Parker quartet
 

Ինչ եղան ուսումնասիրման արդյունքները

Ինչ եղան ուսումնասիրման արդյունքները
03.05.2019 | 00:28

Որքան էլ Նիկոլ Փաշինյանը պնդի, թե «այսօր Հայաստանում որևէ մեկը չի կարող, տնտեսական նպատակներ հետապնդելով, շահարկել իր քաղաքական ազդեցությունը կամ ազդեցության այլ լծակներ», ռուսական գազի գնի շուրջ ստեղծված իրավիճակը հակառակն է ապացուցում։ Ոչ մեկի համար նորություն չէ, որ ռուսական գազը, նախ և առաջ, քաղաքական հարցերի վրա ազդելու հրաշալի գործիք է։ Փաշինյանի կառավարությանն առաջին իսկ օրից ուղեկցում է գազի գնի թեման։ ՌԴ ղեկավարի հետ առաջին իսկ հանդիպմանը Փաշինյանը խոսել է այս թեմայից։ Ավելին, նա նաև վստահեցրեց, որ անգամ Վլադիմիր Պուտինն է զարմացել, որ Հայաստանում սպառողներն այդքան թանկ են վճարում գազի դիմաց։ Սակայն «զարմանքից» շատ չանցած, սահմանին ռուսական գազի գինը բարձրացավ։ Իսկ գազի գնի շուրջ բանակցությունները Հայաստանի և Ռուսաստանի միջև դեռևս շարունակվում են, ռուսական կողմից էլ արդեն տեղեկություն հրապարակվեց, թե առաջիկայում պայմանագիր կստորագրվի, և որ Ռուսաստանն ու Հայաստանը գազային ոլորտում ցանկանում են մշակել մինչև 2030 թվականը Հայաստանի գազամատակարարման սխեմաները: Ըստ այդմ, մինչև հուլիսի 1-ը ՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարման գների ձևավորման մասին նոր համաձայնագիր կկնքվի:


Մինչ այդ նկատենք, որ գազի էժանացումից մինչև անհասկանալի գնագոյացման մասին հայտարարությունների պակաս այս մեկ տարվա ընթացքում չեղավ։ Նախորդ տարեվերջին լրացավ ռուսական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետը, հիմա կանգնած ենք նոր պայմանագիր ստորագրելու շեմին, և առաջին ազդակներն արդեն հուսադրող չեն։


Նախորդ տարվա դեկտեմբերի վերջին ռուսական կողմը սահմանին գազի գինը բարձրացրեց, սակայն հայրենի կառավարությունը հանգստացրեց քաղաքացիներին, շեշտադրելով, թե դա սպառողների վրա չի անդրադառնա։ Նիկոլ Փաշինյանն այդ պարզաբանումը ներկայացնելիս մի ուշագրավ դետալ ևս նշեց, այն է՝ գինը չի բարձրանա «տեսանելի ապագայում»։ «Տեսանելի ապագայից» հինգ ամիս է անցել, նոր համաձայնագիրն ի՞նչ պայմաններով է կնքվելու, և արդյո՞ք սպառողների համար գազի գինը շարունակելու է նույնը մնալ։ Ի դեպ, որքան էլ իշխանության ներկայացուցիչները պնդեն, թե երկու ռուսական ընկերություններ ինչպես ցանկանում են, թող իրար մեջ պայմանավորվեն գազի գնի շուրջ, փաստն այն է, որ դրանից տուժում են մեր երկրի քաղաքացիները, ընդ որում՝ «Գազպրոմ Արմենիայում» աշխատող միջին օղակի աշխատողները։ Արդեն հայտարարվել է, որ ընկերությունը մինչև 1000 աշխատող պետք է կրճատի, այսինքն գործազուրկների շարքերը համալրվում են այդքան մարդկանցով, իսկ սա արդեն ռուսական ընկերությունների խնդիրը չէ, այլ մեր երկրի։


Սակայն ռուսական գազի թեման այսքանով չի ավարտվում։ Պուտինի հետ հարցը քննարկելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե առաջարկվել է ուսումնասիրել գազի գնի գոյացման մեխանիզմները։ Բոլորը սպասում էին այդ ուսումնասիրման արդյունքներին, որպեսզի հասկանան՝ ի վերջո, ինչու՞ ենք գազի համար կրկնակի թանկ վճարում։ Սակայն մինչ այսօր այդ ուսումնասիրությունից ոչ մի տեղեկություն չկա։
Մնում է հուսալ, որ առաջիկայում ստորագրվող պայմանագիրը գոնե ավելի վատ իրավիճակ չի ստեղծի, քան այսօր ունենք։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1337

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao