Թուրքիան դատապարտում է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը

Թուրքիան դատապարտում է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը
30.10.2019 | 11:50

Անկարան դատապարտել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ու պնդել, թե ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունված որոշումը «ոչ մի նշանակություն չունի Թուրքիայի ժողովրդի և կառավարության համար»: Քվեարկությունից րոպեներ անց Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն գրառում է արել Թվիթերի իր էջում` տեղի ունեցածը կապելով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած ռազմական գործողությունների հետ: «Նրանք, որոնց ծրագրերը ձախողվել էին, դիմում են հնաոճ բանաձևերի օգնությանը, - գրել է Թուրքիայի ԱԳ նախարարը: - Այն շրջանակները, որ հավատում ենք, թե այս կերպ կարող են վրեժ լուծել, սխալվում են: Պատմությունը քաղաքական նպատակներով օգտագործելու այս ամոթալի որոշումը առոչինչ է մեր կառավարության և ժողովրդի համար»:


Թուրքիայի ԱԳ նախարարությունը ևս հայտարարություն է տարածել՝ նշելով, որ մերժում է «ներքաղաքական նպատակներով ընդունված՝ պատմական ու իրավական հիմք չունեցող այս որոշումը»: Անկարան վստահեցնում է, որ այս բանաձևը իրավական ուժ չունի և միտված է գոհացնելու ԱՄՆ հայկական լոբբիին ու հակաթուրքական շրջանակներին: Թուրքիայի ԱԳՆ-ն, շարունակելով պնդել, թե 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները ոչ թե քաղաքականության, այլ պատմագիտության ուսումնասիրության առարկա են, հիշատակել է 2005-ին պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու Անկարայի առաջարկը, որը Երևանը մերժել էր: ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել, որ այս բանաձևը կարող է վնասել թուրք - ամերիկյան հարաբերությունները «միջազգային և տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից դժվարին այս ժամանակաշրջանում»: «Անկասկած, այս որոշումը ստվերում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ողջամտությունը և բացասականորեն կազդի թուրքական հանրության՝ ԱՄՆ-ի վերաբերյալ ընկալումների վրա», - ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում:


2007-ին և 2010-ին, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում շրջանառության էին դրվել նույնաբովանդակ այլ բանաձևեր, Թուրքիան ետ էր կանչել իր դեսպանին Վաշինգտոնից: Փաստաթղթերը քննարկվել էին միայն կոնգրեսական հանձնաժողովներում և այդպես էլ չէին հասել լիագումար նիստի օրակարգ:


Երեկ 405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունված բանաձևը օրենքի պարտադիր ուժ չունի: Նախաձեռնության հեղինակները վստահ են, որ այն խորհրդանշական ուղերձ է Թուրքային` մեկ դար առաջ տեղի ունեցած հանցագործությունը դատապարտելու և Անկարային պատասխանատվության կանչելու համար:

Դիտվել է՝ 285

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao