Արմեն Սարգսյանի սյունակը «The World» հանդեսում

Արմեն Սարգսյանի սյունակը «The World» հանդեսում
04.11.2019 | 20:54

«The World» հանդեսում հրապարակվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի սյունակը՝ իր անցած ճանապարհի ու կյանքի տարբեր փուլերի և ապագա աշխարհի զարգացման միտումների մասին.

«Երբ ծնվում ենք, գիտե՞նք, թե ինչ ճակատագիր է մեզ սպասում: Հատկապես հիմա՝ արհեստական բանականության արագ տեխնածին դարում: Բայց կա ինչ-որ բան, որն ի սկզբանե դրված է մեր մեջ: Հենց դա է որոշում մարդկային ճակատագիրը: Իմ մեջ այդպիսի «անձայն կարգավորիչ» դարձավ հետաքրքրությունն աշխարհի բազմազանության նկատմամբ:

Հայրս ճարտարապետ էր, բայց վաղ հեռացավ կյանքից՝ չհասցնելով ինձ փոխանցել սերն այդ մասնագիտության հանդեպ: Մայրս երազում էր, որ ես դաշնակահար դառնամ:
Երաժշտությունը և մաթեմատիկան մանկությունից ինձ հետ էին. թե մեկը, թե մյուսը ընդմիշտ ինձ հետ են մնացել: Այստեղից էլ՝ գիտության հանդեպ իմ սերը և մարդկանց, երկրների միջև ներդաշնակ հարաբերություններ հաստատելու ցանկությունը: Անվերապահ ներդաշնակությունը բնորոշ է երկու՝ երաժշտության և մաթեմատիկայի աշխարհներին: Հատկապես, երկրորդին. այդ աշխարհում ինձ միշտ «յուրային» եմ զգացել՝ թե դպրոցում, և թե համալսարանում: Հպարտ եմ, որ և համալսարանում, և ասպիրանտուրայում եղել եմ լենինյան կրթաթոշակառու: Վաղ հասակից սկսել եմ զբաղվել ֆիզիկայով:


ԽՍՀՄ-ում կային բացառիկ գիտական դպրոցներ: Խորհրդային Միության ժամանակ գործում էր հիանալի դասական կրթական համակարգ: Որպես ֆիզիկոս-տեսաբան՝ ես պետք է հնարավորինս շատ բան իմանայի գիտության մասին, ճիշտ այնպես, ինչպես դաշնակահարը պետք է անգիր իմանար Բեթհովենի, Մոցարտի, Շոպենի բոլոր սոնատները: Երբ աշխատելու գնացի Քեմբրիջ, բացահայտեցի, որ, ի տարբերություն մեզ, այնտեղ գիտնականին բավարար էր տիրապետել նեղ մասնագիտական գիտելիքների: Այդպես էր նաև Հարվարդում և Բերկլիում: Ես կարող էի դասավանդել հինգ-վեց տարբեր սեմինարներում, քանի որ կրթությունս դա թույլ էր տալիս:


Խորհրդային Միության տեսական ֆիզիկայի դպրոցն ուժեղագույնն էր:
Արդեն տարիներ անց, մի մեծ ընդունելության ժամանակ, որին ներկա էին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, խոսում էինք կրթության մասին: Երբ հարցրին իմ կարծիքը, պատասխանեցի, որ դպրոցը պետք է յուրաքանչյուր մարդու մեջ տաղանդ բացահայտի: Կրթության խորհրդային համակարգի հիմքում մարզիկ, երաժիշտ, մաթեմատիկոս բացահայտելու կարողությունն էր, որը ներկայում շատ երկրներում այլևս չկա, կորսված է:


1991-ից հետո սկսվեց նոր դարաշրջան. Խորհրդային Միությունը, որի անսասանության մեջ համոզված էի մանկուց, փլուզվեց: Հայաստանը դարձավ անկախ, և սկսվեց իմ երկրորդ կյանքը: Անգլիայում համալսարանական պրոֆեսոր էի, երբ այդ երկրում դեսպանություն բացելու առաջարկ ստացա Հայաստանի նախագահից: Մի քանի ամիս անց՝ սփյուռքի օգնությամբ մենք բացեցինք մեր առաջին դեսպանատունը Արևմուտքում: Ապա՝ Փարիզում, իսկ հետո նշանակվեցի Եվրոպայում ավագ դեսպան: Լոնդոնը, Եվրոպական միությունը, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, ՆԱՏՕ-ն, Վատիկանն իմ դիվանագիտական ծառայության վայրերն էին: Այդ երկրորդ կյանքը պայծառ և հետաքրքիր էր, բայց, ցավոք, հնարավորություն չէր տալիս համատեղել դիվանագիտությունը և գիտությունը: 1996-ին ես դարձա Հայաստանի վարչապետ, և բացվեց իմ կյանքի հաջորդ էջը: Սակայն 1997-ին շատ լուրջ հիվանդության պատճառով ստիպված եղա հրաժարական տալ: Այսպես սկսվեց իմ կյանքի պատմության երրորդ՝ ամենադժվար գլուխը՝ երկու տարվա պայքար, որպեսզի այն չդառնար վերջինը:


Ճշմարտությունն այն է, որ մենք, երբեմն, մինչև վերջ չենք հասկանում, թե որքան ուժեղ ենք: Իր ներքին ուժի գիտակցումով մարդն ավելի ազատ է դառնում:
Երրորդ կյանքս շատ հնարավորություններ ընձեռեց և կյանքի համի նոր զգացողություն տվեց:
Կյանքիս չորրորդ հատվածում ես կրկին զբաղվում էի գիտությամբ, զարգացնում բիզնեսը: Շարունակում էի աշխատել որպես դիվանագետ: Հաջողությամբ կարողանում էի համատեղել ինձ դուր եկող շատ բաներ:


2018-ի երդմնակալությունից հետո սկսվեց հինգերորդ կյանքը: Իհարկե, նախագահի պաշտոնը կյանքդ սեփական ըմբռնումներով և ցանկություններով տնօրինելու որոշ ազատություն է խլում, սակայն, փոխարենը, տալիս է հնարավորություն` նվիրվելու երկրիդ, որն ինձ համար մշտապես եղել է իմ գլխավոր և սիրելի Տունը:
Հայաստանը յուրահատուկ է: Այստեղ մինչ օրս զգացվում են հնագույն քաղաքակրթությունների հետքերը, միևնույն ժամանակ, այն ներդաշնակորեն համահունչ է գլոբալիզացիայի և ցնցող փոփոխությունների աշխարհին, և այստեղ հակասություն չկա: Վերապրելու հազարամյա փորձը թափառում է նրա արյան մեջ, իսկ մշակույթների ներդաշնակ համաձուլվածքը, հոգևոր հարստության ոսկին սնում են երկրի հոգին: Լսել եմ՝ շատ քաղաքական գործիչներ սկսել են խոսել այն մասին, որ 21-րդ դարը կարող է դառնալ Հայաստանի դարը: Եվ այստեղ զարմանալու ոչինչ չկա: Հզոր ազգը, որն ինչ-որ մի ժամանակ հայտնվել էր ոչնչացման եզրին, կարողացել է ոչ միայն ողջ մնալ, այլև ոտքի կանգնել և կառուցել սեփական երկիրը: Հետևում է մնացել սեփական «ես»-ի համար հազարամյակների պայքարն այս բազմադեմ և բազմալեզու աշխարհում: Գուցե և հենց այն պատճառով ենք ողջ մնացել, որ մշտապես փնտրել ենք ավելին, քան նյութական կյանքն է: Ոգին եղել է ամենից բարձր, իսկ այն դուրս է ժամանակից և տարածությունից: Այդ իսկ պատճառով Հայաստանը հնագույն և, միևնույն ժամանակ, երիտասարդ ու ժամանակակից երկիր է:


Մենք ապրում ենք բարդ, սակայն չափազանց հետաքրքիր ժամանակահատվածում: 21-րդ դարը մի ժամանակաշրջան է, երբ շատ բան արագորեն փոփոխվելու է: Առայժմ ամեն ինչ անորոշության դաշտում է՝ քաղաքականությունը, աշխարհաքաղաքականությունը, նոր տեխնոլոգիաները, որտեղ ամենակարևոր ուղղություններից մեկը արհեստական բանականության ստեղծումն ու զարգացումն է: Այն ծրագրային արտադրանք է, որը կարողանում է գտնել սեփական սխալները, սովորել դրանց վրա և հետագայում կատարելագործվել: Այն չի համարվում մարդու պատճենը վիրտուալ տարածության մեջ, պետք չէ դրանից վախենալ: Կարծում եմ՝ ապագայում արհեստական բանականությունը կօգնի լրջորեն ամրապնդել մեր սեփական ներուժը, հասկանալ ինքներս մեզ:


Մարդիկ փոխվում են ավելի արագ, քան մարդկության պատմության որևէ այլ ժամանակահատվածում: Դա հատկապես տեսանելի է ամենապատանիների դեպքում, ովքեր ներկայում ծնվում են բոլորովին այլ տարածությունում, նրանք, ասես, այլ մոլորակից են: Ես դա տեսնում եմ երեք թոռներիս օրինակով: Մեր առաջին խաղալիքները «չխկչխկաններն» էին, իսկ նրանց ձեռքում հայտնված առաջին սարքերից էին IPhone-ը կամ Ipad-ը: Եվ նրանք սկսում են դա օգտագործել մեկ կամ մեկուկես տարեկանից: Փոքրիկները սովորում են հաղորդակցվել՝ դեռևս տառեր, բառերը կամ քերականություն չիմանալով: Մարդը վերադառնում է դեպի ակունքներ՝ հետ, դեպի հազարամյակներ, նախագրային ժամանակներ, որովհետև application-ները հիերոգլիֆներն են: Եվ ստացվում է, որ երեխաների համար շատ հեշտ է շփվել հիերոգլիֆների միջոցով, նրանք իրենց խաղերն են գտնում Ipad -ում: Հետո, երբ նրանց գիրք ես տալիս, փորձում են այն թերթել մատով հպվելու միջոցով՝ ասես, գիրքն էլ Ipad է, ու զայրանում են, երբ դա նրանց չի հաջողվում: Մեծանում է մի սերունդ, որի համար գիրքը չաշխատող գաջեթ է: Մենք ավելի ուշ կհասկանանք՝ լա՞վ է դա, թե՞ վատ: Նրանք լողում են տեղեկատվական հոսքերի մեջ: Նրանք, գուցե և բարեբախտաբար, չեն հասկանա, թե ինչ է տեղեկատվական քաղցը, որի միջով անցել է մեր սերունդը: Համոզված եմ, որ ժամանակի ընթացքում և արհեստական բանականության զարգացման հետ մարդը կդառնա գերանհատականություն: Ուրախացնում է նաև նոր միտումը՝ կատարելագործվել ոչ միայն ինտելեկտուալ առումով, այլև՝ ֆիզիկապես: Ավելի ու ավելի շատ երիտասարդներ են տարվում առողջ ապրելակերպով, այն դառնում է նորմ. մեր ժամանակ սա չտեսնված բան էր: Մարդիկ ծխում էին, խմում, մտածում էին, որ, եթե մարդ զբաղվում է սպորտով, ապա մտավոր թերզարգացվածություն ունի: Իսկ հիմա հակառակն է, բոլոր խելացի երիտասարդները, որոնք ավարտում են հեղինակավոր համալսարաններ, զբաղվում են սպորտով, որպեսզի բոլոր առումներով դառնան ավելի լավը:


Ապագան սրընթաց մոտենում է, սակայն, ինչ հաջողություններ էլ գրանցեն տեխնոլոգիաները, հազիվ թե պետք է սպասել «մեքենայից Աստծո» հայտնվելուն: Քանի որ, նույնիսկ ամենակատարյալ համակարգը, մեզ չի հուշի անթերի, անբասիր, վերջին ատյանի տեսքով ճշմարտությունը: Այդ դեպքում ի՞նչ անենք մենք՝ մարդիկ, որ ցանկանում ենք իմանալ աշխարհի, մեր ապրած վայրի, մեր մասին հավերժական հարցերի պատասխանները: Կարծում եմ՝ պարզապես, սիրենք սեփական երկիրը, Տունը, որտեղ մեր արմատներն են, գործը, որով զբաղվում ենք։ Այն ամենը, ինչ չի փոխվի, անգամ, ժամանակի ընթացքում»:

Դիտվել է՝ 254

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao