Հայաստանում առկա ներկա վիճակը մեզ և Արցախն ուղիղ կործանում տանող ճանապարհ է

Հայաստանում առկա ներկա վիճակը մեզ և Արցախն ուղիղ կործանում տանող ճանապարհ է
29.03.2019 | 01:31

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ և այսօր, ինչպես արդեն հայտնի է, աշխատանքային այցով Ավստրիայի հանրապետությունում է։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Վիեննայում Նիկոլ Փաշինյանի հանդիպումն է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպում, որը տեղի է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությամբ Հայաստանի ու նրա ղեկավարի համար դիվանագիտական ու քաղաքական առումներով անբարենպաստ պայմաններում։


Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով արդեն նշել էր բանակցություններում Արցախի իշխանություններին որպես բանակցային կողմ ներգրավելու անհրաժեշտությունը։ Սակայն, համանախագահներն իրենց հայտարարությամբ, ըստ էության, մերժել են դա։ Նրանք հորդորել են զերծ մնալ հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են էապես փոխել իրավիճակը հակամարտության գոտում և ազդել բանակցությունների վրա։ Նրանց կարծիքով, չի կարելի բանակցային ձևաչափում միակողմանի փոփոխություններ պահանջել` առանց մյուս կողմի համաձայնության (համանախագահների այս «չի կարելի»-ն ակնհայտորեն հասցեագրված է Փաշինյանին կամ Հայաստանին), կամ ռազմական գործողությունների վերսկսման պատրաստակամություն ցուցադրել (հասցեագրված է Ալիևին կամ Ադրբեջանին)։ Համանախագահների հայտարարության համատեքստում պարզ է դառնում, որ նրանք Հայաստանի և Ադրբեջանի հենց այդ հայտարարություններն է, որ համարել են հակամարտության գոտում իրավիճակի էական փոփոխության և բանակցությունների վրա ազդեցության (հասկանալի է՝ բացասական իմաստով) ռիսկ պարունակող։


Համանախագահների հայտարարությունում Հայաստանի համար բացասական մյուս վերաբերմունքը երկու երկրների առաջնորդներին ուղղված նրանց կոչն է՝ առաջիկայում վերսկսել բովանդակային բանակցությունները, մինչդեռ համանախագահները պետք է կոչ անեին վերսկսել ոչ թե Արցախյան հիմնախնդրի լուծման բովանդակային բանակցությունները, այլ բանակցությունները Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հայտնի պայմանավորվածությունները կյանքի կոչելու շուրջ։ Իրենց այս հայտարարությամբ համանախագահները, փաստորեն, վկայել են հայկական կողմի համար չափազանց էական Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն անտեսելու, մոռացության մատնելու իրենց մտադրության մասին։


Ընդգծենք, որ համանախագահները Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան պատերազմի արդյունքում և 100-ից ավելի հայ զինվորների կյանքի գնով ձեռք բերված վերոնշյալ կարևոր պայմանավորվածությունները չէին կարողանա անտեսել, մոռացության մատնել, եթե այդ հարցում չլիներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Մնացական Զոհրաբյանի համաձայնությունը կամ թողտվությունը (մեղքը)։ Նրանք պետք է ժամանակին սկզբունքորեն մերժեին Ադրբեջանի հետ Արցախյան հիմնախնդրի լուծման բովանդակային բանակցությունների վերսկսումը, քանի դեռ Ադրբեջանի և ԵԱՀԿ-ի կողմից չեն կատարվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, այսինքն՝ համաձայնեին, պատրաստակամություն հայտնեին միայն վերոնշյալ պայմանավորվածությունների կատարման շուրջ բանակցությունների վերսկսմանը։ Չեն արել դա, և հիմա ԵԱՀԿ Մինսկի խումբը համարձակվում է կամ իրեն իրավունք է վերապահում Հայաստանին բովանդակային բանակցությունները վերսկսելու կոչ անել։ Հատկանշական է, որ նույնիսկ դրանից հետո ՀՀ վարչապետը և արտգործնախարարը չեն հակադարձել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում առկա հիշյալ կոչին, չեն հայտնել Հայաստանի պատրաստակամությունը Արցախի առնչությամբ միմիայն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կատարելու շուրջ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ։
Բաքվից, մինչ ներկայիս բանակցությունները, քանիցս լսվել են «ուժի գործոնը մշտապես եղել և մնում է օրակարգում», «ռազմական գործոնը հատուկ տեղ է գրավում հիմնախնդրի լուծման առանցքում», «ուժն է ծնում իրավունք» ու նմանաբնույթ այլ հայտարարություններ:

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման վերաբերյալ հայտարարության համապատկերին Ադրբեջանը վերջերս ձեռնարկեց հարձակողական բնույթի լայնամասշտաբ զորավարժություններ, որոնք հակառակ միջազգային պարտավորությունների պահանջների, չէին ծանուցվել։
Ավելին, Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից առաջ թշնամին դիմեց տարբեր սադրանքների ու փորձեց սահմանային լարվածություն առաջացնելով հայկական կողմի վրա հոգեբանական ճնշում գործադրել, հավանաբար, այն հույսով, որ կվախենանք ու կգնանք ինչ-ինչ զիջումների։ Հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել մարտի 26-ին տեղի ունեցածը։


Ինչպես արդեն հայտնի է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունից, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, մասնավորապես՝ Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, միջդիրքային տարածքում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները մարտի 26-ին, ժամը 16։30-ի սահմաններում փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը։ Չենթարկվելով հայկական առաջապահ ստորաբաժանումների նախազգուշացումներին, ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է, ինժեներական աշխատանքները՝ կասեցվել։ Հայկական կողմից տուժածներ չկան։
Միամտություն չի՞ լինի կարծելը, թե ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների վերոնշյալ գործողությունը եղել է ինքնագլուխ, առանց Իլհամ Ալիևի կամ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գիտության։


Հիշենք նաև Արցախի ՊՆ-ից վերջերս ստացված հաղորդագրությունը թշնամու կողմից ականանետների կիրառման վերաբերյալ. «Մարտի 9-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց, բացի վերոնշյալ խախտումներից մարտի 13-ին, ժամը 10։35-ից 11։15-ի սահմաններում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետներ` արձակելով 9 ական»: Սրա՞ն էլ Ալիևը կամ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը տեղյակ չի եղել։


Թե երեկ Հայաստանի Բերդավան գյուղի մերձակայքում, թե մարտի 13-ին Արցախում Ակնայի ուղղությամբ կատարվածն ակնհայտորեն դուրս են Դուշանբեում Փաշինյանի և Ալիևի հայտնի «վերելակային պայմանավորվածությունների» շրջանակից։ Նշենք նաև, որ միայն ս. թ. փետրվարի տվյալներով (մարտ ամսվա տվյալները 23-ից հետո դեռ հայտնի չեն), թշնամին Արցախում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 10 հազար կրակոց։ Բնականաբար, հարց է առաջանում՝ Ադրբեջանն այսպե՞ս է իր ժողովրդին նախապատրաստում խաղաղության։ Այդ չեղած նախապատրաստումը, իրականությունը կեղծելով, իրենց հայտարարության մեջ դրականորեն արձանագրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան)։ Դիվանագետները ողջունել են առաջին քայլերը, որոնք իրականացվում են՝ բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն, և կողմերին կոչ են արել շարունակել ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։


Միանշանակ է, որ Ադրբեջանն իր ժողովրդին ոչ թե խաղաղության, այլ պատերազմի է նախապատրաստում, դա հասկանալու համար միայն Ալիևի հրապարակային ելույթներին ու ռազմաշունչ հռետորաբանությանը, սպառնալիքներին հետևելն էլ բավարար է։ Անշուշտ, սխալ կլինի Ադրբեջանի հասցեին նույն սպառնալիքներն ակնկալելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից և Արցախի նախագահ Բակո Սահակյանից, քանի որ Հայաստանն ու Արցախը ոչ թե պատերազմի են ձգտում, այլ խաղաղության, սակայն խիստ վտանգավոր և անընդունելի է, որ Նիկոլ Փաշինյանը մեր ժողովրդին պատերազմի չի նախապատրաստում։
Ընդգծենք, սակայն, որ ժողովրդին պատերազմին նախապատրաստելը միայն թշնամի երկրի նկատմամբ ռազմաշունչ հռետորաբանության, սպառնալիքների օգտագործումը չէ, հանձին Ադրբեջանի ու նրա բնակչության, պետական մակարդակով թշնամու կերպարի ձևավորումը և հասարակությանը, ժողովրդին այդ թշնամու դեմ տրամադրելը չէ, ինչն այս պահին մեզ պետք չէ։


Հասարակությանը, ժողովրդին պատերազմին նախապատրաստելը նաև Հայաստանի բնակչության ու հայ ժողովրդի միասնականությանը նպաստող, դրան նպատակաուղղված իրական, առարկայական քայլերն են։ Հասարակությանը պատերազմին նախապատրաստելը քաղաքական ու սոցիալական օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով մեր հասարակության տարբեր խմբերի ու շերտերի միջև առկա հակասությունները մեղմելը, երկրում բարոյահոգեբանական վիճակն առողջացնելը, Հայաստանում «թավշյա հեղափոխությամբ» սկսված կործանարար երկպառակությանը, «Ֆեյսբուք» և սոցիալական այլ ցանցերում լավագույնս արտացոլվող ատելության ու թշնամանքի գնալով թանձրացող մթնոլորտին վերջ տալն է նաև, մինչդեռ այս ամենի ուղղությամբ վարչապետի ու նրա քաղաքական թիմակիցների կողմից շոշափելի դրական արդյունքի հանգեցրած քայլեր չկան։
Հակառակը՝ ՀՀ վարչապետն ու «թավշյա հեղափոխությամբ» իշխանության եկածներից ոմանք արդեն շուրջ մեկ տարի իրենց հայտարարություններով ու գործողություններով մեր հասարակության մեջ երկպառակություն են առաջացրել, որքան էլ անհեթեթ է, նույնիսկ հարազատները, հարազատ եղբայրները քաղաքական հողի վրա միմյանցից օտարացած ու մինչև իսկ թշնամացած են, և այդպիսի դեպքերը քիչ չեն։ Սթափվե՛ք, պարոնայք ու տիկնայք, պատերազմից առաջ այս վիճակը պատերազմին նախապատրաստվել չէ, այլ ճիշտ հակառակը՝ դրան անպատրաստ լինել, երկրում առկա վերոնշյալ վիճակը Հայաստանը, Արցախն ու մեր ժողովրդին ուղիղ կործանում տանող ճանապարհ է։


Հասարակությանը պատերազմին նախապատրաստելը նաև այդ հասարակությանը պատերազմի պայմաններում ապրելուն նախապատրաստել է։ Ի՞նչ է արվել և արվում այդ կապակցությամբ, պատրա՞ստ ենք դրան։ Անձամբ ես հասարակությանը պատերազմի պայմաններում ապրելուն նախապատրաստելու քայլեր չեմ տեսել, ով գիտե իշխանությունների կամ, թեկուզ, հասարակական կառույցների այդպիսի քայլերի մասին, թող հայտնի։
Ի՞նչ վիճակում է պետական քաղաքացիական հաստատությունների պատրաստվածությունը պատերազմին։ Ընդգծենք, որ այս հարցը ՀՀ իշխանություններին ժամանակին ուղղված հարց է։
Ի վերջո, ի՞նչ վիճակում է բնակչության պատրաստվածությունը պատերազմին։ Գրեթե զրոյական։ Մեզանից քանի՞սը գիտեն, թե պատերազմի, իր քաղաքի հրթիռակոծման, ռմբակոծման դեպքում ուր են գնալու և ինչ են անելու, որտեղ է գտնվում մոտակա ռմբապաստարանը։ Տասից մեկը որ իմանա, լավ է։


Չեմ կարծում, թե Վիեննայում Ալիևի հետ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը համաձայնություն կտա ազատագրված տարածքները հանձնելու վերաբերյալ (ցանկության դեպքում էլ չի կարող տալ)։ Ավելին՝ գրեթե վստահ եմ, որ նա այդպիսի ցանկություն չունի ու հետագայում էլ ինքնակամ չի ստորագրի մեր հայրենիքի ազատագրված մի մասն Ադրբեջանին փոխանցող որևէ փաստաթղթի տակ։ Սակայն, ազատագրված տարածքները միայն փաստաթղթով չէ, որ կարող են անցնել Ադրբեջանին, դրանք և նույնիսկ Արցախը թշնամու վերահսկողության տակ կարող են հայտնվել նաև պատերազմով, որին Հայաստանում պատրաստ չենք։ Թերևս հենց սրան է հանգում Հայաստանում իշխանափոխության իրականացման ողջ տրամաբանությունը, Փաշինյանին իշխանության բերելու իմաստը. նա կարող է ընդամենը միջոց լինել և օգտագործվել, իսկ դա գիտակցել միայն վերջում, երբ ժողովուրդն իր համար ծանրագույն, բախտորոշ կորուստների դեպքում կելնի իր դեմ և իրեն կդարձնի քավության նոխազ։


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2257

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao