Ռուբեն Մելիքյան. Արսեն Բաբայանին ձերբակալելը Հրայր Թովմասյանի նկատմամբ տևական քաղաքական հետապնդման հետևանք է

Ռուբեն Մելիքյան. Արսեն Բաբայանին ձերբակալելը Հրայր Թովմասյանի նկատմամբ տևական քաղաքական հետապնդման հետևանք է
23.10.2019 | 01:01

Ես այն համոզման եմ, որ Արսեն Բաբայանի ձերբակալումն ապօրինի է՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Նրա խոսքով՝ մի քանի փաստարկ կա, որ ձերբակալությունն ապօրինի է, բայց մեկն ուղղակի անհերքելի է: «Արսեն Բաբայանը ձերբակալվել է պաշտոնեական կեղծիք հանցակազմով, որը, ըստ վարույթն իրականացնող մարմնի, կատարվել է 2018-ի մատին, իսկ 2018-ի հոկտեմբերին ընդունված համաներման ակտով ուղղակիորեն այդ հանցակազմը ներառվում է համաներման ներքո: Անկախ այն հանգամանքից՝ գործն ընթացք կստանա, թե ոչ, այդ հանցագործությունը կատարած անձը չի կարող ազատազրկման ենթարկվել առհասարակ»,- ասաց նա և հարց բարձրացրեց՝ այդ դեպքում ի՞նչ փախուստի վտանգի մասին կարող է խոսք լինել, եթե անձին փաստացի որևէ բան չի սպառնում: «Այս տեսանկյունից Արսեն Բաբայանի ձերբակալությունն ակնհայտ ապօրինի է: Եվ մեր մեջ պրակտիկա է ձևավորվել երկար ժամանակ, որ այն հանցակազմերով, որով անձը չի կարող փաստացի ենթարկվել ազատազրկման, որևէ պարագայում ուղղակի չէր կիրառվում ազատությունից զրկելու հետ կապված որևէ հարկադրանք»,- նշեց նա:


Մելիքյանի խոսքով՝ Արսեն Բաբայանի պարագայում ավելանում է նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ տևական քաղաքական հետապնդումը: «Այս քրեական գործն էլ է այդ հետապնդման շրջանակներում և իշխանության հերթական «առաքելությունն է», հերթական փորձն է մութ սենյակում գտնել սև կատու»,- հայտարարեց նա: Հարցին՝ Հրայր Թովմասյանի վրա ճնշումներ գործադրելու համա՞ր է օրենքը շրջանցելով ձերբակալվել Բաբայանը, նա նշեց, որ իր համոզմամբ՝ դա գործոններից մեկն է: «Գործոններից մեկն էլ կարող է այն լինել, որ փորձեն վախեցնել բոլոր նրանց, որոնք քննադատական վերաբերմունք ունեն իշխանությունների նկատմամբ: Փորձում են ասել, որ կարող են նրանց նման կամայականությունների ենթարկել, կարող է լինել և հավանական եմ համարում, որ փորձել են Հրայր Թովմասյանի դեմ ցուցմունք կորզել Բաբայանից, ինչը, սակայն, ճանաչելով նրան, բացառում եմ, որ կտա նման ցուցմունք: Հաջորդ նպատակը կարող է այն լինել, որ այդ մարմինները ցանկանում են քաղաքական ղեկավարությանը ցուցադրել, որ լուրջ գործով են զբաղված և ամեն ինչ փորձում են անել քաղաքական իշխանության հրահանգները կամ ցանկություններն ի կատար ածելու համար»,- նշեց նա և հավելեց. «Մի պահ ընդունենք, որ վարույթն իրականացնող մարմինը ամբողջովին ճիշտ է, և փաստաթուղթ է կեղծվել, մի դատողություն, որը իրականությանը չի համապատասխանում, բայց, մի պահ ընդունենք, ի՞նչ է դրանից փոխվելու: Այդ հարցը, ես կարծում եմ, ամենակարևորը կարող է համարվել, ի՞նչ է ստացել Արսեն Բաբայանը կամ որևէ այլ մեկը այդ փաստաթուղթը՝ ըստ վարույթն իրականացնող մարմնի, կեղծելով: Այդ հարցի պատասխանը եթե վարույթն իրականացնող մարմինը տա, կարելի է շարունակել և առաջ գնալ: Ես վստահ եմ, որ այդ հարցի պատասխանը չկա և չի էլ կարող լինել»,- նշեց նա: Ինչպե՞ս կարելի է զսպել իշխանության քաղաքական հետապնդումները այն մարդկանց նկատմամբ, որոնք աշխատել են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ հարցին՝ նա պատասխանեց, որ դրա համար տարբեր եղանակներ կան. «Հարցերի բարձրաձայնումը, միջազգային կառույցների հետ աշխատանքը: Կարծում եմ՝ այստեղ նաև կարևոր է հասարակության նորանոր խմբերի ներգրավումը, իրականում խնդրի գիտակցումը: Ես կարծում եմ, որ բոլոր ուղղություններով էլ հաջողություններ կան: Բացի այդ, հույս ունեմ, որ մեր հասարակության շրջանը կգա, և դա կբերի նրան, որ հասարակությունն ավելի լայն զանգվածներով իսկապես թացը չորից կարող է զատել»,- ասաց նա: Մելիքյանի կարծիքով՝ իշխանությունը չի կարողանում բավարար պատճառներ գտնել՝ Հրայր Թովմասյանին ստիպելու հրաժարական տալ, այդ պատճառով է դիմում նրա մտերիմների վրա ճնշում գործադրելուն:

«Մի շատ կարևոր հանգամանք կա, այն մարդիկ, որոնք վախենալու բան ունեն և որոնք իրենց խղճի առջև մաքուր չեն, նրանք սովորաբար չեն ձգտում ընդդիմանալու իրենց համար ոչ յուրային իշխանությանը, սա աքսիոմատիկ ճշմարտություն է, հետևաբար, կարելի է հետևություններ անել Հրայր Թովմասյանի պետական ծառայության ընթացքում գործունեության մասին, առնվազն այն մասին, թե ինչպես է Հրայր Թովմասյանը վերաբերվել իր պարտականություններին»,- եզրափակեց նա:

Դիտվել է՝ 308

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao