USD484.70
EUR553.96
RUB7.38
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Մոսկվայի կարծիքով` կոնֆլիկտն անխուսափելի, երբեմն էլ օգտակար է

Մոսկվայի կարծիքով` կոնֆլիկտն անխուսափելի, երբեմն էլ օգտակար է
16.10.2018 | 10:07

Հետխորհրդային տարածքում Կրեմլի քաղաքականության հետ կապված «սառեցված» կոնֆլիկտները, Ուկրաինայում ու Վրաստանում ուժի կիրառումը Մոսկվայի տնտեսական ու դիվանագիտական իշխանության ձախողումներն են, որ փորձում էր վերականգնել իր ազդեցությունը` գտնում է ԵԽ հետխորհրդային տարածքի հարցերով խորհրդական Նիկու Պոպեսկուն: Նրա հետ զրուցել է Le Monde-ի լրագրող Բենուա Վիտկինը:


«Հետխորհրդային տարածքի սառեցված կոնֆլիկտների առանձնահատկությունն է, որ նրանք ստեղծել են դե ֆակտո պետություններ, այսինքն` կազմավորումներ` փաստացի անկախ այն պետություններից, որոնց պատկանել են, կարողանալով հաստատել շատ ուժեղ կվազիպետական կառույցներ` ոստիկանություն, բանակ, համալսարաններ, այնուամենայնիվ չեն դարձել ճանաչված: Նման օրինակներ աշխարհում շատ չեն: Մերձդնեստրն ունի իր սեփական դրամը: Աբխազիան ու Հարավային Օսեթիան սեփական դրամ չունեն, բայց ունեն սոցիալական ինստիտուտներ ու կառավարություն»` նշում է Պոպեսկուն: «Ռուսաստանը տարբերվում է մյուս մեծ տերություններից` իր տիրապետության տակ ունենալով իր ազդեցությունը տարածելու գործիքների փոքր հավաքածու, բացի ուժի գործադրումից: Եվրամիությունը, հակառակը, տարված է կոնֆլիկտները մեղմելու ու կոնֆլիկտներից խուսափելու գաղափարով»` գտնում է փորձագետը:


«Ռուսաստանը չունի նման միջոցներ ու դիվանագիտական փաստարկներ: Նույնիսկ ռուսամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչի մանդատի ժամանակ (2010-2014) Ռուսաստանը չկարողացավ Ուկրաինան իր ազդեցության գոտի բերել: Ուկրաինայում ու Վրաստանում ռազմական ուժի կիրառումը մյուս գործիքների ձախողման նշան էր` տնտեսական, դիվանագիտական, կամ փափուկ ուժի»` բացատրում է Պոպեսկուն: «Վրաստանում ու Մոլդովայում սառեցված կոնֆլիկտները սկսվել են դեռ մինչև Եվրոպայի հետ մերձեցման հարցը ծագելը: Այդ երկրներում անկախության շարժումները ծայրահեղ հակառուսական էին և դաժանորեն ճնշվեցին Մոսկվայի կողմից»` հիշեցնում է փորձագետը:


«Մենք ականատեսն ենք Ռուսաստանի գործողությունների պարադոքսալ արդյունքների` ԵՄ ու ՆԱՏՕ մտնելու ցանկությունը միայն ուժեղացել է անջատողական կոնֆլիկտների ի հայտ գալով ու դարձել է նրանց հետևանքը: Ձգտելով ուժեղացնել իր ազդեցությունը այդ երկրներում` Ռուսաստանն ի վերջո ավելի է կորցրել իր գրավչությունը: Դա այսօր վերաբերում է և Ուկրաինային»` շարունակում է Պոպեսկուն: «Եվրոպացիներն ու ամերիկացիները հաճախ են բացատրում ռուսներին, որ նրանց սեփական շահերից է բխում պահպանել կայուն ու բարգավաճող հարևաններ: Բայց դա շատ արևմտյան մտածողություն է: Ռուսները չունեն երջանիկ ավարտով պատմության կպչուն գաղափար: Նրանք գտնում են, որ կոնֆլիկներն անխուսափելի են, երբեմն էլ օգտակար: Նրանք ավելի «պատմական» հայացք ունեն: Արևմտյան կայսրությունները փլուզվել են բավականին հավասարաչափ, իսկ ռուսական կայսրությունը գտնվում է մշտական տատանումների մեջ: Տարածքները, հատկապես Արևելքում, կորցրին, հետո նորից հետ բերեցին: Մոսկվայի տեսակետից` տարածքի կամ ազդեցությնա գոտու կորուստը վերջանակամ չէ, հետ ստանալը պարզապես ժամանակի հարց է»` վերլուծում է Պոպեսկուն: «Կոնֆլիկտներ հարուցելով հարևանների հետ` Մոսկվան կարողացել է փակել նրանց ճանապարհը դեպի ՆԱՏՕ, որովհետև պետությունը, որ չունի հստակ սահմաններ, չի կարող դառնալ այդ կազմակերպության անդամ: Սառեցված կոնֆլիկտները բարդացնում են բարեփոխումներն ու կոռուպցիայի դեմ պայքարը, հասարակական ուժեղ ինստիտուտների ձևավորումը, թեպետ իմ կարծիքով, հիմնական պատասխանատվությունը կրում են տեղական էլիտաները»` պնդում է փորձագետը:

«Ռուսաստանի վարած քաղաքականությունը նրա թուլության դրսևորումն է: Նախքան տրոլինգ եզրույթի ի հայտ գալը ես դա անվանում էի «աշխարհաքաղաքական հետամտում»: Դա դուրս է գալիս զինված կոնֆլիկտների հարցի շրջանակներից: Ուկրաինայում, դեռ մինչև Դոնբասի պատերազմը, Կիևի նկատմամբ դժգոհություններ կային, առևտրական շրջափակում գործունեության տարբեր հատվածներում: Դեռ այն ժամանակ հույս ունենալով կոտրել հարևանների դիմադրության ունակությունը` Մոսկվան փաստացի կորցրեց ազդեցությունը: Այդ երկրները դիվերսիֆիկացնում էին իրենց շուկաները: Նախկին խորհրդային 14 երկրներից միայն երկուսի համար է Ռուսաստանը առևտրական գլխավոր գործընկեր` Բելառուսի ու Հայաստանի: Տնտեսական զենքը կորցրել է իր ուժը, մնում է ռազմական լուծումը: Ստեղծվել է արատավոր շրջանակ»:
Le Monde


Հ.Գ. ԵԽ պաշտոնյան չի տվել Լեռնային Ղարաբաղի անունը, թեպետ այդ կոնֆլիկտը հետխորհրդային տարածքի ամենահին ու հայտնի հակամարտություններից մեկն է` համարյա նույն տարիքի անկախ պետությունների հետ, որ ձևավորվեցին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Ինչու՞: Գուցե այն պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Բայց ռուսական քաղաքականությունը տարածաշրջանում հավասարապես վերաբերում է և ԼՂ կոնֆլիկտին: Բազմիցս արձանագրվել է, որ ԼՂ հարցի լուծման դեպքում Մոսկվան կորցնում է ազդեցությունը Հայաստանի ու Ադրբեջանի վրա և նախընտրում է ոչ թե կոնֆլիկտի լուծումը, այլ` կառավարումը: Ստացվում է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1272

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao