Եվրոպայի խորհուրդը նշում է 70-ամյակը

Եվրոպայի խորհուրդը նշում է 70-ամյակը
06.05.2019 | 12:43

Մայիսի 5-ին Եվրոպայի խորհուրդը նշեց իր 70-ամյակը: Մայրցամաքի ամենահին միջազգային կազմակերպությունն ունի 47 անդամ: Գոյության տարիներին Եվրոպայի խորհուրդը դարձել է եվրոպական գլխավոր ինստիտուտը, որ օգնում է քաղաքական գործիչներին, ակտիվիստներին ու շարքային քաղաքացիներին պայքարել իրենց իրավունքների համար: Եվրոպայի խորհրդի 70-ամյակը անցնում է Մոսկվայի հետ հարաբերություններում շարունակվող ճգնաժամի պայմաններում, որ կորցրել է ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքը Ղրիմի անեքսիայից հետո: Եվրոպայի խորհուրդը ստեղծվել է 1949-ի մայիսի 5-ին Լոնդոնում և հետպատերազմյան Եվրոպայի առաջին կազմակերպությունն էր, որի նպատակը «մարդու իրավունքների պաշտպանությունն է ու խորհրդարանական ժողովրդավարության ամրապնդումը»:

Ի տարբերություն Եվրամիության, որի գլխավոր ուղենիշը սկզբում համագործակցությունն էր առևտրի ասպարեզում, Եվրոպայի խորհրդի գերակայությունը, Կանոնադրության համաձայն, խաղաղության ու քաղաքական ազատությունների ամրապնդումն է: Եվրախորհրդի գլխավոր առանձնահատկություններից մեկը դարձավ ոչ միայն բարձր նպատակների ամրագրումը կազմակերպության Կանոնադրության մեջ, այլև այդ նպատակների իրագործման հաջող մեխանիզմի ստեղծումը ու կատարման վերահսկողությունը: 1953-ին կազմակերպության անդամ երկրները ստորագրեցին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որ ամրակայեց Եվրոպայի բոլոր քաղաքացիների հիմնարար ազատությունները: 6 տարի անց իր գործունեությունը սկսեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որ իր գոյության տարիներին 840 000 հայց է ընդունել քաղաքացիներից 17 000 վճիռ կայացրել ԵԽ անդամ պետությունների դեմ: Ռուսաստանն անդամակցել է Եվրոպայի խորհրդին 1996-ին: Անդամակցությունը ՌԴ իշխանությունների վրա դե յուրե տասնյակ կարևոր պարտականություններ էր դնում: Մասնավորապես՝ Մոսկվան պետք է լիովին հրաժարվեր մահապատժից, հաներ զորքերը Մոլդովայից: Անդամակցության 23 տարիներին Ռուսաստանն այդպես էլ չկատարեց այդ պահանջները: Ռուսաստանի և Եվրախորհրդի հարաբերությունները նշանակալից վատացան 2014-ին Ղրիմի անեքսիայից հետո: ԵԽԽՎ-ն ՌԴ պատվիրակությանը զրկեց ձայնի իրավունքից, երբ Մոսկվան դադարեց անդամավճարը վճարել և սպառնաց կազմակերպությունից դուրս գալ: Եթե այդպես լինի, ռուսները կկորցնեն ՄԻԵԴ դիմելու իրավունքը, որ հաճախ է ճանաչում ՌԴ իշխանությունների կատարած խախտումները: Իր 70-ամյակի օրը Եվրախորհուրդը վերջին տասնամյակներում առաջին անգամ բացեց դռները զբոսաշրջիկների ու Ստրասբուրգի բնակիչների առաջ:

RFI

Հ.Գ. Տոնական օրերին միայն լավը հիշելու ու նշելու ավանդույթից շեղվելով՝ արձանագրեմ, որ 70-ամյա Եվրոպայի խորհրդի միակ խնդիրը ԵԽ-ՌԴ հարաբերությունները չեն: Վերջին տասնամյակներում թուրք-ադրբեջանական պատվիրակություններն ու լոբբին ավելի մեծ խնդիր են մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող կազմակերպության համար, որի բազմաթիվ անդամներ հասցրին «վաճառվել» ու դառնալ Անկարայի ու Բաքվի շահերի պաշտպան: «Խավիարային դիվանագիտության» վերջին տարիների սկանդալներն ավելի մեծ խնդիր են Եվրոպայի խորհրդում ու ԵԽԽՎ-ում՝ դատելով տարբեր երկրներում դատավարություններից ու պաշտոնանկություններից: Իսկ Մոսկվան ԵԽ-ն, ինչպես ցանկացած կառույց, օգտագործում է իբրև քարոզչության ու հակաքարոզչության միջոց, և դա պետական քաղաքականություն է:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 910

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao