Parker quartet
 

Քաղաքական դաշտի մետամորֆոզները

Քաղաքական դաշտի մետամորֆոզները
15.05.2019 | 11:11

Էդմոն Մարուքյանը գյուտ է արել՝ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը նախկինում փորձել է Ռուսաստանի դրոշը այրել, թե տրորել։ Իսկ թե ի՞նչ է արել ՌԴ քաղաքացին ու ինչպե՞ս է իրեն պահել Ռուսաստանը այդ ժամանակ, հետոն էլ հետը, Էդմոն Մարուքյանը չգիտի՝ Պերմյակովի մասին չի լսել, Ավետիսյանների սպանված ընտանիքից տեղյակ չէ: Էդմոն Մարուքյանը պարզապես մտահոգ է՝ ՌԴ-ից մատակարարվող Սու 30-ՍՄ-երի ճակատագրով: Իզուր։ ՌԴ-ն Սու-երը Գյումրու ռազմաբազա է տանելու, Դավիթ Գևորգյանին չի տալու: Հետո էլ ասում են Լավրովը լավ չի աշխատում Հայաստանի հետ։ Շատ էլ լավ է աշխատում։
Բայց դա միակ մետամորֆոզը չէ Հայաստանի քաղաքական դաշտում: ՀՔԾ քննիչի որոշմամբ Գագիկ Ծառուկյանի կողմից անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ ասել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ Նրա խոսքով՝ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով։ Հետաքրքիր է՝ «այդ հանցակազմի» բացակայությունը ի՞նչ է նշանակում՝ Գագիկ Ծառուկյանը սնանկացե՞լ է, թե՞ շեյխերի արևով երդվել է չզբաղվել բիզնեսով։


Դեռ չի մարել եռատոնից առաջ Ղարաբաղի նախկին ու գործող նախագահների ՀՀ գլխավոր դատախազին դիմելու, մերժվելու ու ածանցյալ մեկնաբանությունների սկանդալը, որին նոր ուժ հաղորդեց Արցախից վերջացած վարչապետը իր Ֆոյսբուքի մեկնաբանությամբ՝ հեղափոխության ու հակահեղափոխության մասին, Լեռնային Ղարաբաղի ներկա և նախկին ղեկավարներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորագիր են ներկայացրել դատարան՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ։ Երաշխավորագիրը երեկ դատարանին ներկայացրին Քոչարյանի պաշտպանները։ Դատավոր Դավիթ Գրիգորյանը ասաց﮳ «Այն անձը, ով երաշխավոր է հանդես գալու, նման ակնկալիքով դիմել է դատարանին, պետք է դատարան ներկայանա և իր կամարտահայտությունը վերահաստատի։ Այդ է պահանջում նաև Քրեական դատավարության օրենսգիրքը, բացի այդ դատարանը պետք է երաշխավորողին պարզաբանի նրա իրավունքներն ու պարտականությունները, միաժամանակ նրան նախազգուշացնի այն հետևանքների մասին, խոսքը վերաբերում է հնարավոր քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին, որովհետև շատ լավ տեղյակ եք, որ անձը, որը երաշխավորում է, բացի որոշակի գումար մուծելուց, կրում է նաև պատասխանատվություն հետագայում, եթե մեղադրյալը ոչ պատշաճ վարքագիծ դրսևորի»։ Ըստ տեղեկությունների՝ նախկին ու ներկա նախագահները պատրաստ են դատարան ներկայանալ։ Ու՝ ի՞նչ է անելու դատավորը։ Փաստորեն՝ ՀՀ գլխավոր դատախազը սխալվում էր՝ աղմկահարույց դատավարությունը դատարան է բերելու ոչ միայն ՀՀ 3 նախագահներին, այլև՝ ԼՂՀ նախագահներին։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ﮳Գ﮳ Իսկ ընդհանրապես՝ ԳԵԼԱՓ-ի վերջին հարցումներով՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը անկում է ապրել: Նրանից դեռ գոհ են, կառավարությունից՝ դժգոհ, ԱԺ-ից ոչ գոհ են, ոչ դժգոհ։ Որևէ մեկը հասկանու՞մ է՝ ի՞նչ է կատարվում Հայաստանում։ Հեղափոխության քաղաքական հաղթանակից մեկ տարի ու մեկ շաբաթ հետո, հընթացս տնտեսական հեղափոխության։

Դիտվել է՝ 590

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao