Ջեյմի Դեվիս
 

Վարդգես ԱՀԱՐՈՆՅԱՆ. Ամենայն հայոց բանաստեղծը

Վարդգես ԱՀԱՐՈՆՅԱՆ. Ամենայն հայոց բանաստեղծը
15.02.2019 | 02:05

(Նախորդ մասը)

1906-ի գարնանը Թիֆլիսում էլ միտք ծագեց հայ-թաթարական հաշտության ցույց կազմակերպելու Թիֆլիսի հայոց Մայր տաճարում՝ Վանքի շրջափակի մեջ: Այդ ցույցը ավելի պատկառազդու դարձնելու համար որոշվեց հատուկ պատվիրակություն ուղարկել Էջմիածին՝ Խրիմյան Հայրիկին Թիֆլիս հրավիրելու:


Թաթարների կողմից ցույցին պիտի մասնակցեր Կովկասի մահմեդականների հոգևոր պետը՝ շեյխ ուլ-իսլամը:
Թիֆլիսից Էջմիածին մեկնած պատվիրակության մեջ էր և Հովհ. Թումանյանը, որ հետագայում պատմում էր հետևյալը.
«Երբ Էջմիածին հասանք, կաթողիկոսի շուրջը գտնվողները հայտնեցին, թե Հայրիկը հիվանդ պառկած է: Լսելով, սակայն, մեր գալու մասին, Խրիմյանը ցանկություն էր հայտնել տեսնելու մեզ:


Հարցրեց, թե ինչու ենք եկել: Բացատրեցի մեր գալու նպատակը և միաժամանակ ավելացրի, թե իր այդ վիճակում իհարկե չենք կարող իրեն Թիֆլիս տանել: Զարմացա, երբ Խրիմյանը հայտարարեց, թե պիտի գա Թիֆլիս:
Երբ դուրս եկա կաթողիկոսի ննջարանից և վեհարանում գտնվողներին հաղորդեցի Խրիմյանի ցանկությունը, ամենքը իրար անցան.
-Ինչպե՞ս կարելի է այս վիճակում տեղից շարժել վեհափառին: Նա մինչև Թիֆլիս հասնի, ճանապարհին կմեռնի:
Խրիմյանը պատվիրեց մեկնելու պատրաստություններ տեսնել:
Փակ կառքի մեջ պառկած Էջմիածնից երկաթուղու կայարան փոխադրեցինք: Բարեբախտաբար կաթողիկոսի տրամադրության տակ դրված սալոն-վագոնը հանգիստ ճամփորդության հարմարություններ ուներ: Զգուշություններով հասցրինք Թիֆլիս: Խրիմյանը երեք օր պառկած մնաց առաջնորդարանում, որ գտնվում է Վանքի բակում:
Հասավ կիրակին, ցույցի օրը:


Առավոտյան ահագին ժողովուրդ, Վանքի բակում հավաքված, սպասում էր Հայրիկին: Մի քանի հոգով մտանք Խրիմյանի ննջարանը: Մնացել էինք շիվար, թե ինչ անենք: Անկողնի մեջ կծկված, փոքրացած այս հիվանդ ծերունուն ինչպես ոտքի հանենք գոնե մի քանի րոպեով ժողովրդին ցույց տալու համար:
Գրեթե երկու ժամ անցավ այսպես:
Խրիմյանը պառկած էր աչքերը փակ: Մեկ էլ աչքերը բացեց և հազիվ լսելի ձայնով պահանջեց, որ զգեստները հագցնեն: Զգուշությամբ, կամաց-կամաց հագցրին: Ապա ուրիշների օգնությամբ ոտքի կանգնեց և ձախ ձեռքով եպիսկոպոսներից մեկի թևին, իսկ աջ ձեռքով հայրապետական գավազանին հենված անհաստատ, դողդոջուն քայլերով շարժվեց դեպի առաջնորդարանի մեծ դահլիճ տանող դուռը:


Երբ Խրիմյանը ննջարանից անցավ բոլոր պատուհաններով դեպի Վանքի բակը, դեպի վարը խռնված բազմությանը նայող դահլիճը ու երևաց առաջին պատուհանի առջև, դրսից տեսան կաթողիկոսին:
-Կեցցե՜, կեցցե՜ Հայրիկը, կեցցե՜ հայոց Հայրիկը,-լսվեց բազմահազար ժողովրդի հուժկու աղաղակը:
Այդ նույն վայրկյանին մի զարմանալի, անհավատալի կերպարանափոխություն կատարվեց Խրիմյանի հետ:
Ինչպես ծառս է լինում մարտի շեփորի ձայնը լսող ռազմական նժույգը, այնպես ծառս եղավ հիվանդ, կռացած ծերունին: Մեկեն շտկեց իր կորացած մեջքը, մեկ կողմ հրեց իր կողքից քայլող եպիսկոպոսի թևը և հենված միայն իր գավազանին, մենակ ու հաստատուն քայլերով առաջ անցավ:
Ամենքը ապշած էին մնացել»:
Այսպես էր պատմում Թումանյանը:

ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԼՈՌԻՈՒՄ


Հովհ. Թումանյանը խորապես խաղաղասեր մարդ էր: Խաղաղասեր, բայց ոչ անարի, այլ իսկական հայի պես:
1905-1906-ի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ Հովհ. Թումանյանը անկեղծ կերպով աշխատեց, որ իր հայրենի Լոռին զերծ մնա Կովկասի մյուս հայ-թաթարական շրջանները լափող անիմաստ հրդեհից:
Շնորհիվ իրենց լեռնային դիրքերի, Լոռվա հայկական գյուղերը լավ պաշտպանված էին թաթարական հարձակումներից: Բացի դրանից, Լոռիում հայերը ճնշող մեծամասնություն էին կազմում և լավ կռվողներ էին:
Այդ լավ գիտեր Հովհ. Թումանյանը:
Չնայած դրան, թաթարները, ինչպես արել էին ուրիշ վայրերում, Լոռիում նույնպես կարող էին նախահարձակ լինել:


Այս էլ գիտեր Հովհ. Թումանյանը:
Եվ ահա թե ինչու մտածում էր, որ Լոռիում խաղաղությունը պահպանելու համար պետք էր աշխատանք կատարել թաթարների մեջ:
Հայի հավիտենական միամտությամբ և դյուրահավատությամբ Հովհ. Թումանյանը ստանձնեց Լոռվա թաթարներին համոզելու առաքելությունը:
Իր առաքելությանը ավելի կշիռ տալու համար նա Թիֆլիսի նահանգապետից ստացել էր ինչ-որ մի թուղթ, որով իրեն լիազորություն էր տրված հարկ եղած աշխատանքներ կատարել՝ Լոռիում խաղաղությունը ապահովելու համար:
Ռուս կառավարության համար դա մի անվնաս առաքելություն էր, որ չէր կարող խափանել թաթարների ծրագրերը, եթե նրանք բավականաչափ ուժեղ լինեին հարձակվելու ուր որ կարող էին:


Իսկ եթե թաթարները այնքան ուժեղ չէին իրենց ծրագրերը առաջ տանելու և հարձակվելու Լոռվա հայ գյուղերի վրա, է՛հ, թող հայերը այն տխմար համոզումը գոյացնեին, թե նահանգապետի թղթով թաթար գյուղերը պտտող հայ բանաստեղծը կարողացել էր Լոռիում խաղաղությունը ապահովել: Եվ եթե թաթարական գյուղեր այցելությունների ընթացքում Հովհ. Թումանյանն սպանվեր թաթար հրոսակների ձեռքով՝ ավելի լավ, մի հայ պակաս կլիներ Կովկասում:
Այսպես թե այնպես Հովհ. Թումանյանը ձի նստած, մի քանի ձիավորներ էլ ետևը ձգած, գնում էր թաթարներին խաղաղություն քարոզելու:
-Ձիուս թամբին կապած խուրջինի երկու աչքերում մեկ-մեկ փոքրիկ դրոշակ էի դրել՝ մեկը սպիտակ, մյուսը կարմիր,- պատմում էր Թումանյանը:- Թաթար գյուղ մտնում էի թե չէ՝ խուրջինից հանում էի սպիտակ դրոշակը, տնկում գետինը և ճառ էի ասում թուրքերին. «Կարդաշլար, մենք՝ ռանչպար ժողովուրդ, դուք՝ ռանչպար ժողովուրդ: Վար ու ցանքի, կալ ու կուտի հոգս ունենք՝ մենք էլ, դուք էլ: Մենք էլ մեր ճակտի դառն քրտինքով ենք քարից, քոլից հաց հանում, դուք էլ, ի՞նչ ունենք կիսելու: Հանգիստ նստենք տեղներս՝ դուք ձեր բանին, մենք մեր բանին: Էնպես չի՞, կարդաշլար: Իսկ եթե հանգիստ չնստեք,-էստեղ գետնից հանում էի սպիտակ դրոշակը, խոթում խուրջինիս մեկ աչքը և մեկել աչքից հանում էի կարմիր դրոշակը և տնկում գետինը,-հա, է՛ն էի ասում, եթե հանգիստ չմնաք, էն ժամանակ կռիվը կոխ ա: Մեղքը ձեր ճիտը, էն ժամանակ կտեսնենք, թե ով փոշման կլինի»՛:


Արդյո՞ք Լոռվա շրջանի թաթարների տկարությունն էր պատճառը, թե Հովհ. Թումանյանի սպիտակ ու կարմիր դրոշակները ու կես-խաղաղասեր, կես-սպառնագին ճառերը, որ Լոռիում խաղաղությունը չխանգարվեց: Հովհ. Թումանյանն ինքը համոզված էր, որ իր ճառերը ապահովեցին իր հայրենի Լոռվա խաղաղությունը:


Իրողությունն այն է, որ Լոռին հայ-թաթարական ընդհարումների պատերազմաբեմ չդարձավ:
Հովհ. Թումանյանի խաղաղասիրական առաքելությունը արգելք չեղավ, որ 1909-ին Հ. Յ. Դաշնակցության հայտնի դատի ընթացքում ցարական Ռուսաստանի դատական իշխանությունը մեղադրի մեր բանաստեղծին ի միջի այլոց նաև Լոռիում… թաթարների դեմ հարձակումներ կազմակերպելու ամբաստանությամբ:
Պետք եղավ, որ Հովհ. Թումանյանը փոշիների միջից հանի Թիֆլիսի նահանգապետի պաշտոնական թուղթը, որով ինքը պտտել էր Լոռիում: Այդ թուղթը օգնեց, որ Հովհ. Թումանյանը կարողանա հետ մղել իր դեմ եղած անխիղճ զրպարտությունը:

ԻՐ ՎԱՍՏԱԿԸ


Հովհ. Թումանյանի լավագույն գործերը՝ մոտ 300-էջանոց մի հատորի մեջ ամփոփված, հրատարակվել են երկու անգամ՝ 1903-ին Թիֆլիսում և 1922-ին Պոլսում:
Այդ մեկ հատորը, որքան էլ մեծ տարածում ունենար հայերիս նման մի փոքրաթիվ ժողովրդի մեջ, իհարկե չէր կարող ապահովել այնպիսի մի հասույթ, որով ոչ թե Հովհ. Թումանյանի ընտանիքի նման մի բազմանդամ գերդաստան, այլ նույնիսկ մեկ մարդ ապրել կարողանար: Իսկ Հովհ. Թումանյանի ընտանիքը անկարոտ մի կյանք էր ապրում:
Եվ, սակայն, Հովհ. Թումանյանը երբեք պաշտոններ չվարեց և գրականությունից դուրս ուրիշ բանով չզբաղվեց:


Բարեբախտաբար, միշտ էլ գտնվեցին նյութական աղբյուրներ, որոնք հնարավորություն տվին Հովհ. Թումանյանին նվիրվելու միայն գրականությանը և անկարոտ ու հաճելի կյանք վարելու:
Ամենից առաջ Հովհ. Թումանյանին օգնում էին եղբայրները, որոնք հայրենի գյուղում բավական բարեկեցիկ վիճակ ունեին և իրենց վաստակից բաժին էին հանում իրենց անվանի եղբորը: Մյուս կողմից, Հովհ. Թումանյանը իր հարազատ զավակների նման սիրում ու հոգ էր տանում իր եղբայրների զավակներին, որոնց բերել էր Թիֆլիս ու կրթության տվել:
Մեծ ընտանիքի ծախսերի մեկ մասը հոգում էր Հովհ. Թումանյանի զոքանչը, որ կալվածներ ուներ Շուլավեր գյուղում և ապրում էր իր դստեր՝ տիկին Օլյայի և փեսայի հետ:
Սրանից դուրս հաճախ գտնվեցին ունևոր գրասերներ, որոնք գնահատեցին Հովհ. Թումանյանի տաղանդը, մեկենասություն արին մեր բանաստեղծին:


1900-ական թվականների սկզբին Թիֆլիսի հայ հասարակության մեջ հայտնի էր իշխանուհի Մարիամ Թումանյանը՝ միայն անվանակից, բայց ոչ ազգական մեր բանաստեղծի: Իշխանուհի Մ. Թումանյանը բարեկեցիկ վիճակի տեր, գրասեր և առհասարակ գեղարվեստասեր մի կին էր: Նրա, այսպես կոչված, սալոնը հավաքատեղի էր հայ գրագետների ու գեղարվեստագետների համար:
Իշխանուհին Հովհ. Թումանյանի տաղանդով հիացողներից և մեր բանաստեղծին նյութապես օգնողներից մեկն էր: Հովհ. Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հրատարակությունը կատարվել է իշխանուհի Մ. Թումանյանի միջոցներով:
Ավելի ուշ, 1908-10-ի ժամանակները ռուս բանակի նախկին հայ սպա, գնդապետ Մելիք-Հայկազյանը՝ գրասեր ու Հովհ. Թումանյանի տաղանդը գնահատողներից մեկը, տարեկան 500 ռուբլի կենսաթոշակ հատկացրեց մեր բանաստեղծին:


Նույն թվականներին էր, որ Հովհ. Թումանյանի վաստակը ավելացավ մշտական աշխատակցությամբ մեր լավագույն մանկական ամսագրին՝ «Հասկեր»-ին, որ հրատարակվում էր մանկավարժ ու գրագետ Ստ. Լիսիցյանի խմբագրությամբ: Մինչև այսօր չգերազանցված այդ ամսագրի շուրջ էին խմբվել մեր լավագույն մանկավարժներն ու մանկական գրողները՝ Ղ. Աղայանը, Հովհ. Թումանյանը, Լ. Շանթը, Աթ. Խնկոյանը և ուրիշներ:
Միևնույն տարիներին էր, որ Հովհ. Թումանյանը Լ. Շանթի և Ստ. Լիսիցյանի հետ ձեռնարկեց հրատարակությունը «Լուսաբեր» մայրենի լեզվի դասագրքերի, որոնք նախ Կովկասում, ապա Թուրքահայաստանում այնքան գնահատվեցին և տարածվեցին:
Այս բոլորը, սակայն, դեռ հերիք չէր հոգալու համար իր բազմանդամ ընտանիքի կարիքները այնպես, ինչպես հոգում էր Հովհ. Թումանյանը:
Մինչև այժմ մեր անվանի գրողներն իրենց ետևից թողել են չծախված գրքեր և չվճարված պարտքեր:


Հովհ. Թումանյանը չծախված գրքեր չթողեց, որովհետև քիչ գրեց և քիչ հրատարակեց: Բայց պարտքեր, անտարակույս, թողել է մեր բանաստեղծը, որովհետև մինչև վերջ ստիպված էր ծայրը ծայրին հասցնելու համար պարտք անել բարեկամներից ու դրամատներից: Եվ այդ պատճառով դրամի մշտական փնտրտուքի մեջ էր՝ մեկից պետք էր առնել մյուսին վճարելու համար:
-Չեմ էլ իմանում, թե քանի մարդուց եմ պարտք արել, ախպե՛ր: Փողոցում պատահողին բարև տամ, թե չէ, «ինձ փող ես պարտք» ասում ա: Վախենում եմ թե հարցնեմ՝ «ա՛յ մարդ, ես քեզնից ե՞րբ եմ պարտք արել»: Ո՞վ ա իմանում, հարցնեմ, տեսար ինչ դուրս եկավ որ՝ առել եմ: «Հա՛, հա՛, շուտով կտամ, մնաս բարով, հիմա վռազն եմ» ասում եմ ու վռազ-վռազ ճամփես շարունակում, միթամ թե գործիցս ուշացել եմ,- կատակում և գանգատվում էր Հովհ. Թումանյանը:
(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 706

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan