USD485.72
EUR550.71
RUB7.35
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Եվրասիայում կարող է հայտնվել սեփական խորհրդարան

Եվրասիայում կարող է հայտնվել սեփական խորհրդարան
11.10.2018 | 22:20

Այս շաբաթ Անթալիայում Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների երրորդ համաժողովն էր, որին մասնակցում էին 40 պետություններ: Հավարտ ընդունվեց ավանդական ամփոփիչ հայտարարությունը: Իբրև կանոն` նման փաստաթողթերում արձանագրվում են ընդհանուր խնդիրներ` ընդհանուր ձևակերպումներով:


Խոսնակները կողմ էին սիրիական կոնֆլիկտի քաղաքական կարգավորմանը, հյուսիսկորեական միջուկային խնդրի խաղաղ լուծմանը, ընդգծում էին օրենսդրական բարձրագույն մարմինների դերը շրջակա միջավայրի պահպանության հարցերում, նշում էին ինտեգրացիոն կառույցների կարևորությունը եվրասիական տարածքում, պարտավորվում էին օրենսդրական աջակցության համատեղ ջանքեր գործադրել և այլն, և այլն: Այս առումով Անթալիայում ընդունված ամփոփիչ փաստաթուղթը սկզբունքորեն նոր ոչինչ չուներ, եթե համեմատենք անցած տարի Սեուլում կազակերպված երկրորդ համաժողովի նույնանման տեքստի հետ: Անթալիայի հայտարարությունը հետաքրքրություն է ներկայացնում միայն ընդհանուր ցանկում նոր խնդիրների ավելացմամբ, որ Եվրասիայի խորհրդարանականներին որոշակի մտահոգություն են ներշնչում:


Ինտրիգն այլ տեղ էր: Խնդիրը միջխորհրդարանական դիվանագիտության զարգացման հեռանկարների որոշարկումն էր` հերթական «խոսարանից» անցնելով կոնկրետ գործողությունների, փաստացի նոր միջազգային ձևաչափի հնարավորությունները օգտագործելու` իբրև արդյունավետ հարթակ մայրցամաքի օրենսդիրների գործողությունները համակարգելու ու ուղղորդելու համաշխարհային քաղաքականության առանցքային խնդիրների վերաբերյալ: Այս առումով ծագում են մի քանի կարևոր հարցեր: Եթե Եվրասիայի երկրների օրենսդիրները առանձնացնում են ինտեգրացիոն մերձեցման խորհրդարանական վեկտորը, հետագայում ի՞նչ գործնական քայլեր են ձեռնարկելու այդ ուղղությամբ: Որոշարկվա՞ծ է Եվրասիայի խորհրդարանի ինչ-որ մոդել, որ ուղղակի կապված է ոչ միայն տնտեսական ոլորտի ինտեգրացիոն գործընթացների, այլև` քաղաքականության հետ: Արդարացվա՞ծ է ՌԴ Պետդումայի Միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկիի լավատեսությունը, որ միջխորհրդարանական համագործակցության հարթակի փոփոխություն է կանխատեսում: Հարթակ, որի դերն այսօր կատարում է ԵԽԽՎ-ն, որին, սակայն «մոտ ապագայում կարող է փոխարինել եվրասիական ասամբլեան»: Այս ամենը պահանջում է Եվրասիայի ինտեգրման տնտեսական ու քաղաքական նախադրյալների ուսումնասիրություն` միջազգային մերձեցման խորհրդարանական վեկտորի տեսակետից:

Առայժմ փորձագետները միայն ուրվագծում են հետխորհրդային տարածքում նման կառույցների գոյությունը` ԱՊՀ և ԵԱՏՄ ՄԽՎ-ն, ՀԱՊԿ ԽՎ-ն, Բելառուսի ու Ռուսաստանի Դաշնության միության ԽՎ-ն, ՎՈՒԱՄ ԽՎ-ն: Վերլուծաբանները եզրակացնում են, որ առավել տարածական գործառույթներ ունի ԵԱՏՄ ԽՎ-ն, որտեղ համաձայնեցվում է բյուջեն, օրենսդրական հիմքեր են մշակվում, խորհրդարանական լսումներ են լինում, դատարան է ձևավորվում: Բացի դա` այդ կառույցն առավել մոտ է վերազգային ինստիտուտների ձևավորմանը Մաքսային միության և Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի միասնական տնտեսական տարածքի շրջանակներում: Բայց մինչև այդպիսի կառույց` Եվրասիական համաժողովը դեռ շատ հեռու է, որ ակնհայտ դարձավ ՌԴ Պետդումայի նախագահ Վլաչեսլավ Վոլոդինի հայտարարությունից Անթալիայի ամփոփիչ մամլո ասուլիսում: «Կարո՞ղ էր այսպիսի խոսակցություն կայանալ խորհրդարանական այլ հարթակում, որը ենթադրում էր այսքան մասնակիցներ ու այսպիսի թեմաներ: Եթե խոսենք ԵԽԽՎ-ի մասին, հազիվ թե,-գտնում է Վոլոդինը:-Որովհետև այսպիսի բացության ու այսպիսի մոտեցման դեպքում, երբ ամեն մի երկիր կարող էր ինչ-որ տեղ սրել այն թեմաները, որ իր համար գերակա էր համարում խոսակցության մեջ, դա, ավելի շուտ, կավարտվե ձայնի իրավունքի զրկումով և արդյունքում եթե ոչ մեկ երրորդը, մասնակիցների մեկ հինգերորդ մասը այլևս չէին կարող խոսակցությանը մասնակցել: Այսօր հնչեցին ամենատարբեր տեսակետներ, բարձրացվեցին խնդիրներ, որոնք երկար ժամանակ լռութհան էին մատնված, կար վեճ, կար երկխոսություն, ու մենք դա տեսանք»: Վոլոդինն աջակցություն հայտնեց Թուրքիայի գաղափարին` ստեղծել Եվրասիայի երկրների խոսնակների Խորհրդակցության քարտուղարություն: «Խոսնակների խորհրդակցությունը հեռանկարում կարող է դառնալ մշտական գործող, մենք աաջկցում ենք թուրքական կողմի նախաձեռնությանը,-ասաց նա: -Ճիշտ կլիներ, եթե լիներ մշտական քարտուղարություն, որի շրջանակներում քննարկվեին հաջորդ խորհրդակցության հարցերը, ռուսական կողմը պատրաստ է պատվիրակել իր ներկայացուցչին Պետդումայից: Դա անհրաժեշտ է, որ նախապես, մինչև 4-րդ խորհրդակցությունը, որ կանցկացվի 2019-ին, Ղազախստանում, մշակվի օրակարգ և որոշարկվի քննարկման ձևաչափը»: Ընդորում` ընդգծվեց խորհրդականներին առաջարկվող խնդիրների նախնական փորձագիտական քննարկման կարևորությունը, որ «աշխատանքի արդյունքներն ավելի ծանրակշիռ լինեն»: Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների խորհրդակցության ձևաչափով պետք է աշխատանք սկսվի միջխորհրդարանական համագործակցության կառավարման կառուցվածքների ստեղծման համար: Դա տեղի է ունենում, ինչպես ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ է նշվում, «Եվրոպայի Խորհրդի համակարգային ճգնաժամի» համապատկերում, որտեղ 2014-ից ՌԴ ներկայացուցիչները զրկված են մի շարք իրավասություններից` քվեարկության հնարավորությունից, վեհաժողովի մոնիտորինգային գործունեությանը և կանոնադրական մարմինների աշխատանքին մասնակցությունից: Պատահական չէ, որ Անթալիայում Պետդումայի նախագահը իրավիճակը քննարկել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Բինալի Յիլդիրիմի հետ: Այս իրավիճակում միջխորհրդարանական դիվանագիտության ակտիվացումը Եվրասիայում խոստումնալից ու ճիշտ ժամանակին քայլ է: Պատահական չէ, որ այս խորհրդակցության մասնակիցներից էին Եվրոպայի որոշ երկրների ներկայացուցիչներ:

Համաշխարհային աշխարհաքաղաքականության մեջ տեկտոնական մակարդակի փոփոխություններ են լինում, որ դրսևորվում են Եվրասիայի միջխորհրդարանական համագործակցության ձևափոխություններով և նոր քաղաքական իրականության ի հայտ գալով:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Փաստացի` ռուս-թուրքական ջանքերով փորձ է արվում կյանքի կոչել ևս մեկ մեռելածին կառույց` իբրև հակակշիռ արևմտյանին` այդպես ստեղծվեցին ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն` իրենց խորհրդարանական վեհաժողովներով, հիմա էլ եվրասիական խորհրդարանական վեհաժողովը: Արևմուտքից նեղացածությունը այն հիմքը չէ, որի վրա կառույց գոյատևի: Ակնհայտ է, որ եվրասիական խորհրդարանի անհրաժեշտությունը չէր ծագի, եթե այս օրերին Ստրասբուրգում ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում վերականգնվեին ՌԴ պատվիրակության իրավասությունները: Կա պարզ իրողություն` ցանկացած կառույց պետք է նպատակ ունենա` ո՞րն է լինելու եվրասիական խորհրդարանական վեհաժողովի նպատակը և ի՞նչ արժեքներ են լինելու գործունեության հիմքում ու ի՞նչ սկզբունքներ: Այս հարցերին պատասխանելու փոխարեն` Վոլոդինն ու Յիլդիրիմը ուզում են ինքնարտահայտման հարթակ ձևավորել, որից հետո կարող են շրխկացնել ԵԽԽՎ-ի դռները: Իդեպ, եվրոպացիները միայն շնորհակալ կլինեն` համենայն դեպս կազատվեն թուրք-ադրբեջանական խավիարային դիվանագիտության գայթակղությունից ու կաշառակերության անպատվությունից: Բոլոր դեպքերում` եվրասիական խորհրդարանական վեհաժողովի ստեղծումը դեռ անմիտ գաղափար է, որ օգտագործվելու է իբրև քաղաքական զենք` դատարկ փամփուշտներով, և երկար ճանապարհ պիտի անցնի` կենդանության նշաններ ցույց տալու համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1121

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao