Էմանուել Մակրոն. Դուք ոչ միայն չեք մտածում ձեր մասին, դուք չեք մտածում ձեր մերձավորների մասին

Էմանուել Մակրոն. Դուք ոչ միայն չեք մտածում ձեր մասին, դուք չեք մտածում ձեր մերձավորների մասին
17.03.2020 | 12:19

Երկուշաբթի երեկոյան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոր հեռուստաուղերձով դիմեց ժողովրդին՝ հայտարարելով կորոնավիրուսի տարածումով պայմանավորված սահմանափակումների մասին: Նախագահը ֆրանսիացիներին կոչ արեց խուճապի չմատնվել, համերաշխություն ու պատասխանատվություն դրսևորել:


«Դեռ երբեք Ֆրանսիան այսպիսի միջոցների չի դիմել խաղաղ ժամանակներում»՝ ասել է Մակրոնը, այնուամենայնիվ, տեսնելով՝ ինչպես ֆրանսիացիները չեն կատարում բժիշկների խորհուրդները, իշխանությունները վճռել են խստացնել սահմանափակումները: Նախևառաջ Մակրոնը հայտարարեց, որ հետաձգվում է մունիցիպալ ընտրությունների երկրորդ փուլը՝ չճտելով, թե որքան ժամանակով: Կեսօրին վարչապետ Էդուար Ֆիլիպը խորհրդակցել էր քաղաքական կուսակցությունների ու խորհրդանական խմբակցությունների ղեկավարների հետ և առաջարկել ընտրությունների երկրորդ փուլը նշանակել հունիսի 21-ին: Իր ուղերձում Էմանուել Մակրոնը շնորհակալություն հայտնեց նրանց, որ մասնակցել են առաջին փուլի կազմակերպմանը և այն ֆրանսիացիներին, որ քվեարկել են ընտրատեղամասերում: «Անցած չորեքշաբթի քաղաքական գործիչների ու գիտնականների կոնսենսուսը աջակցեց ընտրությունների առաջին փուլի անցկացմանը»՝ ասաց նախագահը՝ ի պատասխան ԶԼՄ-ների քննադատության: Բայց ներկա իրավիճակում ընտրությունների հետաձգումն անխուսափելի է:


«Անցյալ հինգշաբթի ես դիմեցի ձեզ»՝ ասաց նախագահը՝ բացատրելով դպրոցները ու բուհերը փակելու որոշումը: Սակայն հանգստյան օրերին ֆրանսիացիները չլսեցին բժիշկների խորհուրդները և դուրս եկան փողոցներ ու պուրակներ: «Դուք ոչ միայն չեք մտածում ձեր մասին, դուք չեք մտածում ձեր մերձավորների մասին»՝ կշտամբեց Մակրոնը: Այդ պատճառով իբրև հարկադրյալ միջոց՝ փորձագետների հետ խորհդակցելուց հետո, նախագահը հայտարարեց նոր սահմանափակումների մասին, որ ուժի մեջ են մտնում մարտի 17-ին, երեքշաբթի, ժամը 12-ին և կտևեն նվազագույնը 15 օր: Այդ միջոցները վերաբերում են փողոցում կամ փակ տտարածքում ցանկացած հավաքի արգելմանը: «Դուք ստիպված եք սահմանափակել հանդիպումները ընկերների ու ազգականների հետ»՝ ասաց Մակրոնը: Տեղաշարժը կսահմանափակվի՝ միայն «խիստ անհրաժեշտությունից ելնելով» կթույլատրվի մթերքների համար խանութ գնալ, այցելել բժիշկներին կամ աշխատանքի, եթե հնարավոր չէ հեռահար աշխատել: Նախագահը խոստացավ, որ քաղաքների փողոցներում վերահսկողություն է լինելու: «Ցանկացած խախտում պատժվելու է» խոստացավ Մակրոնը: Ճիշտ է՝ չճշտեց, թե ինչ վերահսկողության ու ինչ պատժի մասին է խոսքը՝ բացատրելով, որ կառավարությունը առաջիկա մի քանի ժամում նոր արգելքների ու նոր պատիժների մասին դեկրետ կհրապարակի: Բացի այդ՝ Ֆրանսիայի նախագահը հայտարարեց, որ երեքշաբթի կեսօրից, 30 օրով կփակվեն Շենգենի գոտու ու ԵՄ-ի արտաքին սահմանները: Միջազգային այցերը թույլատրված են միայն հայրենիք վերադարձող ֆրանսիացիներին: Էմանուել Մակրոնը նաև հայտարարեց, որ կասեցվում ենն բոլոր բարեփոխումները, այդ թվում՝ կենսաթոշակային համակարգի: Կառավարությունը հետայսու զբաղվելու է միայն ճգնաժամային իրավիճակով: «Սրանք աննախադեպ միջոցառումներ են,-ասաց Ֆրանսիայի նախագահը:- Բայց մենք պատերազմում ենք, սանիտարական պատերազմում: Թշնամին անտեսանելի է, բայց մենք նրան հաղթելու ենք»:
RFI


Հ.Գ. Իսկ հիմա համեմատեք՝ Ֆրանսիայում ու Հայաստանում նույն օրը արված հայտարարությունները և փորձեք գուշակել՝ ո՞ր տարբերակն է ավելի արդյունավետ՝ արգելքը, թե ամեն ինչի թույլատրելիությունը՝ մինչև 20 հոգու շրջանակում, երբ մեկ օրում, առողջապահության նախարարի հրապարակած տվյալներով, որ նաև վարչապետը հաստատեց ԱԺ-ում, կորոնավիրուսակիրները Հայաստանում 20-ից հասան 52-ի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3138

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ