Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
15.07.2019 | 00:16

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի Ազգային տոնի՝ կապակցությամբ. «Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանապետության Ազգային տոնի՝ Հուլիսի 14-ի կապակցությամբ:

Հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև դարավոր պատմություն ունեցող բարեկամությունը և մեր պետությունների միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու փոխվստահությունը կայուն հիմք են հանդիսանում հայ-ֆրանսիական փոխգործակցության շարունակական զարգացման և խորացման համար:
Մեզ համար շատ կարևոր էր ապրիլի 24-ի ներառումը ֆրանսիական հանրապետական օրացույցում՝ որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր, ինչի կապակցությամբ ցանկանում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել Ձեզ:


Մենք մեծապես կարևորում ենք Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի, Ռուսաստանի և ԱՄՆ հետ միասին գործադրվող շարունակական ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և մեր տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը:
Բարձր եմ գնահատում հայ-ֆրանսիական սերտ համագործակցությունը միջազգային հարթակներում, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում: Ֆրանսիան մշտապես աջակցել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների առաջմղմանը, և լիահույս ենք, որ այն ապագայում ևս կշարունակվի: Այսօր, երբ Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է հավակնոտ բարեփոխումների գործընթաց, հատկապես արդիական է դառնում Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի իրականացման հարցում Ֆրանսիայի աջակցությունը:


Կրկին շնորհավորելով Ձեզ Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ մեծ հաջողություններ Ձեր բարձր առաքելության մեջ՝ ի նպաստ Ֆրանսիայի բարգավաճման և ֆրանսիացի բարեկամ ժողովրդի հետագա առաջընթացի և բարօրության»:

Դիտվել է՝ 512

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao