USD483.48
EUR557.16
RUB7.38
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Դեբորա Վոլդման և ՀՊԿՆ / Debora Waldman & NCOA
 

Քարոզարշա՞վ, թե՞ ֆարս-ներկայացում

Քարոզարշա՞վ, թե՞ ֆարս-ներկայացում
18.09.2018 | 01:09

Երբ դեռ դպրոցական էի ու պատկերացում չունեի՝ ինչ բան է ընտրությունը, ավագ եղբորս հաճախ էի հարցնում, թե այդ փոքրիկ թղթերն ինչու՞ է տուն բերում, ու՞մ են դրանք պետք. եղբայրս բացատրում էր, որ դրանք նախընտրական բուկլետներ են, որոնց ծանոթանալով մեր ծնողներն ընտրութուն են կատարելու: Այն ժամանակ, իրավ, բուկլետներն ընտրություն կատարելու հարցում մեծ դեր էին խաղում, ու գոնե իմ ծնողները քաղաքացիական իրենց պարտքը կատարում էին՝ ուսումնասիրելով քաղաքական ուժերի ծրագրերը:


Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախաշեմին, սակայն, քաղաքացիներին ո՛չ բուկլետ է պետք, ո՛չ պաստառ, ո՛չ էլ ծրագիր: Տպավորություն է, թե նրանք ընտրելու են այն ուժին, որն ամենից ուժեղ կգոռա մյուսների բացերի ու սխալների մասին, ամենից խիստ կքննադատի, ամենից սրտոտ կներկայացնի «հեղափոխական» օրերի քրոնիկոնը:
Օրեր շարունակ փորձում եմ գլուխ հանել, թե մայրաքաղաքի համար որ ուժն է ամենաարդյունավետ ծրագիրը մշակել, որ ներառում է հարցերի ու խնդիրների լուծման համալիր փաթեթ: Օրինակ, կցանկանայի լսել, թե Երևանի բնակֆոնդի թարմացման ու շենքերի սեյսմակայունության մասին քաղաքական ուժերն ինչ պատկերացում ունեն: Չմոռանանք, որ Երևանը սեյսմիկ գոտում է գտնվում, ու, մասնագետների գնահատմամբ, շուրջ 4800 բազմաբնակարան շենքերի 20%-ը շահագործման պիտանի չէ, 60%-ն էլ սեյսմազինվածության բարձրացման և ամրակայման կարիք ունի: Կցանկանայի լսել նաև, թե որ ուժն է խոստանում իշխանության գալուց հետո վերականգնել Երևանի բազմաթիվ փողոցներից «պոկված» մայթերը։ Ո՞ր ուժն է թաղային խուժանի դեմն առնելու, որ կեսգիշերն անց ավտոմեքենաների ազդանշաններով ու խլացուցիչ «երաժշտությամբ» չխաթարեն մարդկանց անդորրը և այլն:


Տպավորություն է, թե սա ոչ թե քարոզարշավ, այլ ինչ-որ արհեստական գործընթաց է, ո՛չ ներկայացում, ո՛չ դերասանները գիտեն ինչ պետք է խաղալ, ո՛չ հանդիսատեսն է հասկանում՝ ում ծափահարել:


Մյուս կողմից էլ՝ ի՞նչ ծրագիր ակնկալես քաղաքական ուժերից, որոնք Երևանի ավագանու նախընտրական ցուցակները կազմել են ոչ մրցակցային եղանակով, և առաջին հորիզոնականը զբաղեցնող քաղաքապետի թեկնածուն էլ ընտրվել է «այդպես էր պետք» սկզբունքով:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1725

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ