Amadinda
 

Քաղաքացու օրվա կողքին արժեզրկվել է նաև Առաջին հանրապետության օրը

Քաղաքացու օրվա կողքին արժեզրկվել է նաև Առաջին հանրապետության օրը
31.05.2019 | 01:20

Մայիսի 28-ին Սարդարապատի բարձունքը ոչ թե հայրենիքի ու պետականություն կերտելու մասին էր հիշեցնում, այլ քաղաքական թատերաբեմի: Առաջին հանրապետության համար նահատակվածների հուշակոթողին ծաղիկ դնող պաշտոնյաներն ու քաղաքական գործիչներն արարողակարգային «պարտքը կատարելուց» հետո հայտնվում էին լրագրողների շուրջկալում և խոսում կեղծ ու օտար խաղերից՝ մոռանալով, թե ինչի համար են հավաքվել:

Ակամա Սերժ Սարգսյանի` տոնը փչացնելու մասին խոսքը հիշեցի, բայց ի տարբերություն նախկին «փչացնողների», մերօրյա տոն «փչացնողները» քաղաքական դաշտի սև ու սպիտակ խաղացողներն են: Ինչ հանցանքի մեջ էլ մեղադրվի պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանը, ողջունելի էր նրա՝ Եռաբլուրում ցուցաբերած վարքագիծը, երբ լրագրողների հարցերին ի պատասխան ասաց՝ քաղաքական հարցեր քննարկելու համար հարմար վայր չեք ընտրել: Եթե խորհրդարանում մանդատ չունեցող ուժերի դեպքում, ինչ-որ տեղ, ընկալելի է տեսախցիկներ տեսնելուն պես ամեն ինչից խոսելը, ապա գոնե իշխանության ներկայացուցիչները պետական ու ազգային տոների ժամանակ պետք է զսպվածություն ցուցաբերեն, միմյանց վրա ցեխ չշպրտեն, խոսեն օրվա խորհրդից, հայրենասիրության դաս տան, երկրի սահմաններին տեր լինելու զգացումն արթնացնեն Հայաստանի «հպարտ քաղաքացիների» մեջ: Այնպիսի տպավորություն էր, թե ոչ աշխատանքային օրով նրանք հազիվհազ հասել էին Սարդարապատ ու ժամերն էին հաշվում, թե երբ են հետ գնալու: Ես, իհարկե, ըմբռնումով եմ մոտենում, որ նոր իշխանությունների համար ամենակարևոր տոնը Քաղաքացու օրն է (դեռ փառք տանք աստծուն, որ «նոր» Հայաստանի օր չեն հռչակում), բայց դարեր ի վեր պետականություն չունեցած ազգի համար մայիսի 28-ը պետք է վերարժևորման, գիտակցման, միմյանց սիրելու, ձեռք ձեռքի տալու ու դեպի ապագան նայելու օր լինի: Եվ եթե Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձներ չստանալը նախորդ տարի կառավարությունը մեկնաբանել էր, թե միջազգային հանրությունը Հայաստանի անկախության տոնը ասոցացնում է սեպտեմբերի 21-ի հետ, ապա այս տարի որևէ մեկը շնորհավորանքի ակնկալիք չուներ էլ: Մեկ կամ երկու երկիր էին շնորհավորել Հայաստանին, իսկ օրինակ մեր հարևաններ Վրաստանն ու Ադրբեջանն օրեր շարունակ շնորհավորական ուղերձներ էին ստանում աշխարհի ամենատարբեր երկրներից: Մեկ տարվա մեջ, փաստորեն, նոր կառավարիչները դիվանագիտական առումով քայլ առաջ չեն գնացել, արտասահման այցերի ժամանակ խոսել են միայն «թավշյա հեղափոխությունից»՝ ստվերելով թե՛ Հայ դատի հիմնախնդիրը, թե՛ Առաջին հանրապետության հռչակումը և կարևոր այլ իրադարձություններ:


Սարդարապատի բարձունքում իշխանության ներկայացուցիչներից թերևս միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Առաջին հանրապետության նվիրյալներից: «Ասկետի կյանքով ապրած Արամ Մանուկյանի կերտած հայրենիքում տեղ չունի կոռումպացված ու ծախու պաշտոնյան»,- ասաց նա: Հետաքրքիր է՝ Արամ Մանուկյանը կպատկերացնե՞ր, որ իր ազգանվեր գործի կողքին երբևէ կհիշատակվի կոռումպացված պաշտոնյան: Հետաքրքիր է՝ հայրենիքի ա՛յս օրվա համար սեփական կյանքը չխնայած մարդիկ կմտածեի՞ն, որ իրենց հիշատակի օրը կփոշիանա քաղաքական դաշտի նորեկ խաղացողների թեթև ձեռքով ու անմեկնելի բառապաշարով:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 763

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
«Արաքս Դավթյան-70». հոբելյանական համերգ