Yerevan Perspectives International Music Festival
 

Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը

Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը
14.06.2019 | 11:28

(Նախորդ մասը)

1973-76 թվականների Տոմիլինոյի «ՏՕՌ» գիտաարտադրական միավորման «военпред»-ների ու ինժեներական անձնակազմի համար շաբաթական վճարովի դասընթացներ էի վարում՝ կիսահաղորդչային սարքերի որակի ու հուսալիության թեմաներով: Հետաքրքրությունը այնքան մեծ էր, որ Տոմիլինո էին գալիս Մոսկվայի, Ֆրյազինոյի և ԽՍՀՄ այլ քաղաքների մասնագետներն ու զինվորականները, փորձում էին իրենց արտադրությունների հուսալիության խնդիրները հասկանալ ու կոնկրետ լուծումները գտնել: Այս դասընթացներից ծնվեց «էլեկտրոնիկան ու հուսալիությունը» դասախոսությունների շարքը, որը կարդում էի Մոսկվայի պոլիտեխնիկական թանգարանում՝ ՌԱՀ հիմնարկների մասնագետների համար: Մի անգամ քննարկում էինք Տոմիլինոյում արտադրվող 2Դ-229, 2Դ-237 ուղղիչ դիոդների ու 2Դ-241 բարձրավոլտ դիոդների հուսալիությունը բարձրացնելու հնարավորությունները: Գոյություն ունի կիսահաղորդչային սարքերի հուսալիությունը բարձրացնելու մեկ հիմնական ճանապարհ. բյուրեղի ջերմային դաշտը պետք է լինի համասեռ, որը հնարավոր է ապահովել հոսանքի հավասարաչափ բախշման արագ ջերմահեռացման պայմաններում, պետք է խուսափել ջերմային կուտակումներից: Հոսանքի դաշտի անհամասեռությունը բերում է ջերմաստիճանի լոկալ բարձրացմանը, որն, իր հերթին, առաջացնում է կոնտակտային մետալիզացիայի այրման, p-n անցումների ծակման և նման այլ երևույթներ:


Բարձր հուսալիություն ստանալու համար բյուրեղի ջերմաստիճանը պետք է պահել ցածր մակարդակների վրա, ինչի համար օգտագործվում են պղնձից (լավ ջերմահաղորդիչ լինելու պատճառով) պատրաստված կորպուսները և հովացման տարբեր միջոցներ: Որքան ցածր լինի p-n անցման ջերմաստիճանը, այնքան բարձր կլինի սարքերի հուսալիությունը:
ՀԱՐՑ՝ ի՞նչ մեխանիզմներով է տեղի ունենում աշխատանքի ընթացքում անջատված ջերմային էներգիայի հեռացումը:
ՊԱՏԱՍԽԱՆ՝ բյուրեղի հովացման պրոցեսը կատարվում է ջերմահաղորդականության միջոցով, երբ ավելի տաք կետից ջերմությունը տեղափոխվում է ավելի սառը կետ: Դա տեղի է ունենում բարձր էներգիա ունեցող մասնիկների (ատոմների, էլեկտրոնների) էներգիան ավելի ցածր էներգիա ունեցող մասնիկներին (ատոմներին) փոխանցելու միջոցով՝ համաձայն Ֆուրիեի օրենքի: Եթե ատոմների ջերմային տատանումները կատարվում են բոլոր ուղղություններով, և ջերմությունը տարածվում է ջերմաստիճանային գրադիենտի ազդեցության տակ՝ տաքից դեպի սառը, ապա էլեկտրոնների միջոցով տեղափոխվող ջերմային էներգիայի քանակը կախված է էլեկտրական հոսանքի ուղղությունից, ջերմային էներգիան կարող է տեղափոխվել տաք կետից դեպի սառը և հակառակը՝ սառը կետից դեպի տաքը (Պելտեի էֆեկտ, հայտնագործվել է 1834 թ.): Կիսահաղորդչային բյուրեղը կարող է տաքանալ կամ սառչել՝ կախված հոսանքի ուղղությունից: Այս էֆեկտի հիման վրա են աշխատում պինդմարմնային սառնարանները:
«ՏՕՌ»-ի «военпред» կապիտան Անատոլի Բորսուկը հետաքրքրվեց, թե ինչ մեխանիզմներով է տեղի ունենում գործարանում արտադրվող դիոդների ջերմահեռացման պրոցեսը, հնարավո՞ր է այն ակտիվացնել ու ապահովել բյուրեղի ավելի ցածր ջերմային ռեժիմ ու, հետևաբար, ստանալ ավելի բարձր հուսալիություն: Հարցի պատասխանը ակնհայտ էր. ցածր ջերմային ռեժիմ ապահովելու համար պետք է օգտագործել Պելտեի էֆեկտը, դրա համար բյուրեղը ջերմահաղորդիչ կորպուսի վրա պետք է նստեցնել «n» կողմով: Այդ դեպքում, համաձայն Պելտեի օրենքի, p-n անցումը սառեցվելու է անցնող էլեկտրոնների միջոցով, որոնք լրացուցիչ ձևով կլանում են «p» կողմի ջերմային էներգիան ու տեղափոխում դեպի կորպուս: Հակառակ դեպքում, կորպուսի վրա «p» կողմով նստեցնելու պարագայում, p-n անցումը ավելի է տաքանալու:
-Մեր բոլոր դիոդներն էլ նստած են ոչ բարենպաստ «p» կողմով, ի՞նչ կստանանք, եթե բյուրեղը շրջենք:
-Պետք է փորձել:
Մեկ շաբաթվա ընթացքում մենք, Բորսուկի հետ, դիոդների արտադրամասում պատրաստեցինք 2Դ-237 ուղղիչ դիոդների երկու խմբաքանակ, դրեցինք արագացված փորձարկումների ու ստացանք հետևյալ անսպասելի արդյունքները. p-n անցման ցածր ջերմաստիճան ու, որն ավելի կարևոր էր, դիոդների ծակման լարումը 400-ից դարձել էր 460 վոլտ: Դրանք զգալի առաջխաղացման ցուցանիշներ էին, որոնց մասին պատմեցի հաջորդ դասախոսությանը:


Գործարանում արտադրվող բոլոր տիպի դիոդները կորպուսի վրա մոնտաժվում էին «p» կողմով, ջերմային ռեժիմները հաշվարկելիս նախագծողները հաշվի չէին առել Պելտեի էֆեկտը, ինչի պատճառով տեղի էր ունենում ջերմաստիճանի լրացուցիչ բարձրացում՝ 2Դ-229, 2Դ-237 ուղղիչ դիոդների դեպքում 3օC-ով, 2Դ-241-ի դիոդների դեպքում մոտ 10օC-ով: 3-ից 10օC-ով նվազեցնել p-n անցման ջերմաստիճանը նշանակում է պասիվացնել կիսահաղորդչային սարքի ներսում ընթացող ֆիզիկաքիմիական դեգրադացիոն պրոցեսները և կրկնակի բարձրացնել դրանց հուսալիությունը (սա բխում է Արենիուսի օրենքից): Շատ լավ էր ստացվում, առանձնապես ոչինչ չես անում, միայն բյուրեղն ես շուռ տալիս՝ «p» կողմի փոխարեն նստեցնելով «n» կողմի վրա ու, խնդրեմ, ռազմական տեխնիկայի մեջ օգտագործվող կիսահաղորդչային սարքերի հուսալիությունը բարձրանում է երկու անգամ՝ տալով զգալի տնտեսական էֆեկտ ու պատկառելի հոնարար:


Մեր փորձնական արդյունքները ներկայացրինք միավորման գլխավոր ինժեներ Յուրի ՈՒտրոբինին ու բացատրեցինք, թե ինչ նոր արդյունքների կհասնենք՝ ոչինչ չանելով, միայն նախկինում թույլ տված կոնստրուկցիոն սխալները ուղղելով: Միավորման գլխավոր ինժեները շատ սառն ընդունեց մեր առաջարկությունը, կարճ կապեց ու խնդրեց մտածելու ժամանակ տալ, հետո խնդրեց առանձին, առանց «ՉՏպվտՐպՊ»-ի գնամ իր մոտ: Առանձին հանդիպումը շատ երկար տևեց, անկեղծ զրույց ծավալվեց, կրկին բացատրեցի խնդրի էությունը, Պելտեի էֆեկտը հաշվի առնելու առավելությունն ու նպատակահարմարությունը, հասկացավ, ընդունեց, բայց...


-Դու նոր մարդ ես մեր գործարանում, չգիտես, թե ինչ հրեական մթնոլորտում ենք մենք աշխատում, 2Դ-237 ուղղիչ դիոդների կոնստրուկցիան ես եմ մշակել ու արտադրություն մտցրել, հիմա նշանակվել եմ գլխավոր ինժեների պաշտոնում, փոխարինել եմ Լևի Ալպերովիչին (մի անգամ Մոսկվայի ՄԻԷՄ ինստիտուտի գիտխորհրդից խնդրեցին, որ Ալպերովիչի գործերը նրան փոխանցեմ, շատ դժկամությամբ ընդունեց, թե` դու դեռևս կոմսոմոլ ես, չգիտես, ինչ միջավայրում ես հայտնվել, հաջողություն եմ մաղթում, բայց զգույշ կլինես: Մեր զրույցի մասին պատմեցի Գորյունովին` Ալպերովիչը շատ դժգոհ էր: Իհարկե դժգոհ կլիներ, դու նրան միանգամից դիակիզարանի տոմս ես տվել, նրա դիսերտացիան չեն ընդունել, հետ են տվել՝ հրեա լինելու պատճատով- Վ. Հ.), նրանք ցանկանում են վրեժ լուծել մեզանից (ռուսներից), դու նրանց շանս ես տալիս։ Դիոդի նախագծման ժամանակ սխալ է թույլ տրվել, ես եմ սխալվել, առիթն անմիջապես կօգտագործեն ու լուրը Շոկինին կհասցնեն։ Դուք մեր մինիստր Շոկինին չեք ճանաչում։ Նա կտրականապես արգելել է, որ փոփոխություններ մտցվեն նախարարության ռազմական նշանակություն ունեցող ռադիոէլեմենտների կոնստրուկցիաների ու տեխնոլոգիաների մեջ։ Եթե այդ փոփոխությունը մտցնենք, ապա ինձ, գլխավոր տնօրեն Պետրովին ու, անշուշտ, քեզ աշխատանքից կհեռացնեն։ Այնպես որ խնդրում եմ մոռանալ Պելտեի մասին, դու աշխատիր ու զարգացրու քո գիտությունը, կգա մի օր, որ այն պետք գա, այսօր այն պետք չէ, ոչ պաշտոնապես, բայց նախարարությունում արգելված է:
Հետո մեր զրույցը շարունակեցինք գիտության տարբեր խնդիրների վերաբերյալ։


-Զարմանալի է, թե, դիոդները նախագծելիս, ամերիկացիներն ինչու հաշվի չէին առել Պելտեի էֆեկտը, չէ որ դա զգալիորեն կթեթևացներ կիսահաղորդչային սարքերի ջերմային ռեժիմները, կբարձրացներ դրանց հուսալիությունը, դիոդների կոնստրուկցիաները մշակել ենք ամերիկյան նախատիպի օրինակով, ստացվում է, որ նրանք էլ են սխալվել, իսկ մեր երիտասարդ հայ գիտնականը այդ «մանրուքը» նկատել է, որը նման գործերում բոլորովին էլ մանրուք չէ, Ձեր հայկական հնարամտության համար լրացուցիչ պրեմիա եմ տալու, բայց ավելին անել չեմ կարող, մինիստրությունում այնպիսի իրավիճակ է ստեղծված, որ ոչ մի նորարարություն կյանք չի մտնի, ոչինչ անել չենք կարող:
Տոմիլինոյում իմ շուրջը զարմանալի իրավիճակ էր ստեղծվել. հրեաների մոտ ես յուրային, գրեթե հրեա էի ընդունվում, իսկ ռուսների մոտ, ընդհակառակը, հակահրեա, գրեթե ռուս էի ընդունվում: Հետագայում կպատմեմ, թե որն էր պատճառը, որ էլեկտրոնային արդյունաբերության նախարարությունում նորարարությունների նկատմամբ այդպիսի անառողջ-պահպանողական մթնոլորտ էր ձևավորվել:


Երբ էլեկտրոնիկայի ու միկրոէլեկտրոնիկայի զարգացման համար շրջադարձային 80-ական թվականներին տեխնոլոգիական աշխարհը գնում էր ծայրագույն ռիսկային քայլերի, Խորհրդային Միությունում գերադասում էին չշտապել, լրացուցիչ բարդություններ չստեղծել, եղած միջոցները ուղղել սոցիալական ոլորտը կարգավորելու համար, կանխել ու կանխարգելել անցանկալի սոցիալական ու քաղաքական բունտերը: Մի խոսքով, մեր հսկայական կայսրությունը կամաց-կամաց դուրս էր մղվում աշխարհում մեծ թափ հավաքող տեխնոլոգիական հեղափոխության գործընթացներից, մեր երկրի համար դա արդեն մահ էր: Այստեղ մեծ էր սուբյեկտիվ գործոնի ազդեցությունը։ Ոչ ոք, կյանքում, թե աշխատանքում, պատրաստ չէր ընդունելու սեփական սխալները, ինչը մշտապես համարվել է տեխնիկական ու գիտական առաջընթացի կարևոր գործոնն ու գործիքը: Ամեն ինչ պետք էր տեղավորել փորձարկումների ու սխալմունքի փիլիսոփայության շրջանակներում, հիշել ու հասարակական կամ արտադրական հարաբերություններում օգտագործել մատերիալիստական էմպիրիցիզմի գաղափարները, ինչը կտրականապես չէր արվում:
«Որպեսզի հասկանալի լինի,- գրում էր Լենինը,- հասկանալը պետք է սկսել փորձնականորեն, ուսումնասիրել, հետո փորձնականից բարձրանալ դեպի ընդհանուրը»:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 774

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao