Yerevan Perspectives International Music Festival
 

Վերջ, հասել ենք

Վերջ, հասել ենք
21.05.2019 | 03:58

Հայաստանն ապրում է համընդհանուր մոլագարության մի շրջան, որը ստեղծել ու խորացնում է այն անձը, ով ի պաշտոնե պետք է հասարակությանը հանդարտության, հանգստության, օրինականության և փորձություններից զերծ պահելու օրինակ ծառայի։ Այն, ինչ երեկ արեց Նիկոլ Փաշինյանը, մեկ կամ չորս տարի հետո հաստատապես իրավական գնահատականի կարժանանա։ Ինչպես կարող ես մեկին դատել սահմանադրական կարգը տապալելու համար, երբ դու ես սահմանադրական կարգը բռնաբարում։ Իրավաբանները շատ ավելի հանգամանորեն նշել են, թե նրա կոչերով ու գործողություններով սահմանադրության ինչ հոդվածներ են խախտվել։


Տպավորություն կար, թե Փաշինյանին բացարձակապես չէին անհանգստացնում դատաիրավական ոլորտի խնդիրներն այնքան ժամանակ, մինչև Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակեցին, այլապես ոչ թե «երկրորդ» հեղափոխությունը տնտեսականը կլիներ (որի ոչ սկիզբը տեսանք, ոչ վերջը), այլ դատականը։ Հիմա այս ակցիան Ռոբերտ Քոչարյանի դե՞մ է, թե՞ նպատակ ունի դատաիրավական համակարգը փոխելու։ Փաշինյանի ելույթի ընդամենը մի դրվագի անդրադառնանք, երբ դատավորներին որպես «մեղադրանք» է ներկայացվում այն, որ նրանք «նոր» Հայաստանի չափանիշներին չեն համապատասխանում։ «Հույս ունեի, որ բազմաթիվ դատավորներ, հասկանալով, որ իրենց նախորդ դատական գործունեությունը և արժեքային համակարգն անհամապատասխան է Նոր Հայաստանի ձգտումներին և նրանց իրավունք չի տալիս վճիռներ կայացնել հանուն Հայաստանի Հանրապետության, կհրաժարվեն դատավորի կարգավիճակից»։ Այսինքն, երկրի վարչապետի համար կարևոր է, որ դատավորը ոչ թե օրենքի ու Սահմանադրության, այլ «նոր» Հայաստանի ձգտումների համապատասխան գործի, իսկ այս Հայաստանի կանոնների կնքահայրը միմիայն ինքն է, իմա՝ բոլորը պետք է իրեն ենթարկվեն. ի՜նչ օրենք, ի՜նչ Սահմանադրություն...


Անդրադառնանք մեկ այլ էական հարցի։ Տարօրինակ էր, որ այս կամ այն դատարանի առջև հավաքվել էին «Իմ քայլը» խմբակցության անդամները։ Սա ի՞նչ է, հիմա էլ օրենսդիր մարմնի անդամնե՞րն են իշխանության մյուս ճյուղի վրա ճնշում գործադրում։ Մեկն ասում է՝ եկել եմ քաղաքացիների հետ հանդիպման, մյուսը, թե` բախումներն եմ կանխում, երրորդն էլ երևի «վուվուզելներ» փչելու համար էր այնտեղ։ Այս իշխանության ամենամեծ խնդիրը հենց այն է, որ նրանք մինչև հիմա չեն հասկացել իրենց կարգավիճակը, չգիտեն, որ փողոցից անմիջապես իշխանության փափուկ աթոռին նստելը միմիայն հաճույք ու արտոնություն չէ, նաև որոշակի պատասխանատվություն և իր լիազորությունների շրջանակն իմանալու կարողություն է։ Բայց փողոցի տրամադրությունը շարունակում է հետապնդել նրանց։ Անշուշտ, սա ինքնագործունեություն չէ, Նիկոլ Փաշինյանը հրահանգել է, որ պատգամավորներն էլ փակեն դատարանների մուտքը։ Անգամ այս պարագայում պետք է նրանց գոնե զգուշացնեին, թե ինչ պետք է ասել, որ հետո «տակից» դուրս գան։ «Այսօրվա բողոքի ակցիաներն ուղղված են ոչ թե դատարանի դեմ, այլ արձագանք են այն հնարավոր միջամտություններին և միջամտողներին, ովքեր սխալմամբ պատկերացնում են, որ դատարանը կարող է խամաճիկ դառնալ որևէ մեկի ձեռքին»,- երեկ ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Հետո էլ ասում են, թե այս ամենը Քոչարյանի հետ կապ չունի։ Հարց է առաջանում՝ հիմա դատաիրավական համակա՞րգն եք բարեփոխում, թե՞ միջամտությունները և միջամտողներին ենք չեզոքացնում։ Կամ սա ասում է օրենքներ մշակող կառույցի քաղաքական մեծամասնությունը ներկայացնող ուժի ղեկավարը, որը երկրում կարող է հազար ու մի ոլորտ վերից վար փոխել օրենքներ գրելով ու մշակելով, ոչ թե դատարանի մուտքերը փակելով։


Ստեղծված իրավիճակն առավել դիպուկ է ներկայացրել Փաշինյանի նախընտրած միջազգային կառույցներից մեկի ներկայացուցիչը։ «Հետհեղափոխական Հայաստանի վտանգը միշտ եղել է այն, որ Փաշինյանը, չունենալով կարողություն տրանսֆորմացնելու երկիրն արագորեն կամ կայուն կերպով, հետ է շրջվելու դեպի պոպուլիզմ, ինչը իրեն իշխանության էր բերել։ Վերջ, հասել ենք»,- իր միկրոբլոգում գրել է «Ֆրիդըմ հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հատուկ հետազոտությունների տնօրեն Նեյթ Շենկանը։ Սա էլ հո հակահեղափոխականները չեն, որ Փաշինյանին «պոպուլիստ» են համարում։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 645

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao