USD484.70
EUR553.96
RUB7.38
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Բրեկզիտը` Լոնդոնի ու Բրյուսելի դիտակետից

Բրեկզիտը` Լոնդոնի ու Բրյուսելի դիտակետից
18.10.2018 | 10:06

Times-ը պարզել է, որ բրեկզիտի անցումային շրջանը, որ պիտի սկսվի 2019-ի մարտի 29-ին ու տևի 19 ամիս, կարող է երկարել: Առևտրի հարցերով նախարար Լիամ Ֆոքսը գտնում է, որ անցումային շրջանը կարող է տևել մինչև 2020-ը: Վարչապետին խորհուրդ են տալիս ընտրել բրեկզիտի փակուղուց դուրս գալու այդ տարբերակը: Անցումային շրջանում Մեծ Բրիտանիան կպահպանի կապերը ԵՄ-ի հետ, բայց իր ներկայացուցիչները չի ունենա Եվրահանձնաժողովում ու Եվրախորհրդարանում: Թերեզա Մեյը նոր ծրագիր է որոնում, որ խուսափի առանց պայմանագրի բրեկզիտից: Նրա նախնական ծրագիրը ենթադրում էր, որ Բրիտանիան կմնա ԵՄ-ի հետ Մաքսային միությունում, որը կլուծի և Իռլանդիայի հետ սահմանի հարցը: Բայց Բրյուսելն այդ ծրագիրը մերժեց և հիմա վարչապետը պետք է առաջարկի փոխընդունելի ծրագիր, որտեղ հաշվի կառնվի և իռլանդական սահմանի խնդիրը: Times-ը գրում է, որ հանդիպելով իր նախարարներին` Մեյն ասել է, որ Իռլանդական ծովի հետ սահման ստեղծելն ու պահպանել Հյուսիսային Իռլանդիան ԵՄ Մաքսային միությունում, գլխավոր ու դեռ անլուծելի խնդիր է պայմանագրի մեջ: Լիամ Ֆոքսը հենց այդ բարդ հարցի լուծման համար է պնդում անցումային շրջանը երկարացնել` հույս ունենալով լուծում գտնել, եթե ժամանակը չնեղի:


Daily Telegraph-ը պատմում է, թե ինչ է կատարվում բանակցային գործընթացի մյուս կողմում` Եվրամիությունում: Կարևորվում են Ֆրանսիայի, Գերմանիայի, Իռլանդիայի ու Լեհաստանի դիրքորոշումները` միանգամայն տարբեր պատճառներով: Ֆրանսիան ակնկալում է առավելագույն քաղաքական ու տնտեսական օգուտներ քաղել բրեկզիտից: Էմանուել Մակրոնը բրեկզիտը Ֆրանսիան նորից մեծագույն երկիր դարձնելու շանս է համարում: Ֆրանսիան ԵՄ-ում կարող է Բրիտանիայի տեղը գրավել, որ ֆրանսիական էլիտաների կարծիքով «չափազանց երկար էր կարկանդակը վայելում»: Հույսը, որ ԵՄ կենտրոնացված իշխանությունը կհայտնվի Փարիզում և Փարիզը կդառնա ԵՄ մայրաքաղաքը, Եվրոպայի նոր ֆինանսական ու գործարար կենտրոնը, իսկ ֆրանսերենը` միության պաշտոնական լեզուն, թույլ է տալիս Մակրոնին շիտակ ասել, որ Ֆրանսիան թեթև կտանի առանց պայմանագրի բրեկզիտը: Daily Telegraph-ը նաև գրում է, որ նախագահի վրա ճնշում է գործադրվում և երկրի ներսում, և Բրյուսելից ու նա ստիպված է լինելու մեղմացնել իր դիրքորոշումը, հատկապես այն պատճառով, որ կոշտ բրեկզիտը լուրջ տնտեսական խնդիրներ կառաջացնի Ֆրանսիայի հյուսիսային շրջանների համար:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սպասողական դիրքում է: Որքան մոտենում է անցումային շրջանը, այնքան արագ խաղի մեջ է մտնում բիզնես լոբբին, որ արդեն հայտարարում է` առանց պայմանագրի բրեկզիտը աղետ կլինի ԵՄ-ի համար: Դա թույլ է տալիս բրիտանացի վերլուծաբաններին հույս ունենալ, որ Մերկելը թույլ չի տա «ապակառուցողական բրեկզիտ», բայց առայժմ հասկանալի չէ` կհերիքի՞ նրա թուլացող քաղաքական հեղինակությունը երկրի ներսում:


Իռլանդիայի դիրքորոշումն ամենահետաքրքիրն է: Նոր վարչապետը երիտասարդ է, հնդիկ ներգաղթյալների ընտանիքից ու ներկայացնում է Իռլանդիայի նոր դեմքը: Նա արդեն ցույց է տվել, որ իր համար ԵՄ-ի հետ միասնությունը ավելի կարևոր է Բրիտանիայի հետ հարաբերություններից: Բայց պատմական ու աշխարհագրական պատճառներով նա հայտնվել է բարդագույն իրավիճակում` ինչպես շարունակել չեզոքությունը ԵՄ-ի նկատմամբ ու միաժամանակ պաշտպանել Իռլանդիայի առևտրական շահերը, որ աղետալից վիճակի է բերելու առանց պայմանագրի բրեկզիտը: Իռլանդիայի առևտրական շահերը և ԵՄ միասնական շուկան շահերի ուղղակի հակադության մեջ են հայտնվում: Այդ շահերի ո՞ր կողմը կգերակայի, հայտնի կդառնա վերջին պահին թերևս:
Լեհաստանը կողմնորոշված է դեպի Բրիտանիա` ձգտելով պահպանել քաղաքական ու առևտրական կապերը: Վարշավայի համար Բրիտանիայում ապրող բազմաթիվ լեհերի ազատ տեղաշարժի ու իրավունքների պաշտպանությունը տնտեսական շահից պակաս կարևոր չէ: Լեհերը լավ են հիշում վիզային ռեժիմի ստորացուցիչ պայմանները ու չեն ուզում կրկնությունը:
ВВС


Հ.Գ. Տարբերակը, որ Մեծ Բրիտանիան դուրս կգա Եվրամիությունից առանց Բրյուսելի հետ համաձայնագիր կնքելու, հավանական է՝ ինչպես երբևէ` հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, հաղորդում է Reuters-ը:


Նրա խոսքով՝ «Եվրամիությանն անհրաժեշտ է նախապատրաստել սցենարին, որ համաձայնագիր չի կնքվի»: Տուսկը նշել է, որ իրադարձությունների այդպիսի զարգացումը չպետք է «շեղի երկու կողմերի համար լավագույն տարբերակներ ձեռք բերելու ջանքերից»: Նրա խոսքով՝ ԵՄ-ն առավելագույնն առաջընթացի է ձգտել՝ հոկտեմբերին բրեկզիտի հարցով համաձայնագրում ձեռքբերումների համար, սակայն իրավիճակն «ավելի բարդ է, քան ոմանք կարող էին ենթադրել»: Նա հավելել է, որ և Բրյուսելը, և Լոնդոնը դեռ ցանկանում են շարունակել բանակցությունները: Հոկտեմբերի 17–18-ին ԵՄ գագաթաժողովում 27 երկրները կքննարկեն բրեկզիտի բանակցությունները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 817

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao