Parker quartet
 

Կամ՝ կամակատարներ, կամ՝ կռնատներ

Կամ՝ կամակատարներ, կամ՝ կռնատներ
14.05.2019 | 00:42

Ի սկզբանե ասեմ՝ մեծ էր գայթակղությունը մայիսի 8-ին վարչապետի ասուլիսի 100 փաստին 100 փաստ ավելացնել՝ ինչ չի արվել մեկ տարում: Բոնուսներով: Դժվար չէ, թեպետ գործող ու չգործող նախարարներից տեղեկանքներ չեմ ստացել, ինչպես վարչապետը: Ոչ էլ նրա չափ ու նրա պես տեղեկացված եմ: Բայց վստահ եմ, որ 100 կամ 1000 հակափաստարկով որևէ փոփոխություն չի կարող լինել Նիկոլ Փաշինյանի մտածելակերպում, որ աշխարհի, Հայաստանի, իր ու իր անելիքի մասին նրա գործունեության հիմքն են: Դա մեծագույն փորձությունն է, որին բախվել ենք բոլորս: Սկսած նրա թիմակիցներից, ավարտած քաղաքական մրցակիցներով կամ հակառակորդներով՝ ով ինչպես ուզում է անվանի: Ես հասկանում եմ նրա վիճակը՝ օրվա մեջ տեղեկությունների հակասական հորձանքը, իր որոշումների պատասխանատվությունը, պետական կառավարման համակարգում աշխատանքին անպատրաստ լինելը, անփորձությունը, երկրի տնտեսական ու սոցիալական վիճակը, թիմի կշռաքար լինելը… Վերջապես՝ մենակ լինելը: Բայց դա իր ընտրությունն է: Բազմաչարչար ասուլիսը թողնում է ծանր նստվածք՝ անխուսափելի դարձնելով հարցը՝ ինչու՞ այսպես ստացվեց: Որտե՞ղ էր սխալը: Նրա ու բոլորիս:


Սխալ է, որ Հայաստանում չկա սուպերվարչապետ ու սուպերվարչապետական համակարգ: Ավելի ստույգ՝ սուտ է: Եթե փաստարկը կարմիր լույսի տակ կանգնելն է: Մամուլի 5 ասուլիս տալը: Վկայի կարգավիճակով դատարան գնալը: «Սուպերվարչապետը նա է, ով ասում է՝ դու շաքարավազ կներկրես, դու չներկրես, բանանի գործը՝ քեզ, բենզինի գործը՝ քեզ, ես այստեղ 50 տոկոս եմ փայ, այստեղ պետք է ընտրվի այսինչը, այս մեկի նկատմամբ գործ հարուցեք, նրա նկատմամբ մի հարուցեք։ Սուպերվարչապետական համակարգը դա է։ Բաղրամյան 26-ն ինչու՞ ենք վերադարձրել նախագահին, ինչու՞ են Բաղրամյան 26-ի և ԱԺ-ի դռները բաց». եթե սա է սուպերվարչապետական համակարգի պատկերացումը, մղձավանջ է: Մղձավանջ է, որովհետև տեսությունը կառուցված է մեկ մարդու վրա, այսինքն՝ ես ժողովրդավար եմ, ես լավն եմ, ես կաշառակեր չեմ, ես արդար եմ ու քանի ես եմ վարչապետ, Հայաստանում չի լինի սուպերվարչապետ: Պետությունը չի կարող անձնավորվել, անձնավորվելուց հետո էլ անվանվել ժողովրդավարական: Եթե վաղը վարչապետը Նիկոլ Փաշինյանը չէ, նրա պես ազնիվ, արդար ու հպարտ հայ չէ, համակարգը փլուզվու՞մ է: Կարևորն ա՞նձն է, թե՞ վարչապետի ինստիտուտը: Ինչու՞ դեկտեմբերի 9-ի Աժ արտահերթ ընտրություններում հաղթելուց հետո ՔՊ-ն ԱԺ օրակարգ չբերեց սահմանադրական փոփոխությունների, կուսակցությունների մասին օրենքի, Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցերը։ Սուպերվարչապետության փաստ է, որ խորհրդարանական կառավարման պարագայում ուժային կառույցները ենթակա են վարչապետին, ոչ թե խորհրդարանին: ԱԱԾ-ն, ոստիկանությունը, ՊԵԿ-ը Նիկոլ Փաշինյանի աքիլեսյան գարշապարն են: Բայց ինքը դեռ չի ընկալում՝ համարելով կառավարման այնպիսի լծակներ, որ չի կարող այլ կառույցի, առավել ևս անձի տալ: Որովհետև վախենում է: Չի վստահում: Չի կարող: Վախենում է… Սերժ Սարգսյան դառնալ: Իր բառերով՝ «Երկրում նոր Սերժ Սարգսյա՞ն եք ուզում։ Սերժ Սարգսյանի քաղաքական կարիերան ո՞նց է ձևավորվել, չէ՞ որ ԱԱԾ-ի ժամանակներից կամաց-կամաց եկել, հասել է իշխանության»։ Փաստացի՝ ըստ Նիկոլ Փաշինյանի պատկերացումների՝ Հայաստանի ժողովրդավարության երաշխիքն ինքն է, ոչ թե վարչապետը՝ իբրև պետության առաջին դեմք: Հենց ինքը: Ինստիտուցիոնալ ժողովրդավարությունը նրա համար ճիշտ նույն միֆն է, ինչ իր երաշխիք լինելը՝ մյուսների համար:


Սեփական անձի ֆետիշացման մեկ այլ վկայություն. հարցին` կա՞ն իշխանության ներսում ուժեր կամ թևեր, որոնք թույլ չեն տալիս, որ ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի դեմ քրեական գործի քննությունն անհրաժեշտ ուղղությամբ ընթանա, հնչում է պատասխանը. «Ես նմա՞ն եմ մի մարդու, ով, լինելով վարչապետ, այդ իշխանության ներսում կարող են լինել թևեր։ ՀՀ գործադիր իշխանության մեջ չեն կարող թևեր լինել, որովհետև գործադիր իշխանությունը միասնական մարմին է, որը ղեկավարվում է վարչապետի կողմից։ Եթե թևեր ի հայտ գան, ես այդ թևերը կկտրեմ։ Ոչ թե նրա համար, որ դա իմ քմահաճույքն է, այլ որովհետև այդպես է օրենքը։ Բացառվում է, որ ես երկրում թույլ տամ անկառավարելիություն, քաոս կամ պալատական իտրիգներ։ Թևերը կտրելուն չի հասնի, որովհետև չեն էլ աճի։ Սաղմնային մակարդակում կչորանան։ Ով այդպիսի գայթակղություն ունի, թող բախտը փորձի»:

Փաստացի՝ կամ կամակատարներ, կամ կռնատներ՝ սա է պետական կառավարման համակարգի ճակատագիրը: «Որովհետև այդպես է օրենքը»: Հենց այդ պատճառով օրենքը չի փոխվի: Հարցը փակված է: Իսկ համակարգը կգործի՞:


Հարցը փակված է նաև արտաքին քաղաքականության մեջ: Մեկ տարում Նիկոլ Փաշինյանը հիանալի հեռացրեց Հայաստանը հնարավոր ու հեռանկարային դաշնակիցներից: 100 փաստերի ցանկում արձանագրելով անգամ 2019-ի առաջին եռամսյակում ամուսնությունների ու ամուսնալուծությունների տոկոսները, վարչապետը կարևոր չի համարում նշել, որ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով է եղել, ու հիմա Հայաստանը կազմակերպության նախագահն է, որ այդ օրերին Ֆրանսիայի ու Լիբանանի նախագահներն էին Երևանում, Կանադայի վարչապետը, որ այս ընթացքում Հայաստան է եկել Գերմանիայի կանցլերն ու ԱՄՆ-ի պետքարտուղարի խորհրդականը: Վերջապես՝ գոնե մի տողով չի արձանագրում՝ ԵՄ քանի՞ երկիր է վավերացրել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը: Սա պատահականություն չէ, դիրքորոշում է: Պետքարտուղարի փոխտեղակալի այցից հետո էլ ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները կարևորություն չունեն վարչապետի համար: Ինչպես` հայ-վրացականը: Հայ-իրանականը: Հայ-չինականը: Նույնիսկ՝ հայ-ռուսականը: Հայաստանը տարածք է՝ պատահաբար Երկիր մոլորակի վրա, որ պատահաբար հարաբերվում է այլ պետությունների հետ: Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը կգնա Լյուքսեմբուրգ ու Բրյուսել, հետո՝ Պեկին: Սի Ցզինպինը բոնուս է տալիս Իլհամ Ալիևի հետ հանդիպումից ու պայմանագրերի ստորագրումից հետո: Բայց դա Չինաստանի արտաքին քաղաքականությունն է: Ո՞րն է Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Հոկտեմբերի 1-ին սպասել Պուտինի՞ն՝ ԵԱՏՄ-ում էներգակիրների միասնական գները քննարկելու հույսով, որովհետև Մեդվեդևը սուրճ էր ուզում ու հավես չուներ, երբ Երևանում էր:


Էներգակիրների մասին՝ ինչու՞ 100 կետերից ոչ մի կետում չկար նոր ատոմակայանի կառուցման խնդիրը: Թե՞ ամբողջությամբ ու արագ անցնելու ենք կանաչ էներգետիկայի: Մանավանդ հրահանգ կա՝ ավտոմեքենայից անցնել էլեկտրամոբիլների ներկրման: 21-րդ դարն է դրսում: Էլեկտրամոբիլներն արդեն ավտոմեքենայի գնո՞վ են վաճառվում: Ֆրանսիայում Էմանուել Մակրոնին չի հաջողվում, Հայաստանում Նիկոլ Փաշինյանը կանի: Կանի: Չե՞ք հավատում: Ասա՞ց՝ հեղափոխություն կանեմ: Էլի չէիք հավատում: Չարե՞ց: Արեց: Հիմա էլ տնտեսական հեղափոխություն կանի: ՈՒրեմն ինչու՞ 100 կետերի մեջ գոնե 1 վերագործարկված կամ գործարկված արդյունաբերական ձեռնարկություն չկար: Տնտեսական հեղափոխությունը տնտեսության թռիչքաձև զարգացումն է: Զարգացում կա՞ ընդհանրապես: Սպասելի էր, որ վարչապետը թվախեղդ է անելու: Արեց: Սպանեց թվերով: Թրամփը նախանձից Օբամային նմանվեց: Բայց, չգիտես ինչու, առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճից չխոսեց: Պատճառները չբացատրեց: Թեպետ ամեն ինչ բացատրում էր: Յուրովի: Բացատրության մասին:


2018-ին կառավարության նախաձեռնությամբ ԱԺ-ն օրենք ընդունեց, և 11 մլրդ դրամի տույժեր ներվեցին վարկառուներին, շահեցին ոչ թե վարկառուները, այլ բանկերը: Վարկառուները, որ չեն կարողանում մայր գումարը վճարել, չեն կարողանում վճարել նաև տույժը, պետությունը ներեց տույժը, բանկերը իրենց հասույթից ծախսագրեցին, և 11 մլրդ դրամը բանկերի համար դարձավ շահույթ: Դա նպաստեց բանկային համակարգի շահութաբերության աճին: Եթե գրավատների և փոխանակման կետերի դեպքում էլ 60 անգամ աճն ընդունվի, դաշտը բանկերը կմոնոպոլիզացնեն: Մոնոպոլիա չկա՞ Հայաստանում: Ասուլիսում Նիկոլ Փաշինյանը ազդարարում էր համակարգային կոռուպցիայի մահը, ի՞նչ է, եթե ոչ կոռուպցիա, երբ քաղաքապետարանի ու կառավարության մրցույթները շահում է միշտ նույն կազմակերպությունը: Նա նաև ազդարարեց տնտեսական մենաշնորհների մահը: Հետո ի՞նչ: Ով ուզում է, ինչ ուզում է՝ կարող է բերել: Բերեց: Իսկ սպառու՞մը: Ներմուծված ապրանքը մեծածախ և մանրածախ առևտրի միջոցով պետք է ներքին շուկայում իրացվի: Շուկան դիվերսիֆիկացնելու համար պետությունը պետք է համարժեք քաղաքականություն վարի՝ ունենալով հարկային քաղաքականության, շուկայական մրցակցության, հակամենաշնորհային գործիքները, ու ի՞նչ: Ոչինչ: Նիկոլ Փաշինյանն ասում է՝ պետությունը չի խանգարելու, մնացածը տնտեսվարողների գործն է, թող ինքնուրույն մրցակցեն ու իրենց խնդիրները լուծեն: «Տնտեսական հեղափոխության մեկնարկային փուլը տրված է շատ ավելի հաջող, քան կանխատեսվում էր»՝ հայտարարում է վարչապետը ու հիմնավորում՝ պետբյուջեի եկամտային մասը 62 մլրդ դրամով գերակատարում ենք, ու շարադրում «տնտեսական ռազմավարությունը». «պետք է 62 մլրդ դրամի մեծ մասն այս տարի ուղղենք կապիտալ ծախսերի վրա՝ ճանապարհաշինություն, այլ կապիտալ ծախսեր, շինարարություն, համայնքային ծրագրեր, որ խթանենք տնտեսությունը, տնտեսական հեղափոխության երկրորդ փուլը»: Հենց այստեղ է սկզբունքային սխալը՝ 62 միլիարդը պետք է ուղղել արդյունաբերությանը և աշխատատեղերի ստեղծմանը: Բայց Նիկոլ Փաշինյանի համար արդյունաբերության վրա տաբու է դրված, ուրեմն և՝ տնտեսական հեղափոխության. փորձը ցույց է տալիս՝ շինարարությամբ, համայնքային ծրագրերով մարդկանց կենսամակարդակը չի բարձրանում: Ստեղծվում են աճի թվացյալ թվեր ու պայթում են: Ո՞վ կօգնի: Իհարկե՝ Սերժ Սարգսյանը: Ռոբերտ Քոչարյանն էլ հետը: Երրորդ նախագահը կօգնի նրանով, որ մեղավոր է ամեն ինչում ու ոչ մի մեղքը չի ժխտում, երկրորդը՝ ֆանտաստիկ ցանկություններով՝ «հզոր ընդդիմադիր ուժերը համախմբվում են՝ մոտ ապագայում երկրի նոր ղեկավարությանը մարտահրավեր նետելու համար», և ինքը մտադիր է միանալ նոր իշխանությունների դեմ պայքարին: Եվ դա ասվում է Ռոյթերսին: Ոչ ռուսներին: Վարչապետի ասուլիսի նախորդ օրը: Հավելեք Արցախի նախագահների նամակը ու կստանաք այն հոգեվիճակը, որով ձեզ էր ներկայացել մի մարդ, որ 10.30-ից 16-ը խոսում էր ու… նոր ոչինչ չասաց:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Հարց՝ ու՞մ վարչապետն է Նիկոլ Փաշինյանը: ՔՊ-ի՞, թե՞ ՀՀ-ի: Տրամաբանորեն՝ իշխանության ու ընդդիմության, բոլորի ու յուրաքանչյուրի: Իրականում՝ դեռ ինքն էլ չի պարզել 3 գլխավոր հարցերը.
1. Ո՞րն է առաջնայինը՝ «նախորդ հանցավոր ռեժիմին» պատժելն ու ունեզրկե՞լը, թե՞ երկրի տնտեսությանը նորմալ աշխատելու հնարավորություն տալը: Կա՞, թե՞ չկա անմեղության կանխավարկած:
2. Ի՞նչ դեր ունի խորհրդարանը՝ «նախորդ հանցավոր ռեժիմի» դեմ օրինագծեր ընդունո՞ղ, թե՞ քաղաքական ու տնտեսական համակարգը փոխող:
3. Որտե՞ղ է պետության ու իշխանության սահմանագիծը: Պետությունն ու իշխանությունը նույնացնելը պարզունակ սխալ է՝ բարդ հետևանքներով:
Երկիրն ու ժողովուրդը պետք է իդեալ ունենան, նպատակ, հեռանկար: Կոնկրետ: Ոչ թե «Սիրում եմ ձեզ, համբուրում եմ ձեզ, խոնարհվում եմ ձեր առաջ», կամ ՝ ծնոտ ջարդել, պատերով տալ, մայթերին փռել, թևեր կտրել, այլ նորմալ ապրելու ու աշխատելու պայմաններ ու մթնոլորտ ստեղծել՝ բոլորի ու յուրաքանչյուրի համար, որ հանգեցնելու է կյանքի որակի փոփոխության: Հաջորդ ընտրությունները 2022-ին են և չեն կարող անցնել ինչ-որ մեկի դեմ՝ ինչ-որ մեկին ձայն տալու սկզբունքով: Գաղափարի ընտրություն պետք է լինի, այլապես անձանց փոփոխությունը անփոփոխ կթողնի համակարգը, ու հաջորդ վարչապետը կլինի... Գագիկ Ծառուկյանը. նա ոչ միայն խոստումներ է տալիս, այլև ծանոթ շեյխեր ունի:

Դիտվել է՝ 675

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao