USD485.72
EUR550.71
RUB7.35
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Ռուսաստանը ուղղափառ եկեղեցու տրոհման ևս մեկ քայլ արեց

Ռուսաստանը ուղղափառ եկեղեցու տրոհման ևս մեկ քայլ արեց
17.10.2018 | 06:17

Կոնստանդնուպոլսի պատրիարքության հետ կապերը խզելու Ռուս ուղղափառ եկեղեցու որոշումը քայլ է դեպի քրիստոնեության ամենալուրջ մասնատումը երկար դարերի ընթացքում` գրում է Նիլ Մակֆարկուսարը The New York Times-ում: Լիակատար խզում դեռ չկա: Ռուս ուղղափառ եկեղեցին կոչ է արել ուղղափառ 12 անկախ եկեղեցիների հովվապետերի` ճնշում գործադրել Կոնստանդնուպոլսի վրա, ոչ թե նրա հետ կապերը խզել: «Դա նման է ուլտիմատումի, որի նպատակն է առավելագույն ճնշում գործադրել Կոնստանդնուպոլսի վրա»` ասաց Մոսկվայի Կառնեգիի կենտրոնի գիտաշխատող Ալեքսանդր Բաունովը: Նրա խոսքով` դա կարող է կամ արդյունք տալ կամ հակառակ հետևանքն ունենալ` ստիպել Կոնստանդնուպոլսին կյանքի կոչել իր որոշումը` հաստատելու համար իր իշխանությունը: Կոնստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսը առայժմ չի տվել ավտոկեֆալիայի թոմոս` Ուկրաինայի անկախ եկեղեցու ստեղծման պաշտոնական հրամանագիր:


1996-ին Ռուս ուղղափառ եկեղեցին մի քանի ամսով խզեց հարաբերությունները Կոնստանդնուպոլսի հետ Էստոնիայի ուղղափառ եկեղեցու պատճառով, մինչև կոմպրոմիս գտնվեց: Բայց Ուկրաինայում խաղադրույքը շատ ավելի բարձր է հավատացյալների թվի պատճառով, նույնքան մեծ է և բռնության հավանականությունը: Վախ կա, որ բռնության դեպքեր կարող են լինել` սկսած Կիևի կենտրոնի եկեղեցուց մինչև ծխական եկեղեցիներ: Ուկրաինայի եկեղեցու կորուստը կունենա քաղաքական ու պատմական հետևանքներ: Կիևը համարվում է ռուս ուղղափառության ծննդավայր: Ավելին` ցանկացած խզում հանգեցնելու է Մոսկվայի ու Կիևի վերջին կայսերական կապերի վերացմանը ու խաչ է քաշելու նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի վրա` որքան հնաարվոր է մեծ ծավալով վերականգնել կայսրությունը «ռուսական աշխարհի» դրոշի տակ: Ռուսաստանը մեղադրեց ԱՄՆ-ին այդ վճիռը հրահրելու մեջ` թուլացնելու համար Մոսկվային: Բայց շատերը մեղադրում են Պուտինին, որ սկիզբ դրեց խզմանը` 2014-ին ռուս զինվորներին Ուկրաինա ուղարկելով: Ուկրաինացի շատ հավատացյալներ չեն ցանկանում, որ իրենց եկեղեցին ենթարկվի թշնամական Մոսկվային: Մոսկվայի ու Կոնստանդնուպոլսի առճակատման պատճառով ուղղափառ աշխարհը հայտնվել է անհարմար վիճակում և ստիպված է ընտրել հարստության ու իշխանության, որով օժտել է Կրեմլը ռուս եկեղեցուն, ու բազմադարյան եկեղեցական ավանդույթի միջև, որ ներկայացնում է Կոնստանդնուպոլսի, ներկա Ստամբուլի, մայր եկեղեցին:
Նիլ Մակֆարկուար, The New York Times


Հ.Գ. Իսկ Հռոմի պապը լռում է, գուցե դիվանագիտական ալիքներով փորձում է թույլ չտալ սկանդալի զարգացումը քրիստոնեական աշխարհի ուղղափառ հատվածում, թեպետ դա կարող է ուժեղացնել կաթոլիկներին: Այս դեպքում, կարծես, փոխզիջումների տեղ չի մնացել` 12 ուղղափառ անկախ եկեղեցիները պիտի կողմնորոշվեն` կամ կողմ են 15-րդ ավտոկեֆալ եկեղեցու ստեղծմանը, կամ` դեմ: Կամ` Կիևի ու Կոստանդնուպոլսի հետ են, կամ` Մոսկվայի: Երրորդ ճանապարհ չկա, չեզոքություն պահպանելու ձև չի մնացել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1307

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao