Parker quartet
 

Viva da Vinci` Ֆրանսիան ու Իտալիան նշում են Վերածննդի 500 տարին

Viva da Vinci` Ֆրանսիան ու Իտալիան նշում են Վերածննդի 500 տարին
05.05.2019 | 10:15

Մայիսի 2-ին Լուարայի հովտում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան հանդիսավորապես սկսեցին Վերածննդի տարվա տոնակատարությունները՝ ի հիշատակ Լեոնարդո դա Վինչիի մահվան 500-ամյակի: Եվրոպայի համար դա առիթ է՝ ընդհանուր արժեքները վերհիշելու՝ մարդու ու ճանաչումի նրա անվերջ ձգտման:


Ամբուազի Կլո-Լյուսե ամրոցը, որտեղ Լեոնարդո դա Վինչին ապրել է կյանքի վերջին 3 տարիները, Շամբոր ամրոցը, որի կրկնակի սանդուղքը նախագծել է վարպետը, կընդունեն ոչ միայն երկու նախագահներին ու Ֆրանսիայի առաջին տիկնոջը, այլև մշակույթի նախարարներին, գիտության ու մշակույթի հայտնի դեմքերին: Ռենցո Պիանոն (իտալացի ճարտարապետ, Փարիզի Պոմպիդուի կենտրոնի հեղինակ), գրող Ալեսանդրո Բարիկոն («Զայրույթի ամրոցներ», «Լեգենդ դաշնակահարի մասին»), տիեզերագնացներ Թոմա Պեսկեն (Ֆրանսիա) ու Սամանթա Քրիստոֆերիտին (Իտալիա), միջուկային ֆիզիկոսներ՝ ֆրանսիացի Գաբրիել Շարդենն ու իտալուհի Ֆաբիոլա Ջանոտին մաստեր կլասներ կանցկացնեն երկու երկրների 500 սաների հետ: Մեր ժամանակի մեծագույն մշակութային ու գիտական ձեռքերումներին առչնվող 6 մարդկանց ներկայությունը պահանջվում է Վերածննդի ունիվերսալ մարդու՝ Լեոնարդո դա Վինչիի հանճարի բազմակողմանիությունն արտահայտելու համար:


Լեոնարդո դա Վինչիի մահվան տարելիցը միայն պայմանականորեն է նշանակում Վերածննդի 500-ամյակը: 2020-ին երկու երկրներն ու ամբողջ Եվրոպան նորից են 500-ամյակ նշելու՝ Ռաֆայելի մահվան: Մեր պատմության մեջ մարդկային մտքի մեծագույն թռիչքից հետո անցած կես հազարամյակը կարելի էր նշել և 1952-ին: Այն ժամանակ լրանում էր 500 տարին Իտալիայի Վինչի քաղաքում տոսկանացի նոտարիուս Լեոնարդո դի սեր Օիերո դա Վինչիի անօրինական զավակի լույս աշխարհ գալու: Բայց Վերածննունդն ու նրա ժառանգությունը արժևորվում են հենց հիմա, երբ ավելի շատ է պետք հիշեցնել իդեալների մասին: Վերածննդի դարաշրջանը հիշատակելիս՝ հաճախ նկատի ունեն գեղանկարչությունը: Ամեն ինչ ստվերում են կտավները, որ վաղուց անցել են զբոսաշրջիկների գաջետներ՝ «Ջոկոնդան», Բոտիչելիի «Գարունը», Վատիկայի Սիքստինյան կապելլայի որմնանկարները: Բայց Ռենսանսը միայն թանգարանները չեն, որքան էլ հիասքանչ է Վատիկանը կամ Ուֆիցիի պատկերասրահը: Լեոնարդո դա Վինչին մեզ թողել է շատ ավելի քիչ ավարտուն կտավներ, քան իր գյուտերի նախագծերն են: Դա և իդեալական քաղաքն է՝ առողջ, հարմար ու հաճելի ապրելու համար (որ նա նախագծել է ժանտախտի համաճարակի ժամանակ), և հրանոթները, և երաժշտական նոր գործիքները, և մետաղի ձուլման ձևերը, և հեծանիվը, և սուզանավը, և առաջին թռչող սարքը: Այս ամենը, ինչպես նրա ժամանակակիցների գյուտերը, արդյունք էին դեպի մարդու կյանքն ու մահը ուշադրության: Վերածննդի մարդիկ, շուրջները նայելով 14-րդ ու 15-րդ, որոշ երկրներում 16-րդ ու անգամ 17-րդ դարերում, տեսան նախևառաջ իրենք իրենց՝ քարտաշներին ու ջուլհակներին, երաժիշտներին ու նկարիչներին, սքանչելի աղջիկներին ու անճոռնի ծերուկներին, տեսան մարդուն, ում կերպարով սկսեցին ստեղծել նոր աշխարհը:

Տոնակատարությունների համար Լեոնարդոյի կերպարն ընտրված է հենց այդ պատճառով: Նա առաջինը սկսեց մարդուն համեմատել ճարտարապետական կառույցի (տաճարը, գրում է նա, մարդու մարմնի նման է, որտեղ սյուները ոտքերն են, իսկ գմբեթը՝ գլուխը) և նույնիսկ մոլորակի հետ: «Երկիը,-գրում է Լեոնարդո դա Վինչին,- ապրում է, նրա մարմինը՝ հողն է, ոսկորները՝ ժայռերը ու սարերը, կրճիկները՝ կրաքարը, արյունը՝ գետերը: Օվկիանոսը արյան պահեստարան է, որ շրջապատում է սիրտը, ծովային մակընթացություններն ու տեղատվությունները՝ շնչառությունը և նրա սրտի տրոփը: Աշխարհի հոգու տաքությունը կրակն է, որ թափանցում է երկիր, իսկ բուսական աշխարհի ապաստանը կրակն է, որ հայտնվում է երկրագնդի տարբեր մասերում»:


21-րդ դարում, երբ զոհերին սովորել են հազարներով հաշվել, իսկ համաշխարհային օվկիանոսի ընդերքն ու ռեսուրսները անհետացման վտանգի տակ են, Լեոնարդոյի ոտնահետքերով վերադառնալ քաղաքակրթության ակունքներին, նշանակում է մարդկությանը հիշեցնել իր արժեքները: Լեոնարդո դա Վինչին Ֆրանսիայում ապրել է կյանքի վերջին 3 տարիները: Բարձրահասակ, նիհար ծերուկ, որ հատում է Ալպերը իր միակ ու սիրելի աշակերտի հետ ու ուղեբեռում ունի 3 կտավ, մեկը «Ջոկոնդան» է՝ այսպիսի կերպար է մեզ թողել առասպելը: Առասպելը նաև պատմում է, որ լուսավորյալ թագավոր Ֆրանցիսկոս առաջինը անհամբեր սպասում էր նկարչին ու գյուտարարին, որ նրան հանձնարարեր ռազմական շինությունների ու պալատների կառուցումը: Փաստերն այլ պատմություն են պատմում: Ֆրանսիայում Լեոնարդոն դեռ լի էր գաղափարներով ու նախագծերով, նա առաջվա պես իր անհամար օրագրերում գրառումներ է անում ու էսքիզներ թողնում, բայց այևս չի նկարում: Ձեռքը կաթվածահար է, առողջությունն ավելի ու ավելի է անհանգստացնում: Նա դեռ արքայի համար անհավանական տոն կկազմակերպի Մարինյոյի հաղթանակի պատվին վիթխարի թվով մարդկանց մասնակցությամբ ու իր իսկ հայտնագործած հրավառությամբ, մեխանիկական առյուծով (2015-ին Լեոնարդոյի երկրպագուները այդ տոնը ամբողջությամբ վերականգնեցին), կնախագծի Ռեմորանտեն դղյակը արքայի մոր՝ Լուիզա Սավոյացու համար: Այդ օրերից մեզ հասած միակ գրավոր վկայության մեջ ժամանակակիցը Լեոնարդոյին անվանում է 70- ամյա, մինչդեռ նա ընդամենը 65 տարեկան էր: Ֆրանցիսկոսը նրան ընդունում է իբրև մեկենաս ու աշակերտ, նրա հետ երկար զրույցներ է ունենում անատոմիայի, բուսաբանության, պետության կառուցվածքի ու կառավարման մասին: Լուրերը համառորեն պնդում են, որ արքայի Ամբրուազ դղյակի ու Կլո-Լյուսե դաստակերտի միջև, որ Ֆրանցիսկոսը նվիրել էր Լեոնարդոյին, ստորգետնյա թունել կար, որով արքան աննկատ գնում էր նրա մոտ, ում անվանում էր «իմ հայրը»: Ֆրանսիայի թագավորի ձեռքերի վրա էլ նկարիչը վախճանվում է 1519-ի մայիսի 2-ին: Ամբուազ ամրոցի Սուրբ Յուբերի մատուռում Լեոնարդոյի աճյունը պահպանվում է միայն 1871-ից: Նկարիչը կտակել է, որ իր դագաղը տանեն և թաղման թափորը լինեն 60 աղքատներ: Լեոնարդո դա Վինչիի վերջին ցանկությունը կատարվել է և Ամբուազի աղքատները նրա մարմինը տարել են սուրբ Ֆլորենտինի եկեղեցի: Գերեզմանը չի պահպանվել: Մյուս հուղարկավորվածների հետ գերեզմանոցը թալանվել է ֆրանսիական հեղափոխության ժամանակ: Այն ժամանակվա հնագետը, գտնելով Լեոնարդո մակագրությամբ կոտրված գերեզմանաքարը, սարսափելի պատկեր է փոխանցում՝ ոսկորներով խաղացող երեխաներ: Գտնված կմախքն էլ տարել են Սուրբ Յուբերի մատուռ: Լուարի դաշտավայրը, ամրոցները, քաղաքներն ու այգիները ֆրանսիական Վերածննդի գլխավոր հուշարձանն են, այնտեղ ամեն ինչ խոսում է Լեոնարդո դա Վինչիի ու ճանաչումի անհագ ցանկության մասին: «Տեր իմ, ինձ հնարավորություն տուր բացահայտել մարդու էությունն ու սովորությունները այնպես, ինչպես ես նկարում եմ նրա արտաքինը»՝ գրել է Լեոնարդո դա Վինչին:
Գելիա Պևզներ, RFI


Հ.Գ. Իսկ մտածե՞լ եք՝ ինչու՞ են Ֆրանսիան ու Իտալիան նախաձեռնել «Viva da Vinci» նախագիծը՝ Ռենեսանսի 500-ամյակը տոնելու: Ռենեսանս, որ համաեվրոպական երևույթ էր, թեպետ միանշանակ՝ հայրենիք ուներ Իտալիան: Ճիշտ նույն կերպ՝ Վերածննդի խորհրդանիշ կարող էր դառնալ բանաստեղծ, ճարտարապետ, նկարիչ, քանդակագործ Միքելանջելո Բուոնարոտին: Իտալիայի խելահեղ հանճարը իր la terrabilita-ով, որ փոխեց Ֆլորենցիայի ու Հռոմի կյանքը՝ աշխարհին պարգևելով ոչ միայն «Դավիթ» ու «Պիետա», «Բաքոս», «Ցերեկ» ու «Գիշեր», այլև հազարից ավելի քանդակներ ու Սիքստինյան կապելլա, Սուրբ Պետրոսի տաճար: Ռենեսանսի 500-ամյակը մարդկության պատմության մեջ քաղաքակրթության նոր դարաշրջան էր, որ վերահաստատում էր անտիկ արվեստի հավերժությունը: Վերածննդի երեք հանճարները՝ Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելո Բուոնարոտին ու Ռաֆայել Սանտին, արեցին ավելին, քան ունակ է հասկանալ մարդկությունը նրանցից հետո 500 տարի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 896

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao