ReAnimania 2019
 

Պուտինը կգա միայն Գյումրի՞

Պուտինը կգա միայն Գյումրի՞
26.07.2019 | 00:25

Շատերի համար անսպասելի` Նիկոլ Փաշինյանը մեկնեց արձակուրդ: Եվ այն էլ` տասն օրով: Էներգետիկ վթարի, Իջևանի դեպքերի, ՍԴ-ի, արդարադատության ոլորտում առկա թնջուկի, տարածաշրջանային զարգացումների խիստ «դինամիկ» ֆոնին արձակուրդի մեկնելը, երբ Երևանում անգամ աղբի խնդիրը չի լուծվում, նման է «ժանտախտի ժամանակ տոնախմբության»։ Հանգիստը, անշուշտ, մեկնողի սահմանադրական իրավունքն է, սակայն, սեփական հանգստի մասին մտածելուց առաջ, պետք էր նաև մտածել` ինչ ես թողել քո հետևում:


Իսկ հետևում թողնվածը չափազանց անմխիթարական է բոլոր առումներով, և ոչ միայն այն պատճառով, որ արտագաղթը նոր թափ է հավաքել, ռեժիմին անհաճո որոշ տնտեսավարողներ հետապնդվում են ճկուն տեմպերով, որ սեփական թիմը փորձում է ամեն կերպ կյանքի կոչել Ստամբուլյան կոնվենցիան, այլև այն պատճառով, որ հասարակության բևեռացումը վտանգավոր չափերի է հասնում, ինչն էլ հղի է անչափ հեռուն գնացող հետևանքներով (տես` Իջևանի դեպքերը):


Արձանագրենք` հասարակության բանակների բաժանման պիկը կհանդիսանա Ստամբուլյան կոնվենցիան, որն ամեն գնով փորձում են ընդունել իշխանությունները, անում ամեն ինչ, առաջին հերթին ՍԴ-ի, Հրայր Թովմասյանի շուրջը սեղմելով աղեղը:
Ընդ որում, ոչ երկար մտորումն իսկ բերում է այն եզրահանգման, որ Ստամբուլյան կոնվենցիան, բացի փողի «աղբյուր» լինելուց, հայոց մենթալ պլանն ու հոգին սորոսաձև դարձնելուց զատ, ունի հենց այդ հույժ «անհրաժեշտ» կարևորությունը. բաժանել, տրոհել, բզիկ-բզիկ անել հանրությանը, կամազրկել, վերահսկել այն:
Չմոռանանք. քաղաքական ուժերը, հատկապես ոչ խորհրդարանական ընդդիմությունը լրջագույն պատրաստությունների մեջ են` աշնանն ընդառաջ։ Մեր տեղեկություններով` բողոքի ցույցերի համաժամանակյա ակցիաները անկանգ ընթացքով բախելու են իշխանության դուռը, որպես նոր իրավիճակի սկիզբ։ Չմոռանանք նաև, որ հոկտեմբերին Հայաստան է ժամանելու Վլադիմիր Պուտինը, որի ադմինիստրացիայի անթաքույց պայմանն է` ՌԴ նախագահի ընկեր Ռոբերտ Քոչարյանին այդ ընթացքում ազատության մեջ տեսնել, էլ ավելի է ճկելու իրավիճակը Հայաստանում:


Ավելին` արդեն իսկ տեղեկություններ կան, որ Պուտինը ոչ միայն վայրէջք է կատարելու Գյումրիում, ուր տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան, այլև, «ըստ օդում կախված լուրերի», Երևան չի գալու, և հայաստանյան ղեկավարությունը Գյումրիում է «վայելելու» նրա ներկայությունը:
Քանի դեռ այս ամենը տեղի չի ունեցել, չհաշվենք` նշանային ինչ համակարգ է գործի դրվելու այս դեպքում, սակայն սկզբի համար նկատենք` ԱՄՆ-ի պետքարտուղար Փոմփեոյի շուրջբոլորը պտտվող, այդպես էլ նրան չհանդիպած ՀՀ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը, 9-հոգանոց անհասկանալի պատվիրակությամբ 12 օր ԱՄՆ-ում «վոյաժի» դուրս եկած ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խիստ «արդյունավետ» արձանագրեցին, որ տապալված է ՀՀ արտաքին քաղաքականությունը` ամերիկյան «գետնին» վրա: Հենց միայն այն պատճառով, որ Արարատ Միրզոյանի «հզոր» այցի օրերին ԱՄՆ-ը 100 միլիոն դոլարի զենք տրամադրեց Ադրբեջանին, իսկ Արարատ Միրզոյանն այնտեղ կմկմում էր` Իրանի համար մեզ մի պատժեք, է՛լի:


ՈՒ այս համատեքստում Փաշինյան Նիկոլը գնում է հանգստանալու: Նկատենք` դեռ չի ասվում` ուր: Նկատենք` նույն օրը նրա հետ հանգստի է մեկնել նաև կրթության և մի շարք այլ ոլորտների նախարար Արայիկ Հարությունյանը:
ՈՒ թե ելնենք կանխավարկածից, որ վերջին շրջանում Փաշինյան Նիկոլը շփվում է միայն Սորոսին շատ «հարազատ» Արայիկ Հարությունյանի հետ, ապա այդ հանգիստը հաստատապես կարող է հեռուն գնացող նշաններ ունենալ իր խորքում` նոր «քարտեզ գծելու», վերը նշված մարտահրավերներին դիմագրավելու առումով: Չնայած Նիկոլին այլևս ոչինչ ու ոչ մեկը չի կարող օգնել։ Մանավանդ որ իրեն ամենաշատ խանգարողը հենց ինքն է` իր մարդ-քաղաքական չգործիչ-չվարչապետ տեսակը:


Հա, ի դեպ, մեր տեղեկություններով, Գյումրիում հանգրվանելու պատրաստվող Վլադիմիր Պուտինն այդ օրերին նշանային մեկ այլ համազարկ էլ է հղելու հայոց իսթեբլիշմենտին, հանդիպելու է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, ցուցանելով, թե ում հետ է այլևս ցանկանում «խաղալ» Ռուսաստանը Հայաստանում:
Բա չհոգնի՞ Նիկոլը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3120

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao