«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը

Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը
12.07.2019 | 02:18

(Նախորդ մասը)

(սկիզբը` նախորդ համարում)

Պոլիտեխնիկի ասպիրանտների հարցը պարզ է, տեսնենք, թե ինչ ենք ունեցել ուսանողական ճակատում: Անցած ամռանը փողոցում ինձ մոտեցան մի տատիկ ու պապիկ՝ իրենց թոռան հետ:
-Բարև Ձեզ։
-Բարև Ձեզ։
-Մենք Ձեր ուսանողն ենք եղել:
-Ո՞ր խմբից էիք:
-Հիշու՞մ եք` մեր խմբի գերազանցիկ ուսանողուհուն ժամացույց նվիրեցիք:
-Ինչպես չէ, հիշում եմ, այդ ժամացույցը շատ թանկ նստեց ինձ վրա:
1986 թվականն էր: Մտնում եմ լսարան, վերջում նստած երկու ուսանող թերթ են կարդում։ Մոտեցա։
-Տղաներ, լեկցիան արդեն սկսվել է, պահեք թերթը:
Մեկը քթի տակ փնթփնթաց.
-Տեսնենք մի բան կշահե՞նք (վիճակախաղի աղյուսակն էին նայում), թե չէ, դեմը քննություններ են, փող է պետք:
-Լավ,- մտածեցի,- ձեզ կաշառքով քննություն հանձնել ցույց կտամ:
Քննություննից 6-ը ստացան «գերազանց», մյուսները` «լավ» ու «բավարար»: Վերջում խնդրեցի մի քանի րոպե սպասել, գնացի մոտակա խանութը, մոդայիկ էլեկտրոնային մի ժամացույց գնեցի, վերադարձա, բոլորի ներկայությամբ հայտարարեցի արդյունքները, հետո ավելացրի.
-6 «գերազանցից» ամենից շատ ինձ դուր եկավ Նազելիի պատասխանը, այս նվերը նրան:
-Նազելին այստեղ չէ, արդեն գնացել է Դիլիջան:
ՈՒսանողներին խնդրեցի, որ նվերը փոխանցեն գերազանցիկ ուսանողուհուն: Նվեր տալու լուրը կայծակի նման տարածվեց ինստիտուտով մեկ, օրվա վերջում մեր տուն եկան իմ համակուրսեցի դասախոսները՝ տեխնիկական գիտությունների թեկնածուներ Մհերը, Հարությունն ու ևս մի քանի դասախոս։ Խիստ վրդովված ու վիրավորված էին։ Նույնիսկ հյուրասիրությունից հրաժարվեցին։ Խոսելն էլ էր դժվարությամբ ստացվում:
-էդ ինչու՞ ես ուսանողին նվեր տվել, փողե՞րդ են ավելացել, թե՞ ուզում ես ասել, որ մնացածներս գողեր ու կաշառակերներ ենք:


Իհարկե, իմ արածը նորություն չէր համարվի Մոսկվայի բուհում, որտեղ ասպիրանտների ու ուսանողների նկատմամբ հոգատարության և խրախուսական ակցիաների բազմաթիվ դեպքերի մասնակիցն ու ականատեսն եմ եղել: Ահա դրանցից մեկը:
Ասպիրանտուրայի առաջին տարին էր։ Մոսկվայում սաստիկ ցրտի հանդիպեցի, որին պատրաստ չէի։ Հարավցու համար անսովոր -30-ի հասնող սառնամանիքը դիմավորեցի թեթև բերետով։ Կանգառից մինչև ինստիտուտ էի հասնում՝ գլուխս սառչում, կակալ էր դառնում: ՈՒրիշները մորթե գլխարկներ ունեին, որոնք, թանկ լինելուց բացի, չէին ճարվում, ձեռք էին բերվում հատուկ ծանոթությամբ: Նման գլխարկի համար ես ո՛չ փող ունեի, ո՛չ էլ ծանոթություն։ Մի կերպ բերետով յոլա էի գնում:
Մի առավոտ մտա լաբորատորիա ու տեսա, թե ինչ ուրախ տրամադրության մեջ էին մեր աշխատակիցները, սպասում էին լաբորատորիայի վարիչ, իմ գիտական ղեկավար Նիկոլայ Գորյունովի բարեգործական ակցիային: Գորյունովը գլխիս հագցրեց ականջակալներով մորթե գլխարկը՝ ամենաշքեղը Մոսկվայում։ Գլուխս միանգամից տաքացավ, այդ տաքությունը զգում եմ մինչ օրս:


Ընկերական, բարեկամական մթնոլորտը ֆիզիկայի կենտրոնական լաբորատորիայի կոլեկտիվի առանձնահատկություններից էր։ Բացարձակ վստահության կար հետազոտողների միջև, մշտապես ու անշահախնդիր օգնել ենք միմյանց, մյուս ասպիրանտների համար ես կազմում ու լուծում էի մաթեմատիկական հավասարումներ, իրենք ինձ օգնում էին լաբորատոր սարքավորումներով ու տեխնոլոգիական փորձերով:
Միակ բանը, որը Գորյունովը լաբորատորիայում ոչ մեկին չէր վստահում, նորմատիվային սպիրտն էր, որը վստահում էր միայն ինձ (մոսկվացիների համար զարմանալի բան էր, որ ես բացարձակ չէի խմում սպիրտ պարունակող որևիցե ըմպելիք, դա իմ և իմ համադասարանցի ու մանկության ընկեր, հետագայում ևս ոսկե մեդալակիր ու ապագա գիտնական Էդիկ Խաչատրյանի ընդհանուր որոշումն էր` եթե որոշել ենք գիտնական դառնալ, ապա պետք է հեռու մնանք ոգելից խմիչքներից։ Ալկոհոլը մեր նպատակների համար հակացուցված էինք համարում):


Ասպիրանտուրան ավարտելուց հետո Գորյունովն ինձ երեք ասպիրանտ տվեց՝ Գալինա Նազարովա, Իվան Լոնսկոյ, Սվետլանա Գուսարովա։ Եվ հանձնարարեց.
-Նրանց հետ կվարվես ճիշտ այնպես, ինչպես մենք վարվեցինք քեզ հետ:
Իմ ուսուցչի հիշյալ խրատը կատարում եմ մինչ օրս, որովհետև փոխադարձ օգնության ու համագործակցության մեջ է գտնվել խորհրդային գիտության անհերքելի ձեռքբերումների բանալին:
ՈՒսանողից կամ ասպիրանտից նվեր կամ կաշառք վերցնելը ոչ միայն նողկալի ստորություն ու հակամանկավարժական արարք է, այլ նաև մարդու անճարակության խոստովանություն: Եթե փող է պետք, ապա այն կարելի է աշխատել նաև ունեցած գիտելիքների կիրառմամբ, սեփական գյուտերով ու դրանց ներդրումներով: Իմ բարձր աշխատավարձից բացի, ավելի շատ գումար եմ վաստակել խորհրդային տարբեր գործարաններում ներդրած գյուտերիցս: «Ֆոտոսկանի» գյուտի համար հեղինակներս գումարներ ենք ստացել Վորոնեժի, Բրյանսկի, Ռիգայի, Ալեքսանդրովի, Զապորոժիեի, Մոսկվայի, Պոդոլսկի կիսահաղորդչային սարքերի գործարաններից: Փող աշխատելու համար գիտնականները միշտ էլ ունեցել են օրինական ճանապարհներ, դա գյուտարարությունն է՝ խիստ պատվավոր ու հետաքրքիր: Երբ գիտնական-դասախոսը փող աշխատելու այլ ձև չի գտնում ու հույսը դնում է ուսանողի գրպանի վրա, ապա նա միայն հայրենիքի դավաճան է դառնում, որովհետև նրանց «աճեցրած» կադրերը լինելու են անգրագետ, ծույլ ու կատարյալ կաշառակերներ, մեզ դա պե՞տք է:


Մոսկվայում և Լենինգրադում, համենայն դեպս ԽՍՀՄ տարիներին, գիտնականների ու դասախոսների մեջպատվի ու պատասխանատվության մեծ զգացում կար, մի փոքրիկ շեղում, և նրանց գործերը կդրվեին կուսքարտուղարների սեղանին, կքննարկվեին կուսակցական ժողովներում, պատիժն անխուսափելի էր՝ աշխատանքից ազատումն ու քրեական պատասխանատվություն: 1960-70-ականներին Հայաստանում էլ էր այդպես։ Բայց հետագայում իրադրությունը փոխվեց, երբ տարբեր պաշտոններ ստացած մարդկանց մեջ լայն տարածում ստացավ գիտական կոչումներ ունենալու պրակտիկան, դիսերտացիաները գրվում էին փողով՝ 7-10 հազար ռուբլու սահմաններում:


Գերազանցիկ ուսանողին նվեր տալը երկու նպատակ էր հետապնդում.
ա) խրախուսել ուսանողներին՝ ուսումնական գործընթացը բարձր մակարդակի վրա պահելու համար՝ Հայաստանում տարածելով Մոսկվայի ու Լենինգրադի բուհերում տեսածս դասախոս-ուսանող-ասպիրանտ նորմալ մանկավարժական հարաբերությունների փորձը,
բ) իհարկե, կոլեգաներս ճիշտ էին հասկացել. դա իմ անթաքույց դեմարշն էր Հայաստանի բուհերում ահագնացող տեմպերով զարգացող կաշառակերության դեմ, որն ինձ շատ էր անհանգստացնում։ Պետք էր պայքարել այդ արատավոր երևույթների դեմ, որոնք 80-ականներին արդեն կլանել էին Հայաստանի բուհերն ու անընդհատ զարգանալու միտում ունեին։ Հասել են մինչև մեր օրերը. ընդունելության քննությունները՝ հիմնականում փողերով, ընթացիկ քննությունները՝ հիմնականում փողով: Այս ամենը, կազմակերպական առումով, դրված է բարձր հիմքերի վրա՝ ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական հովանու ներքո: Կոռուպցիոն գործարքները ավելի լայն տարածում են ստացել՝ ընդգրկելով մեդալների բախշման գործը և ավարտական-միացյալ քննությունները: Ի տարբերություն Մոսկվայի կամ Լենինգրադի, Հայաստանում կոռուպցիոն գործերը կազմակերպված բնույթ են կրել ու կրում՝ ռեկտորատների ու դեկանատների անմիջական մասնակցությամբ, իրենց համակարգից դուրս աշխատող դասախոսները (ազնիվ, թե անազնիվ՝ կապ չունի) արագ հայտնաբերվում ու դուրս են մղվում ինստիտուտի կյանքից: Անկախության տարիներին կաշառակերությունը այն աստիճանի է զարգացել, որ իմ սկզբունքներից ելնելով ու պատիվս չարատավորելու համար ինձ կամավոր դուրս եմ թողել դասախոսական գործերից՝ բավարարվելով որոշ մասնավոր բուհերում դասավանդելու պրակտիկայով: Այսպիսի մի դեպք պատմեմ «Անանիա Շիրակացի» համալսարանի կյանքից: Երկու խումբ ունեի, մեկում միայն տղաներ էին ու շատ չար: Մի քանի դասախոսություն ուղղակի տապալեցին, զբաղված էի միայն դիտողություններ անելով. հեռախոսդ պահի՛ր, հեռախոսով մի՛ խոսիր ու նման բաներ, ճար չկար: Մի օր որոշեցի ուսանողներին անակնկալ մատուցել, մտա լսարան, նստեցի իմ տեղում, գծագրերս փռեցի սեղանին ու սկսեցի աշխատել: ՈՒսանողները խոսում էին։ Հետո հեռախոսներով սկսեցին իրար խփել ու հրմշտել, լսարանից դուրս ու ներս անել և նման բաներ: Զանգից 10 րոպե առաջ լսարանում քար լռություն տիրեց, այն աստիճանի էր հասել, որ պատկերավոր ասած` կարելի էր շոշափել։ Հինգ րոպե սպասելուց հետ խոսեցի:


-Վերջացրի՞ք։ Դե հիմա լսեք` ինչ կասեմ. գիտությունն ու տեխնիկան այսօր այնպիսի զարգացում են ստացել, որ նախագծային աշխատանքները կատարվում են համակարգիչներով՝ փոխարինելով հազարավոր ինժեներների։ Գործարանների բանվորներն ամենուր փոխարինվում են ռոբոտներով, ամեն ինչ ավտոմատացվում է այնպես, որ մարդու կարիքը չզգացվի։ Կամաց-կամաց մարդիկ այլևս պետք չեն գալու, նրանց գոյությունը պետությունների համար դառնալու է ավելորդ գլխացավանք։ Այ, դուք՝ նստածներդ, որ այդքան տարվում եք ձեր հեռախոսներով, մարդկությանն այլևս պետք չեք, ավելորդ եք, չգիտեմ, թե ինչպես եք սովորելու, ինչ կարևոր գիտելիքների եք տիրապետելու, որ ձեզ համար աշխատանք գտնենք, դեռ հայտնի չէ, թե ինչ ապագա է սպասելու ձեր երեխաներին:
Մի ամիս անց ինստիտուտի ռեկտոր Սեյրան Աֆյանը հարցրեց.
-Ի՞նչ եք ասել Ձեր խմբի ուսանողներին, որ այդ աստիճանի կարգապահ են դարձել, մի ամիս առաջ դասախոսները նրանցից «յախա» էին թափ տալիս, հիմա ամենակարգապահ ու սովորող խումբն է: Համոզված եմ, որ ցանկացած ուսանող, ցանկացած երիտասարդ յուրահատուկ տաղանդ է, պարզապես պետք է կյանքի ճիշտ ռելսերի վրա դնել: Ալբերտ Էյնշտեյնն ասել է. «Առանձնակի տաղանդ ես չունեմ, բայց շատ հետաքրքրասեր եմ»: Եթե ուսանողի մեջ կարողանում ես հետաքրքրասիրություն առաջացնել կրթության ու կոնկրետ առարկայի նկատմամբ, ապա նա իր կյանքում ու աշխատանքում խոշոր հաջողության կհասնի, հասարակության համար պիտանի մարդ կդառնա: Հակառակ դեպքում մենք կստանանք էգոիստ-անբանների հերթական թվաքանակը՝ փողով վաստակած դիպլոմները ձեռքերին:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 2024

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao