«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Քանի մարդու է պարտական

Քանի մարդու է պարտական
04.06.2019 | 02:08

Հայաստանի քաղաքական դաշտի խնդիրներից մեկն էլ այն է, որ շատերը մոռանում են, թե ժամանակին ում հետ են «տվել-առել» և ինչի են հասել նախկին իշխանությունների ժամանակ։ Սա կարելի է համարել քաղաքական ամնեզիա։ Սակայն առավել տհաճ է, երբ նոր եկած իշխանության ժամանակ ամեն ինչ անում են, որ տպավորություն ստեղծվի, թե նրանց դաշտում են խաղում։ Բայց անցած ճանապարհից չես կարող հրաժարվել, հիշեցնողներ միշտ կլինեն։ Այդպիսի անհեթեթ վիճակում օրերս հայտնվեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որի ողջ քաղաքական և բիզնես գործունեությունը կապված է նախկին իշխանությունների հետ, սակայն այսօր նա հայտարարում է. «Ինձ ոչ մեկը չի աջակցել, ես ոչ մեկի առաջ պարտավորություն չունեմ»։ Կա՞ Հայաստանում մեկը, որ կհավատա, թե նախկին իշխանությունների օրոք մարդն իր ուժերով, անգամ խելքով (Ծառուկյանի խնամին էր, չէ՞, ասում, որ քաղաքականության համար խելք պետք չէ) կարող էր հսկայական կապիտալ կուտակել, լինել այնպիսի կուսակցության ղեկավար, որը մշտապես խորհրդարանում իր տեղն է ունեցել։ Ծառուկյանն ուզում է ասել որ այս ամենին ինքնուրու՞յն է հասել։ ՈՒրեմն թող պատասխանի նաև հարցին՝ ինչի՞ հաշվին։


Մենք «քրքրեցինք» Ռոբերտ Քոչարյանի գիրքը, և ահա թե ինչ է գրում նա Գագիկ Ծառուկյանի մասին։ «ԲՀԿ-ն ի հայտ էր եկել մի քանի տարի առաջ, սպորտի և երիտասարդության՝ քաղաքական գործունեության հակված նախարար Իշխան Զաքարյանի նախաձեռնությամբ։ Հենց նա էր զբաղվել կուսակցության ձևավորմամբ սկզբնական փուլում, թեև այն ժամանակ կառույցն այլ անվանում ուներ։ Կազմակերպչական ունակություններին տիրապետող Զաքարյանը կարողանում էր գրավել ու տրամադրել մարդկանց, ստեղծել և պահպանել թիմը։ Քանի որ կուսակցության ձևավորման ակունքներում նախարար էր կանգնած, անմիջապես խոսակցություններ սկսվեցին, որ դա նախագահական վարչակազմի նախագիծն է, և կուսակցությունը ստեղծվում է ինձ համար։ Ապագա կուսակցության կառույցների ստեղծման ակտիվ փուլում Զաքարյանը ընդունելություն խնդրեց։ Ասաց, որ հետագա աշխատանքը զգալի ծախսեր է պահանջում, ուստի կցանկանար ֆինանսավորման համար ներգրավել Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ խոշոր գործարարի, որը հեռու էր քաղաքականությունից, և որի հետ նրան կապում էին ընտանեկան հարաբերությունները։ Զաքարյանը ցանկանում էր իմանալ՝ դեմ չե՞մ լինի այդ քայլին»։ Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանի «դաբրոյով» Գագիկ Ծառուկյանը կուսակցության տեր է դառնում, որի ծրագիրը, ինչպես ժամանակին բոլորն էին փաստում, գրել էր նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը։ Իսկ հիմա Ծառուկյանն ասում է, թե ոչ մեկին ոչ մի բան պարտք չէ։ Անշուշտ, Ռոբերտ Քոչարյանը խնամքով թաքցրել է Գագիկ Ծառուկյանի բիզնես գործունեությանն առնչվող ուշագրավ դրվագներ, որովհետև այդ պարագայում գուցե անհարմար բան ստացվեր երկուսի համար էլ, սակայն կան մարդիկ, որոնք անմիջական մասնակից են եղել, թե ինչպես են բիզնեսներն ու գործարանները բաժանվել։ Այդ մասին Սերժ Սարգսյանն էլ կփաստի, եթե ինքն էլ որոշի գիրք գրել։ Այնպես որ, թող գլուխ չգովի Ծառուկյանը. նախկին իշխանությունները ոչ մեկին հենց այնպես կուսակցություն կամ բիզնես չեն բաշխել։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 982

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao