ Ադրբեջանը երբեք չի զիջի: Եթե անգամ Ադրբեջանը զիջի, մենք պետք է գիտակցենք, որ այս հակամարտությունը հավերժական է, ուստի դրան պետք է պատրաստվենք: Ազգովին այնպես պետք է կազմակերպվենք, որ դիմակայենք ու հաղթենք այս գոյամարտում, և դա մեր խաչն է, անգամ եթե այն դարեր տևի»:


Մարգարյանի համար տարօրինակ է երկրի առաջին դեմքերի հնչեցրած այն միտքը, որ եթե պատերազմ լինի, ամեն ընտանիք պետք է պատրաստ լինի զոհ տալու: Հիշեցնում է` 5000-ից ավելի ընտանիք զոհ է տվել, իսկ եթե չտայինք, կյանքից ավելի թանկ բան էինք կորցնելու` հայրենիքն ու սերունդների գոյատևելու իրավունքը: Հետևաբար, շեշտում է նա, չպետք է այդպես վախեցնել մեր ժողովրդին, դա ապազգային ու ապապետական երևույթ է, ու պատերազմ մեկնողները միշտ էլ գիտակցել են, որ զոհվելու են, բայց առավել թանկ բան են պաշտպանելու: ՀՅԴ-ականն ընդգծում է նաև՝ պետություն ղեկավարողները պետք է հասկանան, որ հայրենիքն ամեն ինչից կարևոր է` ժողովրդավարությունից էլ, սեփական կյանքից ու հարստությունից էլ:


Քաղաքական գործիչ Սեյրան Բաղդասարյանի կարծիքով՝ այժմ դեմ-հանդիման կանգնած ենք մի իրողության առաջ, երբ Արցախն ավելի պաշտպանված է Ադրբեջանից, քան ՀՀ-ից եկող քաղաքական քամիներից: Նշում է՝ ողջունելի է, որ ՀՀ վարչապետի որդին Արցախում է անցնում պարտադիր զինվորական ծառայությունը, բայց միաժամանակ տեսնում ենք, որ երևանյան փաբերում մեծացած նոր սերնդի մի մասը՝ ագրեսիվ, քաղքենի, մտածում է, որ, Արցախի հարցն արագ փակելով և լուծելով, «Սերգոն լավ կապրի». «Այս գայթակղությունը կա ՀՀ-ում ու մեր հասարակությունում, ու բոլորս դա գիտենք, հետևաբար՝ պետք է ինստիտուցիոնալ հիմքի վրա դրվեն Հայաստան-Արցախ փոխհարաբերությունները»։
Հայաստանի նոր իշխանությունների վարած քաղաքականությանն անդրադարձավ նաև քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի նախագահ ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ։ Ըստ նրա՝ մեկ տարի շարունակ քաղաքական դալտոնիզմը պառակտում է մտցրել մեր ազգի մեջ։ Հարց բարձրացրեց՝ արդյո՞ք ամեն ինչ անում ենք, որ մարտահրավերներին դիմակայենք. «Իմ պատասխանը բացասական է, ավելին՝ ինչ-որ առումով հայտնվել ենք դիվանագիտական վակուումում. այս ընթացքում բարեկամներ ձեռք չբերեցինք, բայց հեռացրինք մեր բարեկամներին: Փաստենք նաև, որ երբեք ռուս-ադրբեջանական համագործակցությունն այսքան խոր չի եղել։ Բոլոր նրանց, ովքեր տառապում են քաղաքական դալտոնիզմով և անպայման գույների, անջրպետի մեջ են ուզում տեսնել մեր հասարակական-քաղաքական զարգացումները, պետք է ասենք` իրավունք չունեք ղեկավարելու մեր երկիրը: Չեմ ցանկանա, որ դալտոնիզմի բացիլն այստեղ մտնի, և դրա առիթ դառնան ընտրությունները։ Ցավ ապրեցի, երբ անհեթեթություն հնչեց, թե ներքնաշորերով կամերաները փակելը կամ Ռադիոյի շենքը գրավելը շատ ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը, Շուշիի ազատագրումը։ Մարդիկ, որոնք ընդվզեցին այդ տխմարության դեմ, պատժվեցին։ Ձեզ չէր սազում»։
Արցախի Հանրապետության «Ազատ հայրենիք» խմբակցության ղեկավար ԱՐԹՈՒՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ համաձայն չէ այն տեսակետի հետ, որ ռազմավարական դաշինքը ուշացած է՝ «լավ է ուշ, քան երբեք» տրամաբանությամբ: Նշում է՝ Արցախի Հանրապետության երկրորդ նախագահի օրոք արդեն դաշինքը մշակվում էր ու պատրաստ էր, բայց թե ինչու այն ժամանակ դա չընդունվեց, այդ հարցին կարող են պատասխանել հայաստանյան գործընկերները: Պատգամավորի կարծիքով՝ դաշինքի վավերացման մասով մեզ չպետք է կաշկանդի ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կարծիքը: Բացատրում է, որ մի քանի տարի առաջ, երբ Հայաստանի խորհրդարանի ներկայացուցիչները հայտարարում էին, թե ճանաչում են Արցախի անկախությունը, հայտարարություններ եղան, որ դա կարող է պատերազմի հանգեցնել, բայց տեսանք, որ առանց Հայաստանի կողմից ճանաչման էլ այդ պատերազմը եղավ 2016-ի ապրիլին:


Արցախի ԱԺ փոխնախագահ ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԱՆՆ այն տեսակետին է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեությունը կյանքի կոչվող համաձայնագրով կարող է ավելի նպատակային լինել: Ընդգծում է, որ բոլորիս նպատակը, ի վերջո, տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն հաստատելն է, իսկ Արցախը կարող է դառնալ արդարության կղզյակ: Հետևաբար, նրա համոզմամբ, դաշինքը, միջնորդներին բնավ էլ վատ վիճակում չդնելով, կարող է առավել համամարդկային քայլ լինել. «Ինչ վերաբերում է ՀՀ իշխանություններին, ապա նրանք, բնականաբար, իրենց անունից պետք է շարունակեն բանակցությունները, բայց բուդապեշտյան գագաթնաժողովի արձանագրած փաստն այն է, որ բանակցությունները եռակողմ են, ուրեմն Արցախը պետք է մասնակցի բանակցային գործընթացին: Արցախի մասնակցությամբ միջնորդներն ավելի հեշտ կլուծեն հարցը: Իսկ փաստաթուղթը հնարավորություն կընձեռի, որ այն ուժերը, որոնք պատկերացում չունեն Արցախի հարցի վերաբերյալ, ավելի պարզ ընկալում ունենան ու արձանագրեն, որ հայ ժողովուրդը ցանկություն ունի ապրելու իր հայրենի հողում` խաղաղ ու ապահով պայմաններում»:


Արցախի Ազգային ժողովի նախագահ ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԸ, ի մի բերելով համաժողովից ստացած տպավորությունները, նշեց՝ քննարկումները հաստատեցին, որ ռազմավարական դաշինքի պահանջը կա, պետականաշինության ընթացքում Հայաստանի ու Արցախի հարաբերություններն ավելի բարձր մակարդակի են հասել, հետևաբար փաստաթուղթը կարող է լինել միջպետական պայմանագրի, հայկական երկու հանրապետությունների միջև ինտեգրացիոն գործընթացները վավերացնող պայմանագրի կամ որևէ այլ համաձայնագրի տեսքով:


«Համաժողովի միջոցով, առաջին հերթին, փորձում ենք հենց ներքևից` հանրային քննարկումների դաշտից ստանալ առաջարկությունների փաթեթը, որը հետագայում հնարավորություն կտա շատ ավելի ճիշտ ուղղորդում ու ճանապարհ գտնելու ռազմավարական դաշինքի ու դրա լուծումների համար: Մեր հակառակորդներն ու ընդդիմախոսները վաղուց ի վեր ըմբռնումով չեն մոտենում մեր համեստ պահվածքին: Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Ադրբեջան-Թուրքիա խորացված հարաբերությունների շրջանակում և Ադրբեջանի կողմից աշխարհի տարբեր երկրներում համադաշնակիցներ գտնելու առումով, բոլորովին հակառակ են ընդհանուր խաղաղասիրական ջանքերին, որ փորձում են ձևավորել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Հայկական երկու պետությունների քաղաքական կուսակցությունները, հանրային ակտիվ կազմակերպությունները փորձում են հասկանալ` ինչպիսին պետք է լինեն մեր հարաբերություններն ապագայում: Սա որևէ բանով չի կարող հակառակ լինել միջպետական այն հարաբերություններին, որոնք տեղի են ունենում աշխարհի ցանկացած կետում բարեկամական երկու հանրապետությունների միջև»,- շեշտում է Ղուլյանը՝ հիշեցնելով, որ ինչպես 1990-ականներին են մեր բոլոր քայլերը եղել համահունչ միջազգային իրավունքին, այնպես էլ այսօր մեզ կհաջողվի օպտիմալ և միջազգային հարաբերությունների գործող համակարգին համահունչ կարգավորումներ ունենալ:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2208

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao