«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Երբ մավրը ավարտի գործը

Երբ մավրը ավարտի գործը
19.07.2019 | 01:14

Միայն փաստեր. ԱՄՆ-ում է Աժ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը, ԱՄՆ է մեկնել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը, ԱՄՆ-ում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Վաշինգտոնում «Կրոնի ազատության նախարարական համաժողովին» մասնակցելու համար: ԱՄՆ է մեկնել Դավիթ Շահնազարյանը: Հուլիսի 16-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին։ Հայաստանը առաջին հայացքից սկսել է նպատակային ու թիրախային քաղաքականություն, իրականում՝ ոչ այնքան: Արարատ Միրզոյանը, օրինակ, հուլիսի 15-ին Atlantic Council-ում ելույթ է ունեցել թավշե հեղափոխությունից հետո փոփոխությունների ու հեռանկարների մասին և հայտարարել է. «ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա: Մենք կցանկանանք, որ ԱՄՆ-ը ճնշում չգործադրի Հայաստանի վրա՝ իրանական պատժամիջոցների օրակարգում ներգրավելու համար: Հայաստանը չի կարող նման գին վճարել»: Խիզախ հայտարարություն է, ավելի խիզախ ու տպավորիչ կլիներ, եթե Աժ նախագահը ոչ թե ԱՄՆ-ից ակնկալեր Հայաստանի վրա ճնշում չգործադրել, այլ առաջարկեր ԱՄՆ-ԻԻՀ հարաբերություններում ՀՀ միջնորդական առաքելություն՝ իբրև իրավիճակի լիցքաթափման շահագրգիռ կողմ՝ հանուն տարածաշրջանում խաղաղության ու կայունության:
Փոխվարչապետը փորձելու է փող բերել Սևանի համար՝ համոզելով, որ խնդիրը ոչ թե կեղտաջրերի արտանետումն է, ափամերձ տարածքները չմաքրելը, ձկան և խեցգետնի անխնա որսը, Սևանում արհեստական կերով պահվող ձկան պատճառով ջրի մեջ ֆոսֆորի և ազոտի ավելացումը, այլ բնապահպանական գլոբալ աղետի՝ կլիմայի փոփոխության հետևանք է:


Տիգրան Ավինյանը Նյու Յորքում հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունը բանակցում է ՌԴ-ի հետ նոր ԱԷԿ-ի կառուցմանը Մոսկվայի հնարավոր մասնակցության համար: Փաստորեն՝ ԱՄՆ հասնել էր պետք՝ հայտարարելու, որ Հայաստանը չի հրաժարվել ատոմային էներգետիկայից և քննարկում է նոր ԱԷԿ կառուցելու հարցը: Ավինյանը հասկացե՞լ է, որ հայտարարության երկրորդ մասով զրոյացրել է առաջին մասի կարևորությունը բոլոր երկրների համար: Այո, կա համաձայնագիր «Ռոսատոմի» հետ, որ ՌԴ-ն ստանում է նոր ատոմակայանի կառուցման իրավունքը, բայց անցել է 10 տարի, և Մոսկվան ոչինչ չի արել, առավել ևս, որ ուներ 20 տոկոսը ֆինանսավորելու մտադրություն՝ 5 միլիարդ դոլար գնի պարագայում: Հայաստանը Թուրքիա չէ, որ Մոսկվան «Ակկույու» կառուցի՝ սեփական վարկով: Եթե հեղափոխությունից ու լեգիտիմ իշխանություն ձևավորելուց հետո էլ Հայաստանի ինքնիշխանությունը չի հերիքում էներգետիկայի դիվերսիֆիկացմանը, արժի՞ այդ փաստը հրապարակելու համար հասնել Նյու Յորք: Հիմնվելով հրապարակային տեղեկությունների վրա՝ Հայաստանի պաշտոնյաները խմբով ԱՄՆ-ում են՝ փող բերելու: Որքանո՞վ կհաջողվի, որքանով՝ ոչ, հարցի մի կողմն է: Կա ավելի կարևորը՝ ե՞րբ է Հայաստանն անցնելու իրական քաղաքականության, որի հիմքում ոչ թե «փող տվեք՝ ապրենքն» է, այլ փոխհարաբերվելը: Տալը և ստանալը: Քանի դեռ Հայաստանը ներկայանում է միայն ժողովրդավար դառնալու դիմաց փող ստացողի իմիջով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի միայն ԱՄՆ… ապագա նախագահի հետ, ասենք, Մայքլ Միխանի, բայց ոչ գործող նախագահի: ԱՄՆ-ը պրագմատիկ գերտերություն է: Ոչինչ հենց այնպես չի տալիս: Ինչպես մյուսները:


Մի քիչ էլ փաստեր: Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությունը տարածեց «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը: Բովանդակային քննարկում չի ստացվում: Նրանք, որ Սահմանադրական դատարանը և դատական համակարգը ուզում են պահպանել անխաթար, արտահայտում են իրենց հրճվանքը, նրանք, որ համակարգի փոփոխությունների խնդիր են դնում, լռում են կամ բարձրաձայնում են «դավադրությունը» պարզելու անհրաժեշտությունը: Դավադրությունը ներքին խորհրդապահական փաստաթղթի հայտնվելն է մամուլում: ԱՆ-ից բացի հարցը հետաքրքրեց Վլադիմիր Կարապետյանին. վարչապետի մամուլի քարտուղարը հայտարարեց. «Մենք կփորձենք Վենետիկի հանձնաժողովում մեր ներկայացուցիչների միջոցով պարզել այդ հանգամանքը և անել համապատասխան հետևություններ»:

Ի՞նչ է ասել Վենետիկը: Այն, որ Եվրոպայի պատվիրակների հետ քննարկումներում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը օգտակար չէ և համաձայնել են վեթինգի փոխարեն ուժեղացնել կարգապահական ընթացակարգերը՝ կապակցելով եկամուտների և գույքի հայտարարագրման համակարգին։ Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չի համարվել ՍԴ «դատավոր»-«անդամ» բառախաղը։ ՍԴ դատական կազմի հետագա պաշտոնավարումը նախատեսող դրույթը (ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդված) Վենետիկի հանձնաժողովում համարվել է «հստակ» և «աներկբա»։ Նրանց մտահոգել է, որ Վահե Գրիգորյանի պնդումները խորհրդարանը ողջունել է։ Վենետիկի հանձնաժողովում տեսնում են ՍԴ գործող դատավորների մանդատի նկատմամբ միջամտության վտանգ։


Իրականում Վենետիկի հանձնաժողովը ոչ հների, ոչ նորերի կողմից է, եվրոպացիներն ասել են այն, ինչ կարդացել ու եզրակացրել են ՀՀ Սահմանադրությունից ու Հայաստանում ստեղծված իրավիճակից: Նրանց չի հետաքրքրում՝ ինչու՞ է գրվել այդպիսի Սահմանադրություն՝ անցումային դրույթներով, ինչպե՞ս է Սահմանադրությունը ընդունվել: Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը կարող է վերջ դնել քաոսին, երբ իրավական միտքը ճկռել էր ու չէր կողմնորոշվում՝ ՍԴ-ն հիմա անդամնե՞ր ունի, թե՞ դատավորներ: Փաստացի՝ առաջարկվում է օրենսդրական ճանապարհ՝ առանց դատարաններ շրջափակելու ու հեղափոխական որոշումների, որ գնահատվում են քաղաքական ճնշում դատական համակարգի վրա: Սա ոչ սենսացիա է, ոչ սկանդալ: Սովորական եվրոպական վերաբերմունք է իրականությանը: Օրենսդրական ճանապարհով դատական համակարգում փոփոխություններ հնարավոր են, ՍԴ-ում՝ ոչ: Արդարադատության նախարարությունը ևս արձագանքեց՝ առ այն, որ «հաստատակամ է իր մոտեցման մեջ, ըստ որի՝ դատական համակարգի բարեփոխման առանցքում լինելու են դատավորի գույքի, եկամուտների, ծախսերի, շահերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործումն ու բարեփոխումը, դատավորների բարեվարքության ու գույքային դրության գնահատման օբյեկտիվ մեխանիզմների արդյունավետ ներդրումն ու կիրառումը» և «այս առումով որևէ խզում նախկինում արված հայտարարությունների և Վենետիկի հանձնաժողովի զեկույցի միջև չկա»:


ՈՒ՞ր մնացին դատավորների քաղաքական կապերը, որոնց մասին խոսում էր Նիկոլ Փաշինյանը: Բոլոր այն քայլերը, որ նախապատրաստում է «Իմ քայլը», հանգեցնելու են դատական համակարգի ոչ թե անկախության, այլ կախյալության: Գուցե վեթինգի պոպուլիզմն ավարտվի, բայց մնում է դատական իշխանության ՔՊ-ին ենթարկելու վտանգը: Խոսե՞լ է այդ մասին Ռուստամ Բադասյանը հուլիսի 1-2-ին Ստրասբուրգում հանդիպումների ժամանակ՝ ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի, ԵԽ իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսի, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի և ԵԽ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Արդարադատության նախարարությունը վկայում է. «Հանդիպումների ընթացքում նախարարը գործընկերներին ներկայացրել է նաև դատաիրավական ոլորտում կառավարության մոտեցումները, կարճաժամկետ և երկրաժամկետ առաջնահերթությունները, լուծման հնարավոր ուղիները, որոնք արժանացել են հավանությանը բոլոր գործընկերների: Ավելին, գործընկերներին ներկայացվել է, որ արդարադատության նախարարությունը չի սահմանակվելու միայն կարճաժամկետ փոփոխություններով. ներկայումս մշակման փուլում են գտնվում առավել համապարփակ և երկարաժամկետ բարեփոխումներին միտված և տրամաբանական կապի մեջ գտնվող 2 կարևոր ռազմավարական փաստաթղթեր՝ միտված դատաիրավական համակարգի բարեփոխմանն ու կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ պայքարին»: Այսինքն՝ ոչինչ չի ասում ու չի կարող ասել: Փաստացի՝ Վենետիկի հանձնաժողովն առաջարկում է գնալ այն ճանապարհով, որը միակ հնարավորն էր համարում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: ՈՒ ի՞նչ է անելու հիմա Ռուստամ Բադասյանը: Արդարադատության նախարարը կարծում է, որ սահմանադրական ճգնաժամ կա այն պահից, երբ սահմանադրական փոփոխություններն իրականացվել են ու չեն ծառայել հանրային շահին: Նրա կարծիքով՝ ՍԴ-ի շուրջ չի կարող ճգնաժամ «ստեղծվել», իրավական, դատական ճգնաժամ, ճգնաժամի ստեղծումն այդ իմաստով ենթադրում է «չճգնաժամի» առկայություն: Մինչդեռ, Հայաստանում անաղմուկ իրավիճակը շատերը թյուրիմացաբար ընկալում են իբրեւ «չճգնաժամային» իրավիճակ: Հայաստանում սահմանադրական, իրավական, դատական ճգնաժամ կա քառորդ դար՝ ստեղծվել են կառույցներ, որոնք եղել են ավելի շուտ ցուցանակ, ոչ թե ինստիտուտ: Նա էվոլյուցիոն զարգացումը համարում է գործնականում անհեռանկար. արատավոր համակարգը միշտ լինելու էր ռեֆորմիստական առանձին փորձերից ագրեսիվ, առնվազն տգիտության և մարտնչող միջակության բնույթից ելնելով: Եվ համարյա ոչ ոք չի ուզում հիշել, որ վեթինգի միջազգային փորձը ավելի շատ հետևանքներ, քան արդյունքներ է վկայում ու դատական համակարգում հարուցում է ճգնաժամ, ոչ թե հաղթահարում է ճգնաժամը: Որ Վենետիկի հանձնաժողովը չէր կարող հիացած լինել Հայաստանում դատարանների շենքերի արգելափակումից՝ գնահատելով ճնշում դատարանների վրա։ Որ վեթինգի վերաբերյալ միասնական տեսակետ չկա անգամ ՔՊ-ում, ուր մնաց ԱԺ-ում: Որ դատավորների ընդհանուր ժողովում ընտրված ԲԴԽ-ի նոր անդամներից հետո կասկածելի է դառնում ԲԴԽ-ին, թեկուզ մասամբ, վստահելը: Եվ էլի «որ»-եր, որ չարժի բարձրաձայնել: Բացի մեկից՝ հուլիսի 17-ին «Ազատությանը» հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը բոլոր հարցերի պատասխանները տվեց՝ շիտակ, դիպուկ ու հստակ, մնաց մի հարց՝ էս ամեն ինչի տակից ո՞նց ենք դուրս գալու: 2019-ի Հայաստանը դատական համակարգ պիտի ունենա ու ՍԴ, որ գործում է Սահմանադրության համաձայն ու «սեփականաշնորհված բուդկա»չէ, բայց ի՞նչ ճանապարհով ու ե՞րբ: Այսինքն, ինչպես Նիցշեն, մենք գիտենք, որ անգամ ամենավատ փոփոխությունը ոչինչ չանելուց լավ է: Գիտենք՝ որն է մեր նպատակը ու չգիտենք նպատակն ինչպես իրականություն դարձնել, որովհետև հանդիպել ենք համակարգային դիմադրության, իսկ նոր համակարգ չունենք, ու…


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Իսկ այս ընթացքում Սամվել Բաբայանն ավարտել է ստորագրահավաքը՝ Արցախի Սահմանադրությունը փոխելու համար, որ կարողանա մասնակցել 2020-ի նախագահական ընտրություններին: Նույնիսկ պատրաստվում է փողոցային պայքար սկսել ու ձևավորում է շտաբներ՝ շռայլելով փողեր, որ իրենը չեն: Ավելի ու ավելի բարձր են հնչում ձայները, որ նա հեռակառավարվող ական է: Բացի այն, որ Սահմանադրության փոփոխությունը իրավական խառնիճաղանջ է ստեղծում՝ մարդը չի կարող միայն ընտրվող լինել, նա պիտի ընտրող էլ լինի, այսինքն՝ ՀՀ ընտրողները կարող են ԼՂՀ իշխանություն ընտրել, Սամվել Բաբայանն ունի Ղարաբաղից Հայաստանին հարվածելու խնդիրը՝ Ղարաբաղի ապակայունացումը Հայաստանի ապակայունացումն է: ՈՒ՞մ է դա պետք, երկար որոնելու կարիք չկա: Խաղը փոխել է ուղղությունը, բայց ոչ՝ նպատակը: Եվ ստացել է իսկապես դավադրության ու դավաճանության տեսք, բայց ժողովրդավարության կերպարի մեջ՝ ստորագրահավաքով ու ձևական իրավական ճանապարհով, դեպի քաոս: Անկայուն իրավիճակ ստեղծելով Արցախում՝ Սամվել Բաբայանի նպատակը Լավրովի պլանի համար հիմքեր ստեղծելն է և ռուսական ռազմաբազայի տեղակայումը՝ ռուս խաղաղապահների հետքերով: Սամվել Բաբայանն իբրև Արցախի նախագահ պետք չէ նույնիսկ պատվիրատուին. երբ մավրը ավարտի գործը, Մոսկվան նրան դուրս կգրի: Առավելագույնը՝ անձնագիր կտա ու ապաստան: Մյուսների նման: Եվ կշարունակի բազմակի օգտագործել, եթե իրեն պետք լինի՝ հեռու Հայաստանի ու Արցախի իշխանությունների հասանելիությունից:

Դիտվել է՝ 985

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao