«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

«Տարածքային ամբողջականությունը» և «ժողովուրդների ու ազգերի ինքնորոշման իրավունքը»՝ որպես «միջազգային իրավունքի» դրսևորումներ, անհամատեղելի են»

«Տարածքային ամբողջականությունը» և «ժողովուրդների ու ազգերի ինքնորոշման իրավունքը»՝ որպես «միջազգային իրավունքի» դրսևորումներ, անհամատեղելի են»
14.05.2019 | 10:35

Եվրոպայում Անվտանգության և

Համագործակցության Կազմակերպությանը,

Գործող Նախագահ Միրոսլավ Լայչակին

Պատճենը՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին,

Համանախագահներ` Իգոր Պոպովին,

Ստեֆան Վիսկոնտիին, Անդրյու Շոֆերին

Պատճենը՝ Հայաստանի Հանրապետության Վարչապետ

Նիկոլ Փաշինյանին

Ձերդ գերազանցություն պարոն Միրոսլավ Լայչակ,

2019 թվականի մարտի 9-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում ևս մեկ անգամ ընդգծվում է Արցախյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը «Մադրիդյան սկզբունքների» հիման վրա։

Երբ քննարկվում է «Արցախի շուրջ» ԵԱՀԿ-ի Մինսկի համանախագահների կողմից բանակցությունների կարգավորման մասին հարցը, սովորաբար վկայակոչվում են երկու իրարամերժ դրույթներ՝ «տարածքային ամբողջականությունը» և «ժողովուրդների և ազգերի ինքնորոշման իրավունքը»՝ որպես «միջազգային իրավունքի» դրսևորումներ։ Սակայն, «տարածքային ամբողջականությունը» սոսկ միջպետական պայմանավորվածություն է և իրավունքի հետ որևէ առնչություն չունի, իսկ «ժողովուրդների և ազգերի ինքնորոշման իրավունքը» մարդու հիմնարար, բնական իրավունք է։ Կոնկրետ պարագայում, Արցախի բնակչության ինքնորոշման բնական իրավունքը մարդու հիմնարար իրավունքի` ապրելու և չցեղասպանվելու հիմքով արտահայտված, և ԽՍՀՄ ներպետական օրենսդրությանը և միջազգային-իրավական նորմերին համապատասխան՝ Խորհրդային Ադրբեջանից անկախանալու իրավունքով կատարված փաստ է (1989թ․ դեկտեմբերի 1)։ Արցախը երբեք չի՛ եղել Ադըրբեջանի Հանրապետության կազմում։ Եվ որևէ երրորդ երկրի կողմից (ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից) Արցախի հետագա ենթակայության առաջարկի փութաջան սատարումը Ադրբեջանի կազմում ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ ժողովրդի ևս մի հատվածի հետագա ոչնչացման նախապայմանների ստեղծում։

Կիսելով պատերազմի վերսկսման վտանգի ԵԱՀԿ-ի մտահոգությունը, հարկ ենք համարում նշել, որ լայնամասշտաբ պատերազմի կանխման հիմնական երաշխիքը շուրջ 25 տարի եղել է Արցախի ժողովրդի փաստացի ինքնորոշումը և անկախացումը Ադրբեջանից՝ պարտադրված ինքնապաշտպանվելու շնորհիվ։ Եվ պատմության անիվը նորից հետ շրջելու որևէ փորձ՝ անհեռատեսական ու հակաիրավական է։ Նախ պետք է միջազգայնորեն ճանաչվի արցախցիների ինքնորոշման իրավունքով արդեն ձեռք բերված փաստացի անկախությունը Ադրբեջանից, որից հետո միայն հնարավոր են միջպետական բանակցություններ։ Այլապես, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների 2019 թվականի մարտի 9-ի հայտարարությունը՝ պատմությունը հետադարձ ուղղությամբ պտտելու և «կառքը ձիուց առաջ դնելու» փորձ է։

Ի դեպ, 1988 թվականին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչության կողմից իր ինքորոշման իրավունքը խաղաղ ցույցերով բարձրաձայնելու պատ-ճառով սկսվեց հայերի մասսայական ջարդերը և արտաքսումը Խորհրդային Ադրբեջանից։ Մինչդեռ, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջադրված Մադրիդյան սկզբունքների վեց բաղադրիչների մեջ չեն ընդգրկված Խորհրդային Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և այլ երկրներ գաղթած շուրջ 700 հազար ազգությամբ հայ քաղաքացիների իրավունքները, որոնք իրենց էթնիկական պատկանելության համար մասսայաբար սպանվել կամ արտաքսվել են Ադրբեջանից՝ կորցնելով իրենց սեփականությունը (Սումգայիթի, Կիրովաբադի, Մինգեչաուրի, Բաքվի ջարդեր)։ «Մադրիդյան սկզբունքների» վեց բաղադրիչների մեջ չեն ընդգրկված նաև 1920 թվականից ի վեր բոլշևիկյան կամայականության պատճառով Խորհրդային Ադրբեջանին բռնակցված հայոց բնօրրան Հյուսիսային Արցախի բնիկ հայ բնակչության իրավունքները, որոնք 1988-1991թթ․ ընթացքում հայաթափ եղան Ղազախի, Թովուզի, Շամխորի, Գետաբեկի, Դաշկեսանի, Խանլարի, Շահումյանի շրջաններից, ինչպես նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից։

Խորհրդային Ադրբեջանի Հանարպետության կազմավորումից՝ 1920 թվականից ի վեր, Ադրբեջանի կառավարությունները մշտապես վարել են տնտեսական, քաղաքական և մշակութային ճնշումների, բռնության և էթնիկական զտումների քաղաքականություն իր վարչական տարածքում բնակվող բոլոր ազգային փոքրամասնությունների, հատկապես հայերի նկատմամբ։ 1988-1992թթ․ Ադրբեջանի իշխանությունների իրականացրած հայ քաղաքացիների էթնիկ զտումները, ջարդերը, և սեփականության կողոպուտի կազմակերպումն ու հայկական պատմամշակութային արժեքների ոչնչացումը լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի 1948 թվականին ընդունած «Ցեղասպանության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» բանաձևին: Եվ Արցախի ժողովըրդի ինքնորոշմամբ անկախացումն Ադրբեջանից տեղի է ունեցել այդ պետության մեջ հայերի համար «Անտանելի գոյության» պատճառով։

Ահա սա՛ է հայ ժողովրդի հավաքական ընկալումն ու տեսակետը «Արցախի հիմնախնդրի» վերաբերյալ՝ անկախ միջազգային կառույցների պաշտոնյանների կամ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից երբևէ հնչեցրած քաղաքական ազդեցությունների և ճնշումների հիմքով շինծու հայտարարությունների։

Կրկնում ենք. «տարածքային ամբողջականությունը» և «ժողովուրդների ու ազգերի ինքնորոշման իրավունքը»՝ որպես «միջազգային իրավունքի» դրսևորումներ, անհամատեղելի են և իրարամերժ ու չեն կարող միատեսակ կամ հավասարաչափ կըշռույթներով բնութագրվել։ «Տարածքային ամբողջականությունը» սոսկ միջպետական պայմանավորվածություն է և իրավունքի հետ առնչություն չունի։ «Ժողովուրդների և ազգերի ինքնորոշման իրավունքը» ի վերջո մարդու բնական իրավունք է, որը Արցախի պարագայում փաստացի սկսվել է շուրջ երեք տասնամյակ առաջ ու կայացել է։ Մնում է այն պարզապես ամրագրել։ Առաջարկում ենք ձեզ առաջին հերթին ընդունել իրականություն դարձած այս փաստը, այլապես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների 2019 թվականի մարտի 9-ի հայտարարությունը և նմանատիպ գործունեությունը կարելի է միայն որակել կողմնակալ նպատակ՝ իր ապրելու իրավունքը հաղթանակով ձեռք բերած Արցախի ժողովրդին կապիտուլացիայի ենթարկելու փորձ կամ Ադրբեջանին լայնամասշտաբ պատերազմ սանձազերծելու հնարավորության ընձեռնում, որը կարող է հանգեցնել տարածաշրջանի ժողովուրդների մեծամասշտաբ ոչնչացմանը։



«Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյան

«Արդարություն» կուսակցության նախագահ Արթուր Բալոյան

«Ազգային պետություն» կուսակցության նախագահ Սամվել Շահինյան

«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյան

«Կանաչների» կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյան

«Հայք-հայկազունիներ» կուսակցության խորհրդի նախագահ Արտյոմ Խաչիկյան

«Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյան

«Նժդեհյան ցեղակրոն» կուսակցության նախագահ Գևորգ Հովսեփյան

«Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Մկրտիչ Գիմիշյան



Դիտվել է՝ 1444

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao