USD484.70
EUR549.12
RUB7.29
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Քարոզարշավից «հինգ րոպե պակաս»

Քարոզարշավից «հինգ րոպե պակաս»
20.11.2018 | 02:24

ՈՒ սա դեռ սկիզբն է։ Մոդելավորվա՞ծ է այն։ Ե՛վ այո, և՛ ոչ։ Խնդիրը կրկին առնչվում է ՀԱՊԿ զարգացումներին, Հայաստան-Բելառուս-Ղազախստան օրերս ծավալված ծանր բանավեճին։ Ռուսաստանի մոդերատորությամբ։


Մինչ կանցնենք առաջ, միանշանակ փաստենք՝ անթույլատրելի ու դատապարտելի է Բելառուսի պահվածքը՝ բոլոր մակարդակներում. Լուկաշենկոյի՝ Ադրբեջանի դեսպանի առաջ կքած «զեկուցելու», ինչ է թե՝ Ալիև կրտսերը պետք է Մինսկ կատարած այցի ժամանակ «Պոլոնեզ» ու անօդաչու սարքեր գնի Բելառուսից։ Դատապարտելի է ՀԱՊԿ «գործընկեր» Բելառուսի արարքը եռակի և քառակի այն պարզ պատճառով, որ ՀԱՊԿ ռազմական կառույցի միավոր Բելառուսը զենք է վաճառում հակամարտության «գոտու» երկրներից մեկին, ընդ որում՝ ոչ ՀԱՊԿ անդամի։ Ավելին, նույն Բելառուսն է մշակում նախագիծը՝ Ադրբեջանը ՀԱՊԿ դիտորդ անդամ դարձնելուն առնչվող։


Բելառուսի արարքը դատապարտելի է նաև միջպետական գործընկերային սուբորդինացիան խախտելու առումով. չի կարելի խոսել միջազգային էթիկայից՝ ամենակոպիտ ձևով խախտելով այդ էթիկան՝ ռազմական կառույցի գաղտնիքները հրապարակայնացնել մեկ այլ երկրի «ճ» կլասի պաշտոնյայի մոտ, այն տալ ԶԼՄ-ների բերանը՝ որոճալու համար, հետո էլ ընդամենը ԱԳՆ մամլո խոսնակի մակարդակով պատասխանել այդ երկրի ղեկավարին, գործընկերոջը։
Այստեղ ձգենք պաուզան, ասելու, որ Փաշինյանը «ճշտով» կարող էր արձագանքել Բատկայի ու Նազարբաևի անթույլատրելի պահվածքներին, որոնք ո՛չ դիվանագիտական, ո՛չ էլ որևէ վարքականոնում չեն տեղավորվում, բացի Ռուսաստանի հեռահար, թաքուն, բոլոր կողմերին տաքացնող ծրագրերից։ Այն պարզ պատճառով, որ երբ երկու կողմը կռվում է, երրորդը շահում է։ Որպես «արբիտր»։


Գաղտնիք չէ, ասել ենք՝ փողոցից, այսպես ասած՝ գունավոր-թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության եկած նոր լիդերի համար այդ կառույցում ոչ միայն նեղվածք է, այլև աթոռ չկա նստելու, ճաշի ու ընթրիքի հրավերներ՝ նույնպես։ Մանավանդ, երբ այդ լիդերը իր «նախորդ»՝ ընդդիմադիր-փողոցային կյանքում, հեղափոխության շահառու յուր «նապարնիկների» հետ, «ֆուկ» էր անում թե՛ ՀԱՊԿ-ը, թե՛ ԵԱՏՄ-ն, թե՛ պարոն Պուտինին, «երեսուն տարվա» նախագահ Լուկաշենկոյի ու Նազարբաևի մասին էլ չարժե անգամ հիշել։
Չի ներել ու չի ներելու Ռուսաստանը հայաստանյան նորօրյաներին։ Չի հավատալու, չի վստահելու։ Մեկընդմիշտ։ Չնայած հանուն արդարության պետք է արձանագրել, որ Փաշինյանի՝ Լուկաշենկոյից ու Նազարբաևից բացատրություն պահանջելու հայտարարության նախօրյակին ՀՀ վարչապետը հեռախոսազրույց էր ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, և չենք բացառում, որ առերևույթ գուցե թե Ռուսաստանը որոշակիորեն համաձայն եղած լինի Փաշինյանի հետ՝ փակ ակումբի գաղտնիքները հրապարակայնացնելու անթույլատրելիության մասով։ Սակայն չմոռանանք՝ ՀԱՊԿ-ում ստեղծված առկա վիճակը ձեռնտու է բացառապես Ռուսաստանին՝ ոչ միայն «արբիտրության», այլև որ՝ իր ԺՊ-ն Հայաստանի ու Բելառուսի փոխարեն մեկուկես տարի կղեկավարի ՀԱՊԿ քարտուղարությունը։
Ընդ որում, դեկտեմբերի 6-ի ԵԱՏՄ գագաթնաժողովում հենց այդպիսի լուծումն է ամենահնարավորը։


Անդրադառնանք նաև հայաստանյան կողմի պահվածքին. դեֆոլտ, ինչպես բոլոր մնացած դեպքերում, այլ բառով չես բնորոշի։ Զգայական, հեղափոխական էյֆորիայի արտածում՝ նաև այս խնդիրների վրա, սկսած Խաչատուրովի հետկանչման «մեխանիզմից», վերջացրած ՀԱՊԿ-ի հեղինակության, այնտեղ ևս, ինչպես Հայաստանում, խառնաշփոթ ստեղծելուց, նույնական մեթոդոլոգիայով առաջնորդվելուց, դիվանագիտական խաղի կանոնները խախտելուց։

Որովհետև, և ի վերջո, չի կարող Փաշինյանը շրջափակել ՀԱՊԿ կառույցը՝ յուր ագորայով և պահանջել՝ ընդունել իրեն հաճո, պետքական որոշումը։ Այս դեպքում խելք, վարվելաձև, փորձ, դիվանագիտական ունակությունների համալիր կոմպլեքս էր պետք։ Չկա՛։
Այնքան չկա, որ խնդիրները, որոնք կարելի էր այլ ձևերով լուծել, հաթաթայի, մատ թափ տալու, «ասֆալտին փռելու» տարբերակով են կրկին լուծվում, ինչի արդյունքն էլ նախընտրական այս փուլում Փաշինյանի՝ արտքաղաքական-դիվանագիտական ոլորտում կրած աներկբա ֆիասկոն է։
Այս ամենի շարունակությունը կդառնա դեկտեմբերի 6-ի հաստատապես ոչ հայաստանանպաստ որոշումը, որը ևս մեկ նահանջի «կանգառ» կարձանագրի նորօրյա Հայաստանի և նրա դիլետանտ իշխանությունների համար։
Ընդ որում՝ խիստ հաշվարկված ու մտածված, որովհետև ասել ենք՝ դրան հաջորդելու է Միլանում տեղի ունեցող հակամարտող երկրների արտգործնախարարների՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը։
Իսկ հաշվարկված, որովհետև հաջորդ փուլում արդեն ընտրված, պառլամենտական մեծամասնություն ունեցող Փաշինյանի համար վեր է հառնելու Ղարաբաղյան խնդիրը՝ ողջ հասակով մեկ, ինչը պարոն Բոլթոնը բնորոշել էր մեկ բառով՝ «վճռական»։
Ափսոս, որ հայոց իշխանությունների գլուխն անքան խառն է ընտրություններով ու իրենց վերարտադրությամբ, այդ թվում՝ խիստ էկզոտիկ համամասնական ցուցակով, որ նաև դրա գիտակցումը չկա։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1356

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao