USD485.72
EUR550.71
RUB7.35
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

2 մլն դրամ՝ ամեն տարի երկրին հասցվող միլիոնավոր դոլարների վնասը կանխելու համար

2 մլն դրամ՝ ամեն տարի երկրին հասցվող միլիոնավոր դոլարների վնասը կանխելու համար
19.10.2018 | 02:22

Անցնող տարին լի էր ներքաղաքական ցնցումներով, սակայն պակաս ցնցող չէին տնտեսականները, որոնցից ամենակարևորը, թերևս, ոռոգման ջրի խնդիրն էր. ջուր չկար, բերքը չէր հասունանում, ինչը գյուղացիներին մղեց ըմբոստության տարաբնույթ ցույցերի: Գյուղմթերքի պակասի և դրանով պայմանավորված սպառողական գների «թռիչքը» լուրջ անհանգստություն առաջացրին նաև քաղաքաբնակների շրջանում: Արտառոց էր ոռոգման ջրի պակասի պատճառով առողջությանը վնասող կոյուղաջրերով գյուղմթերքի աճեցումը, ինչն առկա է մի շարք համայնքներում: Դժգոհության առիթ էր նաև, հատկապես գյուղաբնակների շրջանում, խմելու ջրի խնդիրը. ջրպետկոմի նախկին նախագահի հավաստմամբ՝ համայնքների մեծ մասում ցամաքել են ստորգետնյա ջրերի աղբյուրները, և առայժմ լուծումներ չկան: Ամբողջ հանրության մտահոգության կիզակետում էր հայտնվել նաև Սևանի աստիճանական «ծաղկումը»՝ ճահճացումը, որի հիմնական պատճառը ոռոգման համար ջրառն է:

Բնապահպանների հավաստմամբ՝ ջրի խնդիրը մոտակա հեռանկարում ավելի է սրվելու, ջերմային ֆոնը բարձրանալու է, տեղումները պակասելու են: Նշված խնդիրներին դիմակայելու, լուծումներ գտնելու համար Ազգային ժողովում կազմակերպվեցին լսումներ՝ մեկը ոռոգման ջրի, մյուսը Սևանի խնդիրներին նվիրված:
Մինչ այդ, առաջին խնդրի առնչությամբ վարչապետը հանձնարարել էր պատասխանատուներին քննարկել և գտնել ոռոգման ջրի խնդրի լուծումը՝ բացառելով Սևանից ջրառը: Քննարկեցին և զեկուցեցին՝ լուծումներ չկան, Սևանը պետք է դատարկել: ՈՒ սկսեցին դա իրագործել:
Մինչդեռ լուծումներ կային և կան, դրանք ձևավորվել էին դեռևս այս տարվա հունվարի 15-ին գյուղատնտեսության, բնապահպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների, ջրպետկոմի համատեղ ստորագրած արձանագրությամբ, որի էությունը հանրապետությունից հարևան երկրներ «փախչող» 8 միլիարդ խորանարդ մետր ջուրը վերը նշված խնդիրների համար օգտագործելն էր մեր գիտնականների մշակած, Լոռվա արոտներում փորձարկված, հեղինակային իրավունքով ամրագրված նոր տեխնոլոգիայի և մեքենայի կիրառմամբ: Հավելեմ, որ այս նորույթը լուծում էր նաև ջրի հարակից՝ երաշտի, տարածքային հրդեհների, ջրհեղեղների, հողատարման, անապատացման կասեցման խնդիրները:


Սակայն, այս լուծումը դեռևս կյանք չտեսած, «մահացավ». դրա համար անհրաժեշտ 2 մլն դրամը չկարողացան, թե չուզեցին հայթայթել ոչ միայն վերը նշված գերատեսչությունները, այլև օգնության հասած «Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը» և ՄԱԿ-ի «Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպությունը»: Մեր այս նորույթի էության և ներդրման ոդիսականի մասին կարող եք ծանոթանալ «Իրատես» թերթի «Ով ականջ ունի, թող լսի» (թիվ 72, 2017 թ.), «Ի՞նչ է սա, բանականության կորու՞ստ, ծրագրված թալա՞ն, թե՞ ազգադավություն» (թիվ 33, 2018 թ.) և «Տնտեսությանը օգնելու ակնկալիքով» (թիվ 51, 2018 թ.) հրապարակումներից:
Ջրի և նշված հարակից խնդիրների առնչությամբ աղմկահարույց էր 28.09.2018 թ. հրավիրված Ազգային ժողովի «Սևանա լճի հիմնախնդիրները» լսումների ժամանակ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի հետևյալ փաստագրումը. «ՀՀ-ում ձևավորվում է 7-8 մլրդ խմ մակերևութային ջրային ռեսուրս, իսկ մեր ջրապահանջարկը մոտ 2 մլրդ խմ է: Սա նշանակում է, որ մենք ունենք 4 անգամ ավելի շատ ջուր, քան մեր այս պահի պահանջարկն է»: Այս փաստագրմանը հաջորդող տրամաբանական եզրակացությունը պետք է լիներ այն, որ Սևանից ոռոգման ջուր վերցնելու խնդիրը արհեստածին է, և պետք է հաջորդեր նույնքան տրամաբանական ինչուն. ինչու՞ այդ ահռելի ջրային ռեսուրսը, ջրպետկոմը և 15.01.2018 թ. արձանագրությունը ստորագրած նշված գերատեսչությունները, չեն օգտագործում հանրապետությունը ցնցող «ջրային» խնդիրները լուծելու համար, առավել ևս, որ առաջարկվող լուծումները կոնկրետ են, փորձարկված, տնտեսապես հիմնավորված և կարող էին կասեցնել ամեն տարվա միլիոնավոր դոլարների հասնող վնասը: Բայց այս հարցադրման դեպքում ոլորտի ղեկավարը՝ բնապահպանության նախարարը, պետք է պատասխաներ, թե ինչու իր գերատեսչությունը չի կատարում 15.01.2018 թ. արձանագրությունը, չի հատկացնում 300000 դրամը (վերը նշված 7 գերատեսչությունները միասին պետք է հատկացնեին ընդամենը 2 միլիոն դրամ, ինչն անհրաժեշտ էր տեխնոլոգիան և մեքենայի աշխատանքը շահառուներին՝ գյուղացիներին, ցուցադրելու, դրա պահանջարկը ձևավորելու և հավաքը հանրապետությունում կազմակերպելու համար: Չունի՞ այդ գումարը, բայց սա զավեշտ է, երբ համադրում ես նախարարության իրավասության տակ գտնվող միլիոնավոր դոլարների վարկերը, դրամաշնորհները և «ջրային» խնդիրների աղետալի վիճակը:


Պարզվում է՝ ջրպետկոմը նույնպես ոչ միայն տեղյակ չէ 15.01.2018 թ. արձանագրության տակ իր դրած ստորագրությունից, այլև անտեղյակ է ջրային ռեսուրսների մասին բնապահպանության նախարարի փաստագրումից: Կառույցի նորանշանակ նախագահը նշված իրողություններին այդպես էլ չանդրադարձավ ոչ միայն Ազգային ժողովի լսումների, այլև նույն օրը երեկոյան Արա Աբրահամյանի հետ հեռուստատեսային հարցազրույցում: Նա խնդրի լուծումը տեսնում է բազմամիլիոն արժողությամբ իր նոր ծրագրերը ներդնելով: Այսպես, ոռոգման ջրի խնդիրը ինչ-որ չափով մեղմելու համար նա հետամուտ է Արարատյան հարթավայրում 24 խորքային հորեր վերագործարկելուն, որի համար կոմիտեին անհրաժեշտ է 666 միլիոն դրամ: Այս ծրագրի առավելությունը նրա «կասկածելի» լինելն է. ինչպե՞ս կարելի է մի քանի տարի առաջ ծախսելով նշանակալի ֆինանսական միջոցներ, ինչ-որ հիմնավորմամբ, փակել այդ հորերը ու հիմա, մի քանի տարի անց, մի այլ հիմնավորմամբ, ֆինանսական ավելի մեծ ծախսերի ներդրմամբ բացել դրանք, ստեղծել նորերը: Վերջապես, այդ հորերի ներդրման արդյունքում էլ ավելի է իջնելու հարթավայրի ստորգետնյա ջրերի մակարդակը, ինչը բնապահպանների հավաստմամբ, նպաստելու է արդեն առկա անապատացման երևույթների հետագա աճին:


Որպես խնդրի հեռանկարային լուծում ջրպետկոմի նախագահը նշում է Սև ջուր գետի մակարդակի բարձրացումը, որը կտևի մոտավորապես 10 տարի, իսկ թե դա ինչ կարժենա, ինքն առայժմ չգիտի: Ինքը չգիտի նաև, թե այդ տարիներին գյուղացին որտեղից պետք է վերցնի ոռոգման ջուրը, որքա՞ն կավելանա Սևանից ջրառը՝ նկատի ունենալով բնապահպանության նախարարի հայտարարած մոտակա հեռանկարում ջրի պահանջարկի ավելացումը և բնապահպանների հավաստիացումները ջերմային ֆոնի բարձրացման, տեղումների նվազման մասին: Ապշել կարելի է. ոլորտի պատասխանատուն գիտի՞, թե՞ չգիտի ջրի ահռելի, չօգտագործված ռեսուրսների մասին, գիտի՞ իր ներկայացուցչի կողմից այդ ռեսուրսների օգտագործման կոնկրետ քայլերի՝ 15.01.2018 թ. ստորագրած արձանագրության մասին, բայց նա համակ լռություն է (այդպիսի բան չի եղել) ու խոսում է միլիոնավոր դոլարների արժողությամբ ծրագրերի մասին, այն դեպքում, երբ մեր առաջարկած, իր ներկայացուցչի կողմից 15.01.2018 թ. ստորագրությամբ ընդունված ծրագիրը ոչ թե փող է ուզում, այլ ներքին ռեսուրսների կենտրոնացում՝ մակերևութային ջրերի, առկա տեխնիկական միջոցների օգտագործմամբ հենց առաջին տարում, միայն խոտի բերքի աճից հանրապետությունը կստանա 100 միլիոն դոլարի մաքուր օգուտ (այս հաշվարկը կառավարությունում է):


Մտահոգված այս անհեթեթ իրավիճակով՝ ես նորից դիմում եմ վարչապետի աջակցությանը: Ահա այդ դիմումը.
ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին
«Գյուղատնտեսության մեքենայացման ԳՀԻ»-ի նախկին տնօրեն Ստյոպա Խոյեցյանից

Սևանից ջրառը խիստ սահմանափակելու օգոստոսի 6-ի կառավարության նիստում Ձեր հանձնարարականի մասին

ՀԱՐԳԵԼԻ ՊԱՐՈՆ ՎԱՐՉԱՊԵՏ
«Ջրպետկոմի» նախկին նախագահ Արսեն Հարությունյանի հավաստմամբ՝ հանրապետության տարածքով մի տարվա հաշվով անցնում է 8 միլիարդ խորանարդ մետր ջուր, որի հիմնական մասը անձրևաձնհալ ջրերն են: Բնապահպանության նախարարի հավաստմամբ՝ մեր գյուղատնտեսությանը բավարար է 2 մլրդ խորանարդ մետրը: ՈՒրեմն մենք ջրի կարիք չունենք և Սևանն էլ կարող ենք հանգիստ թողնել: Բայց ջրի այդ քանակից մենք ամբարում ենք 1-1,2 մլրդ խմ, մնացածը «փախչում է» հարևան երկրներ: Ամբողջ ջուրը ամբարելու համար պետք է մոտ 15 միլիարդ դոլար, որը չունենք: Նշեմ նաև, որ ջրամբարների օգտակար գործողության գործակիցը ցածր է՝ մոտ 40 տոկոս, խնդրահարույց է նրանց շահագործումը սեյսմիկ անվտանգության տեսակետից: Նշանակում է, առկա իրողություններով առաջիկա տարիներին ևս մենք չենք կարող գյուղը ապահովել ոռոգման պահանջվող ջրաքանակով: Համայնքների կեսից ավելին, նույն նախագահի հավաստմամբ, խմելու ջրի խնդիր ունի՝ ցամաքել են ստորգետնյա աղբյուրները, որովհետև հողը պնդացել է և մակերևութային ջրեր չեն ներծծվում: Խիստ իջել է նաև Արարատյան հարթավայրի ստորգետնյա ջրերի մակարդակը: Համայնքների նշանակալի մասում որպես ոռոգման ջուր օգտագործում են կոյուղաջրերը: Հավատում եմ, որ այս ամենի մասին Դուք ավելին գիտեք:


Բայց Դուք չգիտեք, որ մեր գիտնականները ստեղծել են հակամիջոցները՝ տեխնոլոգիա և մեքենա (հաջողությամբ փորձարկել ենք Լոռվա արոտներում), որը թույլ է տալիս վերը նշված «փախչող» ջրաքանակը «պահ տալ» մեր արոտներին, անջրդի հողերին, մեծացնել հողի խոնավությունը և ստեղծել նոր իրավիճակ վերը նշված խնդիրները լուծելու, ինչպես նաև երաշտը, տարածքային հրդեհները, ջրհեղեղները կասեցնելու, բնական կերահանդակների բերքատվությունը բազմապատկելու բնագավառներում:
Նախորդ կառավարությունում դա հասկացան, և այս տարվա հունվարին 4 նախարարությունները, ջրպետկոմի հետ, որոշեցին քայլ կատարել այդ ուղղությամբ: Ցավոք, ձերոնք չեն ուզում կատարել հաջորդ քայլը: Պատճառները չեն ասում:
Խնդրում եմ Ձեր աջակցությունը և, եթե հնարավոր է, Ձեր հանձնարարականը՝ ինձ ընդգրկել խնդրի լուծման հաձնաժողովում:
Հարգանքներով՝ Ս. Խոյեցյան (Երևան-33, Ավետ Ավետիսյան 23, բն. 9 , հեռ. 091-314943) :
Հ. Գ. Կառավարություն ուղարկված հաշվարկի համաձայն, նորույթը ներդնելով, միայն խոտի բերքի աճից տարեկան կունենանք 100 միլիոն դոլարի մաքուր օգուտ:

Առդիր խնդիրը մանրամասնող «Ով ականջ ունի, թող լսի» հոդվածը

ՈՒ ստանում եմ պատասխանը. ջրպետկոմից ինձ հայտնում են, որ կուզենային հարցը համատեղ քննարկել (ինչին ես հայտնում եմ իմ պատրաստակամությունը), բայց հետո փոշմանում են ու կոմիտեի նախագահի ստորագրությամբ, տառացիորեն 5 տող գրությամբ պատասխանում, որ իրենք շատ են սիրում գիտական նորույթները և պատրաստ են աջակցելու, բայց ինչ կարող են անել, եթե կառավարությունը իրենց չի աջակցում: Թվում է, թե այս պատասխանից առաջ իրենք դիմել են կառավարությանը՝ հիմնավորել խնդիրը, սակայն ստացել են 15.01.2018 թ. արձանագրությամբ պայմանավորված իրենց փայաբաժին 300 000 դրամի մերժումը: Բայց ոչ, ոչ մի հիմնավորում էլ իրենք կառավարություն չեն ներկայացրել: Փաստորեն, ուղարկած պատասխանով, վարչապետի բնորոշմամբ ոչ միայն ինձ են «ցրում», այլև հանցակից են դարձնում կառավարությանը;
Գրեթե նույն ցրողական պատասխանն եմ ստանում նաև գյուղնախից. այս գերատեսչությունը տարիներով մեր նորույթի ջատագովն էր, այդ թվում նաև պաշտոնական գրություններով, հաստատում է 15.01.2018 թ. արձանագրության առկայությունը, 2 մլն դրամ աջակցություն խնդրելու, մերժվելու փաստը, ու հիմա ինձ հանձնարարում է սեփական նախաձեռնությամբ վարկ վերցնել և ինքնուրույն լուծել խնդիրը:


Սա արդեն համաշխարհային մասշտաբի հայկական գյուտն է. կենսական նշանակությամբ համապետական խնդիրները լուծում են մասնավոր անձինք՝ տները գրավ դնելով, վարկ վերցնելով, իսկ կառավարությունը (գյուղնախը) 60 մլն դոլար վարկային ծրագրով «հաջողացնում է» կարճ ժամանակում արոտների տարածքը կրճատել 60 հազար հեկտարով, մսի գինը հասցնել աննախադեպ բարձր ցուցանիշի, կաթ արտադրողներին ստիպել իրենց արտադրանքը, ի նշան բողոքի, շաղ տալ Հանրապետության հրապարակում: Այս պատասխանի զավեշտը նաև այն է, որ գյուղնախարարը դիմում է իր ենթակայության հիմնադրամի տնօրենին ֆինանսական աջակցության հայցով, ու փաստորեն ինքն իրենից բացասական պատասխան է ստանում: Հիմնադրամում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին մանրամասն գրել եմ «Գյուղնախի ԾԻԳ-ը վերադառնում է, որ ի՞նչ անի («Իրատես», թիվ 11, 2017 թ.) հոդվածում: Նշեմ դրանցից միայն երկուսը. 60 միլիոն դոլար վարկային ծրագրի 69,5 տոկոսը հատկացվել է արոտների կառավարմանը, այն դեպքում, երբ իրական կառավարիչը՝ հովիվը, բոլորից լավ գիտի, թե երբ և ուր պետք է տանել նախիրը, որ արոտը քիչ վնասվի, ու վարձատրվում է անասնատերերի կողմից: Հաջորդ կոռուպցիոն ռիսկը արոտներում տավարին ջուր հասցնելու միլիոնավոր դոլարների արժողությամբ շինծու նախագծերն են՝ մի քանի մետր խորությամբ, տասնյակ կիլոմետրերով, երբեմն ժայռափոր ջրագծերով, որոնց ջրի մատուցման հնարավորությունները, տեղումներով պայմանավորված, ռիսկային են, և որոնք, սակայն, հաշվարկվել են «որքան թանկ, այնքան լավ» (երևի գիտեք՝ ում համար լավ) սկզբունքով: Մինչդեռ հարյուրապատիկ էժան, ռիսկերից զերծ լուծումները շարժական, ջրխմոցներով կահավորված, տրակտորային ագրեգատներով, նույնիսկ ուշադրության չեն արժանանում: Լավ, ի՞նչ անենք, համակարգը որոշումներ է ընդունում ու իսկույն մոռանում, ստացված պատասխանները ցրողական են, չինովնիկները խուսափում են առերես հարցերը քննարկելուց, թալանը, որքան ես եմ հասկանում, շարունակվում է, մենք փորձում ենք հոդվածներ գրելով բացահայտել խնդիրները, բայց ոչ մի արդյունք, ոչ մի պաշտոնական արձագանք: ՈՒ հանրության շրջանում կաթիլ առ կաթիլ գումարվում է նեգատիվը համակարգի նկատմամբ: Ի՞նչ է, հաջորդ հեղափոխությու՞նն ենք նախապատրաստում: Մի՞թե չի կարելի պարզ հայերենով բացատրել, արձագանքել, թե ինչու են մերժվում երկրին միլիոնավոր դոլարների օգուտ բերող տեխնոլոգիան և մեքենան, թե՞ դուք ունեք այլընտրանքային լուծում: Չունեք: ՈՒրեմն ո՞րն է խնդիրը: Թվում էր, թե գոնե հիմա մենք լսելի կլինենք: Ցավոք, համակարգը անդրդվելի է: Նա ցնծության աղաղակներով ողջունում է «սիրո ու համերաշխության մթնոլորտը», բայց, ըստ էության, գործում է նախորդ տարիների իներցիայով՝ «ո՞րն է իմ շահը» ազգակործան սկզբունքով: Իսկ պատասխանի մեջ «իր շահի» աղբյուրը նա տեսնում է վարկային, դրամաշնորհային, բյուջետային միջոցների ատկատավորման, թալանի մեջ, երբ առանց քրտինք թափելու, թուղթ ու գիր անելով, կարելի է միլիոններ վաստակել: Ի՞նչ շահ ունեն իրենք Խոյեցյանի ներկայացրած տեխնոլոգիայի ու մեքենայի ներդրումից: Ավելին, այդ ներդրումը կխանգարի իրենց վարկային նոր ծրագրերը կյանքի կոչելուն՝ որտեղ փողն է, մնացածը տեխնիկայի հարց է:
Առջևում 2019 թվականն է, ու ամենայն հավանականությամբ, մենք նորից տեսնելու ենք ջրի խնդրով պայմանավորված այս տարվա պատկերները:
Իսկ 8 միլիարդ խորանարդ մետր ջուրը՝ այս տարածքում հարատևելու մեր հիմքը, մեր մեծ հարստությունը «փախչում է» հարևան երկրներ՝ իր հետ տանելով նաև մեր հողերի հումուսը, բարգավաճ երկիր ունենալու ակնկալիքները:

Ստյոպա ԽՈՅԵՑՅԱՆ

Դիտվել է՝ 2681

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao