Yerevan Perspectives International Music Festival
 

Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը

Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը
26.07.2019 | 01:41

(Նախորդ մասը)

Համոզված եմ, որ 90-ական թվականներին միայն Վիկտոր Համբարձումյանի հեղինակությամբ հնարավոր կլիներ Հայաստանի խնդիրների շուրջը հավաքել հայ գիտնականներին ու տեխնիկական մտավորականությանը և ստեղծված իրավիճակում ճանապարհ հարթել դեպի նոր գիտություն, նոր արդյունաբերություն ու ընդհանուր տնտեսություն՝ հաշվի առնելով ԽՍՀՄ-ում ստեղծված բարդ քաղաքական իրավիճակն ու պատերազմական դրությունը: Իհարկե, Ֆադեյ Սարգսյանը ևս Խորհրդային Հայաստանի կարևոր դեմքերից էր։ Չի կարելի ուրանալ այդ իրողությունը։ Նա լավագույն ձևով կարողացավ Հայաստանում կազմակերպել հաշվողական տեխնիկայի ստեղծման ու զարգացման գործընթացը՝ այն հասցնելով միջազգային լայն ճանաչման: Բավական է հիշել, որ Հայաստանը, մինչև ԽՍՀՄ փլուզումը, ճանաչվել էր որպես հաշվողական տեխնիկայի զարգացման միջազգային հինգ կենտրոններից մեկը: ՌԱՀ-ի ձեռնարկությունների ստեղծման գործում ևս անգնահատելի են Ֆադեյ Տաճատովիչի ծառայությունները, այստեղ մեծ դեր խաղաց նրա ադմինիստրատիվ-բյուրոկրատական աշխատանքի մեծ փորձը, բայց նա գիտնական չէր՝ այդ հասկացության կլասիկ առումով, նա իրավունք չուներ ՀՀ Գիտությունների ակադեմիայում պրեզիդենտի պաշտոնում փոխարինելու Վիկտոր Համբարձումյանին:


Շատ չանցած Վիկտոր Համբարձումյանը կամավոր ձևով հրաժարվեց իր ՀՀ ԳԱ պատվավոր նախագահի պաշտոնից և ՀՀ ԳԱ ակադեմիկոսի կոչումից՝ շարունակելով մնալ 63 արտասահմանյան հեղինակավոր գիտական կազմակերպությունների անդամ, այդ թվում Ադրբեջանական ԽՍՀ ակադեմիայի անդամ: Հրաժարականների իր ակնհայտ դեմարշով նա արտահայտեց այն խոր մտահոգությունն ու ծայրաստիճան անհամաձայնությունը, որը կապված էր ակադեմիայի նոր պրեզիդենտ Ֆադեյ Սարգսյանի նախաձեռնած «կազմակերպչական» քայլերի հետ, երբ որոշվեց վերացնել ակադեմիայի անդամների երկաստիճան համակարգը և, առաջին հրամանագրով, ակադեմիայի բոլոր թղթակից անդամներին (արժանի, թե ոչ այնքան արժանի) շնորհվեց ակադեմիկոսի բարձր կոչումը: Վիկտոր Համբարձումյանի օրոք ակադեմիայի թղթակից անդամ կամ ակադեմիկոս դառնալու համար պետք էր լինել անվանի գիտնական, լուրջ ներդրում ունենալ գիտության ու տեխնիկայի իրենց ոլորտներում, ինչպես դրանք առկա էին Իոսիֆյանի, Մերգելյանի, Աֆրիկյանի, Հերունու, Գուրզադյանի, Սահակյանի, Նալբանդյանի և մյուս բազմավաստակ հայ գիտնականների դեպքերում:


Վիկտոր Համբարձումյանի օրոք հնարավոր չէր ակադեմիկոսի կամ ակադեմիայի թղթակից-անդամի կոչում ստանալ՝ լինելով բարձրաստիճան պաշտոնյա, ուրիշի գյուտերի ու գիտական հոդվածների համահեղինակ կամ ակադեմիայի հիմնարկներին նյութական աջակցություն ցույց տված անձ: Ակադեմիկոս կամ թղթակից անդամ դառնալու համար պետք էր անձնական ներդրում ունենալ գիտության տարբեր ոլորտների զարգացման գործերում, գիտական կադրեր պատրաստել ու լինել գիտական սեփական շկոլայի հիմնադիր:
Այսպիսի մի դեպք: 1979 թվականին Աբովյանի «Պոզիստոր» ԳԱՄ բազմավաստակ ղեկավար ու գլխավոր տնօրեն Էդիկ Պետրոսյանը որոշել էր իր տեխնիկական գիտությունների թեկնածու կոչմանը ավելացնել նաև ՀՀ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամի կոչումը: Այդ նպատակին հասնելու համար նա ֆինանսական լայն աջակցություն էր ցույց տալիս ակադեմիական ինստիտուտներին, համալսարանին ու պոլիտեխնիկական ինստիտուտին:
-Գիտական աշխատանքները ֆինանսավորեք այնքան, որքան ուզում են, մեր գիտնականներն են, թող աշխատեն, երկրին օգուտ տան,- ասում էր Էդիկ Պետրոսյանը։ (Այդ տարիներին Էլեկտրոնային արդյունաբերության նախարարությունը անսահման ֆինանսական միջոցներ ուներ, որոնք նպատակային ձևով տրամադրվում էին բուհերին ու ակադեմիական գիտական հաստատություններին):


Ակադեմիկոսների ընտրության նիստին Պետրոսյանին ներկայացրել էր ՀՀ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ԵՊՀ կիսահաղորդիչների ամբիոնի վարիչ Գեդեոն Ավագյանցը:
-Պետրոսյանը անգնահատելի ներդրում է ունեցել կիսահաղորդչային տեխնիկայի զարգացման գործում, նա մեծ գիտնական է:
-Նստեք, նա գիտնական չէ,- կոպտորեն միջամտել էր Վիկտոր Համբարձումյանն ու Պետրոսյանի անդամակցության հարցը միանգամից փակել:
Հաջորդ օրը Պետրոսյանը հանձնարարություն տվեց, որ գիտական հիմնարկների հետ կնքված բոլոր գիտահետազոտական աշխատանքների պայմանագրերը խզվեն, այլևս նոր պայմանագրեր չկնքվեն, չֆինանսավորվեն, ակադեմիայի գիտնականների անցագրերը չեղյալ հայտարարվեն ու, ընդհանրապես, նրանց մուտքը միավորման տարածք խստիվ արգելվի, ուսանողներին այլևս պրակտիկայի չվերցնեն: Իր խոսքից հետո նա հայացքը ուղղեց դեպի ինձ ու Ռուբեն Մարտիրոսյանին, գլուխը կախեց ու մի խոր հոգոց հանեց, ինքն էլ էր հասկանում, որ ինքը գիտության մարդ չէ, թեկնածու լինելը դեռ ոչինչ չէր նշանակել, որ Վիկտոր Համբարձումյանին ֆինանսական ներարկումներով չես խաբի: Ինչ արած, նա էլ իր տրամաբանությամբ էր առաջ շարժվում, 30-հազարանոց կոլեկտիվի ղեկավարին թույլ չտվեցին դառնալ ակադեմիայի թղթակից անդամ, բարձր կոչումով հավասարվել իր «ձեռքի» տակ աշխատող Գեդեոն Ավագյանցին և մյուս քյասիբ-քյուսուբներին:


Մեկ տարի անց Պետրոսյանը փորձեց ստանալ մեկ այլ, ավելի բարձր` ԽՍՀՄ սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումը։ Սրան էլ իր սիրելի մինիստր Շոկինն էր դեմ գնացել՝ ապագա հերոսների ցուցակից Պետրոսյանի անունը ջնջելով ու այսպես հիմնավորելով.
-Այդ կոչումը մի բանվորի տվեք, որ կարողանա առանց հերթի խանութից գնումներ կատարել, Էդիկն ամեն ինչ ունի, դա նրան պետք չէ (հերոսի կոչման պատմության ինֆորմացիան Պրոլեյկոյից է):
Ի միջի այլոց, ընդլայնված կոլեգիաներից մեկի ժամանակ Շոկինը մի այսպիսի պատմություն արեց.
-Վերջերս ինձ խնդրել էին թոռանս համար կոլգոտկա գնել, մտա «ԺպՑրՍՌռ ԾՌՐ», երեխայի կոլգոտկա չկար, պատկերացնու՞մ եք, Մոսկվայում երեխայի կոլգոտկա չկա:
Շոկինի պատմությունը խոսում էր այն մասին, որ ԽՍՀՄ-ում տիրող դրությունը հայտնի էր բոլորին՝ վերևից ներքև:
«Սիրիուսի» գլխավոր տնօրեն Էդիկ Պետրոսյանի ակադեմիկոս կամ աշխատանքային հերոս դառնալու պատմությունները շատ էին, դրանք հենց այնպես չէին արվում, ադմինիստրատիվ պաշտոնների կամ ֆինանսական բարձունքների հասած մարդիկ կարծում էին, որ իրենց ամենի ինչ կարելի է, անհնարին կամ անհասանելի բաներ չկան: Այս գաղափարը արդիական է նաև մեր օրերում, կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, երբ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ են դարձել ու դառնում նախկին պաշտոնյաները, նախարարները, փոխնախարարները և այլք: Ի միջի այլոց, Վիկտոր Համբարձումյանի ժամանակ ընտրված ակադեմիկոսներին ճնշելով «հրամանագրված» թղթակից անդամ-ակադեմիկոսներով, Ֆադեյ Տաճատովիչը հետագայում վերականգնեց ակադեմիայի անդամների երկաստիճան համակարգը: «Ձեռքի» հետ ակադեմիկոսներ դառնալու միտումը կար նաև Ռուսաստանում, որտեղ 2016 թվականին բազմաթիվ փոխնախարարներ դարձան ռուսական ակադեմիայի անդամներ ու թղթակից անդամներ: Պուտինը Պուտին չէր լինի, եթե դրա դեմն էլ չառներ.
-Եթե ակադեմիկոս եք դարձել, ապա պետք է պետական պաշտոնները թողնեք ու զբաղվեք միայն ձեր սիրած գիտությամբ, երկուսը մեկտեղել չի լինի, ընտրությունը ձերն է:
Գիտական կամ ակադեմիական կոչումներ ստանալու մաղձը արդիական է մնացել նաև մեր օրերում և իրավաբանորեն կարող է ձևակերպվել որպես պաշտոնական դիրքի չարաշահման փորձ կամ նման մի բան: Վերցնենք Միացյալ Արաբական Էմիրությունների հետ Հայաստանում արևային Էներգետիկայի զարգացման գործը, որն արվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ, միջնորդությամբ, թե մասնակցությամբ՝ հայտնի չէ: Լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ Արաբական «Մազդար» («Աղբյուր») կազմակերպությունը ցանկություն է հայտնել Հայաստանում ներդնելու 500 միլիոն դոլար (որոշ լրատվամիջոցներ հայտնեցին 500 միլիոն դրամի ներդրումային ծրագրի մասին, այստեղ պարզություն չկա), որպեսզի մեր էներգետիկ համակարգին այնպիսի հիմնարար լուծում տա, որ 2036 թվականին մենք հասնենք այլընտրանքային էներգետիկայի համար նախատեսված 26-տոկոսանոց ցուցանիշին, ընդունենք որ դա այդպես է, նպատակները միայն ազնիվ են, բխում են Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից, «ատկատներով» աշխատելու մտադրություններ չկան, որին, ինչ մեղքս թաքցնեմ, ես չեմ հավատում:


Հարց՝ ինչու՞ է ՀՀ նախագահը արևային մեյդան ընկել, ինչու՞ է միանձնյա, առանց մասնագետների հետ խորհրդակցելու, բանակցություններ վարում մի թեմայով, որն իր պաշտոնի ու առաքելության հետ կապ չունի՝ ոչ մասնագիտական առումով, ոչ էլ պաշտոնական իրավասությունների տեսակետից: Տեղին կլինի հարգարժան պարոն նախագահին հիշեցնել, որ ԽՍՀՄ տարիներին Հայաստանը հանդիսացել է կիսահաղորչային արդյունաբերության ճանաչված կենտրոններից մեկը: Յուրաքանչյուր տարի ԵՊՀ-ն և ԵրՊԻ-ն այս ոլորտի համար պատրաստել են հազարավոր ինժեներներ ու գիտական կադրեր, որոնք այսօր էլ կարող են իրենց ներդրումը բերել կիսահաղորդչային ձևափոխիչների (ֆոտոպանելների) նախագծման ու արտադրության գործում: Նախագահին հիշեցնեմ նաև, որ առաջին խոշոր գործարանը, որը կառուցվել է մեր սիրելի Աբովյան քաղաքում (Աբովյանը, Մոսկվայի Զելենոգրադի օրինակով, 1960 թվականից կառուցվել է էլեկտրոնային արդյունաբերությունը զարգացնելու նպատակով) եղել է Աբովյանի կիսահաղորդչային սարքերի գործարանը՝ փ/ա 25 պայմանական անունով՝ հետագայում «Սիրիուս» գործարան, որտեղ աշխատում էին 30 հազար բանվոր, ինժեներ և գիտնական:


Հաջորդ, ավելի ժամանակակից, գործարանը կառուցվել է Աշտարակում, դա Աշտարակի տրանզիստորների գործարանն էր, որն այդպես էլ չաշխատեց ու իր անգլիական բարձրակարգ սարքավորումներով հանդերձ հանձնվեց թալանի: Ամեն տարի Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում ու պետական համալսարանում միայն կիսահաղորդչային թեմաներով ունեցել ենք 2-3 դոկտորական ու տասնյակ թեկնածուական դիսերտացիաների պաշտպանություններ: ԽՍՀՄ-ում «Պոլիտեխնիկի» գիտխորհրդի հեղինակությունն այնքան բարձր էր, որ մեզ մոտ էին գերադասում պաշտպանության գալ Մոսկվայի, Լենինգրադի ու այլ գիտական կենտրոնների մասնագետները: Մեր թեկնածուական խորհրդով, մասնավորապես, անցավ իմ ասպիրանտը՝ Սերգեյ Կորոլյովի տեղակալ Էռնստ Մոլչանովը: Նրա պաշտպանությունը նշանակված էր 1988 թվականի դեկտեմբերի 21-ին, ամեն ինչ պատրաստ էր, բայց Էռնստ Դմիտրիևիչը հրաժարվեց Երևան գալու պլաններից:


-Ձեզ մոտ այդպիսի ողբերգություն է տեղի ունեցել, իսկ ես իմ անձնական հարցե՞րն եմ լուծելու, չեմ կարող գալ:
Նրա որոշումը չփոխվեց նաև պրոֆեսոր Սենիկ Մկրտչյանի բացատրական աշխատանքներից հետո, թե Սպիտակի երկրաշարժը մեծ դժբախտություն էր, շնորհակալ ենք աղետյալ բնակչությանը լենինգրադցիների ցուցաբերած բարոյական ու նյութական օգնության համար, բայց կյանքը շարունակվում է, պետք է հունի մեջ մտնենք ու աշխատենք: Չստացվեց: Մոլչանովի պաշտպանությունը տեղի ունեցավ 1989 թվականի ապրիլին, 2 ամիս անց նա ստացավ տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանը: Մեր գիտխորհրդի ստատուսը այնքան բարձր էր, որ ԽՍՀՄ ԲՈՀ-ը կոչումները շնորհում էր՝ առանց «սև» ընդդիմախոսների եզրակացությունների: Մի խոսքով, խորհրդային տարիներին կիսահաղորդչային տեխնիկայի բնագավառում մենք ունեցել ենք փայլուն գիտնականներ, գիտական շկոլաներ ու բազմաթիվ արտադրություններ: Այսօր պետք է մտածել մեր կիսահաղորդչային ավանդույթների վերականգնման մասին, օգտագործել մեր գիտական ու ինժեներական ներուժը, որը բավարար է ֆոտոպանելների գործը ձեռնարկելու համար՝ մեր և համայն աշխարհի կտրվածքով:


Իսկ ի՞նչ է առաջարկում մեր նախագահը: Մի փողատեր արաբ է գտել ու փորձում է մեր կիսահաղորդչային մայլում քյանդրբազություններ անել։ Ամոթ է, եթե դուք մեզ չեք հարգում, գոնե Ձեզ հարգեք, խոշորամասշտաբ գործեր ձեռնարկելուց առաջ խորհրդակցեք ոչ թե Ավինյանի կամ, առավել ևս, Փաշինյանի հետ, այլ մեր պրոֆեսիոնալ մասնագետների ու գիտնականների հետ: Հայաստանի կիսահաղորդչային էլիտայի ցուցակը կարող եմ ներկայացնել՝ բացի ինձնից. ՀՀ ԳԱ ակադեմիկոս Վլադիմիր Հարությունյան, ՀՀ ԳԱ թղթակից անդամներ, դոկտոր-պրոֆեսորներ Համլետ Կարայան, Արթուր Իշխանյան, դոկտոր-պրոֆեսորներ Վահե Բունիաթյան, Ռուբեն Վարդանյան, Ժոզեֆ Փանոսյան, տեխնիկական գիտությունների թեկնածուներ Սամվել Թադևոսյան, Ստեփան Ստեփանյան, Ռուբեն Գևորգյան և այլք: Այս ցուցակից ես ինձ դուրս եմ հանում, որովհետև անիմաստ եմ համարում աշխատել ՀՀ նախագահի հետ, ՀՀ նախագահի մրցանակի պատմությունը ցույց տվեց, որ նա «ատկատային» տնտեսության ջատագով է, որը մեր երկրի գիտությունն ու տնտեսությունը հեռու չի տանի, մեզ հարիր չէ:


Մինչև արաբի օգնությանը դիմելը (Աստված իմ, այս ուր ենք հասել) երկրի ղեկավարը իր երկրի մասնագետներից կոնսիլիում կհավաքեր, հարցը կքննարկեր, ապա նոր կդիմեր կամ չէր դիմի արաբ գիտնականի, գործարարի կամ միջնորդի օգնությանը: Դա չի արվել: Խնդիրը, հավանաբար, լուծվել է Սարգսյան-Փաշինյան-Ավինյան եռյակի շրջանակներում, որոնք պատկերացում անգամ չունեն կիսահաղորդչային տեխնիկայի ու տեխնոլոգիաների նրբություններից ու սահանքներից, փողեր են խոստացել, իրենք էլ այդ խայծը կուլ են տվել: Գուցե այստեղ բիզնես հետաքրքրություններ կան, գուցե, ոչինչ բացառել չի կարելի: ԱՄԷ-ում այդ թեման քննարկվել է 2019 թվականի հունվարին, երբ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով գտնվում էր այդ երկրում: Իմանալով, որ արևային թեմայով քննարկումները շարունակվելու էին 2019 թվականի մարտին՝ Երևանում, ես նամակով դիմել էի Արմեն Սարգսյանին, որ ապագա քննարկումներին մասնակից դարձներ նաև ինձ և ոլորտի մյուս մասնագետներին, դրանք կան, շատ են, միայն պոլիտեխնիկում ու համալսարանում ունենք կիսահաղորդչային ուղղությամբ մեկական լիարժեք ամբիոն՝ հագեցած տասնյակ երիտասարդ և բազմավաստակ գիտնականներով: «Մազդարի» ներկայացուցչի հետ հանդիպմանը ներկա էին միայն Տիգրան Ավինյանը և Նիկոլ Փաշինյանը, որոնք կիսահաղորդիչների բնագավառում դեռևս չեն հասունացել այնքան, որ կարողանային ինչ-ինչ կարևոր մտքեր արտահայտել, լիարժեք բանակցություններ վարել ու մեր երկրին ձեռք տվող պայմանագրեր կնքել՝ հավատալով միայն արաբ մասնագետի (իմ կարծիքով` միայն գործարարի) խոսքերին ու խոստումներին: Մենք գիտենք, թե ինչպես կամ ինչով են ավարտվում այդպիսի ներդրումները. կողմերը ստանում են իրենց հասանելիքը իսկ տառապյալ հայ ժողովրդին հասնում են՝ հերթական «ՔՌՔ»-ը և միլիարդանոց արտաքին պարտքերը:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 3166

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao