«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Նիկոլի աշունը

Նիկոլի աշունը
01.08.2019 | 10:50

Աշունն արդեն թակում է Նիկոլի դուռը: Քաղաքական աշունը: Այն ջրբաժան է լինելու Նիկոլի համար ոչ միայն այն պատճառով, որ բոլոր քաղաքական ուժերը հավուր պատշաճի պատրաստվում են աշնանային զարգացումներին, այլև մեկ այլ պարզունակ պատճառով:
Լրանում է Նիկոլի վարչապետության մեկ տարին, ինչն ինքնին նշանակում է` կարելի է նրան հրաժարականի պահանջ ներկայացնել: Ըստ Սահմանադրության: Սրան դեռ կանդրադառնանք, առաջ գնալով էլ ասենք` նախորդ օրը՝ Վարդավառին, լվացված գորգերի միակ սիմվլոիկ` նշանային համակարգը մեկն էր. արդյոք դրանք կհասցնե՞ն մինչև աշուն չորանալ:


Մինչ Նիկոլի գորգերը կչորանան, որպեսզի նա դրանց վրա նստի ու Ալադինի պես թռչի աշնանն իրեն սպասող մեծ մարտահրավերների վրայով, նկատենք. Նիկոլի հույսն ու հաշվարկը, խոշոր առումով, հեղափոխությունից առաջ, ընթացքում և հետո եղել է այն, որ թավշյա հեղափոխությունը կարտահանվի Ռուսաստան ու Իրան, իրեն պետք է ընդամենը ժամանակ շահել, դադարը պահել, որպեսզի, այսպես ասած, գեոքաղաքական գործընթացներն ի լրումին հասնեն, ինչից հետո իր հանձնառությունները հեղափոխության և համաշխարհային տերերի առջև կդառնան լոկ տեխնիկայի գործ, քանզի «արտահանումից» հետո ինքնին հեշտ կլինի Հայաստանը տեղափոխել ամերիկյան-եվրաատլանտյան ուղու վրա` առանց մեծ գլխացավանքների:


Իհարկե, մի քիչ ռոմանտիկ է այս «տեսլականը», սակայն պակաս ռոմանտիկ չէր նաև Նիկոլի քայլելը, մինչև կառավարություն` վարչապետի աթոռին հասնելը, խորհրդարանի «առումը» ևս պակաս հովվերգական չէր, դրանից առաջ էլ` քաղաքապետարանի «սպիտակեցումը», որպեսզի Երևանի կեղտն ու աղբը այդ ֆոնին ավելի լավ երևան… Բայց եկեք մի պահ ձգենք պաուզան, զի Նիկոլի աշնան մասին խոսելով, պետք է հատկանշել. նա աշունը միայնակ չի դիմավորի, նրան կմիանա քաղաքապետ Կարգին Հայկոյի «կարգին աշունը»:


Այո, աշնանը Հայկ Մարությանին հրաժարական է պարտադրվելու: Այո, մի զարմացեք, չի բացառվում նաև, որ Երևանը կգնա քաղաքապետի արտահերթ ընտրությունների, որովհետև «Իմ քայլը» հարմար քաղաքապետի թեկնածու չունի, և երբ խոսվում է Սուրեն Պապիկյանի կամ Տիգրան Ավինյանի մասին, ուղղակի աբսուրդ է. քաղաքապետ պետք է դառնա ավագանու որևէ անդամ, իսկ այդպիսին «Քայլում» չկա, այնպես որ, Հայկոյի «հավաքած» աղբի ֆոնին արտահերթ ընտրությունները գրեթե անխուսափելի են: ՈՒ քանի որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ուղիղ համեմատական է աղբի կույտերի բրգացմանը, ապա Երևանի քաղաքապետի սպասվող ընտրությունները կլինեն այն ջրբաժանը, որից հետո հարմար իրադրություն կառաջանա Նիկոլ Փաշինյանին խորհրդարանում հրաժարականի տանելու:
Արմեն Սարգսյանն արձակուրդ գնալուց առաջ խոստացավ` վերադառնալ և շարունակել «յոթի»… Դարձյալ է պետք պաուզան ձգել. «յոթը» սիմվոլիկ թիվ է, չմոռանանք երբեք: Յոթ կուսակցությունների հայտնի հայտարարությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ Արմեն Սարգսյանի շուրջ սկսվող կոնսոլիդացիայի սկիզբ:


ՈՒ մինչ Նավալնին տվայտում է մոսկովյան փողոցներում, կարծես թե «թունավորման» նախանշաններ հանդես բերում` Ռուսաստանում «նիկոլյան» հեղափոխություն իրականացնելու, Հայաստանից թավիշ արտահանելու նկրտումներով, Ռուսաստանը կոնկրետ հարցեր է լուծում ամենապայթուցիկ տարածաշրջանում` Իրանին շատ մոտ. մի կողմից Թուրքիային C-400 է մատակարարում, մյուս կողմից, Վրաստանում որոշակի քաղտեխնոլոգիաներ կիրառում, իսկ Բաթումում ընդհանրապես հետաքրքիր էր` Բաթումը հարաբերությունների դրական դինամիկա է պահանջում Ռուսաստանի հետ:

Այնպես որ, Նիկոլը պետք է ոչ թե տասնօրյա, այլ երկարատև արձակուրդի մասին մտածի. նրա վիճակն արդեն ոչ թե պատային, այլ «աշտարակային» է, և թռչել «կկվի բնի վրայով» նրան այլևս տրված չէ: Ոչինչ չի ստացվելու. ո՛չ ՍԴ-ի «ճգնաժամը» հաղթահարելու, ո՛չ տնտեսական կոլապսը շրջանցելու, ո՛չ Ռուսաստանի հետ լեզու գտնելու, ո՛չ պարոն Բոլթոնին Իրանի հաշվով տված խոստումները կատարելու, ո՛չ Ստամբուլյան կոնվենցիան «կյանքի կոչելու», ո՛չ թիմակիցների հավակնությունները բավարարելու, ո՛չ Արմեն Սարգսյանի և «մնացյալների» սպասվող «մուտքը» մեծ քաղաքականություն տորպեդահարելու առումներով:
Այնպես որ, Նիկոլը արձակուրդից կգա ավելի հոգնած, քան մեկնել էր։ Տիեզերքն էլ ասում է` չկա չարիք առանց բարիքի:
Բարի գալուստ, աշուն:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2795

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao