Parker quartet
 

Չլինի՞ թե դավաճանության և ազատագրված տարածքները հանձնելու վերաբերյալ Զարուհի Փոստանջյանը ճիշտ է ասել

Չլինի՞ թե դավաճանության և ազատագրված տարածքները հանձնելու վերաբերյալ Զարուհի Փոստանջյանը ճիշտ է ասել
21.12.2018 | 02:06

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 19-ին իր պաշտոնական կայքում հրապարակել է Միլանում ձեռք բերված փոխըմբռնման վերաբերյալ ԱԳՆ մամուլի խոսնակի հետևյալ պատասխանը.
«Հարց. Ադրբեջանի ԱԳ նախարարն ասել է, որ Միլանում Հայաստանի ԱԳ նախարարի հետ փոխըմբռնում է եղել: Ի՞նչ փոխըմբռնման մասին է խոսքը:
Պատասխան. Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները հրապարակվել են ՀՀ ԱԳՆ կողմից: Մասնավորապես, հանդիպմանը հաջորդած հաղորդագրության մեջ նշված է, որ «Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվեցին առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան»։


Մեկ այլ համաձայնություն էլ ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ համատեղ հայտարարության վերաբերյալ: Նման ձևաչափով հայտարարություններ երկար ժամանակ է, ինչ չէր հաջողվում ընդունել, այնուամենայնիվ, Միլանում հնարավոր դարձավ համաձայնություն ձեռք բերել հայտարարության տեքստի շուրջ:
ԵԱՀԿ նախարարների խորհրդում դեկտեմբերի 6-ի իր ելույթում, որը նույնպես հրապարակվել է ՀՀ ԱԳՆ կողմից, Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է այդ հայտարարությանը` ընդգծելով, որ անշուշտ ոգևորիչ է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայացած հանդիպումից հետո հաջողվեց համաձայնության գալ ընդհանուր տեքստի շուրջ և ընդունել հնգակողմ հայտարարություն: Նա հավելեց, որ այդ հայտարարությունը վերահաստատում է Դուշանբեում ձեռք բերված փոխըմբռնումը կյանքի կոչելու կարևորությունը՝ ինտենսիվորեն աշխատելու հակամարտության գոտում լարվածության հետագա թուլացման և ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ:
Նման բարդ հարցերի առնչությամբ հանրային հայտարարություններում ոչ կոնֆրոնտացիոն, ոչ թշնամական տոնայնության պահպանումն արդեն իսկ լավ է»:


Թե ո՞վ կամ ո՞ր լրատվամիջոցն է վերոնշյալ հարցն ուղղել ԱԳՆ-ին կամ նրա մամուլի քարտուղարին, ԱԳՆ-ի հրապարակման մեջ չի նշված, սակայն ԱԳՆ-ն ու նրա մամուլի քարտուղարն այդ մասին «կոնսպիրատիվ» նպատակներով կարող են և չհայտնել, դա թողնենք իրենց հայեցողությանը։ Մեզ առավելապես հետաքրքրում է, թե Միլանում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Ադրբեջանի իր պաշտոնակցի հետ հանդիպման ընթացքում ինչու՞ չի անդրադարձել թշնամի պետության կողմից Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումից համառորեն հրաժարվելու փաստին։ Ինչու՞ է Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ առաջիկայում հանդիպելու, բնականաբար, ոչ թե թեյ խմելու կամ ոչ միայն թեյ խմելու, այլև Արցախի հիմնախնդրի քաղաքական կարգավորման բովանդակային քննարկումների (առաջիկայում, հնարավոր է, նաև բանակցությունների) նպատակով պայմանավորվածությունից առաջ, Էլմար Մամեդյարովին չի «հիշեցրել» Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության և, առանց դրա, ոչ միայն Արցախի հիմնախնդրի քաղաքական կարգավորման բովանդակային բանակցությունների, այլև նույնի վերաբերյալ քննարկումների անհնարինության և ավելորդության մասին։ Պարզ է, որ եթե ՀՀ արտգործնախարարը Էլմար Մամեդյարովի առջև Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման հարցը բարձրացրած լիներ, Ադրբեջանի ԱԳ նախարարը նրա հետ իր հանդիպումից հետո չէր ասի, որ Միլանում Հայաստանի ԱԳ նախարարի հետ փոխըմբռնում է եղել (անշուշտ, ադրբեջանանպաստ փոխըմբռնում)։


Մեկ այլ հարց է, թե Արցախին ու Հայաստանին ընդհանրապես ու մասնավորապես ի՞նչ է տալիս Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի պայմանավորվածությունն առաջիկայում հանդիպումները շարունակելու վերաբերյալ՝ պահպանելով ձևավորված դինամիկան։ Հայաստանի թուլացման պայմաններում Ադրբեջանին ժամանակ շահելու, առավել զինվելու, պատերազմին ավելի լավ նախապատրաստվելու հնարավորությո՞ւն է տալիս...
Ընդգծենք, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի՝ Արցախի ու Հայաստանի համար խիստ կարևոր, խիստ թանկարժեք պայմանավորվածությունները հենց այնպես ձեռք չեն բերվել, դրանք հնարավոր են դարձել 2016 թ. ապրիլյան պատերազմում Արցախի և Հայաստանի՝ 100-ից ավելի զոհեր տալուց, էլ ավելի մեծաթիվ վիրավորներ ու հսկայական նյութական կորուստներ ունենալուց հետո։ Ահա սա՛ է հիշյալ պայմանավորվածությունների ձեռքբերման գինը, և այժմ, ինչպես և անցած ամիսներին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, վարչապետ, հոկտեմբերից վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից հիշյալ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությանը, ավելին՝ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հետագա հանդիպումների, քննարկումների, բանակցությունների համար պարտադիր պայման լինելուն չանդրադառնալը, նշված խնդիրն Ադրբեջանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առջև չբարձրացնելը ոչ այլ ինչ են, եթե ոչ մեր անմեղ զոհերի թափած արյունն ու մեր մյուս կորուստներն ուրանալ։ Եթե ունեն այլ բացատրություն, թող ներկայացնեն։


Հիշեցնենք, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների համաձայն, պետք է հակամարտության գոտում տեղադրվեին մշտադիտարկում (տեսանկարահանում, ձայնագրություն, կրակոցների, պայթյունների ուղղության որոշում, թերևս նաև ցնցումների գրանցում) իրականացնող համապատասխան տեխնիկական սարքեր, որոնք թույլ կտային որոշել, թե առաջինը որ կողմն է խախտում հրադադարը։
Ավելին, հիշյալ պայմանավորվածությունների համաձայն, պետք է ավելացվեր ԵԱՀԿ դիտորդների քանակը և պետք է ընդլայնվեին նրանց լիազորությունները։ Այս ամենից հետո Ադրբեջանը չէր կարող խախտել հրադադարը, և ամեն անգամ միջազգային հանրությանը ներկայացնել, թե հրադադարի ռեժիմն առաջինն իբր խախտել է հայկական կողմը, իրենք ստիպված պատասխանել են։ Այս ամենից հետո Ադրբեջանն այլևս չէր կարողանա քաղաքական-իրավական հարթությունում անպատիժ մնալով, մեզանից նոր զոհեր խլել, այլևս չէր կարողանա իր դիպուկահարների միջոցով մեզ շանտաժի ենթարկել՝ հայերի մի մասին, իրենց որդիների կյանքը սահմանում հնարավոր մահից փրկելու նպատակով, մղելով արտագաղթի, խթանելով Հայաստանի դատարկումը, չէր կարողանա Հայաստանի վրա ճնշում գործադրել՝ Արցախի հարցում մեզ համար վտանգավոր, վնասակար, անընդունելի զիջումներ կորզելու նպատակով։ Փոխարենը Հայաստանը հնարավորություն կունենար Արցախյան հիմնախնդրի լուծման առնչությամբ ամուր կերպով պնդելու Արցախի և Հայաստանի անվտանգության հրամայականներով թելադրված իր մոտեցումները։


ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իբրև ձեռքբերում է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների համատեղ հայտարարության վերաբերյալ համաձայնության ձեռքբերումը, արդեն իսկ լավ է ներկայացրել նման բարդ հարցերի առնչությամբ հանրային հայտարարություններում ոչ կոնֆրոնտացիոն, ոչ թշնամական տոնայնության պահպանումը, կարծես թե ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների համատեղ հայտարարությունում հնարավոր է, որ լիներ նաև կոնֆրոնտացիոն, թշնամական տոնայնություն։
Ավելին, ՀՀ արտգործնախարարությունը ձեռքբերում է ներկայացրել մի հայտարարություն կամ դրա վերաբերյալ համաձայնության ձեռքբերումը, որով վերահաստատվում է ԱՊՀ Դուշանբեի գագաթնաժողովում 2018 թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված փոխըմբռնումը կյանքի կոչելու կարևորությունը, ընդգծում ենք՝ փոխըմբռնումն ինտենսիվորեն աշխատելու է նաև՝ «ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ»։ Ի՞նչ են հասկանում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ արտգործնախարարությունը և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստել» ասելով, նման հանձնառության մասին խոսելով, Փաշինյանի կողմից նաև նման հանձնառություն վերցնելով։ Ակնհայտ է, որ հերթական անգամ, բայց այս անգամ արդեն մեր երկրի ղեկավարի կողմից արհեստականորեն հավասարության նշան է դրվել հայերի և ադրբեջանցիների միջև։ Հայ ժողովուրդը, ի տարբերություն ադրբեջանցիների մեծամասնության, միշտ էլ խաղաղասեր է եղել, խաղաղություն է երազել, պատրաստ է եղել ու պատրաստ է խաղաղության, հետևաբար երբ խոսքը «ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ» Իլհամ Ալիևի կամ Ադրբեջանի հետ ինտենսիվորեն աշխատելու պայմանավորվածության ձեռքբերման մասին է, տրամաբանական հարց է առաջանում՝ չլինի՞ թե խոսքը հայ ժողովրդին՝ իր զավակների անգնահատելի արյամբ ազատագրած տարածքները հանձնելու գնով խաղաղության հասնելուն նախապատրաստելու մասին է, չլինի՞ թե երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի և ազատագրված տարածքները հանձնելու առնչությամբ Զարուհի Փոստանջյանի ասածները ճիշտ են...


Ի դեպ, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարն այս հոդվածում նշված հարցերը, բացի վերջինից, թող համարի իրեն ուղղված հրապարակային հարցում, դրանք շուտով նա կստանա նաև մեր պաշտոնական հարցմամբ։


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1706

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao