«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

«Առանց Փաշինյանի «Իմ քայլի» պատգամավորները Աժ-ում հայտնվելու նվազագույն հնարավորություն կունենային»

«Առանց Փաշինյանի «Իմ քայլի» պատգամավորները Աժ-ում հայտնվելու նվազագույն հնարավորություն կունենային»
18.01.2019 | 01:21

Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ ԷՄԻԼ ՕՐԴՈՒԽԱՆՅԱՆՆ այն տեսակետին է, որ 7-րդ գումարման ԱԺ-ն լավ մեկնարկի համար ունի բոլոր նախադրյալները, բայց բովանդակային առումով որոշ խնդիրներ ունի, որոնցից ամենակարևորը գաղափարախոսական բազմակարծության բացակայությունն է: Ըստ քաղաքագետի՝ ԱԺ-ում ներկայացված խմբակցությունները մեծապես ազատական քաղաքական վարքագծի կրողներ են: Այդ հանգամանքը, ըստ Օրդուխանյանի, տեսականորեն հակասում է պառլամենտարիզմի սկզբունքներին, որտեղ անհրաժեշտ է ոչ միայն քաղաքական պլատֆորմների, այլև գաղափարների հավասարակշռում, ինչը խորհրդարանական մշակույթի ձևավորման կարևորագույն նախադրյալներից է:

-Խորհրդարանի երիտասարդ կազմը կարող է և՛ առավելություն, և՛ որոշ առումներով ռիսկային լինել,- ասում է մեր զրուցակիցը։- Առավելություն է, քանի որ երիտասարդներն ավելի հավակնոտ են, ձգտում են ինքնիրացվել, ինքնահաստատվել, ավելի նախաձեռնողական վարքագիծ ցուցաբերել, ինչը խթանում է քաղաքական ակտիվությունը՝ թույլ չտալով քաղաքական գործընթացի լճացում: Սակայն այս պարագայում քաղաքական ակտիվությունը ոչ միայն գործընթացն է, այլև դրա արդյունքը: Վերը նշված բոլոր դրական հատկանիշների արդյունավետության համար խիստ անհրաժեշտ է արհեստավարժությունը, ինչը քաղաքական որոշումների կայացման դեպքում շատ ավելի կարևոր գործոն է: Խորհրդարանական կառավարման համակարգի արդյունավետացման համար արհեստավարժների խորհրդարանը պետության հաջողության առաջնային պայման է, իսկ մեր խորհրդարանում հիմնականում ոչ փորձառու երիտասարդ օրենսդիրների ներկայությունը կարող է ռիսկային լինել և օրենսդրական նախաձեռնությունների ներկայացման գերակշռող մասը թողնել կառավարության վրա:
Ինչ վերաբերում է ներկայիս խորհրդարանի` նախորդ Աժ-ին որակով զիջելուն, այս հարցին ես կցանկանայի անդրադառնալ «քաղաքականապես մերժվածի հետ չհամեմատվելու» տրամաբանությամբ: Հեղափոխությունից հետո, երբ նորեկները սկսում են իրենց գործողությունները կամ անգործությունը արդարացնել նախկինների հետ համեմատությամբ, շարունակում են մեկ ոտքով մնալ անցյալում, իսկ մյուս ոտքով առաջ քայլ կատարելն անհնար է դառնում: Հետևաբար, եթե նոր իշխանության և ժողովրդի ցանկությունն իսկապես նոր Հայաստան կառուցելն է, նրանք պետք է ստանձնեն ամբողջ պատասխանատվությունը և հետայսու որևէ անհաջողության, չլուծված խնդրի համար չմեղադրեն նախորդներին:
-Ռիսկեր չկա՞ն, երբ առանց տեսանելի կենսագրության մարդկանց է վստահվում երկրի օրենսդիր համակարգը:
-Փորձառությունը ձեռք է բերվում աշխատանքի և ժամանակի ընթացքում, այն կարևոր է, բայց ոչ առաջնահերթ: Եթե որևէ մեկին հնարավորություն չտաս, նա չի կարող փորձ ձեռք բերել: Ինչ վերաբերում է համապատասխան գիտելիքներին, ապա, այո, դրանք առաջնային են: Գիտելիքը պրոֆեսիոնալիզմի հենքն է, իսկ հմտությունները ձեռք են բերվում արդեն աշխատանքի և փորձի ընթացքում: Եվ եթե մի շարք նորընտիր պատգամավորների դեպքում փորձի բացակայությունը մեծ խնդիր չէ, ապա գիտելիքների պակասն արդեն լուրջ խնդիր կարող է դառնալ: Այս հարցում պատասխանատվությունը ոչ թե հենց այդ պատգամավորների, այլ նրանց որպես պատգամավորի թեկնածուներ վարկանիշային կամ համամասնական ցուցակներում ընդգրկելու որոշում կայացնողների ուսերին է: Օրինակ, արտաքին քաղաքականության նոր հայեցակարգի մշակման անհրաժեշտության մասին խոսելիս պետք է ցուցաբերել բացառապես պրոֆեսիոնալ մոտեցում, նաև համապատասխան ոլորտի լավագույն մասնագետների հետ քննարկումներ անցկացնել և ցանկացած պարագայում առաջնային համարել ազգային շահերը, ոչ թե առաջնորդվել վարչակարգային նախապատվություններով։ Աշխարհում որևէ լուրջ երկիր իր արտաքին քաղաքականությունը չի պայմանավորում վարչակարգային առանձնահատկություններով։ Իսկ արցախյան հակամարտության մասին խոսելիս այն չպետք է դիտել որպես Հայաստան-Ադրբեջան հակամարտություն, քանի որ այդ դեպքում փոխվում է կոնֆլիկտի բնույթը, այսինքն` ինքնորոշման կոնֆլիկտը վերածվում է տարածքայինի, ինչը ենթադրում է կարգավորման այլ մոտեցում, որը չի կարող բխել առաջին հերթին Արցախի շահերից։ Այս հարցում ցանկացած սայթաքում կարող է վնասակար լինել մեզ համար։
Իշխանության աղբյուրը ժողովուրդն է, ուստի նա ևս պետք է պատասխանատվության զգացում ունենա իր կատարած ընտրության նկատմամբ: Եթե խորհրդարանում նկատվի համապատասխան գիտելիքների պակաս, ապա դա ռիսկեր է ստեղծելու. խորհրդարանական բանավեճերը ծրագրային, գաղափարական դաշտից տեղափոխվելու են միջանձնային հարաբերությունների դաշտ, պատգամավորների մի մասը կոճակ սեղմելով զուտ մեխանիկական գործառույթ է իրականացնելու՝ օրենսդրության մշակման աշխատանքի մեծ ծավալը թողնելով մի քանիսի վրա: Սակայն մենք պետք է ընդունենք մի հանգամանք. սա այն խորհրդարանն է, որն ընտրել են ՀՀ քաղաքացիները: Իսկ չկեղծված ընտրությունների դեպքում, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում, համապետական ներկայացուցչական մարմինը համարվում է հասարակության հայելին: Եվ եթե հասարակությունը քաղաքական գրագիտության երկար ուղի պետք է անցնի, ապա այս խորհրդարանի ներկայիս պատկերն օբյեկտիվ իրողություն է:
-Նոր խորհրդարանում ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն փորձում են առավել ընդդիմադիր երևալ, հաճախ հենց միմյանց են ընդդիմանում` մոռանալով, որ իշխանության քաղաքականությունը պետք է քննադատեն: Հնարավո՞ր է՝ այնքան տարվեն միմյանց վրա ցեխ շպրտելով, որ մոռանան իշխանությունների քայլերը մանրադիտակի տակ առնելու մասին:
-Կարևոր է, որ իշխող խմբակցությունը կառուցողական վարքագիծ ցուցաբերի և չառաջնորդվի այն սկզբունքով միայն, թե «հաղթողը վերցնում է ամեն ինչ»: «Իզմերի» մերժումը խորհրդարանական մեծամասնությանը կարող է նաև քաղաքական ճկունություն հաղորդել, որը թույլ կտա լինել ավելի բաց քննադատությունների համար, քանի որ դասական իմաստով ոչ գաղափարականացվածությունը գործելու ավելի լայն հնարավորություններ է ստեղծում: Իշխող ուժը պետք է հասկանա նաև, որ քաղաքական կայունության համար, բացի լեգիտիմությունից, անհրաժեշտ է նաև կառավարելիության բարձր մակարդակ և իշխանության ինստիտուցիոնալացում, և դա այն պարզ պատճառով, որ լեգիտիմությունը փոփոխական և տատանողական է:
ԲՀԿ-ն, 2007-ից ի վեր լինելով Աժ-ում երկրորդ ուժ, չի հեռանա իր փորձված և գործուն մարտավարությունից, ըստ քաղաքական ընդդիմության տիպաբանության՝ կշարունակի մնալ լոյալ ընդդիմություն: Եվ քանի դեռ քաղաքական մեծամասնության նկատմամբ հասարակության վստահության իրական նվազման միտումներ չեն ստեղծվի, ԲՀԿ-ն հիմնականում համաձայն կլինի իշխանության որոշումների հետ: Ինչպես մինչհեղափոխական, այնպես էլ հետհեղափոխական ԲՀԿ-ի վարքագծում խորհրդարանական դիրքավորման մասով տեղաշարժեր չեն լինի: Ինչ վերաբերում է ԼՀԿ-ին, այս ուժը խորհրդարանում փորձում է լինել ընդդիմություն թե՛ իշխող, թե՛ երկրորդ քաղաքական ուժերին: ԼՀԿ-ի խորհրդարանական դիրքավորումն այս պահին կարելի է բնութագրել որպես սկզբունքային ընդդիմության դերի հավակնություն, որը, չունենալով գաղափարախոսական հստակ տարբերություններ իշխող ուժից, այնուամենայնիվ, փորձում է ներկայանալ որպես այլընտրանքային ընդդիմություն՝ իր քննադատությունները կառուցելով պրակտիկ քաղաքականության վերաբերյալ այլակարծության հիման վրա: Եթե մեծամասնության կողմից լինեն հակադարձումների համարժեք ազդակներ, կարող է ստանձնել նաև կառուցողական ընդդիմության գործառույթը: Դա այն է, երբ խորհրդարանական փոքրամասնությունը քննադատում է իշխանությանը, սակայն աջակցում է քաղաքական համակարգին: Հարկ է հիշել, որ նախորդ ԱԺ-ում փոքրաթիվ խմբակցության մի մասը կարողացավ ստեղծել ավելի մեծ քաղաքական ազդեցություն, քան մյուսները միասին: Հետևապես, թե ինչպիսի քաղաքական ազդեցություններ կարող են առաջանալ քաղաքական գործընթացում, ամենևին չի կարող պայմանավորվել խմբակցություններում ներգրավված պատգամավորների քանակով:
-Նոր-նոր կյանք ստացած ԱԺ-ում արդեն բանավեճերի ու քաշքշուկների ականատեսն ենք լինում: Քաղաքական մշակույթը, փաստորեն այդպես էլ չի փոխվում մեր երկրում:
-Քաղաքական մշակույթն ամուր պետականության կարևորագույն բաղադրիչն է, և այն երբեք չի կարող էականորեն դրական փոփոխություններ կրել կարճաժամկետ հեռանկարում, առավել ևս, երբ գերակայել է քաղաքական հակամշակույթը: Այսինքն, մեկ տարվա ընթացքում հնարավոր չէ տիրապետող մշակույթի մի վիճակից անցում կատարել մեկ այլ վիճակի՝ մեր պարագայում հաշվի առնելով նաև նեպոտիզմը՝ որպես հասարակական և քաղաքական հարաբերությունների կառուցման հիմնական օղակ: Խորհրդարանական մշակույթը գնահատվում է ոչ թե ուղղակի բանավեճերի առկայության հանգամանքով, այլ դրանց որակով և բնույթով: Մեր հասարակությունը և խորհրդարանը դեռ հեռու են խորհրդարանական մշակույթ ունենալուց, քանի որ կայացած չէ կուսակցական համակարգը: Քաղաքական մշակույթը բնորոշ է ոչ թե իշխանություններին, այլ հասարակություններին, խնդիրը պետք է տեսնել և այն լուծել հենց հասարակության մեջ, ինչը բարդ և երկարատև աշխատանք է:
-Համացանցում մի ծաղրանկար էր տարածվել, որտեղ ԱԺ դահլիճում «Իմ քայլը» խմբակցության բոլոր աթոռներին Նիկոլ Փաշինյանն էր նստած: Դա իրականության հետ ի՞նչ աղերսներ ունի: Մյուս կողմից, ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ ընտրելու ժամանակ էլ խորհրդարանական մեծամասնությունը հստակ որոշում ուներ՝ աջակցել ԲՀԿ-ին, ու պատգամավորները, նախորդ գումարման օրենսդիրի մեծամասնության ներկայացուցիչների նման, ազատ չէին ընտրության հարցում:
-Այն, որ Նիկոլ Փաշինյանի անձնական քաղաքական հմայքը վճռորոշ է եղել Աժ ընտրության ժամանակ իր թիմակիցներից շատերի հաջողության համար, անհերքելի է, և «Իմ քայլը» դաշինքից շատերի մուտքը խորհրդարան պայմանավորվել է հենց Փաշինյանի գործոնով: Այդ պատգամավորների շարքում շատերին, որպես քաղաքական գործչի, հանրությունն առաջին անգամ է տեսնում, և հասկանալի է, որ առանց Փաշինյանի խորհրդարանում հայտնվելու նրանց հնարավորությունները նվազագույն կլինեին: Սակայն այստեղ խնդիրը ոչ թե պատգամավորների՝ Փաշինյանի կերպարով ներկայանալն է, այլ Փաշինյանի՝ որպես քաղաքական առաջնորդի նկատմամբ երախտագիտության զգացումը: Քաղաքական հոգեբանության տեսանկյունից այսպիսի հոգեվիճակը կախվածություն է առաջացնում, ընտրվածներին պարտավորեցնում է բացարձակ հնազանդության, հավատարմության և նվիրվածության իրենց առաջնորդին: ԲՀԿ թեկնածուին նախապատվություն տալը կարող էր պայմանավորված լինել նաև այս հանգամանքով, եթե որոշումը կայացվել է միանձնյա: ԲՀԿ-ի օգտին քվեարկելու մասով երկրորդ բացատրությունը կարող է պայմանավորված լինել «Իմ քայլը» խմբակցության համար քաղաքական նպատակահարմարությամբ՝ որպես ԲՀԿ-ի հետ կոնսենսուսի արդյունք: Իսկ եթե, այնուամենայնիվ, ԲՀԿ-ի օգտին որոշումը կայացվել է ոչ թե ռացիոնալ, այլ էմոցիոնալ ֆոնի վրա՝ պայմանավորված Փաշինյանի գործոնով, ապա ժամանակի ընթացքում տվյալ առաջնորդի նկատմամբ երախտագիտության զգացումը կարող է նվազել, և որոշ պատգամավորներ այդժամ կփորձեն ցուցաբերել ինքնուրույնություն: Չի բացառվում, որ հենց «Իմ քայլը» դաշինքի ներսում կարող են առաջանալ տարբեր հոսանքներ և ֆրակցիաներ: Նախկին համակարգի նմանության մասով նշեմ, որ «Իմ քայլը» պետք է շահագրգիռ լինի չնմանվելու նախկիններին, որպեսզի իրեն նախկինների հետ չհամեմատեն առհասարակ: Դա կարող է լեգիտիմության կորստի վտանգի հանգեցնել՝ իր բոլոր անցանկալի հետևանքներով հանդերձ: Նոր իշխանությունները որոշումներ կայացնելիս պետք է առավել քան շրջահայաց լինեն, չկրկնեն նախկինների սխալները, չառաջնորդվեն խմբային շահերով, քանի որ հետայսու քննադատական բոլոր սլաքներն ուղղվելու են դեպի իրենց:

Զրույցը`
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1588

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao