Parker quartet
 

ԱՄՆ-ը ձգտում է, որ Ռուսաստանում, ինչպես Երևանում Փաշինյանի առաջնորդությամբ, մարդիկ դուրս գան փողոց ու փոխեն իշխանությունը

ԱՄՆ-ը ձգտում է, որ Ռուսաստանում, ինչպես Երևանում Փաշինյանի առաջնորդությամբ, մարդիկ դուրս գան փողոց ու փոխեն իշխանությունը
19.02.2019 | 02:27

Փետրվարի 12-ին ռուսաստանցի հայտնի լրագրող, հրապարակախոս, հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հաղորդման ընթացքում «Ռաշա Թուդեյ» («Russia Today», RT) հեռուստաընկերության գլխավոր խմբագիր ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆԸ, ինչպես արդեն հայտնի է, սենսացիոն բացահայտում կատարեց... Պարզվեց` Ռուսաստանը (և ոչ միայն...) ներսից կործանելը նախապատրաստվում է այստեղ՝ Հայաստանում։


«Ռաշա Թուդեյ»-ի լրագրողական հետաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ այստեղ՝ Հայաստանում, արևմտյան և հայաստանյան «հեղաշրջման գուրուները» Ռուսաստանից և ՀԱՊԿ անդամ այլ պետություններից ժամանած շուրջ 150 հոգու, հիմնականում երիտասարդների, ԱՄՆ-ի Կոնգրեսի ֆինանսավորմամբ «Camp Camp» սեմինարում սովորեցնում, վարժեցնում են, թե ինչպես պետք է տարբեր հնարքների, այդ թվում ստի, կեղծիքի և այլ միջոցով հեղաշրջում կազմակերպեն և իրականացնեն իրենց երկրներում, ու այստեղ այդ առումով ստացած գիտելիքները փոխանցեն իրենց երկրների երիտասարդներին։
Նրանց սովորեցրել են, թե ինչպես պետք է Ռուսաստանում, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ այլ պետություններում (Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան) տարբեր հնարքներով, ներառյալ սուտ, կեղծ տեղեկությունների զանգվածային ու պարբերական տարածմամբ, տապալեն օրինական իշխանությունները։


Այդպիսով, ըստ Մարգարիտա Սիմոնյանի, ԱՄՆ-ը ձգտում է, որ Ռուսաստանում, ինչպես Երևանում Փաշինյանի առաջնորդությամբ, մարդիկ դուրս գան փողոց ու փոխեն իշխանությունը, ձգտում է նույն կերպ բորբոքել նաև Ռուսաստանի հասարակությանը։ Պարզվում է, հեղաշրջման դասեր տվողների շարքում է եղել նաև ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը: Ամենայն հավանականությամբ՝ Մարգարիտա Սիմոնյանը, հավանաբար, հենց նրան էր ակնարկում՝ հայտնելով, որ դասընթացի շրջանակում իրենց փորձն են կիսել հայաստանյան «հեղափոխության աստղերը»։
RT news-ի տեղեկությունների համաձայն, Մ. Զոլյանը, խոսելով հեղափոխության համար գումարներ հայթայթելու մասին ու բարեկամաբար կիսելով իր փորձը, մասնավորապես նշել է. «Դրամաշնորհ ստանալը բարդ չէ. մեկ ամսով կարելի է տեղավորվել Չեխիայում կամ «Ազատություն» ռադիոկայանում կամ որևէ քաղաքական կենտրոնում»։ Սեմինարի կազմակերպիչները նրան ներկայացրել են որպես «թավշե հեղափոխության այն նույն առաջամարտիկը»։ Նշենք, որ Միքայել Զոլյանը նաև Պրահայի քաղաքացիական կենտրոնի փորձագետ է։ Սեմինարի «հերոսներից» է եղել նաև Դավիթ Սանասարյանը, ներկայումս՝ ՀՀ վարչապետին ենթակա պետական վերահսկողական ծառայության պետը։


Երևանում տեղի ունեցած «Camp Camp» սեմինարի կազմակերպիչը Պրահայի քաղաքացիական կենտրոնն է եղել (Prague Civil Society Centre)՝ կազմակերպություն, որը ֆինանսավորվում է ԱՄՆ-ից, 2017 թ. օգոստոսի 2-ին ընդունված H.R. 3 364՝ «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի շրջանակներում։ Նորություն չէ, որ ԱՄՆ-ի ցինիզմն ու լկտիությունը սահման չունեն, այս դեպքում ևս Ռուսաստանի նախագահի, իշխանությունների և Ռուսաստանի դեմ բացահայտ թշնամական գործողությունն իրականացվել է իբրև ՌԴ-ի դեմ պատժամիջոց։ Իսկ ինչո՞ւ... Հիշյալ փաստաթղթի 254-րդ հոդվածում ամրագրված է 2018 և 2019 թթ. համար 250 000 դոլար ֆինանսավորման հատկացումը «ռուսաստանյան ազդեցությանը հակազդելուն»։ Բացահայտ զրպարտություն, քանի որ Ռուսաստանը Հայաստանում, Ղազախստանում կամ որևէ այլ երկրում դասընթացներ չի կազմակերպել ու կազմակերպում (հիմա կարելի է ասել՝ շատ իզուր...)՝ ԱՄՆ-ի նախագահին և իշխանություններին տապալելու համար։
«Նշյալ «ռուսաստանյան ազդեցությունը», ըստ ԱՄՆ-ի քաղաքական գործիչների, տարածվում է Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների ու ՆԱՏՕ-ի հավանական անդամների՝ Վրաստանի, ՈՒկրաինայի, Մոլդովայի, Կոսովոյի և Սերբիայի վրա։


Հայաստանը պատահաբար չի ընտրվել «Camp Camp» սեմինարի անցկացման վայր։ «Թավշե հեղափոխությունից» հետո ԱՊՀ բոլոր երկրների ընդդիմադիրներին ձգում է Երևանը՝ որպես բողոքների ոգեշնչող աղբյուր։ Համահավաքն ուներ 150 մասնակից։


«Իշխանության դեմ պայքարը պետք է մոդայիկ լինի»,- սովորեցնում էր մասնակիցներից մեկը՝ պետերբուրգյան «Վրեմյա» շարժման ղեկավար Նիկոլայ Արտյոմենկոն։ Նրա «սխրանքներից» են Սահմանադրությունը հատիչով կտրատելը, Պուտինի լուսանկարներով կպչուկներ թողարկելը՝ «Բռնակալ» մակագրությամբ։
Մասնակիցները համարում են, որ պետք է գործել սոցցանցերում, որտեղ ցանկացած ոք կարող է լինել լրագրող, փորձագետ, քննադատ, հաղորդավար և, ուրեմն, կարող է լինել նաև հեղափոխական։


Մասնակիցները չեն ամաչում նշելուց, որ պատրաստ են պայքարում ակտիվորեն օգտագործելու կեղծ տեղեկատվության արտանետումն ու մանիպուլյացիան։ «Լուրեր կտարածենք, թե իշխանությունները պատրաստվում են հատելու ծառերը,- ասում էին ակտիվիստները դահլիճի խրախուսական շշուկների ներքո։- Այո, վատ բան է, իհարկե, բայց եթե մարդկանց վախեցնես, թե իրենց ինչ-որ բանից զրկում են, միայն այդ ժամանակ նրանք կսկսեն հարցեր տալ կառավարությանը»։


Այն մասին, որ մասնակիցների տրանսպորտի, հյուրանոցի և սննդի ծախսերն արվում են ԱՄՆ պետբյուջեից, ոչ ոք չէր հիշատակում։
Երիտասարդ ակտիվիստներին բացատրում էին` քանի որ իրենք չեն կարող մրցել իսկական ԶԼՄ-ների հետ, ապա պետք է ուշադրությունը կենտրոնացնել սոցցանցերի վրա. «odnoklassniki.», «vkantakte», Facebook։ Գլխավոր խնդիրը՝ արձագանք առաջացնել, դրդել կիսվելու, ինչպես նաև բանավեճ սադրել մեկնաբանություններում։
Մասնակիցներից մեկը խոսափողով ոգևորված ասում էր, որ Երևան է եկել «հեղափոխությունն արտահանելու» համար։
Միջոցառման գլխավոր կազմակերպիչ Մարիա Սերեդան պատմում էր իշխանության դեմ պայքարի տարբեր ռազմավարությունների մասին և նշում այդ բնագավառում հաջողության հասած մի քանի կազմակերպություններ. «International Crisis Group» միջազգային ՀԿ-ն, որի գործադիր տնօրենը Ջորջ Սորոսն է, ինչպես նաև «Amnesty International»-ը։
Երիտասարդ ակտիվիստներին սովորեցնում են ճիշտ ընտրել լսարանը. մարդկանց, որոնք առավել ընկալունակ են լիբերալ արժեքների քարոզչության նկատմամբ։ «Իրավապաշտպան տուսովկաներում չներգրավված» ու հանրահավաքների չմասնակցող մարդկանց նրանք անվանում են անօգուտ լսարան։ Կողմնակիցներ հավաքագրելու ջանքերն առաջարկվում է կենտրոնացնել խոշոր քաղաքների 20-40-ամյա բնակիչների վրա՝ բարձրագույն կրթությամբ ու միջին վաստակով»։


Անշուշտ, միամտություն կլինի կարծել, թե «Ռաշա Թուդեյ»-ի բացահայտումը մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, ինչպես նաև հիշյալ պետությունների նկատմամբ մեր իսկ երկրում նյութվող դավի ամբողջական պատկերն է ներկայացնում։
Հասկանալի է, որ շուրջ 150 մարդով, որքան էլ նրանք արհեստավարժ մասնագետների կողմից ուսուցանվեն, զինվեն հեղաշրջման հնարքներով, տեխնոլոգիաներով ու պատրաստվեն որպես «հեղափոխության ուսուցիչներ»՝ իրենց երկրներում ջահելներին խելքից հանելու համար, Ռուսաստանի պես հսկայական և անվտանգության հզոր ծառայություն ունեցող երկրում հնարավոր չէ հեղաշրջում իրականացնել, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ վերոնշյալ 150-ը միայն Ռուսաստանից չեն։ Հետևաբար միանգամայն ենթադրելի է, որ «Ռաշա Թուդեյ»-ի կատարած բացահայտումը «հեղափոխականների» ընդամենը մի խմբակի բացահայտումն է, այսինքն՝ այստեղ արևմտյան և հայ խորհրդատուների կողմից մշակվող ռուսաստանցի և այլ անձանց թվաքանակն անհամեմատ մեծ է, իսկ նրանց հետ կատարվող աշխատանքը, ՀՀ ԱԱԾ-ի անտեղյակության կամ թողտվության պայմաններում, բացառված չէ, սկսվել է նույնիսկ «թավշյա հեղափոխությունից» առաջ։ Եվ բնավ չենք զարմանա, եթե վաղը կամ մյուս օրը հանկարծ պարզվի, որ Հայաստանում այդ շուրջ 150 հոգուց բաղկացած խմբից առաջ և (կամ) նրան զուգահեռ պատրաստվել ու պատրաստվում են նաև այլ խմբեր՝ Սորոսի կամ արևմտյան այլ հիմնադրամների, պետությունների ֆինանսավորմամբ։


Պատահական չէ և միանգամայն հասկանալի է, թե ինչու է վերոնշյալ աշխատանքը կատարվում հիմնականում հենց երիտասարդների հետ։ Բոլորն էլ հիշում են, թե Հայաստանում «թավշյա հեղափոխությունը» հիմնականում ում միջոցով իրականացավ։ Երիտասարդների աշխարհայացքը հիմնականում դեռ ձևավորված չի լինում, գիտակցությունը, հատկապես քաղաքական, աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական հարցերում, դեռ բավական զարգացած չէ, քանի որ, ամենից զատ, սովորաբար հետաքրքրությունների այլ շրջանակ ունեն, անժխտելի է նրանց փորձի պակասը, որպես կանոն, դյուրությամբ են գայթակղվում ու խաբվում, հարբում հեղափոխական ռոմանտիկայով, միաժամանակ, այս հատկանիշներին զուգահեռ, բնավորությամբ ըմբոստ են, ազատատենչ, համարձակ, հակառակվելու, մարտնչելու հակում ունեցող։


Որոշ տեղեկությունների հիման վրա թերևս կարելի է ենթադրել, որ ինչպես Հայաստանում հեղաշրջումը սկսվեց մեր երկրի երկրորդ քաղաքից՝ Գյումրիից, այնպես էլ Ռուսաստանում հեղաշրջման փորձը, եթե այն արվի, սկսվելու է Սանկտ Պետերբուրգից, և հետո տեղափոխվելու է Մոսկվա։ Բացի այդ, Սանկտ Պետերբուրգը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդավայրն ու սիրելի քաղաքն է, և այս առումով նրան ցավ պատճառելու, խոցելու նպատակով, հեղաշրջումը կարող է հենց Սանկտ Պետերբուրգից սկսվել։
Հետաքրքիր է՝ Մարգարիտա Սիմոնյանի կողմից վերոնշյալ տեղեկատվության հրապարակումից հետո ինչ են մտածում և ինչ են անելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը, համապատասխան միջոցներ, հարկ եղած դեպքում նաև՝ օրենսդրական, ձեռնարկելու՞ են Հայաստանում օտարերկրյա ֆինանսավորմամբ նմանաբնույթ խմբերի պատրաստումը գոնե հետայսու կանխելու, բացառելու համար, թե, ասենք, Բոլթոնի «մռնչոցից» վախենալով, ոչինչ էլ չեն ձեռնարկելու, նախընտրելով թողտվության և Արևմուտքին չնեղացնելու քաղաքականությունը։
Պակաս հետաքրքիր չէ, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր ջերմ հարաբերությունները քանիցս ցույց տված, Ռուսաստանի վերաբերյալ շատ լավ արտահայտված (ինչն, անշուշտ, միայն դրվատելի է) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա հանդիպման ժամանակ ինչ է պատասխանելու նրան, եթե ՌԴ նախագահը հանկարծ հետաքրքրվի Հայաստանում իրեն և իր վարչակարգը տապալելու նպատակով այդ և միգուցե նաև այլ խմբերի նախապատրաստման խնդրով ու բնավ էլ ոչ հաճելի հարցեր տա, այդ թվում` նաև հակառուսական, իր (Պուտինի) և ՌԴ իշխանությունների դեմ թշնամական ծրագիր իրականացրած Միքայել Զոլյանի՝ «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակում ընդգրկվելու և ԱԺ պատգամավորի աթոռին հայտնվելու, ինչպես նաև Դավիթ Սանասարյանին իրեն՝ ՀՀ վարչապետին ենթակա պետական վերահսկողական ծառայության պետ նշանակելու վերաբերյալ։


Մարգարիտա Սիմոնյանի վերոնշյալ բացահայտումից ընդամենը 3 օր հետո Ռուսաստանի թշնամիները վերսկսեցին իրենց յուրօրինակ պատերազմն այդ երկրի դեմ։ Փետրվարի 15-ին Մոսկվայում «ականապատման» սպառնալիքներով հաղորդագրություններ ստանալու պատճառով իշխանությունները դեռ միայն առավոտվա դրությամբ ստիպված եղան յոթ բիզնես-կենտրոններից, առևտրի կենտրոններից և վարչական շենքերից տարհանել ավելի քան 5000 մարդու։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է ՌԴ մայրաքաղաքի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրավապահները սկսել են ստուգել «Ֆաբրիկա Ստանիսլավսկոգո», «Ինտերիեր», «Գամմա» բիզնես-կենտրոնները, Խորոշևսկայա 3-րդ փողոցի թիվ 12 հասցեում գտնվող վարչական շենքը, ինչպես նաև «Զվեզդա» հեռուստաալիքի շենքը՝ Խաղաղության պողոտայի 126 հասցեում։ «Գամմա» ԲԿ-ից դուրս է բերվել 900 մարդ, ևս ավելի քան 1,4 հազար՝ «Ինտերիեր» ԲԿ-ից։


«Ականապատման» սպառնալիքով հաղորդագրություններ են ստացել առևտրի երկու կենտրոններ. Զելենոգրադի Գոգոլի փողոցում գտնվող կենտրոնը և «Պլազան»՝ Պավելեցկայա հրապարակում,- ասել է գործակալության զրուցակիցը։- Մոսկվայում էվակուացվածների ընդհանուր թիվը մոսկովյան ժամանակով 11։20-ի դրությամբ գերազանցել է 5 հազարը»։
2019 թ. հունվարին Ռուսաստանի քաղաքներում անցել է վարչական շենքերի և սոցիալական օբյեկտների «ականապատման» մասին հաղորդագրությունների ու հեռախոսազանգերի հերթական ալիքը՝ Հեռավոր Արևելքից մինչև երկրի հարավային և հյուսիս-արևմտյան տարածաշրջաններ։


Համանման իրավիճակ ստեղծվել էր մոտ 2 տարի առաջ։ Այն ժամանակ ՌԴ հաստատությունների և առևտրական կենտրոնների «ականապատման» մասին զանգվածային զանգերը սկսվեցին 2017 թվականի սեպտեմբերի 11-ին (ոչ պատահականորեն ընտրված օր)։ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության մոսկովյան վարչության տվյալներով, անհայտ անձանց զանգերի ալիքն ընդգրկել է Ռուսաստանի 85 տարածաշրջաններից 75-ը։ Այդպիսի մոտ 600 հաղորդագրություն է ստացվել Մոսկվայում, ևս մոտ 100-ը՝ Մոսկվայի մարզում։ ԱԴԾ գնահատմամբ, միայն Մոսկվայում «ականապատումների» պատճառած վնասը կազմել է 150 միլիոն ռուբլի։ Ողջ երկրում, ընդհանուր առմամբ, գրեթե 2 մլն մարդ է տարհանվել հազարավոր օբյեկտներից՝ կայարաններից, առևտրի կենտրոններից և այլ վայրերից։ Դեպքերից ոչ մեկի պարագայում պայթյունի վտանգը չի հաստատվել։
Այո՛, Ռուսաստանի դեմ իսկական պատերազմ է սկսվել... Թերևս բոլորին էլ հասկանալի է, որ որոշակի ժամանակահատվածում և քաղաքներում զանգվածային բնույթ ունեցող վերոնշյալ հաղորդագրությունները, հեռախոսազանգերը ոչ թե ինչ-որ հեռախոսային խուլիգանության, լակոտության, արկածախնդրության դրսևորում են կամ այդպիսի դրսևորումների պատահական համընկնումներ, այլ ինչ-որ կենտրոնի, կենտրոնների (ամենայն հավանականությամբ, արևմտյան) կամ նրանց ֆինանսավորմամբ, ուսուցմամբ, խորհրդատվությամբ Ռուսաստանում առկա հինգերորդ շարասյան հստակ կազմակերպած ու նպատակաուղղած գործողություններ։


Միամտություն կլինի նաև կարծելը, թե Ռուսաստանի ներսում ծավալվող այդ պատերազմի նպատակը նշված պետությանն ու նրա բնակիչներին միայն ֆինանսատնտեսական վնաս պատճառելն է, երկիրը նաև այս կերպ հյուծելը (ի հավելումն Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցների), թեև վնասը, իրոք, ահռելի է. ինչպես արդեն նշեցինք, ԱԴԾ գնահատմամբ, միայն Մոսկվայում «ականապատումների» պատճառած վնասը կազմել է 150 միլիոն ռուբլի, մինչդեռ խոսքն այն մասին է, որ ողջ երկրում, ընդհանուր առմամբ, գրեթե 2 մլն մարդ է տարհանվել։


Այնուամենայնիվ, դավադրության հեղինակների համար էլ ավելի կարևոր և առաջնային է Ռուսաստանի բնակչությանը որոշակի քաղաքական հաշվարկներով բարոյահոգեբանական ահռելի վնաս պատճառելը, ընդ որում, զանգվածային կերպով, նրանց այն աստիճան հոգնեցնելը, ինչպես ասում են, զզվեցնելը, նյարդերը քայքայելը, մշտական վախի, անապահովության զգացողության, տագնապի մեջ պահելը, որպեսզի հասարակության ոչ գիտակից և ոչ այնքան գիտակից մասի մեջ (իսկ այդպիսիք թերևս ցանկացած երկրում հասարակության մեծամասնությունն են) երկրի իշխանությունների և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ մեծ դժգոհություն առաջանա, մարդիկ, ի վերջո, ընդվզեն, փողոց դուրս գան ու տապալեն Պուտինի իշխանությունը։ Այլ խնդիր է`դա նրանց կհաջողվի՞, թե՞ ոչ... Սրա դեմն առնելու համար Ռուսաստանը թերևս միայն մեկ միջոց ունի. Քրեական օրենսգրքում, առանց հապաղելու, պատժի առավելագույնը կամ դրան մոտ պատժաչափ սահմանել իր դեմ պատերազմի ցանկացած դրսևորման համար։


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2254

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao