Մխիթարյան. Ես հեռացել եմ Անգլիայից և չեմ ուզում խոսել Անգլիայի մասին

Մխիթարյան. Ես հեռացել եմ Անգլիայից և չեմ ուզում խոսել Անգլիայի մասին
11.09.2019 | 12:33

Երեկ Հռոմում տեղի ունեցավ «Ռոմա» ակումբին միացած Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մամլո ասուլիսը: «Երջանիկ եմ, որ այստեղ եմ, «Ռոմա» տեղափոխվելուս նախորդող շրջանը ծանր էր ինձ համար: Ես նոր էջ եմ բացում, գիտեմ, թե որ թիմ եմ եկել, գիտեմ գոլերի գինն այս թիմի համար և ամեն ինչ կանեմ այդ գոլերն ապահովելու համար», - ասել է 30-ամյա Մխիթարյանը:


«Այսօր առաջին անգամ հանդիպեցի թիմակիցներիս, մարզչին, կարող եմ փաստել, որ «Ռոմա»-ն փայլուն ապագա ունի», - նշել է Մխիթարյանը:
Իտալիայի պարբերականների փոխանցմամբ՝ Հայաստանի հավաքականի կազմում Իտալիայի և Բոսնիա-Հերցեգովինայի ընտրանիների հետ հանդիպումներում Մխիթարյանի ցուցաբերած անձնական վարպետությունը ոգևորել է «դեղնակարմիրների» (giallorossi՝ այդպես են «Ռոմա»-ն անվանում մարզական մամուլում) երկրպագուներին:


Պատասխանելով հարցին, թե ո՞ր դիրքում կնախընտրի խաղալ, Մխիթարյանն ասել է, որ մեծ տարբերություն չկա՝ աջից, ձախից, թե հարձակվողների թիկունքից:
«Ես ինձ ավելի օգտակար եմ զգում, երբ օգնում եմ թիմին: Կարծում եմ, դա է իմ որակը՝ եզրից ներխուժել կենտրոն, կարծում եմ, այդպես օգտակար կլինեմ իմ թիմին», - ասել է Մխիթարյանը:
Եվրո-2020-ի ընտրական հանդիպումներում նա մրցել է նաև Իտալիայի և Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականներում ընդգրկված «Ռոմա»-ի ֆուտբոլիստների հետ:
Մխիթարյանի փոխանցմամբ՝ ինքն արդեն այդ հանդիպումների մասին զրուցել է իտալացի Ալեսանդրո Ֆլորենցիի և բոսնիացի Էդին Ջեկոյի հետ: «Խոսեցինք որոշ դրվագների, գոլերի մասին, բայց հավաքականների հարցն արդեն հրատապ չէ, «Ռոմա»-ի առաջիկա հանդիպումներն են մեզ համար կարևոր», - նշել է հայ ֆուտբոլիստը:


Իտալացի լրագրողները հետաքրքրվել են, թե Մխիթարյանը կցանկանա վերադառնալ Պրեմիեր լիգա: «Ես հեռացել եմ Անգլիայից և այլևս չեմ ուզում խոսել Անգլիայի մասին, ուզում եմ ավելի կենտրոնանալ «Ռոմա»-ի և իտալական ֆուտբոլի վրա: Չեմ կարծում, թե սա նահանջ է, «Ռոմա»-ն մեծ թիմ է: Մտածում էի, որ գուցե լավ չեմ հարմարվում անգլիական ֆուտբոլում, ուստի, կարծում եմ, այս փոփոխությունը լավ է: «Արսենալ»-ում վերջին ամսին բավականություն չէի ստանում, այդ առումով լավ է, որ տեղափոխվեցի «Ռոմա», որ երջանիկ լինեմ և հաճույք ստանամ ֆուտբոլ խաղալուց», - ասել է Մխիթարյանը:
Ասուլիսում անդրադարձ է եղել քաղաքական հարցերին: Մխիթարյանը «Արսենալ»-ի կազմում չի մեկնել Բաքու, որտեղ իր թիմը Եվրոպայի լիգայի եզրափակիչում զիջել է «Չելսի»-ին: Եվրոպա լիգայի նոր մրցաշրջանում «Ռոմա»-ի մրցակիցներից մեկը Ստամբուլի «Բաշակշեհիր»-ն է: «Ոչ մի խնդիր չի լինի: Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները նույնը չեն, ինչ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները: Ես երբեք դժվարություն չեմ ունեցել, երբ Թուրքիա եմ մեկնել նախապատրաստական հավաքների, Եվրոպա լիգայի կամ Չեմպիոնների լիգայի խաղերի համար», - ասել է Մխիթարյանը:

Դիտվել է՝ 304

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao