Միավորվելով՝ մենք ուժեղանում ենք

Միավորվելով՝ մենք ուժեղանում ենք
11.05.2019 | 13:01

Մայիսի 9-ին Ռումինիայում կայացավ ԵՄ ոչ պաշտոնական սամիթը, որի ընթացքում 27 պետություններ որոշարկում էին առաջիկա 5 տարիների ռազմավարական խնդիրները: «Մենք հավատում ենք, որ միավորվելով կուժեղանանք»՝ նշված է սամիթի հռչակագրում: Սիբիու քաղաքում ընդունված փաստաթուղթը 10 կետ ունի: Նշվում է Եվրոպայի միասնականության պահպանման, ընդհանուր որոշումների ընդունման, ժողովրդավարության և օրենքի գերակայության պաշտպանության կարևորությունը: Կետերից մեկը հռչակում է, որ ԵՄ-ն կպաշտպանի Եվրոպայի հաջորդ սերունդների ապագան, կապահովի անվտանգությունը՝ ներդրումներ անելով ՙփափուկ և կոշտ» ուժերի մեջ, աշխատելով միջազգային գործընկերների հետ: Հռչակագրի 10-րդ կետով ասվում է, որ ԵՄ-ն պատասխանատու միջազգային առաջատար է: Եվրոպայի ապագայի մասին քննարկումը Եվրախորհրդարանի ընտրություններից 2 շաբաթ առաջ է: Ընտրությունները նշանավորում են իշխանության փոխանցման գործընթացի սկիզբը: ԵՄ օրենսդիր մարմնի ընտրությունների կարևորությունը սամիթից առաջ շեշտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «15 օրից 400 միլիոն քաղաքացիներ շատ կարևոր ընտրություն են անելու: Կա երկու այլընտրանք՝ կամ մենք նորից, գուցե, այլ կերպ զբաղվելու ենք միասնական Եվրոպայի կառուցումով, որ իրավիճակը բարելավենք, կամ՝՝ կործանելու ենք Եվրոպան ու վերադառնանք ազգայնականությանը: Այդ հարցը շատ երկրների ընտրողների առաջ է: Որոշումը, որ ընդունվելու է, առաջիկա տարիների զարգացման վեկտորն է որոշարկելու»: Սամիթի մասնակիցները քննարկել են ԵՄ պաշտպանության ու անվտանգության ամրապնդման, միգրացիայի ու առևտրի հարցեր, նաև՝ տնտեսության զարգացման: Բարձրամակարդակ հանդիպումներին չի մասնակցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, թեպետ բրեկզիտը հետաձգվել է: Ենթադրվում էր, որ Սիբիուի սամիթը լինելու է առաջինը մարտի 29-ին Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից հեռանալուց հետո, բայց բրեկզիտը նախ տեղափոխվեց ապրիլի 12, հետո՝ հոկտեմբերի 31: Եվ հիմա Մեծ Բրիտանիան սկսել է պատրաստվել Եվրախորհրդարանի ընտրություններին:
RFI


Հ.Գ. Սիբիուի սամիթում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախազգուշացրել են, որ կողմերը զերծ մնան Իրանի միջուկային խնդրի շուրջ վեճը սրելուց: Թեհրանը 2 օր առաջ հայտարարեց, որ սառեցնում է 2015-ի միջուկային համաձայնագրի դրույթներից 2-ը և փաստաթուղթը կնքած կողմերին տալիս է «ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու ուղիներ փնտրելու ժամանակ»: Իրանի հարցով ԱՄՆ բանագնաց Բրայան Հուքը մեղադրեց Թեհրանին վերստին «միջուկային շանտաժի» մեթոդին դիմելու մեջ: Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ սահմանեց Թեհրանի նկատմամբ՝ թիրախ դարձնելով մետաղագործության և հանքարդյունաբերության ոլորտները: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե բաց է Իրանի առաջնորդների հետ խոսելու համար: Մակրոնը Ռումինիայում ԵՄ ոչ պաշտոնական գագաթաժողովից առաջ լրագրողներին ասել է․«Իրանը պետք է մնա այս պայմանագրի շրջանակներում, և մենք պետք է անենք ամեն ինչ դա ապահովելու համար»: Նա հորդորել է պայմանագիրը ստորագրած կողմերին չսրել իրավիճակը, այլ համատեղ վերահսկել բոլորի կոլեկտիվ անվտանգությունը։ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Սոչիում ու Մոսկվայում հանդիպելու է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հանդիպման օրակարգը հրապարակված է, բայց բնականաբար լինելու են չհրապարակված հարցեր, որոնցից մեկն էլ Իրանի միջուկային ծրագիրն է: Չի բացառվում, որ ԱՄՆ-ը և ՌԴ-ն քննարկեն նաև Լեռնային Ղարաբաղի հարցը՝ իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ՝ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների ենթադրաբար Վաշինգտոնում կայանալիք հանդիպման շրջանակներում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 889

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao