ՈՒԵՖԱ-ի աջակցությամբ ՀՀ մարզերում 76 մարզադաշտ կկառուցվի

ՈՒԵՖԱ-ի աջակցությամբ ՀՀ մարզերում 76 մարզադաշտ կկառուցվի
05.09.2019 | 22:15

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստան ժամանած ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը։ Վարչապետը ողջունել է պարոն Չեֆերինին և կարևորել ՀՖՖ-ի և ՈՒԵՖԱ-ի միջև սերտ ու արդյունավետ համագործակցությունը՝ ի նպաստ Հայաստանում ֆուտբոլի զարգացման: Նա ընդգծել է Հայաստանում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ՈՒԵՖԱ-ի աջակցությունը և նշել, որ դրա արդյունքում երկրում իրականացվում են ֆուտբոլի մասսայականացմանը միտված մի շարք ծրագրեր: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Չեֆերինի այցը կնպաստի ՀՖՖ-ի հետ փոխգործակցության նոր ծրագրերի քննարկմանն ու իրականացմանը, այդ թվում՝ Հայաստանում ազգային մարզադաշտի կառուցման ուղղությամբ:


Ալեքսանդր Չեֆերինը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության և ֆուտբոլի զարգացումը ուշադրության կենտրոնում պահելու համար: ՈՒԵՖԱ-ի նախագահը գոհունակություն է հայտնել ՀՖՖ-ի գործընկերների հետ համագործակցությունից և նշել, որ իր գլխավորած կառույցը շարունակելու է նպաստել Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը, այդ թվում՝ ենթակառուցվածքների բարելավմանը: ՈՒԵՖԱ-ի աջակցությամբ նախատեսվում է այս տարի Հայաստանի մարզերում կառուցել արհեստական խոտածածկով 76 խաղադաշտեր, ՀՖՖ-ին ապահովել անհրաժեշտ մարզագույքով, ծրագրեր իրականացնել ֆուտզալի և կանանց ֆուտբոլի զարգացման ուղղությամբ:


ՈՒԵՖԱ-ի նախագահը նշել է, որ ժամանակակից աշխարհում ֆուտբոլը դարձել է տնտեսության առանձին ճյուղ, որտեղ շրջանառվում են հսկայական ֆինանսական միջոցներ: Զրուցակիցները համակարծիք էին, որ ֆուտբոլը մեծ դեր ունի սոցիալական կյանքում, ժողովուրդներին համախմբելու և միավորելու գործում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՖՖ-ի և ՈՒԵՖԱ-ի համագործակցությամբ առաջիկայում նախատեսվող նախագծերին վերաբերող մի շարք այլ հարցերի: Ալեքսանդր Չեֆերինը Նիկոլ Փաշինյանին է նվիրել ֆուտբոլային գնդակ:

Դիտվել է՝ 195

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao