ՈՒկրաինան նախապատրաստվում է հունիսի 15-16-ը Շվեյցարիայում կայանալիք Խաղաղության գագաթնաժողովին։ «Աշխարհի մեծամասնությունը պետք է Ռուսաստանին խաղաղություն հարկադրի և կարող է դա անել։ Հենց հունիսին կարող է սկսվել դեպի արդարացի աշխարհ տանող ճանապարհը»,- ասել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:                
 

«Այնպես ենք շարժվում, կարծես չունենք հայաստանամետ լինելու հնարավորությունը»

«Այնպես  ենք շարժվում, կարծես  չունենք հայաստանամետ լինելու հնարավորությունը»
14.10.2013 | 13:12

Ներկայացնում ենք մի հատված 1994-1997 թվականների ՀՀ նախագահի ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի հետ հարցազրույցից: Այն ամողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» -ի վաղվա` հոկտեմբերի 15-ի համարում:

-Պարոն Լիպարիտյան, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Նյու Յորքում խոսեց նաև Ղարաբաղի մասին և իր ելույթով փորձեց հիմնավորել, որ Ռուսաստանը ագրեսոր է ու իր շահերը ունի` այս ամենի տակ նկատի ունենալով Հարավային Օսեթիայի և Աբխազիայի խնդիրը: Սաակաշվիլիի այդ բնորոշումը պատճառաբանվա՞ծ էր` հաշվի առնելով, որ մեզանում էլ քիչ չեն այդպես մտածողները:

-Բայց ո՞վ է ասել, որ Ռուսաստանը իր շահերը չունի կամ այդ շահերը սահմանելու է ըստ իր հարևանների` իրենց համար այդ պահի սահմանած շահերի։ Անշուշտ, Ռուսաստանը ունի իր շահերը ու պիտի հասկանալ, որ դրանք սահմանում է ինքը։ Այլ հարց է, թե մեր կարծիքով ՌԴ-ը ճիշտ է անում կամ սխալ։ Մենք քաղաքական բարձր երևակայությամբ բազմակողմանի ու ամենօրյա աշխատանք պետք է տանենք, որպեսզի այդ շահերը` ա) հետապնդվեն այնպես, որ մեզ վնաս չտան, բ) որ ունենանք այլընտրանքային առաջարկներ, որոնք կարող են լուծել ՌԴ-ի հարցերը և գ) վնասազերծել մեր տարածաշրջանը մեծ տերությունների մրցակցությունից կամ այդ մրցակցության հետևանքներից։ «Ագրեսոր» բառը գործածելուց պիտի զգուշանանք։ Նախ, որովհետև մի քիչ բարոյականության, ինչպես նաև միջազգային իրավունքի հետ կապ ունի: Դա մի տերմին է, որը մեր նկատմամբ էլ է գործածվել, նույնիսկ, այսպես կոչված, մեր դաշնակից պետությունների կողմից։

Ընդհանրապես, նկատել եմ, որ մեր մոտ դատողությունները հաճախ հիմնված են «սա արեցինք` կորցրինք, դա չարեցինք` կորցրինք» մտածողության վրա։ Մինչդեռ հարցը այն է, թե ինչ հնարավորություններ ու այլընտրանքներ ենք ստեղծվել այն ընթացքում, երբ ամեն բան հանգիստ ու հանդարտ է թվում: Արտաքին քաղաքականությունը մեզ նման պետությունների համար ամենօրյա ստեղծագործություն պիտի լինի: Երանի քաղաքականությունը այնքան պարզ լիներ, որ մի որոշմամբ կարողանայինք մեր բոլոր հարցերին պատասխան տալ։ Սակայն որքան պարզեցնենք քաղաքականությունը, այնքան սխալների մեջ կընկնենք: Օրինակ, հաճախ հարցնում են` արևմտամե՞տ, թե՞ ռուսամետ: Փաստն այն է, որ մենք այնպես ենք շարժվում, կարծես չունենք հայաստանամետ լինելու հնարավորությունը: Ամեն օր նավարկելն ու այդ բոլոր որոշումների համար պատասխանատվություն վերցնելը ծանր գործ է։ Ավելի դյուրին է կազմակերպություններն ու նրանց ստեղծած լեգենդը պահպանել և աբստրակտ-անիրական պահանջներով հայրենասիրական քաղաքականություն վաճառել: Սա է վտանգավորը։ Բավ է արդեն մեր բոլոր ձախողությունները վերագրենք օտարներին ու միևնույն ժամանակ մեր հույսը դնենք այդ նույն օտարների վրա։

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1716

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ