Yerevan Perspectives International Music Festival
 

Ամուլսարը՝ ընտրությունների փորձաքար

Ամուլսարը՝ ընտրությունների փորձաքար
07.09.2019 | 13:58

Երեկ, կարծես, Ամուլսարի օրը լիներ՝ միանգամից երեք քննարկում նույն թեմայով:

Նիկոլ Փաշինյանը հանդիպեց «Իմ քայլը» խմբակցության, Ջերմուկի բնակչության ներկայացուցիչների և բնապահպանների, «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության ղեկավարության հետ: Ճիշտ է՝ երեք հանդիպումներից հետո էլ հրապարակված տեղեկատվությունը հավուր պատշաճի անորոշ էր և ոչինչ չէր ավելացնում արդեն հայտնի փաստերին: Բայց փաստ է, որ վարչապետը շտապում է՝ ԱՄՆ մեկնելուց առաջ նա պետք է կամային ու քաղաքական որոշում կայացնի:

Նիկոլ Փաշինյանը փորձում է համաձայնության հասնել: Ամուլսարի հարցը արդեն ձգձգելու ռեսուրս չունի: Որևէ նոր հետազոտություն, ՇՄԱԳ կամ փորձաքննություն, միևնույն է, բերելու է նույն փակուղուն՝ լինելու են կողմ ու դեմ փաստարկներ, այսինքն՝ վերադառնալու ենք ելակետ: Ակնհայտ է, որ որևէ լուծման դեպքում լինելու են դժգոհներ և չեն բացառվում իշխանության դեմ բողոքի քայլեր: Խնդիրը նաև այդ քայլերը կանխելն է: Բացարձակապես անհասկանալի է, որ ՌԴ ազդեցության դաշտում գործող ՍԾ-ն էլ է այս հարցով ասպարեզ գալիս: Ակնհայտորեն՝ որևէ այլ սողանցք քաղաքական դաշտ մտնելու մինչև հիմա չի գտնվել: Նախկին մարգարեությունները չեն գործել, հասարակությունը բացահայտորեն ՍԾ-ի կարիքը չունի: Եվ ահա մնում է, որ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարի՝ Ամուլսարի շահագործման որոշման դեպքում կլինի քաղաքական ցնցում և նախկին իշխանությունը սպասում է շահագործման որոշմանը, որ Ռուսաստանի օգնությամբ գնա ցնցումների: Փաստացի՝ Ժիրայր Սեֆիլյանը ստանձնել է Պուտինի ստվերային խոսնակի դերը: Անշնորհակալ դերը:

Նիկոլ Փաշինյանը ահագին ժամանակ է կորցրել՝ այս ընթացքում նա պարտավոր էր հասարակությանը ներկայացնել Ամուլսարի շահագործման ու չշահագործման արդյունքներն ու հետևանքները: Նա գնաց լռության մարտավարության ճանապարհով, որն ավելի խորացրեց փակուղին՝ գործողության դաշտ տալով ռուսական ազդեցության դաշտում գործող բնապահպաններին: Նրանք կարողացան հանրությանը սարսափ ներշնչել իրենց անոտ-անձեռ երեխաների ուրվականներով, Ջերմուկի ու Սևանի ոչնչացման, ազգային թունավորման-ինքնասպանության սուտ սպառնալիքներով: Նրանց բոլոր փաստարկները հիմնված են մի հիմքի վրա՝ Հայաստանի ընդերքը միայն ռուսները պիտի շահագործեն: Իվերջո, եթե Ամուլսարը փակվում է, փակվելու՞ են մյուս հանքերը, որ ոչ պակաս ու ավելի վտանգավոր են բնապահպանական տեսակետից: Սա հարց է, որ չի կարող չառաջանալ, եթե առաջնորդվում ենք բնապահպանական ստերիլության չափանիշներով:

Ամուլսարի չշահագործման դեպքում, միանշանակ, Լիդիանը կդիմի միջազգային արբիտրաժ: Տանուլ կտա՞, թե՞ կշահի Հայաստանը, հարցի մի կողմն է: Շատ ավելի կարևոր է հարցը, որ Հայաստանը կորցնում է տնտեսությունը զարգացնելու ռեալ ճանապարհ, փակում է արտասահմանյան ներդրումների մուտքը երկիր ու ինքնահռչակվում անհուսալի գործընկեր: Արտաքին քաղաքական ցնցումները վերաճելու են նույն ներքաղաքական ցնցումներին: Սա հասկանալու համար մեծ իմաստուն պետք չէ լինել:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Փաստացի՝ Ամուլսարը վճռում է Հայաստանի ինքնիշխանության և Նիկոլ Փաշինյանի՝ իբրև վարչապետի, փորձառության ու ռիսկի հարցը: Եթե նա կուլ գնաց պոպուլիզմին ու կայացրեց հանքը չշահագործելու որոշում, դա լինելու է քաղաքական ու տնտեսական պարտությունների սկիզբ: Եթե վարկանիշի ժամանակավոր անկումով կայացրեց հանքը շահագործելու որոշում, նոր հեռանկարներ է բացելու Հայաստանի ու ՔՊ-ի առաջ՝ նաև հաջորդ ընտրություններում հաղթելու շանսով:

Դիտվել է՝ 1223

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao