Ինչի՞ց է մահացել Չինգիզխանը իրականում

Ինչի՞ց է մահացել Չինգիզխանը իրականում
16.02.2021 | 09:04

Եթե ավանդությունը ճիշտ է, Չինգիզխանի մահից հետո նրա գերեզմանը պղծվել է: Հազարավոր զինվորներ ձիերով կոխոտել են նրա շիրիմը՝ մինչև գերեզմանից հետք չի մնացել: Այդպես է ցանկացել մոնղոլ խանը, երբ մեռնում էր 800 տարի առաջ՝ անհետ կորչել մոլորակից, գրում է Ֆրանկ Թադեուշը Der Spiegel-ում:

Այդ ժամանակից բազմաթիվ հնագիտական արշավներ են մեկնել՝ գտնելու նրա գերեզմանը: Գիտնականները փորձել են նույնիսկ արբանյակներից արված լուսանկարներով գտնել՝ որտեղ է հուղարկավորվել զորավարը, բայց բոլոր փորձերն ապարդյուն են եղել: Մարմնի բացակայությունը ստիպել է մտածել մահվան պատճառների մասին: Տարածված տեսակետներից մեկն է, որ նա ընկել է ձիուց ու ներքին օրգանների մահացու վնասվածքներ ստացել՝ այդքան էլ փառավոր պատմություն չէ քոչվոր ժողովրդի առաջնորդի համար: Եվս մի վարկած կա, որ Չինգիզխանին ամորձատել է հարճերից մեկը, ու նա մահացել է արյունահոսությունից: Այնքան էլ հերոսական մահ չէ: Journal of Infectious Diseases-ում իտալացի պալեոպատալոգ Ֆրանչեսկո Գալասին ներկայացրել է այլ վարկած՝ Չինգիզխանը ժանտախտի զոհ է դարձել, որ հնձում էր նրա զորքը:

«Այդ տեսության օգտին է ավանդությունը, որ մինև մահը ութ օր նա բարձր ջերմություն է ունեցել: Այդ ախտանիշը և համեմատաբար արագ մահը համապատասխանում է ախտորոշմանը, որ մոնղոլ խանը այն ժամանակվա պանդեմիայի զոհ է դարձել: Արշավում հաղթանակը սպառնալիքի տակ չդնելու համար՝ նրա վիճակը գաղտնի է պահվել»՝ փաստարկում է Գալասին: Իտալացի գիտնականը ենթադրում է, որ Չինգիզխանի մահվան մասին հետագա միֆերը ստեղծվել են նպատակային՝ ուղղակի չէր կարող այնպես պատահել, որ մոնղոլների առաջնորդը հասարակ մահկանացուի պես մեռներ ինչ-որ խորհրդավոր հիվանդությունից, որը 18-րդ դարում անբուժելի էր:
Ֆրանկ Թադեուշ, Der Spiegel


Հ.Գ. Չինգիզխանի գերեզմանի մասին 17-րդ դարի ժամանակագիր Սագան Սացենը գրում է. «Նրա դիակը, ինչպես ոմանք ասում են, հուղարկավորվել է Բուրխան Խալդունում: Ուրիշներն ասում են, որ հուղարկավորել են Ալթայ խանի հյուսիսային լանջին, կամ Կենտեյ խանի հարավային լանջին, կամ՝ Յեխե-տեկում»: Չինգիզխանի գերեզմանի տեղը (մահացել է 1227-ին) մինչև այսօր հայտնի չէ: Մահից հետո նրա դին տեղափոխել են Մոնղոլիա, նրա ծննդավայրի մոտ՝ ժամանակակից Խենտեյ այմակի, նա հուղարկավորվել է Օնոն գետի մոտ: Մարկո Պոլոն և Ռաշիդ ադ Դինը, հաղորդել են, որ թաղման թափորը սպանել է իր ճանապարհին հանդիպող բոլոր մարդկանց, Գերեզմանափորներին սրատել են, հետո սպանել են գերեզմանափորներին սրատողներին: Չինգիզխանի դամբարանն Էջեն Խորոյում է, բայց դա նրա գերեզմանը չէ: Բանահյուսային վարկածներից մեկով նրա գերեզմանի վրա գետի հուն են փորել, որ հնարավոր չլինի գտնել (այդպես է հուղարավորվել և շումերական արքա Ուրուկա Գիլգամեշը): Սագան Սեցենը «Էրդենեյ տոբչի» (1662) ժամանակագրության մեջ հաստատում է, որ նրա Մոնղոլիա բերված դագաղը դատարկ էր: «Ալտան Թոբչին» (1604), վկայում է, որ Օրդոսում թաղվել են նրա վերնաշապիկը, վրանն ու ճտքակոշիկները: Լեգենդը վկայում է, որ Չինգիզխանի գերեզմանը բացվել է մահից 30 տարի հետո, խանի հետ թաղվել է ուղտի ձագ, և մայր ուղտի ճիչով ավելի ուշ գտել են նրա թաղման տեղը:


Բազում առասպելներից մեկն էլ վկայում է, որ Չինգիզխանն ունեցել է կապույտ աչքեր, եղել է բարձրահասակ և եվրոպեոիդի դիմագծերով: Եվս մի առասպելի համաձայն՝ սովետական հնագետները 1941-ի հունիսի 21-ին գտել են ու բացել են Չինգիզխանի դամբարանը, հաջորդ օրը սկսվեց հայրենական մեծ պատերազմը: Եվ դամբարանը ընդմիշտ փակել են:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 27485

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ